Փորձեք առանձնացնել կինո նկարելու միտքը, գումար վաստակելու մտքից. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

կոպոլա45 տարի լինելով կինոարտադրության մեջ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան մշակել է իր սեփական կոդը, ըստ որի նկարահանում է իր ֆիլմերը. գրել եւ նկարահանել օրիգինալ սցենարներ, նկարահանել դրանք ամենաժամանակակից տեխնիկայով, նկարահանումները ֆինանսավորել սեփական գրպանից…
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան խորհորդ է տալիս երիտասարդ կինոբեմադրիչներին, կիսվում իր հուշերով «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումներից եւ խոսում սեփական վախերի մասին։

-Ո՞րն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ տվել եք Ձեր ուսանողներին։

- Առաջին բանը, որ պետք է անել՝ վերցնել թուղթ ու գրիչ, վրան գրել ամիս ամսաթիվ եւ անգամ վայրը եւ սկսել գրառումներ անել։ Քանի որ յուրաքանչյուր միտք, որը գրվել է թղթի վրա կարեւոր է։ Ամսաթիվ նշելը պետք է սովորություն դառնա, հետո, վերանայելով գրառումները, կարող եք հիշել, թե ի՞նչ եք մտածել այսինչ օրը Փարիզում։ Ռեժիսորի ամենակարեւոր գործիքը նրա գրառումներն են։

-Անհրաժե՞շտ է արդյոք հրաժարվել կուռքերից, որպեսզի սեփական ոճ ստեղծել։

- Կպատասխանեմ՝ մեջբերելով Բալզակին.

«Ես միշտ այնպես էի ուրախանում, երբ ինչ-որ բան էին փոխառում ինձնից»։ Դա ճշմարիտ է։ Մենք ցանկանում ենք, որ վերցնեք մեզանից։ Դուք կվեցրնեք այն, ինչ մենք առաջարկում եք, կտաք դրան ձեր ինտոնացիան ու հենց այդպես կգտնեք ձեր ձայնը։ Այդպես է ամեն ինչ սկսվում։ Հետո էլ ինչ-որ բան կգողանան ձեզանից։ Եվ կրկնում եմ Բալզակին, դա ինձ երջանկացնում է, քանի որ անմահ է դարձնում, քանի որ գիտեմ անգամ 200 տարի անց կլինեն մարդիկ, ում ստեղծագործություններում ես նույնպես ներկա կլինեմ։ Մի վախեցեք կրկնել մեկին, ով ձեզ հիացնում է, քանի որ դա ընդամենը առաջին քայլն է, անխուսափելի եւ անհրաժեշտ։

-Ինչպե՞ս համատեղել արվեստը եւ կոմերցիան։

-Այս առումով պետք է շատ խելացի լինել։ Հիշեք, արվեստագետները միայն վերջին մի քանի դար է ինչ հոնորար են ստանում։ Նախկինում նրանք երբեք գումար չեն ստացել։ Կային միայն տեղական ղեկավարներ (դուքս, եկեղեցի եւ այլն), որոնց կամքն էին նրանք կատարում։ Կամ էլ նրանք երկրորդ աշխատանք ունեին։

Ես ֆիլմեր եմ նկարահանում, սակայն՝ վաստակում եմ գինու արտադրությունից։ Ստիպված եմ արթնանալ առավոտյան հինգին, որպեսզի կարողանամ սցենար գրել։ Մենք թեւակոխում ենք նոր դարաշրջան։ Հնարավոր է արվեստը բացարձակ անվճար դառնա։ Թերեւս ինձ սպանեն այս խոսքերի համար։ Բայց ո՞վ է ասել, որ արվեստը պետք է վճարվի։

Նախկինում, 200 տարի առաջ, եթե դու կոմպոզիտոր լինեիր, միակ միջոցը գումար վաստակելու, նվագախմբի հետ հյուրախաղերն էին՝ դիրիժորի կարգավիճակում, քանի որ այն ժամանակ չկային ձայնագրություններ, չկար հեղինակային իրավունք։ Այնպես որ ես կասեմ՝ փորձեք առանձնացնել կինո նկարելու միտքը, գումար վաստակելու մտքից, կան այլ բազում հնարավորություններ դրամապանակը լցնելու։

-Ի՞նչ է պետք պահել մտքում՝ ֆիլմ ստեղծելիս։

-Միշտ փորձեք ձեւակերպել ֆիլմի թեման՝ մեկ բառով։ Ես միշտ գիտեի իմ ֆիլմերի թեման։ «Կնքահայրը» ֆիլմում դա ժառանգականությունն էր, «Զրույց»-ում՝ մենությունը, «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմում՝ բարոյականությունը։

-Ինչպե՞ս աշխատել մեծ դերասանների հետ։

-Ես ձեզ կպատմեմ, թե ինչպես նախապատրաստեցի դերասաններին «Կնքահայրը» ֆիլմի համար։ Իհարկե, մենք բոլորս լարվում էինք Մարլոն Բրանդոյի պատճառով։ Մեր՝ 50-ականների թատերանան ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար, նա կուռք էր։ Ալ Պաչինոն, Ջեյսմ Քանը, Ռոբերթ Դյուվալը, Ջոն Կազալեն բոլորը հիացած էին նրանով։ Նա իսկական կնքահայր էր։ Մեր առաջին հանդիպման ժամանակ ես իմպրովիզ արեցի։ Ես ասացի. «Ցանկանում եմ, որ դուք հանդիպմանը քաղցած գաք»։ Մենք հավաքվեցինք մի ռեստորանում, սեղանի շուրջ, որտեղ բավական ջերմ մթնոլորտ էր։ Ես սեղանի գլխին նստացրեցի Բրանդոյին եւ նրա կողքերը՝ Ալ Պաչինոյին եւ Քանին։ Մնացածը տեղավորվեցին ով ինչպես կամեցավ։ Քույրս, որ ֆիլմում Քոննի դերը պետք է խաղար, սկսեց կերակուր մատուցել։ Սեղանի շուրջ բոլորն իմպրովիզ էին անում, սակայն շարունակում էին Բրանդոյին նայել ինչպես հոր։ Քանը փորձում էր զարմացնել նրան կատակներով, իսկ Ալ Պաչինոն՝ հակառակը զուսպ եւ լուռ էր, իսկ քույրս առհասարակ վախեցած էր։ Այսպիսով, ընթրիքի ընթացքում ի հայտ եկան բնավորության գծեր։ Մարդիկ միշտ բացահայտվում են որեւէ զգացմունքային գործընթացի պահին, դա կարելի է հասկանալ, թե ինչպես են նրանք հաց ուտում, կամ էլ ինչ դիրքով են դնում ձեռքերը։

-Ռեժիսորի համար ո՞րն է ամենամեծ խոչընդոտը։

-Ռեժիսորները ստիպված են միշտ պայքարել իրենց անվստահության հետ։

-Ի՞նչպես դուք հաղթահարեցիք դա։

-Ես մի հետաքարքիր բան պարզեցի, երիտասարդ տարիներին ես բոլորին ասում էի. «Դու նստում ես այստեղ, դու կանգնում ես այստեղ, բլա բլա բլա»։ Իսկ դերասանները հակառակվում էին ինձ, նրանք միշտ վիճարկում էին իմ ասածները։ Եվ ես հասկացա, որ պետք չէ շատ կառչել սեփական տեսլականից։

Տեսարանը միանգամից իդեալական չի կարող լինել։ Առաջին կադրը գլուխգործոց չի կարող լինել, ժամանակ է պետք, որ այն հասունանա։ Պետք է համբերատար լինել, այդ ժամանակ աստիճանաբար պարզ կդառնա, թե որ գաղափարն է ճշմարիտ, եւ որն է պետք ուղղել։ Մենք պետք է պայքարենք մեր անվստահության դեմ։

-Դուք կիրառո՞ւմ եք դա կյանքում։

-Կարծում եմ՝ այո։ Մենք բոլորս անվստահ ենք, ո՛չ միայն երիտասարդները, այլ՝ բոլորը։ Ինձ թվում է գրողները ունեն ինչ-որ հորմոն, որը ստիպում է նրանց ատել այն ամենը ինչ նրանք ստեղծել են։ Սակայն, առավոտյան, երբ նայում ես թղթերիդ, մտածում ես. «Հըմ, այդքան էլ վատ չէ», բայց սկզբում, ամեն դեպքում ատում ես։

Հատվածներ հարցազրույցից՝ theoryandpractice.ru

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 803 անգամ