«Յուրօրինակ հաշվետվություն». հարցազրույց Արթուրո Սայանի հետ

ան7Ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանն արդեն 4 տարի է ապրում, կրթություն է ստանում և ստեղծագործական գործունեություն ծավալում Գերմանիայում: «Սկզբում կուրսեր եմ անցել Ֆրանկֆուրտի համալսարանում, այս պահին շարունակում եմ հիմնական ուսումս՝ Քիլ քաղաքի «Muthesius»-ի անվան արվեստի ակադեմիայի կինոֆակուլտետում: Բացի այն, որ մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի դերասան եմ, կստանամ նաև գերմանական կրթություն և կշարունակեմ ստեղծագործել»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը և նշեց, որ Հայաստանի հետ կապված տարբեր նախագծեր ունի։ Երիտասարդ ռեժիսորը փորձելու է այս տարիներին դրսում ձեռք բերած իր գիտելիքներն ու փորձը օգտագործել Հայաստանում՝ չկորցնելով կապը Եվրոպայի հետ։

Անդրադառնալով արտերկրի կրթական համակարգին, երիտասարդ արվեստագետը նշեց, որ դրսում ուսման կառուցվածքը շատ տարբեր է։ Այնտեղ ուսանողները սահմանափակումներ չունեն․«եթե ունես մտահղացում, հավատում ես դրան, և ցանկանում ես ի կատար ածել, դու կարող ես համոզել և ապացուցել, որ ճիշտ ես, ուրեմն գործիր»:

ան

Արթուրո Սայանը պատմում է, որ ինքը Հայաստանում ունեցել է լավ դասախոսներ, բայց եղել է նաև ազատության սահմանափակում՝ նոր ասելիքի մատուցման և հանդիսատեսի ընկալման մեջ․

«նոր ասելով նկատի ունեմ իսկապես նորարար քայլեր, որոնք տվյալ գործի մեջ արդարացված են, ոչ թե պարզապես աջ ձեռքով բռնել ձախ ականջն ու ասել՝ սա նորամուծություն է»։

Երիտասարդ ռեժիսորի կարճատև այցը Հայաստան նպատակ ուներ հայհանդիսատեսին ներկայցնել երկու նոր ֆիլմերը, որոնք արդեն ցուցադրվել են Գերմանիայում: Օրերս, նրա երկու ֆիլմերը ցուցադրվեցին Լոֆթում, որը, ռեժիսորի բնորոշմամբ՝ յուրօրինակ հաշվետվություն էր հայ հանդիսատեսին:

«Նոր ավարտ, հին սկիզբ»

Այս ֆիլմը նկարահանված է 16 մմ կինոժապավենի վրա։ Ռեժիսորի խոսքով՝ մեր օրերում կինոժապավենը բավականին թանկ հաճույք է: «Մեզ տրված էր ընդամենը մեկ ժապավեն ու պետք է 2 րոպեում կարողանայինք տեղ հասցնել մեր ասելիքը: Նկարահանման ընթացքում շատ զգույշ ու խնայողաբար ենք մոտեցել նյութին»:

Ֆիլմը պատմում է մարդկային, ինչպես նաև սիրային հարաբերությունների մասին: Արթուրո Սայանի բնորոշմամբ՝ ցանկացած հարաբերությունների համար կարևոր նախապայման է ժամանակը, և հաճախ անհրաժեշտ է նաև տարվա «5-րդ եղանակը»։ Ռեժիսորը չի ցանկանում հանդիսատեսին փեղկերի մեջ դնել. «ուստի յուրաքնաչյուրն ինչպես կցանկանա, թող այդպես էլ հասկանա»:

«Փախստականների տուն»

Ռեժիսորի ներկայացրած 2-րդ Ֆիլմը վավերագրական էր: Դրսում ապրած տարիների ընթացքում նա նկատել է, որ եվրոպական կյանքի մասին հաճախ ճոխ լեգենդներ են պտտվում, բայց իրականում այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր հաճախ շատ դժվարությունների միջով են անցնում, մինչև կարգավիճակ են ստանում: Արթուրո Սայանն այս ֆիլմում ներկայացնում է 3 դիմանկար, 3 ճակատագրեր, 3 իրարից տարբերվող պատմություններ.

«ես պարզապես փորձել եմ 3 դիմանկարով բացել այդ մարդկանց, ներկայացնել նրանց մասնագիտությունները, ցույց տալ, թե փախստականի կարգավիճակով մարդիկ ինչով կարող են օգտակար լինել Գերմանիային»:

Նրա համոզմամբ՝ Գերմանիայում հիմա հակառակ բևեռներում գտնվող վերաբերմունք կա փախստականների հանդեպ. «մի մասը պնդում է, որ պիտի ընդունենք նրանց, մյուս մասն էլ դժգոհում է, որ ամբողջ օրը ռոբոտի նման աշխատում են և ահռելի հարկեր վճարում փախստականների ծախսերը հոգալու համար»: Որպես ռեժիսոր, նա ֆիլմում իր վերաբերմունքը ցույց չի տվել, պարզապես շեշտադրել է, որ այդ նույն փախստականների մեջ կան մարդիկ, ովքեր կարող են օգտակար լինել հասարակությանը: Արթուրոն նշում է, որ թեև առաջին հայացքից այս երկու ֆիլմերում ինքանկենսագրական տարրերը բացակայում են, բայց ցանկացած ռեժիսոր ֆիլմ ստեղծելիս, կամա թե ակամա իր կյանքից մի տարր ներդնում է:

ան2

ան3

ան1

ան5

ան4

Անի Մնացականյան

Դիտվել է 225 անգամ