Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի «Օսկարի» երկակի մրցանակակիր դերասանուհին

p_52543776-1Ավստրալիացի հայտնի դերասանուհի, կինոարվեստի միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, այդ թվում՝ «Օսկարի» երկակի մրցանակակիր Քեյթ Բլանշետն այս տարի կգլխավորի Կաննի փառատոնի ժյուրին։

«Ուրախ ենք ողջունելու յուրօրինակ, տաղանդավոր եւ ինքնավստահ այս դերասանուհուն։ Նրա հետ մեր զրույցներն այս աշնանը համոզեցին մեզ, որ նա կլինի նախանձելի ղեկավար, առատաձեռն ու հմայված հանդիսատես»,- ասվում է Կաննի փառատոնի նախագահ Պիեր Լեկյուրի եւ փառատոնի գլխավոր ներկայացուցիչ Թերիի Ֆրեմոյի համատեղ հայտարարության մեջ։

Դերասանուհին արդեն արձագանքել է նրանց հայտարարությանը եւ նշել.

«Տարիներ շարունակ մասնակցել եմ Կաննի փառատոնին որպես դերասանուհի, պրոդյուսեր… Սակայն երբեք Կանն չեմ եկել հանուն կինոարվեստի բազմաթիվ նմուշների վայելքի, ինչի հնարավորությունը տալիս է այս փառատոնը»։

Բլանշետը կինոյի եւ թատրոնի դերասանուհի է։ «Օսկարի» երկակի մրցանակակիր է, «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA), երկու անգամ՝ ԱՄՆ-ի Կնոդերասանների գիլդիայի մրցանակներին։ Նրան մեծ հաջողություն են բերել «Ելիզավետա», «Մատանիների տիրակալը», «Ավիատոր», «Աղմկահարույց օրագիրը», «Ոսկե դար», «Քերոլ», «Ժասմին» եւ այլ ֆիլմեր։ Ավելի քան քսանամյա դերասանական կյանքի ընթացքում նա նկարարհանվել է 40-ից ավելի ֆիլմերում եւ խաղացել է շուրջ 20 ներկայացումներում։ Նրա անվանական աստղը տեղ է գտել նաեւ Հոլիվուդի փառքի ճեմուղում։

Դիտվել է 78 անգամ