Ինքնահոսի մատնված կինո

 

film-crewՀետաքրքիր է, եթե կինոէկրանները լեզու ունենային, ի՞նչ կասեին 2017-ի մասին, ի՞նչ են ցուցադրել, կամ իրենց ցուցադրածից ո՞ր ֆիլմն  են հավանել, որի՞ համար  ամոթից կարմրել: Իսկ ի՞նչ կասեին կինոէկրանները հայկական ֆիլմերի մասին: Կինոէկրաններ էլ ասում ենք. եղած-չեղածը 4-ն են էլի: 4-ից էլ ոչ բոլորն են համաձայնում հայկական ֆիլմեր ցուցադրել, եթե դրանք փող բերող չեն, այսինքն՝ դահլիճում խուտուտի էֆեկտ չեն ստեղծում:

Տեսնես, մեր կինոռեժիսորներն իրենց մտքում ի՞նչ են ասում, ինչպե՞ս են գնահատում 2017-ը՝ գո՞հ են, թե դժգոհ:

Սովորականի պես անցնող տարում էլ ֆիլմեր նկարահանվեցին. մի գիծ բռնած՝ գնում ենք: Պրեմիերա է լինում, գնում-նայում ենք նոր ֆիլմը, իրար մեջ մի-երկու կարծիք հայտնում ու հաջորդ օրն իսկ մոռանում, թե երեկ էկրանին ինչ ենք տեսել: Յոթ փայտով էլ ծեծեն, նույն ֆիլմը երկրորդ անգամ չենք նայի, որ ավելի խորությամբ ընկալենք, փորձենք ինչ-ինչ դետալներ այլ հայացքով վերլուծել. ամեն ինչ ընկալում ու մարսում ենք առաջին անգամից: Ինչո՞ւ. այդքան գիտակ ենք ու հմո՞ւտ: Մի՞թե: Իսկ միգուցե մեծ հաշվով այսօր էկրան բարձրացող ֆիլմե՞րն են մեկանգամյա դիտաման համար նախատեսված: Այնպես է ստացվել, այն օրի ենք հասել, որ եթե անգամ որևէ նոր ֆիլմ մեր ունեցած եզակի կինոգետների կողմից խիստ ու անողոք քննադատության արժանանա, այդ ֆիլմի ռեժիսորը պետք է ուրախությունից պարի, որովհետև ամեն դեպքում նրա աշխատանքի վրա ուշադրություն դարձնող, նրա ֆիլմը մասնագիտական աչքերով դիտող եղել է:

Համատարած անտարբերություն է՝ ով ինչ ու ինչպես է անում. ոչ մեկին չի հետաքրքրում կամ հուզում: Այնպես է ստացվել, այն օրի ենք հասել, որ մեր փոքրիկ քաղաքում կողք կողքի ապրող ռեժիսորնեն անգամ չգիետն, թե իրենց կոլեգան ինչ ֆիլմ է նկարում: Իմանալիս էլ ափիբերան զարմանում են ու, միևնույն է, պրեմիերային չեն էլ գնում: Իսկ եթե պրեմիերային չեն գնում, ուրեմն այդ ֆիլմը մեկ այլ անգամ տեսնելու հավանակությունը գրեթե բացառվում է, որովհետև սովորաբար նոր նկարահանված ֆիլմերի կենսագրությունը պրեմիերայով էլ հենց ավարտվում է:

Նկարահանում, պրեմիերա, վերջ:

Եթե ռեժիսորը, առհասարակ ֆիլմի հեղինակները, ստեղծագործական կազմն իմանան, որ իրենք խոշորացույցի տակ են, իրենց աշխատանքը դիտվելու, քննարկվելու և տարբեր միջավայրերում գնահատվելու է, նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ ու բարեխճորեն կմոտենան իրենց պարտավորություններին: Բայց արդեն տևական ժամանակ մենք չունենք կինոմթնոլորտ, կինոմիջավայր, չկա այն տրամադրվածությունը, որը կարողանար նոր նկարահանված ֆիլմի շուրջը արձագանքների, վերաբերմունքի, կարծիքների հարթակ հանդիսանալ:

Մեր կինոն ինքնահոսի է մատնված արդեն 20-30 տարի:

Սցենար, նկարահանող խումբ, դերասանական կազմ, ռեժիսուրա, դրամատուրգիա, նակարահանման ժամկետներ. ամեն ինչ արվում է մոտավորապես, ոնց ստացվի: Իսկ եթե հանկարծ ու լինի արժեքավոր կինոնախագիծ, դե արի ու փող ճարի: Մենք մատնանշում ենք Ֆրանսիան, Լեհաստանը, կինոյի ոլորտում կարգուկանոն հաստատած, առաջընթաց արձանագրած այլ երկրներ: Տեսնում ենք, որ նրանք առաջնորդվում են որոշակի օրենքներով, տեսնում ենք, որ այդ երկրներում ֆիլմեր են նկարահանվում ոչ միայն պետական միջոցներով, այլև մասնավոր հատվածի հովանավորությամբ: Տեսնում ենք, որ մասնավոր հատվածի, պետության ու կիոարտադրողի միջև կա համակարգված համագործակցություն. օրինակ՝ աջակցեցի՞ր տվյալ ֆիլմի արտադրությանը, հարկային որոշակի արտոնություններ ես ստանում, կամ կինոթատրոնը ցուցադրե՞ց հայրենական արտադրության ֆիլմը, ստեղծվում է երկուստեք փոխշահավետ հարաբերություն:

Այս խնդիրները վաղուց արմատացած են: Ամեն տարի սպասում ենք, որ մեր կինոյում ինչ-որ բան կփոխվի, ուզում ենք հայացքներս հառել մի լուսավոր կետի: Հերթական տարին է անցնում. բնականաբար, ուզում ենք ամփոփել, հասկանալ՝ ինչն արվեց ու ինչը մնաց, ինչ ձեռք բերեցինք, ինչ բաց թողեցինք: Տարին ամփոփելու ամենաառարկայական տարբերակը նկահարանված ֆիլմերը դիտարկելն է՝ գնահատել, թե որ ֆիլմն էր հաջողված, որը՝ ոչ: Ի՞նչ տեսանք այս տարի էկրանին: Արդյո՞ք կարող ենք մեր տեսածի հիման վրա որակել՝ անցնող տարին արդյունավետ էր, թե ոչ, մեկ բառով՝ ի մի բերել տարին:

Մի բան անհերքելի է՝ 2017-ը ֆիլմարտադրության առումով բերքառատ չէր. ինչքան էլ փորփրենք մեր հիշողությունը, մեկ-երկու ֆիլմերի վերնագրերից բացի, ոչինչ չենք հիշի: Քանակի ու որակի ուղիղ համեմատականությունը 2017-ի կինոարդյունքները գնահատելուց մեզ ուղղակի զերծ է պահում: Ամեն տարեվերջի հույսով սպասում ենք, որ գոնե հաջորդ տարին բարեբեր լինի, որ մենք, չենք ասում Եվրոպայի, բայց գոնե մեր հարևան երկրների հետ ոտք մեկնելու փորձ անենք:

Սպասում ենք՝ սպասելով:

Կինոյի մասին օրենքին սպասելով՝ արդեն մի քանի տասնամյակ կարծում ենք, թե օրենսդրական դաշտը կինոյի ոլորտում կարգուկանոն կհաստատի: Պետությունից վերցրած փողերով անհաջող ֆի՞լմ է նկարվել. հետո ինչ: Քանի՜- քանի այդպիսի անհաջող ֆիլմ է նկարվել, ո՞վ է պատասխան տվել պետբյուջեից անիմաստ ու անարդյունք ծախսված փողերի համար: Այսքան ժամանակ ո՞ւմ են հարկադրել անորակ ֆիլմի վրա ծախսված փողը հետ բերել ու բյուջե վերադարձնել:

Իսկ հիշեցնել պե՞տք է, որ այդ բյուջեն գոյանում է ժողովրդի բերանից կտրած գումարներից, մեր երկրի քաղաքացիներից, որոնց աշխատավարձի 24-30 տոկոսը գանձվում է, որ այդ բյուջեով կինո նկարվի, ներկայացում բեմադրվի, բանակ ու սահման պահվի:

 

«Կինոաշխարհ»

Դիտվել է 156 անգամ