Ցուրտ երկրի ջերմ «Նուռը»

FB_IMG_1511772974102Երիտասարդ կինոռեժիսոր Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը թեև պատմում է Սփյուռքի մեր հայտնի արվեստագետների կարևոր քաղաքացիական նախաձեռնության մասին, այնուամենայիվ, իմ տպավորությամբ, երկրորդ շերտ էլ ունի: Այն զգացումների, ապրումերի վավերագրություն է: Թեև Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Սերժ Թանկյանը, Վահե Բերբերյանը ֆիլմում ամենևին էլ զգացմունքային զրույց-խոսք չունեն, չեն խոսում Հայաստանի, իրենց արմատների հետ կապվածության և նման հարցերի շուրջ, այնուամենայնիվ ֆիլմը հոգևոր հարազատության անքակտելի կապի մասին է նաև, այն անուղղակիորեն պատմում է երկիր և զավակ կապի, երկրի ապրեցնող հոտի, երկրիդ սահմանները քո ջերմությամբ պահելու , խաղաղ, արդար Հայաստան ունենալու երազանքի մասին:

Տորոնտոյի «Նուռ» ամենամայա կինոփառատոնն այս տարի անցկացվեց նոյեմբերի 15- 19-ը : Հայաստանից Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» (Way Back Home) ֆիլմն արժանացավ Դոկումենտալ ժանրում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին:

Սեդա Գրիգորյանը ներկա էր իր ֆիլմի ցուցադրությանը: Դահլիճում էին նաև Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը: Ֆիլմի ցուցադրությունն անցավ լեփ-լեցուն դահլիճում և արժանացավ ընդգծված ջերմ վերաբերմունքի: Սեդայի հետ զրուցեցինք ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո:

-Սեդա, «Ճանապարհ դեպի տունը» ավելի շատ լրագրողի՞ թե՞ դոկումենտալիստի աշխատանք էր:

-Ես բախտ ունեցա Արսինե Խանջյանին ավելի մոտիկից ճանաչել նախորդ տարի, երբ Երևանում տեղի ունեցավ Սասնա Ծռերի խմբավորման ապստամբությունը : Այդ ժամանակ Սիվիլնեթում էի աշխատում և , գիտեք, Արսինեն այդ օրերին գտնվում էր Հայաստանում և հաճախ գալիս էր մեզ մոտ՝ հարցազրույցների: Մենք լավ բարեկամներ դարձանք: Հետո երբ նա մեկնեց Հայաստանից, շարունակում էր հետևողականորեն հետաքրքրված մնալ Հայաստանում իրադարձությունների զարգացմամբ, ես էլ հետևողականորեն նրան տեղեկություններ էի փոխանցում իրավիճակի վերաբերյալ : WBH.Still004

Որոշ ժամանակ անց Արսինեի նախաձեռնությամբ ստեղծվեց «Արդարություն Հայաստանում» դիտորդական առաքելության խումբը, որի կազմում էին Սփյուռքի անվանի կինոգործիչ Ատոմ Էգոյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կատակերգու Վահե Բերբերյանը և կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը: Խումբը իր դիտորդական առաքելությամբ Հայաստանում պիտի մասնակցեր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին : Քանի որ իրենք բոլորը տարբեր երկրներում էին ապրում, նախաձեռնությունը համակարգելու խնդիր կար: Այնպես ստացվեց, որ ես սկսեցի օգնել նրանց այդ հարցում: Ի դեպ, այդ ընթացքում ես էլ էի Հայաստանից դուր գտնվում, կինոարտադրություն էի սովորում Արևմտյան Լոնդոնի համալսարանի մագիստրատուրայում : Համաձայն իմ կրթության կարգի, ես պիտի ավարտական աշխատանք ունենայի: Ես, իհարկե, որոշել էի, որ այն ֆիլմ կլինի և ոչ թեզ: Բայց դեռևս չգիտեի, թե ինչ եմ հատկապես ուզում նկարահանել:

WBH.Still005Երբ արդեն նախաձեռնությունն այլևս իրականություն էր, հասկացա, որ եզակի հնարավորություն ունեմ մասնակից լինելու շատ կարևոր, առանցքային նշանակություն ունեցող մի իրադարձության: Բաց թողնել և էգոսիտաբար ինձ պահել այդ ամբողջ փորձառությունն ու տպավորությունները ես, իհարկե, չէի ուզում: Հասկացա, որ նախևառաջ ուզում եմ վավերագրել նրանց ամբողջ ճամփորդությունը: Մտածեցի,որ եթե ունենամ բավարար նյութ, եթե խումբն ինքը դեմ չլինի ֆիլմ ստեղծելու իմ գաղափարին, ես , իհարկե, անպայման , իմ նկարահանածը ֆիլմի կվերածեմ:

-Այսինքն Հայաստան այցելելիս և դիտորդական առաքելության ամբողջ ընթացքում խումբը ամեն դեպքում չգիտե՞ր, որ դու նաև ֆիլմ ես նկարահանում:

-Սկզբում Արսինեն գիտեր միայն, քանի որ ես նրա հետ կիսվել էի իմ գաղափարով: Երբ արդեն խմբի Հայաստան գալու ժամանակը մոտեցավ և մենք ի մի բերեցինք մեր մտքերը, խոսեցինք, քննարկեցինք նաև ֆիլմի մասին: Ես ավելի մասշտաբային ֆիլմի գաղափար ունեի իրականում, բայց երբ քննարկում էինք, հիմա ի պատիվ Արսինեի և խմբի մյուս անդամների պիտի ասեմ, որ բոլորը հատուկ խնդրեցին մինիմալ ռեսուրսներով աշխատել, հնարավորինս աննկատ, առանց ընդգծված ուշադրության հետևել-նկարահանել, քանի որ նրանք որպես դիտորդ էին գալիս Հայաստան և ընդհանրապես չէին ուզում որևէ կերպ շեղվել իրենց բուն նպատակից և հանրությանը նույնպես շեղել բուն թեմայից: Այդ պատճառով նկարահանումներն իրականացրել եմ հիմնականում ես ՝ իմ տեսախցիկով կամ հեռախոսով: Ինձ շատ օգնել է իմ ընկերուհին՝ Արփինե Զարգարյանը, որը նույնպես ուղեկցում էր խմբին: Ֆիլմում օգտագործել եմ նաև Արփինեի հեռախոսի կադրերը: Մեծապես օգտվել եմ հատկապես Սիվիլնեթի, ինչպես նաև այլ լրատվամիջոցների արխիվից: Օգտվել եմ նաև Արսինե Խանջյանի անձնական արխիվից: Կհիշեք, 2016 թվականի ամռանը, Արսինեին երբ ձերբակալում էին Սասնա Ծռերի բողոքի ակցիային մասնակցելու համար, նա այդ ամբողջ գործընթացը նկարահանում էր իր տեսախցիկով :

WBH.Still022
Խմբի դիտորդական առաքելության ավարտին պես երբ ի մի բերեցի այդ օրերի իմ տեսածը, նկարածը , հասկացա, որ իսկապես շատ կարևոր իրադարձություն եմ վավերագրել: Իհարկե, մի քիչ կասկած ունեի, արդյոք ունե՞մ այն համարձակությունը և ճիշտ դատողությունը, որպեսզի ինձ համար մեծություն համարվող այս մարդկանց կարևոր ասելիքը փորձեմ փոխանցել, բայց ամեն դեպքում որպես ավարտական աշխատանք ֆիլմ ստեղծելու նրանց համաձայնությունն արդեն ունեի : Եվ անցա գործի: Համալսարանաում ֆիլմը շատ լավ արձագանք ստացավ, հետո ուղարկեցի նաև խմբի անդամներին, իրենց արձագանքը նույնպես շատ դրական էր , ինչից հետո արդեն համարձակություն ունեցա ներկայացնելու մեծ լսարանի:

-Եվ առաջին մեծ լսարանը, որին ներկայացար քո ֆիլով, «Նուռ» փառատոնն էր:

-Այո, «Ճանապարհ դեպի տուն» Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղավ Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում:

-Պատմիր մի քիչ զգացողություններիդ մասին: Ի վերջո այն հանգամանքը, որ ֆիլմը ցուցադրվում է հենց այն երկրում, որտեղ ապրում և ստեղծագործում են Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը, երևի մի քիչ իրավիճակ է՞ փոխում: Այդ տեսանկյունից որքանո՞վ էր կարևոր այստեղի ցուցադրությունը քեզ համար:

-Ահռելի մեծ կարևորություն ուներ: Ամբողջ աշխարհում, բայց հատկապես այստեղ՝ Կանադայում, նրանք մեծ հեղինակություններ են: Շատ հուզիչ , շատ կարևոր էր ինձ համար, որ Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը անձամբ էին ներկա իմ ֆիլմի ցուցադրությանը : Դա շատ մեծ աջակցություն էր ինձ համար: Ֆիլմից հետո մենք Արսինեի հետ երկար խոսեցինք, նորից ֆիլմը քննարկեցինք: Այս մեկ տարվա ընթացքում ես պատիվ եմ ունեցել Արսինեի Խանջյանից շատ բան սովորել:

WBH.Still027

-Օրինա՞կ:

- (ժպիտով) Սովորել եմ հավանաբար Արսինեի նման լինել այնքան մեծահոգի, այնքան գիտակից, որ նույնիսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում ( նկատի ունեմ իր հանդեպ կիրառված բռնությունը, ձերբակալման պատմությունը)  ոչ թե չարանալ, ոչ թե փակվել ու հիասթափվել, այլ, ընդհակառակը, այդ ցավը և փորձությունը վերածել ստեղծագործ ուժի, և ոչ միայն սեփական անձի համար, այլ ՝ մարդկանց ներշնչելու, ոգեշնչելու: Այդ ուժն էր, որի շնորհիվ նրան հաջողվեց ընտրությունների ժամանակ Հայաստան բերել մոտ երեք հարյուր սփյուռքահայ դիտորդների՝ այդպիսով զարկ տալով ինչ-որ նոր մի ալիքի, որի կարիքը Հայաստանը, իմ կարծիքով, շատ ունի : Ֆիլմը կարծեմ մտորելու, հարցեր բարձրացնելու հնարավորություն է՝ ինչպե՞ս միասին գտնենք Սփյուռք- Հայաստան հարաբերության նոր, թարմ, կենսունակ ձևաչափ: Իհարկե, Սփյուռքը մշտապես Հայաստանի կողքին է ՝  թե՛ ծանր, և թե՛ ուրախ պահերին: Սակայն ես վստահ եմ, և ոչ միայն ես եմ էդպես կարծում, որ կարիք կա վերանայելու այդ փոխօգնության, փոխհամագործակցության ձևաչափը:

-Կա՞ր մի բան, որ դուրս մնաց ֆիլմից, մինչդեռ դու կուզեիր մնար:

-Ես շատ շնորհակալ եմ խմբի անդամներին, որ թույլ տվեցին ինձ Հայրենիքի և իրենց փոխհարաբերության անձնական տարածք մտնել: Կարծում եմ, ամենաէականը, ամենաանկեղծն ու նուրբը իսկապես տեղ են գտել ֆիլմում:

-Բացի վավերագրությունից, ֆիլմը որոշակի մարտահրավեր է Սփյուռքի ու Հայաստանի քաղաքացիների համար. ի վերջո ինչպե՞ս , ի՞նչ ձևաչափով է հնարավոր մեկտեղել Հայաստանի ու Սփյուռքի ջանքերը:

- Ինքս որոշակի փորձ ունեմ Սփյուռքի տարբեր համայնքներում մեր հայրենակիցների հետ շփվելու: Տորոնտոյում էլ ուղղակի հիացած եմ այն ներուժով, ոգևորությամբ, հայկական շնչով, որ տիրում է հայկական այս գաղթօջախում: Կարծում եմ նոր սերնդով, նոր տեխնոլոգիաներով կարող ենք մեր փոխհարաբերությունների ձևաչափը փոխել և ունենալ շատ ավելի կապված, տեղեկացված ամուր մի գլոբալ համայնք : Պարդադիր չէ պահանջենք, որ բոլորն այցելեն Հայաստան, պարտադիր չէ, օրինակ, որ հեղինակությունների մեր այս խումբը անընդհատ այցելի Հայաստան : Դա նույնիսկ անհնար է ակնկալել: Բայց մենք հաստատ կարող ենք այդ կապը և փոխհարաբերությունը պահել ու զարգացնել: Ես կարծում եմ, որ պահը արդեն հասունացել է և հաստատ կան այն կետերը, որ պատրաստ են իրար կպնել:

Seda_Award

-Իսկ ի՞նչ տպավորություններ ունես «Նուռ» կինոփառատոնից: Ինչպե՞ս ես գնահատում այս հեռավոր, ցուրտ երկրում «Նուռի» գոյությունը:

-Շա՜տ տաք: Անչափ տպավորված այս ջերմ մթնոլորտից, հիացած եմ ուղղակի այն հանգամանքով, որ Տորոնտոյի մեր երիտասարդ հայրենակիցները բացառապես կամավորաբար , արդեն տարիներ ի վեր, օրնիբուն ջանք են դնում , որպեսզի այս հրաշալի փառատոնը կայանա: Իրոք, որակապես շատ օրինակելի փառատոն է: Թե՛ ֆիլմերի ժանրային բազմազանություն կար, թե՛ երկրների: Նկատելի էր,որ խնդիր էր դրված, որպեսզի ժամանակակից հայկական կինոյի հնարավորինս լավագույն, նորագույն նմուշները ներկայացվեն տեղի հանդիսատեսին: Ափսոսում եմ, որ Հայաստանում Նուռի միայն անվանումն էի մինչ այս լսել: Շատ կուզեմ, որ հայկական կինոյի առանցքի շուրջ ձևավորված արդեն կայացած փառատոները, որ մենք ունենք Հայաստանում և ամբողջ աշխարհում, բացվեն իրար հանդեպ և այդ Սփյուռք-Հայաստան կամրջի մի շերտն էլ իրենք լինեն:

-Մանավանդ, որ իրար դեմ բաց լինելը մեծ նպաստ կարող է բերել նախևառաջ հայկական կինոյի զարգացմանը:

-Անխոս : Տորոնտոյում, հանդիպեցի շատ հետաքրքիր կինոգործիչների: Միանշանակ է, որ պիտի ամեն կերպ խթանել Սփյուռքում և Հայաստանում ստեղծագործող կինոգործիչների կապը:

-Քեզ համար ամենախորհրդանշական կադրը ֆիլմում:

WBH.Still026

-Ամենախորհրդանշական կադրը կարծում եմ ամփոփում է ֆիլմի էմոցիոնալ ամբողջ տրամադրությունը. ճանապարհին՝ մեքենայի ընթացքին զուգահեռ, մշուշի միջից մի գեղեցիկ ձի է հայտնվում՝ վազելով ճանապարհի երկայնքով։ Կադրը նկարել է իմ ընկերուհի Արփինե Զարգարյանը, ով ընտրությունների օրն ուղեկցում էր Ատոմ Էգոյանին և Էրիկ Նազարյանին։ Երեքն էլ խիստ տպավորվել էին այդ տեսարանով, երեքն էլ նկարել էին իրենց տեսախցիկներով։ Այս կադրը ֆիլմի վերջաբանն է և, իմ կարծիքով, ի մի է բերում ներկայացվող պայքարի ու երազանքի թեմաները, մշուշոտ հեռանկարով վազքը, որը կանգ չի առնում՝ անկախ անորոշությունից, անկախ ամեն ինչից , այն իր համառ, սլացիկ ու գեղեցիկ ընթացքն ունի։

Մերի Մուսինյան
 Տորոնտո

Հ․Գ․ Լուսանկարները տրամադրել է Սեդա Գրիգորյանը։Կադրեր «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմից։ 

 

 

Դիտվել է 125 անգամ