«Ջեյն էյր» սիրավեպ, որ հանգիստ չի թողնում կինոռեժիսորներին

ջեյն61847 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսավ անգլիացի բանաստեղծ եւ գրող Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» սիրավեպը, (Քարեր Բելլ կեղծանունով)։ Այն անմիջապես դարձավ ժամանակի ամենաընթերցած սիրավեպերից մեկը։ Վեպը շարունակվում է վերահրատարակվել եւ թարգմանվել աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր լեզուներով։ Ըստ BBC-ի վեպը աշխարհի 200 լավագույն գրքերի շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Փոքրամարմին, գեղեցկությամբ աչքի չընկնող Ջեյն Էյրը բազում փորձություններից հետո հայտնվում Թորնֆիլդում, հանդիպում միստր Ռոչեսթերին, որից հետո սկսվում է համաշխարհային գրականության ամենահայտնի եւ սիրված սիրավեպերից մեկը, որը հետագայում հանգիստ չէր թողնելու նաեւ կինոռեժիսորներին։ Վեպը էկրանավորվել է 1934 թվականից սկսած, շարունակվում է էկրանավորվել մինչ մեր օրերը։ Ֆիլմերի մեջ կային ե՛ւ բացառիկ հաջողվածները ե՛ւ ցածրորակ ձախողվածները։

«Ջեյն Էյր» 1934, ռեժիսոր՝ Քրիստին Քեբբեն, ԱՄՆ

Թվում է ավելի վատ էկրանավորում դժվար է պատկերացնել՝ անգամ այն ժամանակների համար։ Ճիշտ է սա գրքի առաջին հնչյունային էկրանավորումն է, ճիշտ է ֆիլմը սեւ-սպիտակ է, ճիշտ է նկարահանված է ժամանակի տեխնիկական սահմանափակ հնարավորություններով, սակայն այդ ամենը չի արդարացնում ռեժիսորի «քմհաճույքները»։ Պետք է նշել, որ ֆիլմը գրքի սյուժեից բավական տարբեր է և ամենաէական սխալը՝ Ջեյն Էյրն (Վերջինիա Բրյուս) այստեղ ոչ միայն շիկահեր է, այլեւ՝շիկահեր հիմարիկ է։ Իսկ մենք հիշում ենք, որ գրքում Ջեյնը ոչ միայն խորը զգացմունքների է ի վիճակի, այլեւ՝ իր իրավունքների եւ արժանապատվության համար պայքարող տեսակ է, անդրդվելի, համառ, խելացի։

ջեյն1

«Ջեյն Էյր» 1973, ռեժիսոր՝ Ջոան Քրաֆտ, Մեծ Բրիտանիա

BBC-ի առաջին փորձը գրքի հիման վրա հեռուստասերիալ նկարահանելու բավական հաջողված էր։ Ժամանակակից հեռուստադիտողի համար ֆիլմի միակ թերությունը թերեւս կարող է լինել ավելորդ թատերականացումը, տեսարանների կարճությունը եւ տեխնիկական աղքատությունը։ Մնացած առումներով կարելի է ասել դերասանների ընտրությունը բավական հաջողված է՝ Սորչա Կրյուսակ (Ջեյն Էյր), Մայքլ Ջեյթոն (միստր Ռոչեսթեր)։ Ֆիլմի գլխավոր թերություններից մեկն այն է, որ Ջեյնին մարմնավորած Սորչա Կրյուսակը նկարահանումների ժամանակ 34 տարեկան էր, իսկ մենք հիշում ենք, որ Ջեյնը հազիվ քսանամյա աղջնակ էր։ Այս հանգամանքը հանգիստ չի տալիս ֆիլմը դիտելու ամբողջ ընթացքում, քանի որ տարիքային անհամապատասխանությունը բավական ակնհայտ է։

ջեյն2

«Ջեյն Էյր» 1983, ռեժիսոր՝ Ջուլիան Էմես, Մեծ Բրիտանիա

Դասական սիրավեպի էկրանավորման BBC-ի երկրորդ անզուգական աշխատանքը։ Հեռուստաֆիլմը բառ առ բառ եւ տեսարան առ տեսարան հետեւում է գրքին։ Նա, ով չի կարդացել Էմիլի Բրոնտեի հայտնի սիրավեպը, կարող է հանգիստ դիտել ֆիլմը սա այն դեպքն է, երբ ֆիլմը գրքին չի զիջում։ Ֆիլմի առանցքային եւ գլխավոր ձեռքբերումը էդվարդ Ռոչեսթեր-Տիմոտի Դալթոնն է, որի խաղից հետո դժվար է մեկ այլ Ռոչեսթեր պատկերացնել։ Հետագայում դերասանը կխոստովանի․ «Իմ լավագույն դերը Ռոչեսթերի դերն է»։ Մինչ այս հեռուստասերիալը Ջեյնի դերում ընտրում էին կամ տգեղ, կամ էլ՝ հակառակը գեղեցկությամբ փայլող դերասանուհիներ։ Մինչդեռ էմիլի Բրոնտեն հստակ գրում է հերոսուհու ոչ այնքան գեղեցկուհի լինելու մասին, սակայն Ջեյնը հմայք եւ յուրահատկություն ուներ։ Այսպիսին է Զիլա Կլարկի Ջեյնը, կարծես գրքից դուրս թռած լինի։ Առաջարկում ենք դիտել այս չափազանց գեղեցիկ հեռուստանովելը։

ջեյն 3

«Ջեյն Էյր» 2006, ռեժիսոր՝ Սյուզաննա Վայթ, Մեծ Բրիտանիա- ԱՄՆ

Երբ դերասանական խաղի էմոցիոնալ մարգարիտը չկա ոչ մի հրաշալի տեսարան եւ գեղեցիկ երաժշտություն չի փրկի ֆիլմը։ Ջեյն էյր՝ Ռութ Ուիլսոն, Էդվարդ Ռոչեսթեր՝ Տոբի Սթիվենս։ Այստեղ նույնպես կան շեղումներ գրքից եւ բուն սյուժեից։ Օրինակ, իմ կարծիքով ֆիլմից դուրս է մնացել մի փառահեղ դրվագ։ Երբ Ջեյնը հեռվից լսում է, թե ինչպես է Ռոչեսթերը կանչում իրեն։ Սա գրեթե միստիկ ու գլխավոր հերոսների մեծ սիրո մասին պատմող հրաշալի տեսարան է եւ անհասկանալի է ինչո՞ւ է դուրս մնացել ֆիլմից։ Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ հրաշալի է պատկերված այդ դարաշրջանի Անգլիայի մթնոլորտը՝ հսկայական գեղեցիկ ամրոց, բնություն, մշուշ։ Տեսարանները եւ երաժշտությունը գալիս են լրացնելու դերասանական խաղի որոշ բացթողումներ։ Կարելի է ասել, որ ֆիլմը մեկանգամյա դիտելու համար է։ Ի տարբերություն, որ 1983 թվականի BBC-ի հեռուստանովելում կարելիէ հազար անգամ դիտել հերոսների երկխոսության տեսարանները։

ջեյն4

«Ջեյն Էյր» 2011, ռեժիսոր՝ Քերի Ֆուկոնագա, Մեծ Բրիտանիա- ԱՄՆ

Ջեյնին այս ֆիլմում խաղաց դերասանուհի Միա Վասիկովսկան, Ռոչեսթերին մարմնավորել է Մայքլ Ֆասբենդերը եւ կարելի է ասել նրանք երկուսն էլ կարողացան հաղորդել գրքի էմոցիոնալ հոգեւիճակը։ Չնայած ֆիլմում Ջեյնի կերպարն ավելի հաջողված է, քան՝ Ռոչեսթերինը։ Ուժեղ, տեղ-տեղ սարկազմով լի Ռոչեսթերը ֆիլմում ցավոք չկա։ Ճիշտ է, նա որոշ տեսարաններում կրկնում է գրքից սարկազմով լի խոսքերը, սակայն դա անում է դեմքի արտահայտությունը չփոխելով։ Եթե խաղին գա լրացնելու նաեւ ստացված տեսարանները, ապա կարելի է եւս մեկ անգամ նորովի դիտել սիրավեպի էկրանավորումը։ Ճիշտ է ֆիլմն այսպես ասած Հոլիվուդի «բույր» ունի, սակայն այնումանայնիվ կարելիէ դիտել, կարելի է անգամ սիրել այն։ Թերեւս այս ֆիլմը 1983-ի էկրանավորումից հետո միակ հաջողվածն է։

ջեյն5

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 472 անգամ