Խաղաղությունը՝ պատերազմ տեսածի աչքերով

mher1Սիրիական պատերազմը ոչ միայն փոխեց սիրիացիների ու սիրիահայերի կյանքի բնականոն ընթացքը, այլև նրանց մտածողությունը, ստիպեց առավել, քան երբևէ արժևորել խաղաղությունն ու մերժել պատերազմները։ Սիրիահայ երիտասարդ դիզայներ, լուսանկարիչ, ֆիլմերի կորեկցիայով զբաղվող Մհեր Սարգսյանը գործի բերումով մեկ շաբաթով Հայաստանում էր։ Պատերազմից հետո նա իր քրոջ հետ ստիպված է եղել տեղափոխվել Լիբանան, իսկ ծնողները մնացել են Հալեպում։ Մհերի ընտանիքը ևս միլիոնավոր սիրիաբնակների նման մինչև հիմա կրում է պատերազմի դառը հետևանքները։ Պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել. մարդածին այդ արհավիրքը հոգաբանական ծանր խարան է դրոշմել մարդկանց հոգիներում։ Խաղաղության գինը լավ գիտակցելով՝ Մհեր Սարգսյանը ֆիլմ է նկարել, որը մասնակցել է Կաննի կինոշուկայի կարճ ֆիլմերի նախագծում։ «Ուղերձ՝ վերևից» վերնագրով 11 րոպե տևողությամբ իր ֆիլմով Մհերը կոչ է անում մերժել պատերազմները, մտածել, թե այդ մարդածին չարիքի պատճառով մարդկային քանի -քանի ճակատագրեր են կործանվում, քանի-քանի կյանքեր են խորտակվում, քաղաքաներ ու հայրենիքներ են հողին հավասարվում։ Հայաստանից մեկնելուց ժամեր առաջ kinoashkharh.am-ը հասցրեց զրուցել Մհերի հետ, նաև տեղեկանալ՝ նոր ֆիլմերի ինչպիսի ծրագրեր ունի նա։

-Ձեր ֆիլմի թրեյլերից պարզ է դառնում, որ որակյալ նկարահանումներ են արվել. ինչպե՞ս եք կազմակերպել տեխնիկական, ստեղծագործական աշխատանքները։

-Ես չունեմ ֆիլմարտադրող ընկերություն. ամբողջը ես եմ արել։ Կարճ ասած՝ ֆիլմում դերասանությունից բացի, մնացածը ամեն ինչ ես եմ արել։ Ֆիլմ նկարելն սկզբում ինձ համար հոբբի էր. ուզում էի այդ կերպ արտահայտել իմ ասելիքը, գաղափարները։ Խաղարկային կտորներից բացի, ֆիլմում կան նաև փաստավավերագրական հատվածներ՝ պատերազմական կադրեր։ Եթե ֆինանսական, տեխնիկական հնարավորություններս ավելին լինեին, անհամեմատ ավելի մեծ ու ուժեղ ֆիլմ կնկարեի, կզարգացնեի սյուժեն, կերպարները։

-«Ուղերձ՝ վերևից». ֆիլմը համացանցում չկա։ Պատմեք, ինչի մասին է, ի՞նչ ուղերձ է ուղարկված վերևից։

-Մարդիկ հաշվարկում են պատերազմների թվային վնասները՝ այսքան գումար, մարդկային այսքան կորուստ։ Ասում են՝ սիրիացիները տուժեցին պատերազմի պատճառով. ամեն ինչ ընդհանրացվում է, բայց ոչ ոք չի կարևորում՝ չէ՞որ սիրիացի հասարակությունը կազմված է անհատներից, այդ անհատները, առանձին առանձին մարդիկ ունեն առանձին ճակատագրեր, անհատական կյանք, անհատական երազանքներ, առաքելություն։ Մինչև պատերազմ չտեսած մարդն իր մաշկի վրա չզգա պատերազմի միջով անցածի ապրումները, դժվարությունները, չի կարողանա հասկանալ, թե իրականում ինչ է պատերազմը։

Ժամանակակից կինոն հիմնվում է մեծ մասամբ սուպերհերոսների կերպարների վրա, իսկ ես նախընտրում եմ պարզ մարդկանց, մարդկային պարզ ու իրական պատմությունները։ Հենց դրանք են կյանքի իրական պատկերները։

Իմ ֆիլմում կան պատերազմական վավերագրություններ, ու մի աղջնակ պատմում է իր ընտանիքի մասին։ Սակայն վերջում պարզվում է, որ նա չի էլ ծնվել, իրականում այդ աղջիկը հորինված կերպար է։ Նա կծնվեր, եթե չլիներ պատերազմը, եթե իր մտացածին հայրը պատերազմում չզոհվեր, եթե իր մայրն ու հայրը հանդիպեին իրար, ամուսնանային ու ծնվեր ինքը՝ իմ ֆիլմի հերոսուհի փոքրիկ աղջիկը։ Այս ֆիլմն ուղերձ է վերևից՝ պատերազմն արհավիրք է, այն ողբորգություններ է ցանում, մարդկային ճակատագրեր խորտակում։

Մտածե՞լ եք՝ պատերազմից խլված կյանքերը քանի՜ նոր կյանք կծնեին, այդ մարդիկ հաստատ որևէ առաքելությամբ աշխարհ կգային, իրենց ծնունդով ու գործունեությամբ կփոխեին աշխարհը, կբարելավեին մեր կյանքը։

-Ինչ-ինչ, բայց հայերս շատ լավ ենք հասկանում չծնված կյանքերի փիլիսոփայությունը. մինչև հիմա մեզ մորմոքում է Հայոց ցեղասպանության փաստը։ Եթե մարդածին այդ ոճիրը չլիներ, մեկուկես միլիոնը հիմա 15 միլիոն դարձած կլիներ, մենք մեծ հայրենիք կունենայիք ու ցեղասպանված ազգի ամեն անհատ կյանքի իր պատմությունը կունենար, կշարունակվեր իր հաջորդ սերունդների մեջ։

-Պետք է մարդիկ ավելի խորությամբ վերլուծեն պատերազմների հետևանքները ու պայքարեն խաղաղության համար։ Եթե ինձ բախտ վիճակվեր նորից ֆիլմ նկարել, նորից խաղաղության մասին կնկարեի, այսինքն՝ կընտրեի մարդկային մի պատմություն, որը կհանգեցներ այդ բարձր գաղափարին։ Նախքան «Ուղերձ վերևից» ֆիլմը՝  4 տարի առաջ հենց «Խաղաղություն» վերնագրով մի ֆիլմ եմ նկարել։ Սիրիայում պատերազմը դեռ շարունակվում էր. ֆիլմս մասնակցեց սիրիական փառատոնին ու «կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց։

-Եթե հաջորդ ֆիլմը նկարելու հնարավորություն ունենայիք, ո՞վ կլիներ Ձեր հերոսը։

-Այս անգամ կուզեի խաղաղություն քարոզել երաժշտության միջոցով։ Ֆիլմիս հերոսը կլիներ մի դաշնակահար, որը պատերազմի ժամանակ կորցրել է լսողությունը։ Բայց երաժշտությունը դեռ նրա մեջ  ապրում է։ Մենահամերգի ժամանակ նա նվագում է. իր նվագածը չի լսում, բայց տեսնում է դահլիճում նստած հանդիսատեսի ծափերը։

-Այդ դրվագն ինձ հիշեցրեց Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը», երբ իր թաքստոցում դաշնակահարը մոտենում է դաշնամուրին, նվագում է, բայց մատները չեն դիպչում ստեղներին, որպեսզի շրջակայքում հանկարծ չիմանան, որ այդ տանը հրեա է ապրում։ Նա անձայն է նվագում, բայց այնքան իրական ու համոզիչ, որովհետև դաշնակահարի հոգում երաժշտությունն ուղղակի ճախրում է։

-Թեմաները շատ են, ասելիքը՝ նույնպես, ու ինչքան մտածում եմ, գաղափարներս դարձյալ պատերազմի ու խաղաղության շուրջն են պտտվում։ Տարօրինակ կամ զարմանալի չէ. ես ինքս անցել եմ պատերազմի միջով, տեսել եմ պայթող ռումբեր, դժոխային իրավիճակներ։

-Իսկ Հայաստանում ի՞նչ առանձնահատուկ բաներ կան, որ կարելի է ֆիլմի թեմա դարձնել։ Դուք տեղաբնակ չեք, ու Ձեր կողմնակի աչքի տեսածը հետաքրքիր է։

-Այն ջերմությունը, որ կա Հայաստանում. մարդկային ջերմության մասին է խոսքը։ Այն, որ կարող ես մի տեղ նստել ու մի քանի րոպեից քեզ կմիանան անծանոթ մարդիկ, մտերմություն, ջերմ ու անմիջական հարաբերություններ կստեղծվեն. նման արժեհամակարգ ամեն տեղ չկա։ այստեղի հայերը միգուցե դա չեն նկատում, բայց հյուրերը, եկվորներն անմիջապես զգում ու նկատում են դա։ Ֆիլմի հրաշալի թեմա է, խնդրեմ։ Մի ուրիշ թեմա՝ Հայաստանում բնակություն հաստատատած սիրիահայերի մասին։ Նրանք այստեղ են ոչ թե ապահովություն գտնելու, այլ իրենց հայրենիքը վերագտնելու համար, նրանք ուզում են արտադրություն հիմնել ոչ թե շահույթ ստանալու, այլ հայկական անուններով բրենդները տարածելու համար։

 Մհերի հետ  պայմանավորվեցինք. հենց որ նորից գա Հայաստան, ֆիլմի նոր սցենար է բերելու։ Միգուցե այն լինի  պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած դաշնակահարի մասին։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 196 անգամ

Calendar

November 2017
M T W T F S S
« Oct   Dec »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930