Իրանական «Նաֆազը»՝ «Օսկարի» նախաշեմին

nargezԱմերիկյան կինոակադեմիայի «Օսկարի»  առաջադրված օտարալեզու  ֆիլմերի կողքին իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվայի» հետ նույն անվանակարգում մրցելու է պարսկուհի կինոռեժիսոր Նարգեզ Աբիարի «Նաֆազ» («Շնչառություն») լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Իրանական կինոյի երկու  անունները միմյանց արվեստը բարձր են գնահատում ու միաժամանակ մրցակիցներ են։

Նարգեզ Աբիարն այս օրերին Հայաստանում է. մեր երկրում նկարահանվում է իրանական «Մոսադարե» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի ստեղծագործական կազմում նա ընդգրկված է որպես ռեժիսորի խորհրդատու։ Ֆիլմի երևանյան նկարահանումների ժամանակ kinoashkharh.am-ը հանդիպել է պարսկուհի կինոռեժիսորի հետ և զրուցել նախաօսկարյան տրամադրությունների, սպասումների, նաև «Մոսադարե» ֆիլմում նրա ներգարվվածության մասին։

-Տիկին Նարգեզ, ինչպես են անցնում «Մոսադարեի» նկարահանման   աշխատանքները։

-Ես չեմ միջամտում ֆիլմի ռեժիսուրայի, դերասանական խաղի հետ կապված խնդիրներին։ Այդ հարցերում ուղղակի ազդեցություն չունեմ. ես ռեժիսորին օգնում եմ ֆիլմի դրամատիկ կառուցվածքի հետ կապված խորհրդատվությամբ, ոչ ավելին։ Այդ պատճառով էլ «Մեսադարեի» առնչությամբ շատ մանրամասներ, հանգամանալից դիտարկումներ ու ասելիք շատ չունեմ։

-Այդ դեպքում անմիջապես անցնենք այն թեմային, որի հետ Դուք մեծապես եք առնչվում՝ «Օսկար»։ Ձեր «Նաֆազ» ֆիլմն Իրանի կողմից ներկայացվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Կպատմե՞ք ֆիլմի մասին։

-«Նաֆազն» արտացոլում է իրանցի ժողովրդի կյանքը՝ ազգային առանձնահատկությունների, էթնիկ երանգների շեշտադրումներով։ Ֆիլմը հիմնված է պարսկական պատմությունների վրա։

Այն իրանցիների կյանքում վերջին 40 տարիներին  տեղի ունեցած երկու կարևորագույն դեպքերի՝ պատերազմի և հեղափոխության մասին է։  Բայց գլխավոր ասելիքը խաղաղության կոչն է։ Եղել է և՛ պատերազմ, և՛ հեղափոխություն, իրանցի ժողովուրդը երկուսն էլ տեսել ու ապրել է, բայց այդ ամենի համատեքստում՝ վերջնարդյունքը խաղաղությունն է։

Հենց այս ուղերձի շնորհիվ է, որ «Նաֆազը» ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ որպես իրանական ֆիլմ։ Նախընտրական փուլն այն անցել է ու մրցելու է մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Անջելինա Ջոլիի ֆիլմի հետ։

-Գաղտնիք չէ, որ «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է։ Փաստորեն, Դուք ներկայացնում եք ազգային պատմություն։ Ի՞նչ եք կարծում. «Նաֆազը» հաջողելու ի՞նչ շանսեր ունի։

-Այս փուլում հաջողելու մասին խոսելը դեռ վաղ է։ «Նաֆազը» մինչև «Օսկար» մրցանակաբաշխությանը հասնելը դեռ էլի փուլեր պետք է անցնի։ Բոլորը գիտեն, որ «Օսկարի» նախնական ընտրության փուլում հայտնվելը մի բան է, բուն մրցանակաբաշխությանը մասնակցելը՝ մեկ այլ բան։

Շատ կարևոր է, թե տվյալ երկիրն իր կողմից ներկայացված ֆիլմում իր մշակույթը, մոտեցումները, կինոլեզուն, ինքն իրեն ինչպես է ներկայացնում։

Մրցանակաբաշխության ընթացքի ու արդյունքների վրա մեծ ազդեցություն են ունենում, օրինակ, թե  նախապես ինչ PR է արվում, ֆիլմը որտեղ է  ներկայացվում, ինչ կարծիքներ են հնչում ֆիլմի մասին։ Եթե իմ ֆիլմը մրցանակ ստանա, ապա դա կլինի այն բանի շնորհիվ, որ «Նաֆազը» խաղաղության կոչ է անում։ Բոլոր խնդիրները ես դիտարկում և ցույց եմ տալիս մարդկայինի, մարդակենտրոնության տեսանկյունից։

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ դեր կխաղան ամերիակա-իրանական լարված հարաբերությունները։

-Իմ կարծիքով՝ քաղաքականությունը չի խոչընդոտի արվեստին, որովհետև խաղաղությունն ու մարդասիրական վերաբերմունքն ամեն ինչից վեր են և ամենուր են գնահատվում։ Երբ  Ասկար Ֆարհադին երկու անգամ «Օսկար» ստացավ, այդ փաստը հակընդդեմ էր բոլոր այն կարծիքներին, թե իրանացի ռեժիսորն ամերիկյան «Օսկար» չի ստանա։ Այնպես որ, ես կարծում եմ՝  քաղաքականությունից ավելի կարևոր է, թե ինչ ֆիլմ ես ներկայացնում և ինչպես ես ցույց տալիս ասլիքդ, ինչ շեշտադրումներ ես անում, մի խոսքով՝ համամարդկային ինչպիսի արժեքներ ես ներկայացնում։

-Իրանական կինոն, որպես կանոն,  բարձրակարգ փառատոների առաջնագծում է միշտ։  Ֆենոմեն է. փակ երկիր լինե՞լն է իրանցի կինոռեժիսորներին ստիպում ինքնադրսևորվելու, իրենց հուզող թեմաների մասին բարձրաձայնելու նորանոր հարթակներ գտնել։

-Իրանական կինոն հաջողությունների է հասնում  մասնավոր կինոարտադրողների, մասնավոր ընկերությունների շնորհիվ։ Նրանք լավ գիտեն, որ պետք չէ ոչ մեկին կրկնել ու ընդօրինակել։ Նրանք ստեղծագործում են ինքնուրույն՝ իրենց ժողովրդի ներսում եղած արժեքները, խնդիրները, ապրումները, զգացողությոնները վեր հանելով, դրանց մասին կինոյի լեզվով պատմելով։ Հենց դրանք են ամենահետաքրքիրն ու յուրօրինակը, ինքնատիպը, որ պետք է ցույց տալ աշխարհին։ Բոլոր ազգերը չէ, որ այդ առանձնահատկություններն ունեն, հենց դրանով էլ իրանական կյանքը հետաքրքիր ու գրավիչ է։ Իրանցի կինոռեժիսորները հասկացել են, որ մենք պետք է  ամենամարդկային թեմաները բարձրաձայնենք, մեր մասին խոսենք համամարդկային լեզվով։ Հենց դա էլ ամենաընկալելի ու ամենահասկանալի լեզուն է։

Պարսկուհի կինոռեժիսորի հայացքները, մտածելակերպը, խոսքերը պարզ են ու տրամաբանական։ Այդպես պարզ ու առանց պաթոսի էլ նրա ֆիլմերն են։ Պարզության մեջ են երևում երևույթների խորքերն ու ակունքները։ Պարզությունն էլ հենց իրանական կինոյի առավելությունն է։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 102 անգամ