Ազնավուրը կինոյում․Խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստեղրի վրա

դաշնակահարըԻ տարբերությունը բեմի, էկրանը Ազնավուրին ընդունեց միանգամից եւ առանց քննարկելու։ Ֆիլմում Ազնավուրի դեբյուտը եղավ 1960 թվականին Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» կրիմինալ մելոդրամայում։ Նա խաղում էր դաշնակահար Էդուարդ Սարոյանի դերը։ Ֆրանսուա Տրյուֆոն միանգամից ճանաչեց Ազնավուրին, որն արդեն, որպես երգիչ հստակ քայլեր էր անում ֆրանսիական բեմերում։ Հայտնի դաշնակահար Էդուարդ Սարոյանի կինը ինքնասպանություն է գործում, փորձելով սփոփել անձնական ողբերգությունը, դաշնակահարը սկսում է աշխատել սրճարանում, որտեղ էլ ծավալվում են ֆիլմի հետագա գործողությունները։

Ազնավուրին, որպես արտիստ անմիջապես նկատեց եւ գնահատեց ֆրանսիացի մեծանուն դերասան Ժան Գաբենը․

«Նրա տաղանդը հիպնոսացնում է ֆրանսիացիներին, Ազնավուրը ավելին է քան դերասանը, Ազնավուրը թատրոն է»։

Իսկ Գաբենի գովասանքին արժանանալը այդքան էլ հեշտ բան չէր։ Ազնավուրը մի ժանրի մեջ տեղավորվողը չէր՝ կատակերգություններ, դրամաներ, մելոդրամաներ․․․նա խաղում էր ամենուր, նրա հմայքը կարող էր փրկել ցանկացած սյուժե։

Ազնավուրը հումորով էր խոսում իր դերերի մասին․ «Խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստեղրի վրա»։ Եվ իհարկե «պատահական» էր, որ Ազնավուրի բոլոր ընկերները Եվրոպական կինոյի խոշոր դեմքեր էին՝ Ժան Կոկտոն, Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը։

1960 թվականին Ազնավուրը խաղաց նաեւ ֆրանսիացի ռեժիսոր Դենի Դե Լա Պատելերայի նկարահանած «Տաքսի Տոբրուկում» ֆիլմում (դրամա)։ Չորս ֆրանսիացի զինվոր հայտվում են Աֆրիկայի անապատում, որտեղ վխտում են օձերը, եւ տարածքը վերահսկվում է գերմանացիների կողմից։ Ճանապարհին նրանք հափշտակում են գերմանացի մի սպայի։ Նրանք սկսում են զրուցել պատերազմի անիմաստության մասին։

Մեկը մյուսի ետեւից Ազնավուրը կինոյում խաղալու հրավերներ է ստանում: Նա խաղում է Ժան Կոկտոյի «Օրֆեյի կտակը» ֆիլմում (1960)։ Պիեռ Գրանիե-Դեֆերի «Փարիզը օգոստոսին» (1966) կատակերգության մեջ Ազնավուրը խաղում է խանութի վաճառող Անրիի դերը՝ համեստ, ոչնչով աչքի չընկնող մի մարդ, որը փորձում է գտնել իր երջանկությունը։ Ֆոլկեր Շլենդորֆի «Թիթեղյա թմբուկ», Ժյուլիեն Դյուվիվեի «Սատանան եւ տասը պատվիրանները» (1966), որտեղ Ազնավուրը մարմնավորում է գլխավոր հերոսին եւ այլ ֆիլմերում։

1963 թվականին մահանում է Էդիթ Պիաֆը։ Ազնավուրի համար այս կորուստը մեծագույն ողբերգություն էր․․․նա սովոր էր, որ Պիաֆը միշտ իր կողքին է, ծիծաղում է, նայում, քննադատում․․․

1970 թվականին Ազնավուրը երգ է գրում «Մեռնել սիրուց» (ռեժիսոր Անդրե Կայատ) ֆիլմի համար։ Ե՛ւ ֆիլմը, ե՛ւ երգը դառնում են ժամանակի դասական գլուխգործներից մեկը։

Սովետական հայտնի քաղաքական դետեկտիվ «Թեհրան 43» ֆիլմի համար Ազնավուրը գրում է իր հայտնի «Հավերժական սեր» երգը։ Ի դեպ, երգի միայն երաժշտությունն է գրել Ազնավուրը, իսկ բառերը գրել է նրա քրոջ ամուսինը։

Ազնավուրը ամերիկյան կինոյում խաղալու բազմաթիվ առաջարկներ է ստացել, սովորաբար նա այդ դերերը մերժել է, պատճառաբանելով․ «Լավ դերասան կարելի է լինել, միայն երբ խոսում ես մայրենի լեզվով»։

2002 թվականին Ազնավուրը նկարահանվում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը պատմում էր Մեծ եղեռնի եւ Վանի հերոսամարտի մասին։ 2004-ին Ազնավուրը մարմնավորում է Հայր Գորիոյի դերը՝ համանուն ֆիլմում։ Հայր Գորիոն Ազնավուրի դեմքով պարզապես անկրկնելի է դիտվում։

Հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասել է․«Հնարավոր է ես վատ դերասան չեմ, բայց որպես երգիչ, իմ կարծիքով ավելի լավն եմ»։

Կինոյում ունեցած վաստակի համար Ազնավուրը արժանացել է Պատվավոր Սեզարի, ինչպես նաեւ Կաննի 30-րդ կինոփառատոնի Պատվավոր մրցանակի։

Պատրաստեց՝ Աշխեն Քեշիշյանը

Դիտվել է 177 անգամ