Վերադարձ հայրենի քաղաք

downloadԵրևանի Բյուզանդի 30 հասցեում, որտեղ ծնվել է ու հասակ  առել  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր  Ներսես Հովհաննիսյանը, հոկտեմբերի 11-ին բացվեց արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը: Այս տանը Ներսես Հովհաննիսյանը ապրել է մինչև 1974 թվականը, և հուշատախտակի տեղադրումն էլ   նրա յուրովի  վերադարձն է հայրենի օջախ ։

Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը համոզված է, որ Երևանի այս հատվածում  վարպետի հուշատախտակի տեղադրումը նրա նեկայության հաստատումն է մեզանում, նրա ներկայությունը՝ մեր քաղաքում։ Ներսես Հովհաննիսյանի տարիների ընկերն ու համակուրսեցին՝ Երվանդ Ղազանչյանը, խոսեց նրա մարդկային յուրահատուկ դիմագծից, նրա ֆիլմերի հայկականությունից, նրա ազգային մտածողությունից ու հայկական կինոյում ունեցած նրա ուրույն տեղի մասին, որն հենց միայն Ներսիկինն է։

Հուշատախտակը բացեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:

Նշենք, որ  հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Հ․Գ․ Ներսես Հովհաննիսյանը ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Խոշոր շահում», «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի» և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։

«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

Ներսես Հովհաննիսյանը եղել է«Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ։

Դիտվել է 42 անգամ