Ջոն Մալկովիչը Հայաստանում

JM20Հայաստանում է հոլիվուդյան աստղ, օսկարակիր արտիստ, կինոռեժիսոր Ջոն Մալկովիչը: Նա աշխարհի տարբեր երկրներում շրջագայում է մի նախագծով, որը կինոյի հետ կապ չունի. մեծապես  առնչվում է երաժշտությանն ու գրականությանը:

Վերջին տարիներին Ջոն Մալկովիչը համագործակցում է համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտների ու նվագախմբերի հետ: Երաժշտության ուղեկցությամբ նա ընթերցումներ է անում: Հայաստանյան հանդիսատեսի համար նախատեսել է արգենտինացի Էռնեստո Սաբատոյի «Հերսոների և գերեզմանների մասին» նովելից   «Պատմություն կույրերի մասին» հատվածը: Իսկ առհասարակ գրականության ու դասական երաժշտության համադրությամբ ներկայացվող նրա նախագծերն 8-ն են՝գրական 8 տարբեր գործեր, որոնց ընթերցումն ուղեկցվում է երաժշտությամբ:

JM300Կենդանի, աչքի առաջ ներկայացող արվեստների սիրահար Մալկովիչին հոգեհարազատ ու սրտամոտ է բեմարվեստի այս ժանրը: Դրա համար էլ նա սիրում է թատրոնն ու թատրոնի հետ կապված է մինչև հիմա: Հիշենք, որ հենց թատրոնից էլ սկսվել է նրա կարիերան: Չիկագոյի համալսրանաի կենսաբանության ֆակուլտետի ուսանողը տարվում է «Ստեպենվոլֆ» թատերախմբի խաղերով ու հենց թատերաբեմում էլ բացահայտվում են նրա դերասանական, հետագայում նաև ռեժիսորական ունակությունները: Ջոն Մալկովիչը բեմում խաղացել է նաև Դաստին Հոֆմանի հետ: Ռոբերտ Բենտոնը, Մալկովիչին բեմում տեսնելով, ասել է. «Նա կամ խելագար է կամ մեծագույն արտիստ»:

Ջոն Մալկովիչն զբաղվում է այն ամենով, ինչին ձգտում է, ինչը դեռ բացահայտված չէ իր համար: Դա է պատճառ, որ նա ուժերը փորձում է նաև ճարտարապետության, հագուստի մոդելավորման ասպարեզներում: Բազմազբաղ լինելն, իհարկե, չի խանգարում ոչ կինոնկարահանումներին, ոչ էլ գրական-երաժշտական նախագծերին: Նա էկրանին է ու միաժամանակ տարբեր բեմերում: Դասական երաժշտությունը համարում է համամարդկային ուժ, սիրում է նաև ֆոլկլոր: Նրա համար ինչ-որ բան իմաստավորվում է այն ժամանակ ու այն դեպքում, երբ այդ իմաստը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում: Չկա նույնկերպ ընկալվող իմաստ: Օրինակ՝ արգենտինական գրականություն ներկայացնելիս նա շեշտադրում է հերոսի դիտարկումը, թե աշխարհը կառավարում են կույրերը, բայց պարտադիր չէ, որ այդ համոզմունքը տարածվի նաև հանդիսատեսի վրա: Դահլիճում նստած յուրաքանչյուր ոք նույն երևույթի նկատմամբ կարող է իր կարծիքն ու դատողությունն ունենալ:

Ցավոք, Հայաստանի ու հայ գրականության, անգամ հայ երաժշտության մասին Ջոն Մալկովիչը գրեթե ոչինչ չգիտե: Հայ իրականության հետ նրա կապը բեմական է և առնչվում է Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Նրանք միասին հանդես են եկել Սեուլում ու Բուենոս Այրեսում, որտեղ Ալֆրեդ Շնիդկեի  դաշնամուրի և նվագախմբի համար գրված  կոնցերտի նվագակցությամբ նա ներկայացրել է արգենտինակական գրականություն:

JM10Հայաստանում Ջոն Մալկովիչին սպասվում է ծանոթություն մեր մշակույթի, գրականության, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների հետ, այցելություն տեսարժան վայրեր և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Սպասում էի, որ գամ Հայաստան, տեսնեմ, սովորեմ, տեղականամ, իմանամ, ճանաչեմ»,-նկատեց Մալկովիչը:

Հայոց ցեղասպանության մասին Ջոն Մալկովիչը տեղյակ է: «Զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդն իր նմանի հանդեպ այդքան դաժան լինել: Ես այդ ոճիրի մասին կարդացել եմ «Կորուսյալ դրախտ» գրքում, որտեղ պատմվում է Զմյուռնիայի կոտորածների մասին»,- ասաց Ջոն Մալկովիչը:

Ինչ վերաբերում է կինոյին, նա վերջերս է նկարահանվել «Սիրում եմ քեզ, հայրիկ» կատակերգական ֆիլմում, որի անդրանիկ դիտումը Կանադայում է եղել: Ընդամենը մեկ շաբաթից Մալկովիչը նորից կմտնի նկարահանման հրապարակ. նոր դերի առաջարկ է ստացել: Միաժամանակ ինքն է ֆիլմ նկարելու: Դա կլինի հերթական աշխատանքը, որտեղ հանդես կգա՝ իբրև կինոռեժիսոր:

Երկրոդ պլանի լավագույն դերասան անվանակարգում երկու անգամ «Օսկար» ստացած, մի քանի տասնյակ ֆիլմերում նկարահանված, «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմում ինքն իրեն մարմնավորած Ջոն Մալկովիչի անունը հավակնում է մեկ դար հետո էլ չիջնել էկրաններից:

Նրա և Ռոբերտ Ռոդրիգեսի սցենարով նկարահանվում է կոնյակի հնեցման ու պատրաստման մասին մի ֆիլմ, որը հարյուր տարի հետո է էկրան բարձրանալու, որովհետև ճիշտ այդքան ժամանակ նկարահանվելու է, թե ինչպես է ստեղծվում իսկական կոնյակը:

Հ.Գ.Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 10-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան. Հուշամատյանում գրառել «Ցավոտ դաս. Ջոն Մալկովիչ»: Այնուհետև նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի առջև: Ջոն Մալկովիչն անակնկալ է պատրաստել հայ հանդիսատեսի համար. վաղը՝ հոկտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացի արգենտինական գրականությունից, նա կկարդա Գրիգոր Նարեկացի:

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 83 անգամ