«Եվա»․ հայրենական պրեմիերա

IMG_0203Արցախում ծավալված դրամատիկ սյուժեով ու անսպասելի զարգացումներով իրական կամ ոչ իրական պատմությունը դարձավ ֆիլմ․  իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության կինոնկարի հայրենական պրեմիերան կայացավ սեպտեմբերի 23-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմի աշխատանքներն սկսվել էին դեռևս 2014 թվականից։

Պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, շնորհավորեց բոլորին  պրեմիերայի առիթով, ու  հավելեց, որ այս ֆիլմը  շատ հաջող մեկնարկ է  հետագա հայ-իրանական համատեղ կինոարտադրության զարգացման առումով։ Նա փաստեց, որ արդեն պատրաստ է հայ-իրանական համատեղ կինոարտադրության համգործակցության համաձայնագիրը, որի վավերացումից հետո  կինոոլորտի զարգացման նոր ուղիներ ու հեռանկարներ կբացվեն երկու կողմերի համար էլ։

Հատուկ հայաստանյան պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև «Ֆարաբի» ֆիլմարտադրության» հիմնադրամի տնօրեն՝  Ալիռեզա Թաբեշին, ով իր խոսքում նշեց,  որ սա առաջին ծիծեռնակն է, և դեռ էլի շատ համատեղ ֆիլմեր կծնվեն։ Նշենք, որ իրանական կողմից ֆիլմը ֆինանսավորել է «Ֆարաբի» կինոհիմնադրամը։

Անահիտ Աբադը պատմեց ֆիլմի աշխատանքներից, դերասանների ընտրությունից , ֆիլմի տեխնիակական անձնակազմից ու նկարահանումների երկու ամիսներից։ Նրա խոսքերով, ծանր է եղել աշխատանքը, բայց իրենք արել են ամեն հնարավորը հաջողելու համար․ «Դժվար էր միաժամանակ աշխատել երկու մշակույթ կրող մարդկանց հետ։ Դերասանական կազմը ամբողջովին հայեր էին, իսկ տեխնիկական հատվածը՝ օպերատոր, երկրորդ ռեժիսոր և այլոք իրանցիներ էին, սակայն պիտի ասեմ, որ կարողացանք հաղթահարել»։

Ֆիլմի դերասանները սիրով  ու գորովանքով հիշեցին անցած օրերը, հուսալով, որ մեկ այլ  նախագծում,  նորից նույն թիմով կաշխատեն։

Դիտվել է 96 անգամ