Պատերազմի մասին գիրքն ամենից շատ խոսում է հայի հարատևելու և զարգանալու վճռականության մասին

2C5A0134Շիրազ Ջերեջյանի ելույթը «Զարթոնք» թերթի 80-ամյակի միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 7-ին Բեյրութի Թեքեյան կենտրոնում կազմակերպված «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ այլ զենքերի հետ գործածելով նաև հրետանի, զրահապատ մեքենաներ և օդուժ: Արցախի պաշտպանության բանակը հայտարարում է, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մնայուն տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենումթեժ բախումներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Բացի ադրբեջանական զինուժին հասցված այլ կորուստներից, պաշտպանության բանակի հակաօդայինները հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ»:

Սա Արցախի պաշտպանության բանակի հրապարակած առաջին հայտարարությունն էր անցյալ տարվա ապրիլյան պատերազմի առաջին ժամերին: Համացանցային էջերում հայտարարությունը հայտնվեց արդեն առավոտյան ժամը 8:21-ին՝ բախումների թեժացումից շատ կարճ ժամանակ անց: Եվ անշուշտ այդ հայտարարության հաջորդած 4 օրերի զարգացումներին ծանոթ եք բոլորդ: Հայաստանում, Լիբանանում և այլուր պահ առ պահ կարողացանք հետևել ռազմական գործողություններին ոչ միայն գրավոր և բանավոր հայտարարություններով, այլև անմիջական լուսանկարներով, շփման գծում և թիկունքում նկարահանված բազմաթիվ տեսագրություններով: Հակառակ Ադրբեջանի ժխտումներին՝ առաջին խոցված ուղղաթիռի տեսարանները տարածվեցին համացանցով մեկ, կարճ ժամանակ անց արցախյան բանակը նաև անօդաչու թռչող սարքերով նկարահանեց հայկական դիրքերի մոտ սպանված ադրբեջանցի զինվորների մարմինները, Ստեփանակերտում հաստատվեց տեղեկատվական պաշտոնական կենտրոն, տրվեցին մամլո ասուլիսներ, միջազգային լրատվամիջոցների և գործակալությունների ներկայացուցիչները ներկա էին՝ հետևելու զարգացումներին, կացության մասին տեղեկացնելու աշխարհին: Սակայն այս բոլորը 2016 թվականին էր:

 2C5A012325 տարի առաջ՝ Արցախի ազատագրական պայքարի ամենածանր օրերին, լրատվական արհեստագիտությունն այն չէր, ինչ է այսօր, համացանցի տարածումը տակավին շատ սահմանափակ էր, թվային նկարահանման հնարավորություն չկար, նույնիսկ լուսանկարչական և տեսագրական մեքենաների մարտկոցների կյանքը ավելի կարճ էր: Այսուհանդերձ այդ օրերին մենք ունեցանք հանդուգն մարդիկ, մեկ խոսքով՝ հերոսներ, որոնք իրենց կյանքը վտանգեցին, ամեն և որևէ գնով փորձեցին հասնել ճակատ, հետևել ազատագրական պայքարի յուրաքանչյուր հանգրվանին և վերադառնալ շատ սուղ նյութերով: Նյութեր, որոնք այդ օրերին մասամբ գործածվեցին հաղորդումների համար, ավելի ուշ, դրանց վրա հիմնվելով, արտադրվեցին ֆիլմեր և հաղորդաշարեր:  Մինչև օրս արցախյան մարտերը նկարած հերոսների տեսագրություններին հանդիպում ենք ամենուրեք, սակայն շատ քիչ գիտենք նրանց՝ իրենց կյանքը վտանգած նկարողների մասին: Այս գիրքը միտված է լուսարձակի տակ առնելու մի խումբ նկարողների աշխատանքը, պատմելու նրանց աշխատանքային պատմությունը, ընդգծելու նրանց ապրած դժվարությունները, ապրումները, մտորումներն ու զգացումները: Այս առումով գիրքը հայացքները սևեռում է արցախյան պատերազմի մի մութ անկյունի վրա այն հույսով, որ հետագայում պարզվեն հավելյալ մանրամասնություններ:

«Նրանք նկարում էին պատերազմը. Կինովավերագրողները Արցախյան պատերազմում» գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում ընդգրկված են 2012-2017 թվականներին kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրապարակված հարցազրույցները: Խոսքը վերաբերում է 34 նկարիչներին, բեմադրիչներին և սցենարիստներին, որոնք 1991-1994 թվականներին գործել են Արցախյան պատերազմի առաջին ճակատում և պատրաստել են պատերազմի տարեգրությունը: Գրքում ներկայացված են հարցազրույցներ այդ 34 անձերի հետ երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն: Յուրաքանչյուր հարցազրույցին կից նաև ներկայացված է անձի հակիրճ կենսագրությունը, ինչպես նաև ֆիլմագրությունը: Նրանց մի մասի կատարած նկարահանումների ընտրանին գրքի հետ ներկայացված է երկու խտասկավառակով:

2C5A0092432 էջերից բաղկացած այս գիրքը նախատեսված է Հայաստանի նորագույն պատմության, մասնավորապես Արցախի ազատագրական պայքարի, պատերազմի ֆիլմավավերագրության հարցերով զբաղվող մասնագետների, միջազգայնագետների, ուսանողների և ընթերցող հանրության համար: Գրքի կազմողներ Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը գրքի մշակման աշխատանքների համար համագործակցել են պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժանմունքների հետ: Գրքի խորհրդատուն է Սենոր Հասրաթյանը, խմբագիրը՝ Անահիտ Հարությունյանը, իսկ թարգմանիչը՝ Սուզաննա Սարգսյանը: Գիրքը հրատարակության են պատրաստել Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Հոգևոր Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Գրքի 34 հերոսների հետ հարցազրույցներ են վարել Ալիսա Գևորգյանը, Նաիրա Փայտյանը, Նանա Պետրոսյանը և Ռուզան Բագրատունյանը: Հարցազրույցների նյութերի կողքին ներկայացված են վավերագրողների դիմանկարները, նաև լուսանկարներ Արցախյան պատերազմից: Վավերագրողների անձնական լուսանկարների կողքին նաև զետեղված են Կարեն Գևորգյանի հեղինակած լուսանկարները, որոնք պահվում են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:

 Արցախի ազատագրական պայքարի նկարահանումների տարեգրությունն առաջին անգամ ներկայացնելու կողքին գրքի արժեքն իր պարունակած կենսագրական, մասնագիտական, պատմական և ռազմահայրենասիրական տեղեկություններն ու բովանդակությունն են: Գրքի 34 հերոսները բեմադրիչներ են, նկարահանողներ և սցենարիստներ: Նրանք արցախյան պատերազմը վավերագրել են գրեթե բացառաբար սեփական, շատ սուղ միջոցներով, մեծամասնությամբ անձնական նախաձեռնությամբ, այս կամ այն ջոկատի հետ համագործակցելով: Քիչ են եղել այն դեպքերը, երբ կիսատ կազմակերպված խմբակներ են գործուղվել Արցախ՝ ապահովելու համար տեսագրություններ տեղական ու միջազգային լրատվամիջոցների համար: Ապագա վավերագրողներից ոմանք նույնիսկ նկարելու տարրական կանոններին և մեթոդներին ծանոթ չէին:

Ռուբեն Հովհաննիսյանը պատմում է, որ պարզապես սիրում էր նկարել, ուստի տեսախցիկ ճարեց և սկսեց նկարել: Վարդան Հովհաննիսյանին ընկերը տեսախցիկ է տվել, որպեսզի նկարի 1988-ի շարժումը, իսկ Շավարշ Վարդանյանին տեսախցիկ էր տրամադրել Գևորգ Էմինը:

Շատերի համար պատերազմը տեսագրելը պարտականություն է եղել: Նրանք նաև լավ գիտեին, որ եթե պատերազմին մասնակցած չլինեին, հավելյալ ֆիլմեր նկարելու առիթ կարող էին ունենալ և ավելի դրամ շահել: Սակայն նրանք չեն հանդուրժել ճակատից հեռու մնալ, մինչ այլ երիտասարդներ իրենց կյանքը զոհում էին առաջին գծում: Ուստի ուզել են ինչ-որ ձևով օգնել ռազմական ընդհանուր ճիգերին: Նրանք լավ գիտեին, որ իրենց տեսագրություններն ավելի ևս պիտի գործածվեն ապագայում: «Պետք է մեզնից հետո եկողները իմանան, թե ինչ է կատարվել այնտեղ»: Այս առումով գիրքը շեշտում է վավերագրողների նվիրումը, անձնազոհությունն ու հայրենասիրությունը:

Հարցազրույցներում բացահայտվում են այն ահավոր դժվարությունները, որոնց դեմ հանդիման էին նկարահանողները: Տեսախցիկների բացակայությունը միայն մեկ օրինակ է: Գլխավոր մի այլ հարց էր ժապավենների սակավ թիվը: Այն ժամանակ համակարգիչ, USB և Memory Card չկար: Շատ դեպքերում նկարողները ստիպված են եղել տեսագրել մինչ այդ տեսագրված ժապավենների վրա: Այսինքն՝ ջնջել ու վերստին նկարել: Իսկ նյութերը տեղ հասցնելն ինքնին տագնապալի է եղել: Մերթ վտանգավոր ճամփաներով, մերթ զինվորական ուղղաթիռներով նրանք նյութերը փոխադրել են Երևան ու սփռել աշխարհով մեկ: Եղել են դեպքեր, երբ օրինակ՝ Արցախի հեռուստատեսության շենքը ռմբակոծվել է, արխիվը՝ գրեթե ամբողջությամբ հրկիզվել: Ահա այսպիսի դժվարություններով են նրանք կատարել իրենց աշխատանքը: Այս առումով գիրքը լուսարձակի տակ է առնում վավերագրողների վճռականությունը և պատերազմական ջանքերին օժանդակելու հանձնառությունը:

Գրքում ներառված հարցազրույցները ներկայացնում են Արցախի հեռուստատեսության ծնունդը 1988 թվականին: Ճիշտ է, գլխավոր կենտրոնացումը 1991-1994 թվականների պատերազմական գործողությունների ժամանակաշրջանի վրա է, սակայն շատերի աշխատանքը սկսվել է Արցախյան պայքարի ծնունդով՝ 1988 թվականին: Այդ օրերին նրանք գաղտնի նկարել են ժողովրդային հավաքները, ապա Երևան, Մոսկվա և այլ վայրեր ուղարկած տեսագրությունները: Հետևաբար գիրքը որոշ պատմական տվյալներ է փոխանցում արցախյան ազատագրական շարժումի ծննդյան, նրա առաջին հանգրվանի ցույցերին և լուրջ պատերազմական գործողություններին նախորդած ընդհարումների մասին:

19511410_1451070941618597_2996081615743030127_nՀարցազրույցներում բացահայտվում է նկարահանման և բեմադրության արվեստի մասնագիտական, գեղագիտական բաժինը ևս: Հաճախ է խոսվում զինվորների, թիկունքը պահող բնակիչների, անմեղ երեխաների, ցավող կանանց և ծերունիների դեմքի արտահայտությունները նկարելու մասին, որովհետև այդ դեմքերը պատմում էին, մի կողմից, պատերազմի արհավիրքի, սիրելիների կորստի և վիրավորների ցավի, մյուս կողմից՝ ապրելու և հաղթելու վճռականության մասին: Այսպես, Գագիկ Հարությունյանը, օրինակ, ասում է, որ իրենք ներկայացնում էին ժողովրդի ընդհանուր ցավը, ոչ միայն Արցախի հարցը: Հարցազրույցները չեն քողարկել որոշ սխալներ, որոնք ակամա կատարել են վավերագրողները: Նրանք խոստովանում են, որ անփորձ էին, ծանոթ չէին ռազմական նկարահանման կանոններին և օրենքներին, ուստի նույնիսկ եղել են դեպքեր, երբ ցուցադրված հաղորդումներից գուցե օգտվել է հակառակորդը:

 Արթուր Ներսիսյանը պատմում է, թե ինչպես իր տեսախցիկի լամպը գործածել է մի վիրավորի ասեղով սրսկումը դյուրացնելու համար: «Պատերազմի ժամանակ լրագրության բոլոր կանոնները, սկզբունքները խախտվում են: Գուցե այլ պատերազմ լուսաբանելիս կարող ես չեզոք լինել, սակայն քո պատերազմի դեպքում խախտում ես բոլոր կանոնները, որովհետև պատերազմող կողմերից մեկը դու ես»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը: Այսուհանդերձ պատերազմը վավերագրողները ներկայացնում էին իրականությունը՝ ինչպես որ է, դիտված ճակատի հայկական կողմից: Չմոռանանք նաև, որ այդ օրերին մոնտաժի հնարավորություններն այսօրվա նման զարգացած չէին: Այսօր շատ դժվար է առաջին հայացքից հավատալ որևէ տեսագրության ճշմարտացիությանը, սակայն այդ օրերին տարբեր էր:

Կռվո՞ղ, թե վավերագրող: Այս հարցը հաճախ է տրվել գրքի հարցազրույցների ընթացքում, և պատասխանը գրեթե միշտ եղել է՝ երկուսն էլ: «Մի ձեռքին զենք, մյուսին՝ տեսախցիկ»,- այսպես են մարտի դաշտ ուղղվել շատերը: Գրիգոր Ավետիսյանն Արցախ է մեկնել «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ: Առաջին մարտում շատ զոհեր են տվել, նա ստիպված է եղել տեսախցիկը մի կողմ դնել և զենք վերցնել, որովհետև կռվողի կարիք կար: Վարդգես Ուլուբաբյանը պատմում է, որ տեսախցիկի մարտկոցը միայն 15 րոպե էր բավարարում, որից հետո ինքը, տեսախցիկը ուսին, նետվում էր, զենքն առնում ու մասնակցում մարտերին: Այս առումով լավագույն օրինակներից է Սերգեյ Համբարձումյանը, որ պայքարը սկսեց տեսախցիկով, ապա դարձավ հրամանատար ու զոհվեց Խոջալուում:

Եվ այսպես, պատերազմի զոհվածների և վիրավորվածների շարքում են նաև այս գրքի հերոսները: Ոմանք գերի են ընկել ադրբեջանցիների ձեռքը, ուրիշներն ուղղակի հակառակորդի կրակոցների և ռումբերի թիրախ են դարձել: «Նկարիչը ևս կռվի դաշտ է գնում առանց գիտենալու, թե արդյոք պիտի վերադառնա՞: Եթե լավ պատկեր նկարես, նշանակում է, որ լավ դիպուկահար ես»,- ասում է Բենիամին Ղարախանյանը:

Գիրքը միաժամանակ հայ զինվորի քաջության ապացույցն է: Այն պատմում է, թե ինչպես, նահանջի տեղ ունենալով հանդերձ, մարտիկների մի խումբ որոշել է մինչև վերջ մարտնչել, երևույթ, որ նաև կրկնվեց անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում: Ոչ միայն զինվորի, այլև այդ հողի վրայ ապրող արցախցու հանդգնությունն է ներկայացված այստեղ: Պատմվում է մի 13 տարեկան պատանու մասին, որը, առանց վախենալու հակառակորդի գնդացրից, քաջաբար լեռներում օգնում է վավերագրողների աշխատանքին:

unnamed (6)Հարցազրույցներում նաև ակնհայտորեն երևում է հայ մարտիկի, հայ հրամանատարի ազնվությունն ու մարդասիրությունը: Վավերագրողները պատմում են, թե ինչպես հայ հրամանատարը նույնիսկ ամենադժվար պահերին փորձում էր հարգել կանոնն ու մարդկայնությունը՝ անհրաժեշտության դեպքում պատժելով նույնիսկ սխալներ թույլ տված սեփական զինվորներին, մինչ մյուս կողմից ադրբեջանցիները տեղի էին տալիս բազմաթիվ խախտումների, որոնցից մասնավորաբար անդրադարձ կա Խոջալուի դեպքերին: Այս առումով գիրքը հստակորեն բացահայտում է հայ և ադրբեջանցի կռվողների բարոյահոգեբանական կառուցվածքի մեծ տարբերությունը:

Թեև սա պատմության գիրք չէ, այնուամենայնիվ այստեղ գտնում ենք բազմաթիվ դրվագներ Արցախյան ազատագրական մարտի բոլոր ճակատներից: Շատերը խոսում են Գետաշենի, Շահումյանի մարտերի, ադրբեջանական ուժերի իրագործած ՕՂԱԿ գործողության մասին, որի ծիրում քննադատության են ենթարկվել ժամանակին Խորհրդային Միության շրջանային պատասխանատուները: Վարդան Հովհաննիսյանը, օրինակ, ֆիդայիներին նկարել է թիկունքից՝ չբացահայտելու համար նրանց երեսները, որովհետև հայ ֆիդայիներն այն ատեն զինյալ ծայրահեղականներ էին համարվում:

Հատուկ անդրադարձ կա Շուշիի ազատագրության հերոսական գործողության վրա, որի տեսագրությունները և նկարները տեսնում ենք ամեն օր՝ առանց իմանալու, թե ովքեր են հեղինակները: Անշուշտ, աշխատանքի բերումով, վավերագրողները ծանոթացել, ապրել ու աշխատել են Արցախյան պատերազմի բազմաթիվ հրամանատարների և հերոսների հետ, ինչպիսիք են Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը, Սպիտակ Արջը, Ռեմ Մարդանյանը և շատ ուրիշներ: Գրքում շարադրված են նաև նրանց պատմությունները և հերոսությունները: Այս առումով գիրքը բավական հարուստ է առաջին ականատեսի վկայություններով, ինչը հարստացնում է Արցախի մասին արդեն իսկ գոյություն ունեցող տարեգրությունը և նյութերը:

Հարցազրույցներից անպակաս են Հայաստանի այսօրվա որոշ ժխտական երեսների մասին անդրադարձները:

«Այսօր ազատամարտիկներից շատերն աշխատում են բարերարի կարգավիճակում հայտնված մարդկանց մոտ, որոնք այդ ժամանակ ոչ թե կռվում էին, այլ նյութական կուտակումներով էին զբաղված»,- նշված է հարցազրույցներից մեկում: Իսկ Վրեժ Պետրոսյանը մտահոգություն է  հայտնում դատարկվող գյուղերի մասին և հարց տալիս, թե արդյոք հնարավոր չէ՞ ազատագրված հողերի վերաբնակեցում ապահովել: Ոմանք անուղղակիորեն բողոքում են իրենց հանդեպ ցուցաբերված արհամարհական կեցուածքից: «Շատ շքանշաններ ունեմ, վատ չէր լինի, եթե մի փոքրիկ հուշամեդալ էլ հիշեցներ Արցախյան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքի մասին: Դա ինձ համար կարևոր չէ, բայց թոռնիկներիս համար գուցե ինչ-որ բան նշանակի»,- ասում է Բորիս Հովսեփյանը: Սա ևս մի անգամ լուսարձակի տակ է առնում այսպիսի մարդկանց արժեքը լավ իմանալու և գնահատելու անհրաժեշտությունը, մի բան, որին հաճախ է անդրադառնում գիրքը:

Խոսելով վավերագրական ֆիլմերն այսօր քարոզչական նպատակներով գործածելու մասին՝ բեմադրիչ Ռուբեն Գևորգյանցն ասում է, որ այդ ուղղությամբ հաջողությունները քիչ են, որովհետև չկա համակարգված աշխատանք: Հակոբ Պողոսյանը ցավով է նշում, որ Արցախյան պատերազմի հաղթանակի քարոզչություն ժողովրդի մեջ այսօր չի կատարվում: Քարոզչության կարևորությունը շեշտելու համար մի շարք վավերագրողներ պատմում են, թե ինչպես են ազատագրական պայքարի ֆիլմեր ցուցադրել այսօրվա զինվորներին, մեր սահմանի պաշտպաններին, որպեսզի քաջալերվեն նախորդ սերնդի իրագործումներով և հերոսությամբ:

Հարցազրույցներում նաև խոսվում է հայ կինոյի դիմագրաված խնդիրների մասին: Արա Շարբաթյանը ցավոտ է համարում հայ կինոյի այսօրվա վիճակը, մանավանդ «Հայֆիլմ» ստուդիայի փակումից հետո: «Դրամ ունեցողներն այսօր Հայաստանում անդադար եկեղեցիներ են կառուցում: Լավ կլիներ, որ մեկն էլ «Հայֆիլմ» կառուցեր: Դա էլ յուրօրինակ եկեղեցի է»,- ասում է Լևոն Աթոյանցը: Անդրադարձ կա նաև Հայաստանում «Կինոյի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը: Այս առումով գիրքը ներկայացնում է արխիվները թվայնացնելու կարևորությունը, ինչը կարոտ է լուրջ նախաձեռնությունների և ֆինանսական միջոցների, թեև ոմանք անհատական ջանքերով կատարել են որոշ աշխատանք:

Ամենից շատ, սակայն, գիրքը հարցազրույցի մասնակիցների միջոցով խոսում է հայի գոյատևելու, ապրելու, արարելու և զարգանալու վճռականության մասին: Ինչպես 1991-1994 թվականներին, այնպես էլ 2016-ին և վստահաբար ապագայում ևս հաղթելու և հողի վրա ամուր կանգնելու որոշումն անբաժան է եթե ոչ բոլորի, ապա շատերի կյանքից, և այս մասին հստակ անդրադարձներ կարելի է բացահայտել «Նրանք նկարում էին պատերազմը» գրքում: «Այնտեղ բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք, որովհետև ուրիշ ճանապարհ չունեինք: Ապրելով այս տարածաշրջանում՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, մեր երեխաներին պետք է որպես զինվոր դաստիարակենք, եթե չենք ուզում կորցնել այս մի կտոր հողը: Այսօր էլ, եթե պատերազմ լինի, դարձյալ հաղթելու ենք: Սա մեր ճակատագիրն է: Հակառակը չի կարող լինել»,- ասում են նրանք: Եվ իրապես, հակառակը չպետք լինի մեր բոլորի հավաքական ջանքերով, յուրաքանչյուրը՝ իր կարելիության սահմաններում: Հակառակը բացառված է:

Հ.Գ. Հեղինակի համաձայնությամբ տեքստը փոխադրված է արևելահայերենի:

Դիտվել է 133 անգամ

Calendar

September 2017
M T W T F S S
« Aug   Oct »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930