Tehran Noir. Սամվել Խաչիկյանը և իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը

midnight-terror-1Իրանական կինոարվեստի հիմնադիրներից մեկին՝ Սամվել Խաչիկյանին անվանում էին «Իրանյան Հիչքոք»։ 1950-60-ական թվականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները երկրում սովորաբար երթևեկության խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպեսզի Իրանում բացվեին նորանոր կինոթատրոններ:

Սամվել Խաչիկյանի անունը մոտ քառասուն տարի ասոցիացվում էր հոլիվուդյան ոճից ոգեշնչված հայտնի ժանրային ֆիլմերի հետ, որոնք հանդիսատեսի մեծ բանակ ունեին: Նրա նորարարությունները և ժանրային մշակումները ընդլայնեցին իրանական կինոյի հնարավորությունները, նա իր կինոարվեստով ցույց տվեց երկրում տիրող սոցիալական և քաղաքական լարվածությունը, որ տանում էր դեպի հեղափոխություն:

37 ֆիլմերը, որ Խաչիկյանը նկարահանել է 1950-1990թթ. ընթացքում, մելոդրամաներ են, պատերազմի և հանցագործությունների թեմաներով ֆիլմեր, երաժշտական, կատակերգական և սարսափ ժանրի գործեր: Խաչիկյանը իրանական ազգային կինոյին ձև և ոճ հաղորդեց: Սուղ ֆինանսական միջոցներ ունեցող ռեժիսորին ոմանք հայտարարում էին իրանական կինոյի փրկիչ, ոմանք էլ նրա գործերը համարում էին ընդօրինակումներ: Այսպես թե այնպես՝ նրան անկասկած ընդօրինակում էին ավելի ցածրակարգ ռեժիսորները և ոչ ոք չէր կարող հերքել այն փաստը, որ Խաչիկյանը իրանական կինոյի առաջին դեմքն էր:

Հոլիվուդյան ոճը ժամանակակից Թեհրանում

samuel-khachikian-002Սամվել Խաչիկյանի ֆիլմերը ներկայացնում են Իրանի անցած դարաշրջանի պատկերները՝ փողոցում աղաղակող կադիլակներ, խնջույքի շտապող կիսաշրջազգեստ հագած կանայք, կեսգիշերից մինչև լույս բաց ակումբներ: Ֆիլմերը մասամբ վավերագրական են, մասամբ էլ ռեժիսորի հորինվածքներն են, որոնք հաջողությամբ ներծծել են հոլիվուդյան ոճը:

Չորս տասնամյակների ընթացքում նորարար ռեժիսորը հոլիվուդյան ոճի ֆիլմեր է նկարահանել, որոնք ցուցադրվել են Իրանի լեփ-լեցուն կինոդահլիճներում: Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո նրա արևմտյան ոճի ֆիլմերի հանդեպ պահանջարկը պակասեց, սակայն հետադարձ միայն մեկ հայացքը դեպի նրա քիչ ցուցադրված գործերը բավական էր ռեժիսորի համբավը վերականգնելու համար:

Խաչիկյանի ֆիլմերը յուրահատուկ էին նրանով, որ դրանք հնարավոր էր ներկայացնել գրեթե որպես արտասահմանյան արտադրության ֆիլմեր: Նրա դասական ֆիլմը՝ «Կեսգիշերային մղձավանջը» (1961 թ.) իտալացիների կողմից գնվել և այլ անվանում է ստացել, փոխել են ֆիլմի հերոսների անունները, իբրև թե գործողությունները տեղի են ունենում Միլանում: Քաջատեղյակ լինելով մշակութային խիստ հակասություններին՝ նրա ֆիլմերը անհանգստության զգացում են պարունակում: Ավտոմոբիլների ֆետիշիստական տոնակատարությունները, նորաձև և չափազանց շքեղ առանձնատները սիմվոլներ էին, որոնց միջոցով նա արտահայտում էր Իրանում տիրող անարդարությունը, խավերի միջև հակասաությունները և ինքնության խառնաշփոթությունը:

Հայը՝ Թեհրանում

Սամվել Խաչիկյանի ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկվելով հաստատվել են Իրանի Թավրիզ քաղաքում, որտեղ և ծնվել է ռեժիսորը 1923 թ.-ին: Ցեղասպանության մասին պատմությունները, որոնք նա լսել էր հորից, օգնում էին Խաչիկյանին, երբ անհրաժեշտ էր լինում ֆիլմերին մռայլ տարրեր հաղորդել:storm-in-our-city-3

Երբ Թավրիզի քաղաքական միջավայրը ստիպեց ընտանիքին տեղափոխվել Թեհրան, Խաչիկյանի առջև նոր աշխարհ բացվեց: Թե ինչպես նա սովորեց ֆիլմեր նկարել Թեհրան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, դեռևս առեղծված է մնում: Ռեժիսորի խոսքով, Յուսեֆ Չահինեն իրեն կինոյի մասին գրքեր էր ուղարկում և MGM ընկերության նախկին պրոդյուսեր Դորե Սկարի 1950թ. հրատարակված ֆիլմարտադրության մասին գիրքը նրա համար ոգեշնչման աղբյուր էր դարձել:

Խաչիկյանը այն պարսկահայերից է, որոնք շատ մեծ ավանդ են ունեցել իրանական արվեստի, մասնավորապես կինեմատոգրաֆի զարգացման գործում: Առաջին պարսկական խաղարկային ֆիլմի՝ «Աբի և Ռաբիի» (1930թ.) ռեժիսորը, օրինակ, իրանահայ Ավանես Օհանյանն էր:

1953թ. նշանավոր ռեժիսոր Սանասար Խաչատուրյանը խնդրում է Խաչիկյանին դառնալ «Վերադարձ» ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմը հաջողված չէր, սակայն իր երկրորդ ֆիլմի՝ «Շիրազցի աղջկա» գրանցած հաջողությունը հնարավորություն տվեց Խաչիկյանին ավելի մեծ ազատություն պահանջել՝ ստանձնելով նաև ֆիլմերի սցենարները գրելու, երաժշտությունը ընտրելու և նույնիսկ իրանական կինոյի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմի թրեյլեր պատրաստելու պատասխանատվությունը:

Ոսկե տարիները

Սամվել Խաչիկյանի համար իր առաջին երկու ֆիլմերի ստեղծման ընթացքը նման էր «պարսկական կինոյի թակարդն ընկնելուն»: Այնուամենայնիվ ռեժիսորի երրորդ ֆիլմը՝ «Իրադարձությունների խաչմերուկում» (1955թ.), որ մի երիտասարդի մասին է, որը միանում է հանցագործների խմբին՝ իր երազանքների աղջկան գոհացնելու համար, հռչակում է նրա անունը:

Ֆիլմը բնորոշ է 50-ականների իրանական կինոյին: Խաչիկյանի այս ֆիլմը աչքի է ընկնում մանրամասներով և կինեմատոգրաֆիական նորամուծություններով, որոնց նպատակն էր ներկայացնել բացարձակապես տեսողական պատում: Ունենալով այնպիսի թերություններ, ինչպիսին են աղքատիկ երկխոսությունները, մելոդրամատիկ տեսարանները և հնացած տեխնիկական կողմը՝ ֆիլմի հաջողությունն այնուամենայնիվ իրանահայ ռեժիսորին դասեց թրիլերի վարպետների շարքը:

party-in-hell-1956-4Մինչև 1950-ական թվականների վերջը Խաչիկյանը կատարելագործում էր սեփական ոճը՝ կիրառելով հնչյունային հնարքներ, տեսախցիկի տարբեր անկյուններ, որ սովորաբար օգտագործվում էր մեղքի կամ հանցանքի աշխարհը պատկերելիս: Սակայն նա չէր վախենում ավելի հեռուն գնալ, ինչպես դա արեց շատ հայտնի «Խնջույք դժոխքում» (1956թ.) ֆիլմում: Կոմեդիայի, սարսափի, ֆանտաստիկ և երաժշտական ժանրերի համակցումով ֆիլմը Հաջի Աղա անունով վարկատուի մասին է, որը մի գիշեր անցկացնում է դժոխքում՝ այնտեղ հանդիպելով հայտնի մարդկանց, ինչպիսին են, օրինակ, Տարզանը և Հիտլերը: Այն դարձավ առաջին իրանական ֆիլմը, որ ներկայացվեց միջազգային կինոփառատոնի: Ֆիլմում ակնհայտորեն գրավիչ են պատկերված խելագարության և ուրախության զգացումները: Այն միևնույն ժամանակ պարունակում է խորաթափանց սոցիալական շերտ՝ ակնարկ կատարելով դժոխային կրակին, որն այրում է ամերիկացիների կողմից շահագործվող նավթը:

Վստահ և ճկուն ժանրային մշակումը «Փոթորիկը մեր քաղաքում» ֆիլմի գլխավոր տարրերից մեկն է: Ֆիլմում միահյուսված են մի խելագարի, անտուն կնոջ, տպագրատան աշխատակցի և փլեյբոյի կյանքի պատմությունները: Գործողությունները տեղի են ունենում են պարսկական Նոր տարվան նախորդող օրերին: Ֆիլմում կարելի է նկատել Խաչիկյանի՝ մոդեռնիզացված Իրանի քննադատությունը: Չնայած այն բանին, որ ֆիլմի էքսպրեսիոնիստական տարբերակը մոտ է Universal Studio-ի սարսափ ժանրի ֆիլմերին, միանգամայն հասկանալի է, որ Խաչիկյանի հրեշը ներկայացնում է հասարակական անարդարությունը, ոչ թե խելագար գիտնականի:

storm-in-our-city-premiere-5«Փոթորիկը» ֆիլմի աննախադեպ հաջողության շնորհիվ իրանահայ ռեժիսորն իր սեփական կինոստուդիան հիմնեց Ջոզեֆ Վայեզյանի հետ: Խաչիկյանը, անուամենայնիվ, ժամանակավորապես հեռացավ ստուդիայից Վայեզյանի հետ ունեցած հակասությունից հետո և սեփական տաղանդը դրեց տխրահռչակ պրոդյուսեր Մեհդի Միսաքիեի տրամադրության տակ: Նա պրոդյուսերին հաջողություն բերեց «Կեսգիշերային սարսափ» ֆիլմով: Սակայն պրոդյուսերի պարբերական միջամտությունները և վերցրած անհարկի վարկերը կրկին հիասթափեցրին Խաչիկյանին, և նա վերադարձավ իր հիմնած կինոստուդիան: Այնուհետև ռեժիսորը միմյանց հետևից նկարեց երկու ֆիլմ՝ «Տագնապ» և «Հարված», որոնք դարձան կինոստուդիայի մեծագույն հիթերը:

midnight-terror-1961-002-lobby-card6«Տագնապը» (1962թ.) խաբեության, շանտաժի և սպանության մասին լարված պատմություն է, որտեղ Խաչիկյանը ներկայացնում է երկրում նոր բուրժուական դասի ձևավորումը՝ իրենց ժամանակակից տներով, աղախիններով, ամերիկյան մեքենաներով և այլն:

«Հարվածը» (1964թ.) պատմում է մի չքավոր, ամուսնացած տղամարդու մասին, որի դուստրը գրավում է և՛ իր այլասերված կոլեգայի, և՛ մի բժշկի ուշադրությունը, որը բուժում է իր մահացու հիվանդ կնոջը: Սկիզբը նման է ծեծված սյուժեով մելոդրամայի, սակայն հետո ռեժիսորը փոխում է ֆիլմի ընթացքը՝ այն վերածելով մանրակրկիտ մշակված սարսափ պատումի: Հասարակ բնակարանը դառնում է վտանգավոր մի վայր և հաճույքների թատերաբեմ, որտեղ ռեժիսորը վերացարկման աստիճանի է հասցնում ֆիլմի տարրերը: Խաչիկյանը բացատրել է այն որպես «կինոյի այբուբենը վերականգնելու փորձ»:

«Առաջին իսկ օրերից ինձ չէր անհանգստացնում ուղերձը կամ էլ բովանդակությունը: Միակ բանը որ ես ուզում էի, դա հենց կինոն էր՝ գործողություն, ճշգրիտ մոնտաժ, լուսավորություն և այլն», – ասել է ռեժիսորը:

strike-1964-001-group-by-stairs-with-lantern_7Խաչիկյանական կինոն այնքան արագ էր զարգանում, որ եկավ մի պահ, երբ ռեժիսորը պարսկերենը չափազանց ծանր լեզու համարեց, որը չէր համապատասխանում իր նպատակներին: Ուստի, զրույցի տեսարանները նկարահանվում էին վայրկյանում 22 կադր տեխնիկայով՝ նրանց անհրաժեշտ տեմպ հաղորդելու համար: Ֆինանսական միջոցների պակասը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ. Խաչիկյանի տրամադրության տակ եղած տեսախցիկը այնքան էր մաշվել, որ 25 վայրկյան նկարելուց հետո պայթում էր:

Մինչ իր կարիերայի այս պահը, Խաչիկյանի պատումի ոճն արդեն հստակ էր. այն ուներ դինամիկ, լավ մոնտաժված սկիզբ, որին հաջորդում էին Թեհրանի վավերագրական կադրերը, որոնք կտրուկ ընդհատվում էին ինչ-որ դաժան պատահարով: Կերպարների հիմքում ամերիկյան ֆիլմերն էին, սակայն նա երևան հանեց տաղանդավոր դերասանների և ապագա աստղերի, ինչպիսին են Նասեր Մալեք-Մոթիին, Իրաջ Ղադերին և Ռեզա Մեյք Իմանվերդին:

storm-in-our-city-1958-002-samuel-khachikian-behind-camera-on-8Մինչ 1956թ. պարսկական կինոն արդեն բաժանվել էր երկու մասի: «Ղարունի գանձը» ֆիլմի գրանցած ցնցող հաջողությունը ազդարարում էր վերադարձ դեպի «նախասկզբնական կինոն», որը կոտրեց իրանահայ ռեժիսորի երազանքները: Մյուս կողմից՝ «Աղյուս և հայելի» ֆիլմի մեծ ազդեցությունը նախանշում էր ժամանակակից կինոյի ծնունդը: Խաչիկյանը երկու խմբերից և ոչ մեկին չէր պատկանում և հաջորդող տասնամյակների ընթացքում նրա համար տեղ չկար այդ երկուսի արանքում:

Իրեն բնորոշ համեստությամբ նա ասում էր. «Ես ոչ առաջադիմական էի, ոչ էլ հետադիմական, այլ կամուրջ էի երկուսի միջև»:

white-inferno-1968-8Սակայն, նա առաջադիմական էր: Նա ստեղծեց ուժեղ կամքի տեր կանանց կերպարներ իրանական կինոյում: «Սաբրինա» (1954թ.) ֆիլմի իր վերափոխած տարբերակում մեկ աղջկա համար պայքարող երկու եղբայրների փոխարեն երկու քույրերն են պայքարում նույն տղամարդու համար: Կիսաֆեմինիստական մոտեցումը ակնհայտ է նաև ռեժիսորի վերջին հաջողված ֆիլմում՝ «Մնաս բարով, Թեհրան»-ում (1966թ.), երբ զինված բուժքույրը պայքարում է հանցագործների դեմ:

Սակայն, 1965թ.-ից հետո, նրա ֆիլմերը ակնհայտորեն անկում ապրեցին: 1970-ականներին մոդեռնիստ ռեժիսորների ի հայտ գալուց և իրանական ֆիլմերում բռնության և անկողնային տեսարանների աճից հետո, Խաչիկյանական կինոն շատ արագ դադարեց նորաձև լինելուց:

Հեղափոխությունից հետո

farewell-tehran-1961 81979թ.-ին տեղի ունեցած Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Խաչիկյանը, ինչպես իր գործընկերներից շատերը, մնաց ձեռնունայն: Նա հարգանքով էր վերաբերվում իսլամին նույնիսկ իր ծաղրալից գործերում, սակայն իր ֆիլմերի արևմտամետ Իրանը, դրանց դերասանների հետ միասին, կտրականապես մերժվեց: Խաչիկյանի ֆիլմերը դանդաղ և կանխամտածված կերպով դուրս մղվեցին և արգելվեցին:

Իրանա-իրաքյան պատերազմի տարիներին կինոյի պետական մարմինները այնուամենայնիվ նրան դիմեցին, որպեսզի ավարտին հասցներ օդուժի մասին պատմող «Արծիվներ» կոչվող ֆիլմը, որը նա կատարեց մեծամասամբ մոնտաժի սեղանի մոտ: Ֆիլմը կինովարձույթում նոր ռեկորդ սահմանեց, սակայն այս հաջողությունը շատ բան չփոխեց ռեժիսորի կարգավիճակի մեջ: Չկարողանալով ռեժիսորի քարտ ձեռք բերել՝ նա ստիպված էր վաճառել ունեցվածքը վարձը վճարելու համար:

«Իմ աշխատանքն իզուր էր: 40 տարի ես իզուր աշխատեցի», – շարունակ ասում էր նա՝ մինչև 2001թ. կոտրված սրտով կյանքից հեռանալը, ափսոսալով, որ չկարողացավ նկարել այն ֆիլմերը, որ ցանկանում էր, և որ չայցելեց Հայաստան: Նրա մահից հետո Հայաստանից տարած մի բուռ հող լցվեց ռեժիսորի դագաղին:

Կորած համբույր

crossroads-of-events-1955-9Բոլոնիա քաղաքում անցկացված Il Cinema Ritrovato (Վերականգնված ֆիլմեր) կինոփառատոնի ընթացքում Խաչիկյանի թրիլերներին ուղղված հետադարձ հայացքը բավական էր հասկանալու, թե ինչ ողբերգական վիճակում են գտնվում դրանք ռեժիսորի մահից հետո: Նեգատիվ ժապավեններ գրեթե չեն պահպանվել, իսկ պահպանված կադրերի մեծ մասն էլ սարսափելի վատ վիճակում են:

Իրանի Ազգային կինոարխիվը մեկտեղել է «Տագնապ» և «Հարված» ֆիլմերից մնացած լավագույն կադրերը, իսկ Բոլոնիայի L’Immagine Ritrovata լաբորատորիան սքանավորել է կրկնօրինակները: «Իրադարձությունների խաչմերուկում» և «Փոթորիկը մեր քաղաքում» ֆիլմերը նույնպես վերաթողարկվել են. ֆիլմերից և ոչ մեկը ամբողջական չէ, սակայն դրանք գեղեցիկ են իրենց անկատարության մեջ, որտեղ դեռևս կարելի է տեսնել իրանական կինոյի վարպետի համարձակ ձեռագրատարրերը:

Սամվել Խաչիկյանը իրանական կինեմատոգրաֆի մեջ բազմաթիվ նորամուծություններ կատարեց: Դրանցից մեկը համբույրն էր: «Իրադարձությունների խաչմերուկում» ֆիլմում համբույրի տեսարանը սենսացիա առաջացրեց երկրում, իսկ ֆիլմի գլխավոր դերասանուհին՝ Վիդա Ղահրեմանին ամոթանքի արժանացավ: Դերասանուհու բազմաթիվ ընկերները և ընտանիքի անդամները հեռացան նրանից: Այդ համբույրից նկար է պահպանվել, սակայն, ցավոք, ֆիլմի պահպանված ամենաամբողջական տարբերակում բացակայում է այդ տեսարանը:
crossroads-of-events-1955-10Իսկ արդյո՞ք այն մեկընդմիշտ կորած է: Այն ամփոփում է Սամվել Խաչիկյանի ֆիլմերի ամբողջ էությունը՝ պատմության խորքերում կորսված գեղեցկության առաջադիմական, ազատախոհական մի պահը:

 

bfi.org.uk

Դիտվել է 69 անգամ