Ինգմար Բերգման կամ հայելի, որ դրված է հոգու առջև

ingmar-bergman«Իմ ամբողջ ստեղծագործությունը հավերժական հարց է…» 

 (Լարս Յուլենսթեն, շվեդ գրող)                                                  

Ինգմար Բերգմանի ֆիլմերից մեկը կոչվում է «Դեմք»: Սա պատմություն է մի շրջիկ թատերախմբի մասին, որը մոգական ներկայացումներ է տալիս: Բոլորը, ովքեր առնչվում են այդ թատերախմբի և մանավանդ նրա տարօրինակ ղեկավարի հետ, հայտնվում են հոգեցունց ու խորհրդավոր իրավիճակներում, որոնք նրանց թաքնված «ես»-ի դրսևորումներն են կամ էլ կյանքի «հակառակ երեսի» անսպասելի բացահայտումները: Նույնպիսի մոգական ազդեցություն է գործում Բերգմանի կինեմատոգրաֆը:

 

Նա մեկն է այն եզակի ռեժիսորներից, որոնց շնորհիվ կինոն դարձավ փիլիսոփա ու գաղտնատես՝ բացելով մարդկային հոգու ամենափակ դռները: Իր նշանավոր «Յոթներորդ դրոշմը» ֆիլմի հերոսի՝ խաչակիր ասպետի նման, նա տանջալից համառությամբ փնտրում է կյանքի վերին իմաստը, բայց շարունակ բախվում նույն այդ կյանքի ողբերգական հակասություններին, ունայնությանը, չարիքներին ու մեղքերին:

Ինգմար Բերգմանը ծնվել է 1918 թվականին, քահանայի ընտանիքում: Այս հանգամանքը, հավանաբար, ի սկզբանե կանխորոշել է նրա հակվածությունը հոգևոր հիմնահարցերի հանդեպ, ներքուստ ձևավորել նրա կինեմատոգրաֆի «խոստովանական» բնույթը: Իր ստեղծագործական ճանապարհը նա սկսել է թատրոնում: Իհարկե, միջազգային մեծ ճանաչման համար Բերգմանն առավելապես պարտական է կինոյին, բայց նրա թատերական վաստակը ևս բավականաչափ ծանրակշիռ է: Նույնիսկ հանրահռչակ կինոռեժիսոր դառնալուց հետո նա չի թողել թատրոնը և Շվեդիայում ու նրա սահմաններից դուրս հայտնի է որպես Շեքսպիրի, Սթրինդբերգի, Չեխովի, Իբսենի ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբան, ինչպես նաև դերասանների մի ամբողջ սերնդի վրա խոր ազդեցություն թողած վարպետ:

Առաջին ֆիլմը նա նկարահանել է 1946-ին, պատերազմի համաեվրոպական կաթվածից անմիջապես հետո, և վերնագրել «Ճգնաժամ»: Կարելի է ասել, որ այս վերնագիրը բովանդակություն է դարձել նրա հետագա գրեթե բոլոր կինոնկարների համար: Բերգմանը գիտակցության, հոգու, անհատի և հասարակության ճգնաժամերի հետազոտողն է: Ոմանք նրան անվանում են «համաշխարհային պեսիմիստ», բայց մի՞թե մեր դրամատիկ դարը, որի վարագույրը դանդաղորեն իջնում է հենց այս օրերին, այդքան շատ առիթներ է տվել լավատեսությամբ համակվելու համար:

Բերգմանը բացառիկ բեղմնավոր ռեժիսոր է: Ավելի ճիշտ՝ հեղինակ: Նրա ֆիլմերը ծնվում են որպես ինքնուրույն մտահղացումներ՝ սցենարական հիմքից սկսած, էլ չասած, որ նախքան ռեժիսորական գործունեության անցնելը, նա սցենարներ է գրել ուրիշների համար: Այդ սցենարներով նկարահանված կինոնկարներից մի քանիսը՝ Շյոբերգի «Հալածանքը», Մուլանդերի «Անդեմ կինը», նկատելի տեղ ունեն շվեդական կինոարվեստի պատմության մեջ: Բայց հենց Ինգմար Բերգմանն էր, որ հիսունականներից ի վեր դարձավ մեր ժամանակների գեղարվեստական միտքը ձևավորող ամենախոշոր արվեստագետներից մեկը ոչ միայն իր հայրենիքում, այլև ամբողջ համաշխարհային կինեմատոգրաֆում:
Ստեղծագործական առաջին շրջանում (մինչև 50-ականների սկիզբը) Բերգմանի հետաքրքրության առարկան անհատի կոնֆլիկտն էր հասարակության հետ: Հետագայում նա կոնֆլիկտի կենտրոնը տեղափոխեց անհատի մեջ: Այստեղ նա գտավ հավերժական դրամաների մի անսահման «թատերաբեմ», որտեղ, շվեդ գրողի խոսքերով ասած, ներկա են «կյանքի բոլոր ճակատամարտերը»: Բերգմանը զարմանալիորեն տարբեր է, բայց և ամբողջական: Իր ֆիլմերում նա կարող է լինել մեղմ-քնարական («Մի ամառ Մոնիկայի հետ», 1953) կամ անթաքույց իրոնիկ («Ամառային գիշերվա ժպիտը», 1955), կարող է դառնալ վիպերգու և անողոք հայացքով արձանագրել մարդկային ցեղին բնորոշ դաժանությունը («Ակունք», 1960), կարող է նաև սուզվել պատմական անցյալի ու միստիկ հայեցումների մեջ («Յոթներորդ դրոշմը», 1956), «նյութականացնել» հիշողությունը՝ երազն ու իրականությունը միախառնելով («Մորու բացատը», 1957), բայց իր բոլոր դրսևորումներում՝ գրոտեսկից մինչև ողբերգականություն, նա ներկա է իբրև այնպիսի ինտելեկտուալ, որը մտածում է բարոյական կատեգորիաներով:

Հավանաբար, հենց սա է Բերգմանի գեղարվեստական աշխարհայացքի հիմնական հատկանիշը: Մեր հարյուրամյակի, մանավանդ՝ նրա երկրորդ կեսի հոգեբանության ու մտածելակերպի տխուր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մարդիկ ու հանրությունը սկսել են ավելի ու ավելի շատ առաջնորդվել օգուտի ու նպատակահարմարության գիտակցությամբ: Մինչդեռ Բերգմանի կինոարվեստը ներթափանցված է արժեքների գիտակցությամբ: Այստեղ է նրա վեճն ու կոնֆլիկտը իր ժամանակի հետ: Ախտորոշող բժշկի հետևողականությամբ, արտաքուստ երբեմն սառնասրտորեն, բայց ներքին դրամատիզմով լեցուն, նա տեսնում ու պատկերում է մարդու խզումը արժեքներից, միջնադարյան ճգնավորի ստոիցիզմով պաշտպանում է դրանց հավիտենական նշանակությունը, կյանքի առօրյա ընթացքից մղվում ավետարանական մոտիվների, մեկ անձի կամ մի ընտանիքի ճակատագրի մեջ տեղավորում քավարանը, դժոխն ու դրախտը, քայլում հուսահատության ու հույսի միջև ձգված մազե կամուրջով («Լռություն», 1963, «Պերսոնա», 1966, «Ֆաննի և Ալեքսանդր», 1982 և այլն):

Բերգմանի մտածողությունը արմատներ ունի շվեդական, իսկ ավելի լայն վերցրած՝ սկանդինավյան պատմա-մշակութային գիտակցության մեջ: Նրա ստեղծագործությունները վերլուծող տեսաբանները նկատել են այն ժառանգականությունը, որն աղերսվում է 19-րդ դարավերջի շվեդ ականավոր թատերագիր ու վիպասան Ավգուստ Սթրինդբերգի գեղարվեստական ու հոգեբանական պրպտումներին: Նույնքան նկատելի է Բերգմանի կապը իր ժողովրդի հինավուրց ասքերի, միֆականացված պատումների, ինչպես նաև աշխարհընկալման այն յուրահատուկ ելակետերի հետ, որոնք բնորոշ են Կիերքեգորի դասական էկզիստենցիալիզմին: Սակայն ամբողջ հմայքն այն է, որ կյանքի կենդանի ռեալությունները, «նատուրալ իրականությունը» նույնպես ապրում են նրա ֆիլմերում:

Բերգմանը գիտի մարդկանց կենցաղի մեջ մարդկային կեցության «նզովյալ հարցերը» իմաստավորելու եղանակը: Նա կարողանում է կենսագրությունների ներսում ճակատագրեր քննել: Մեծ արվեստի առեղծվածը անհնար է լիովին վերծանել: Ինգմար Բերգմանը ստեղծել է մի կինոաշխարհ, որը մեր գիտեցած սովորական աշխարհի նորովի հայտնաբերումն է: Ոճի մաքրությամբ ու հարստությամբ մեզ հմայելուց բացի, նա կինոն դարձրել է հիրավի հոգևոր արվեստ:

Այսպիսի ռեժիսորներին շտապում են էլիտար անվանել՝ մի տեսակ սահմանազատելով նրանց սովորական հանդիսատեսներից և ակամայից ներշնչելով այս վերջիններին, թե բարդ ու ճշմարիտ արվեստը գուցե և նրանց «խելքի բանը» չէ: Սակայն Բերգմանն իր խոսքը, տառապանքը, կասկածներն ու իդեալները հասցեագրում է հենց սովորական մահկանացուներիս: Այլ բան է, որ մենք հաճախ ծուլանում կամ նույնիսկ զգուշանում ենք էկրանին նայելու հետ միաժամանակ՝ զննել սեփական հոգին: Մինչդեռ միայն այս դեպքում է, որ աստիճանաբար հաստատվում են կապերը մեր անհատական աշխարհի և այսպես կոչված «էլիտար արվեստի», առավել ևս Բերգմանի կինեմատոգրաֆի միջև, որը մեր կրքերի, պատրանքների, հիասթափությունների ու երազանքների անկեղծ պատմությունն է:

Ժամանակը ծանր մրցակից է հատկապես կինոյի համար: Սակայն դարը եզրափակելով, մենք նորից կարիք ենք զգում մտորելու մարդու ճանապարհի մասին: Այս իմաստով Ինգմար Բերգմանի արդեն «հին» ֆիլմերը դառնում են շատ ավելի արդիական, քան գերժամանակակից հանդիսանքային ու տեխնոլոգիական կինեմատոգրաֆի ամենանոր նմուշները, որովհետև, ցավ պատճառելով, ստիպում են սթափվել ու միտք անել մարդկային դեմքը չկորցնելու դժվար պարտականության մասին:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Ազգ»

Դիտվել է 101 անգամ