Ազատ ու անկախ կինո՝ Վանաձորից

Kino 1 (1)«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հատկապես կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում հայկական անուն-ազգանունները գերիշխող էին։ Նրանց մեջ շատ էին նոր անունները։ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսորական ֆակուլտետը մեկ ամիս առաջ ավարտած վանաձորցի երիտասարդ ռեժիսոր Գրիգոր Պողոսյանը «Ոսկե ծիրանին» ներկայացրել էր իր դիպլոմային աշխատանքը՝ «Ուր ենք գնում» գեղարվեստական վավերագրական ֆիլմը։ Պրեմիերայի առիթով kinoashkharh.am-ը զրուցեց Գրիգոր Պողոսյանի հետ։

-Ինչո՞ւ ֆիլմի թեմա ընտրեցիք հենց Վանաձորը, որովհետև այն Ձեր ծննդավա՞յրն է, հարազատ միջավայր ու մթնոլո՞րտ։

-Ես ծնվել ու ապրում եմ Վանաձորում, որտեղ կինո նկարելու համար բազմաթիվ թեմաներ ու հետաքրքիր վայրեր կան։ Քշիշտով Կեսլյովսկու «Կինոսիրողը» ֆիլմում, երբ հերոսը, տարբեր ռեժիսորներից ազդված, ֆիլմեր է նկարում, պրոդյուսերը նրան ասում է. «Այս ամենը եղել է ֆիլմերում, բայց դո՛ւ չես եղել։ Մեզ դո՛ւ ես պետք ֆիլմում»։

Եթե նկարեմ մի բանի մասին, որը չեմ ապրել, որի միջով չեմ անցել, ֆիլմն անկեղծ չի ստացվի։ Դրա համար էլ իմ ֆիլմն ինքնակենսագրական բնույթ է կրում, այսինքն՝ իմ կյանքում եղել է մի բան, որը դրդել է ինձ ֆիլմ նկարել։

-Ովքե՞ր են ֆիլմի հերոսները։

-Իմ հերոսներն ինձ նման մարդիկ են՝ իմ ընկերները, մեր թատերականի ուսանողները, այն միջավայրը, որտեղ ապրում եմ ես, այն մարդիկ, որոնցով շրջապատված եմ։ Նրանք ունեն գրեթե նույն մտքերն ու ապրումները, ինչ ես։ Նրանք երիտասարդ ստեղծագործողներ են՝ արվեստագետ դառնալու ճանապարհին։ Այդ ճանապարհը կստացվի, թե ոչ՝ մի շարք հանգամանքներից է կախված, որոնք խոչընդոտում են, չեն թողնում, որ նրանք զբաղվեն իրենց ուզած գործով։ Ֆիլմը վանաձորյան դեպրեսիայի մասին է, բայց անգամ դրա մեջ ինչ-որ ուրախ, դրական մի բան կա։ Ֆիլմի ավարտն, իհարկե, ակնհայտորեն բեմադրված է։ Գեղարվեստական ու վավերագրական ժանրերը համադրել եմ։

-Ինչի՞ց է, որ երիտասարդ ռեժիսորները դեբյուտային մի քանի հաջողված ֆիլմեր են նկարում ու հանկարծ ասպարեզից անհետանում են։ Մտածե՞լ եք պատճառների մասին։

-«Ուր ենք գնումը» գրպանի գումարով, իմ ու ընկերներիս էնտուզիազմի շնորհիվ նկարահանված ֆիլմ է։ Երիտասարդ ռեժիսորներից շատերն ինձ պես սեփական գումարով են կինո նկարում, բայց դա միշտ չի հաջողվում, որովհետև ապրել է պետք. սոցիալական խնդիրները հաճախ հաղթում են, ու ռեժիսորները մեկ-երկու ֆիլմից հետո սկսում են տեսահոլովակ, սերիալ նկարել։ Իսկ հեղինակային կինոյով վաստակելը գրեթե անհնար է։

Պետք է անկախ լինել, անկախ ու ազատ կինո նկարել. անգամ նկարելու գումարն ուրիշներից կամ պետությունից չվերցնել։ Իհարկե, այդպես շատ լավ կլիներ, բայց այդպես շատ քիչ է լինում։

-Ազատ,անկախ կինոյի նախադրյալներ ունե՞նք։

-Այս բարձիթողի վիճակը մի կողմից լավ է և կարող է ազատ կինոյի համար նախադրյալ լինել։ Բայց ինչո՞ւ այս նպաստավոր պայմաններում underground կինոն չի զարգանում. սա է խնդիրը։ Մի դիտարկում անեմ. «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ լուսանկարիչնրը կարմիր գորգով անցնող ռեժիսորների նկատմամբ գրեթե անտարբեր էին, անգամ Հյու Հադսոնին այնքան չլուսանկարեցին, որքան իշխանությունների ներկայացուցիչներին։ Նրանց գալու ժամանակ կարմիր գորգի վրա ահագին կուտակումներ եղան։

-«Ուր ենք գնումը» գեղարվեստական վավերագրություն է. Դուք վավերագրական կինոյում որոշ հատվածներ բեմադրել եք՝ առանց թաքցնելու, որ դրանք խաղարկային դրվագներ են։ Այս ժանրն ինչո՞վ հետաքրքրեց ձեզ և էլի կնկարե՞ք ֆիլմ այդ ոճում։

-1960-ականներին այս ժանրն ի հայտ եկավ, ժամանակ առ ժամանակ զարգանալու փորձեր եղան, բայց մարեցին։ Ես էլի սցենարներ ունեմ, որոնք կուզեի նկարել հենց այս ժանրում ու հենց Վանաձորում, որն ինձ համար ամենասինեմատիկ վայրն է իր չաշխատող, կիսաքանդ շինություններով, պոստինդուստրիալ կյանքով։ Ցանկացած տեսակի նկարահանումների համար Վանաձորը շատ հարմար վայր է՝ լիճ, սար, լեռ, հարթավայրեր, տարբեր միջավայրեր. ինչ ուզես, կա։ Վանաձորը ես նմանեցնում եմ «Ստալկերի» զոնայի հետ։ Որպես քաղաք՝ այն ունի իր ներքին օրենքները. չդիպչես դրանց, այդ օրենքներն էլ քեզ չեն դիպչի։ Իմ սցենարները թանկ նկարահանումներ չեն պահանջում։ Օրինակ՝ ֆիլմերիս մեկի համար 3.500 դոլար է պետք. նորից գեղարվեստավավերագրական ժանրի է։ Մի անգամ փորձեցի նկարահանումներն սկսել. օր նշանակեցի, 10.000 դրամ ծախսեցի։ Հաջորդ օրը փող չունեինք, որ նկարահանման վայրեից Վանաձորի կենտրոն գնայինք։ 20 հոգով ոտքով ստիպված 6 կմ քայլեցինք, մինչև տեղ հասանք։ Ու, բնականաբար, հաջորդ օրվանից էլ չնկարեցի։ Բայց ես չեմ դժգոհում, վատ բաների վրա չեմ ծանրանում, որովհետև լավն ավելի շատ է։ Ուրախ եմ, որ ֆիլմս ազդակներ հաղորդեց ընկերներիս, ոգևորեց. նրանցից մեկը ֆիլմի սցենար է գրել, մյուսը սկսել է իր ֆիլմը նկարել։ Ես ուզում եմ ապրել պրոդուկտիվ մարդկանց շրջապատում, որովհետև ոչ պրոդուկտիվների միջավայրում դու էլ ես այդպիսին դառնում։

-Ձգտումներն ու ինչ-որ բան փոխելու, ստեղծելու, աշխատելու ներքին պահանջն է, որ ստիպում է առաջ շարժվել։ «Ուր ենք գնումը» երիտասարդական ներուժի դրսևորման պահանջն է։

-Ֆիլմն սկսել եմ նկարել շուրջ մեկ տարի առաջ։ Տեսախցիկս փչացավ, հետո միառժամանակ երկրում չէի, այլ խնդիրներ էլ առաջացան։ Ութ ամիս գրեթե ոչինչ չարեցի։ Երբ վերադարձա Հայաստան, պարզվեց՝ տասն օրից իմ նախադիպլոմային աշխատանքը պիտի ներկայացնեմ։ Միանգամից աշխատանքի անցա։ Իմ կուրսղեկ Աշոտ Գևորգյանը չէր հավատում, որ այն, ինչ պատկերացնում եմ, կինո կդառնա։ Նրա առաջարկած ռեժիսորական տարբեր լուծումները ես մերժում էի, նա էլ իմ պատկերացումներն էր մերժում։ Ի վերջո, մոնտաժից հետո ստացվեց այս 21 րոպեն, որը հավանության արժանացավ։ Հայտ ներկայացրի «Ոսկե ծիրանին». ընդունվեց ու ընտրվեց։

-Այլ փառատոներին պատրաստվո՞ւմ եք ներկայացնել ֆիլմը։

-«Ֆրեսկո» փառատոնից մրցութային ծրագրում մասնակցելու առաջարկ եմ ստացել։ Դրսի փառատոներին դիմել եմ, պատասխանի համար դեռ ժամանակ կա։ «Ոսկե ծիրանին» մասնակցելը, կարծում եմ, ավելի շատ կօգնի, որ ֆիլմս այլ հարթակներում ևս ներկայացնեմ։

Հ․Գ․«Ո՞ւր ենք գնում» ֆիլմի վերնագիրը հռետորական հարց չէ։ Վանաձորյան պատկերները տեսնելիս, ֆիլմի կերպարներին լսելիս ու գլխավոր հերոսների մտորումները վերլուծելիս այդ հարցն ինքնին է առաջ գալիս։ Ի վերջո, ի՞նչ է վանաձորցի երիտասարդների ուզածը. ընդամենը հնարավորություն ունենալ իրականացնել համեստ երազանքները, ինքնադրսևորվել, ինքնարտահայտվել և առջևում լույսի ու հույսի շող տեսնել։

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 141 անգամ