Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

կեվօռկօվ72 տարեկանում, Երևանում,  կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը: Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը:

1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը, իսկ 1989թ-ից եղել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Իսկ 1998թ. դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր):

Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ, այդ թվում՝` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն:

Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների: Հեղինակել է  «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերը:

1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2005թ-ից եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

 

Դիտվել է 75 անգամ