Կատակերգություն, բայց․․․լուրջ

david-muradyan-472x265Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի «Կատակերգություն, բայց․․․լուրջ» հոդվածը՝ նվիրված կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին,  արտատպվում է «Էկրան» ամսագրից  (Երևան, 1981, թիվ 6 )։  

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի անունը կապվում է կատակերգական ֆիլմերի հետ: Եվ բնական է, որ նրա նոր՝ «Թռիչքն սկսվում է գետնից» հեռուստատեսային գեղարվեստական կինոնկարը նույնպես կատակերգություն է, բայց…

Գրեցի այս «բայց»-ը և մտածեցի, որ հաճախ կատակերգության մասին խոսելիս մենք շտապում ենք անմիջապես ավելացնել, թե չնայած ծիծաղելի լինելուն, այս կամ այն ֆիլմը շոշափում է կենսական կարևոր խնդիրներ, գրավում հանդիսատեսին ասելիքի լրջությամբ:

Եվ այսպես՝ աշխատանքի նկատմամբ երկու ներհակ վերաբերմունքների, լավ ու վատ ղեկավարների պայքա՞ր, թե՞ դրական ու բացասական հերոսների սովորական հակադրություն, որն իրականում պարզեցնում է սոցիալական ու գեղարվեստական ճշմարտությունը… Դարձյալ՝ ոչ: Դրամատուրգն ու ռեժիսորը մշակել են ավելի նուրբ կոնֆլիկտ: Հեղինակային անհաշտ վերաբերմունք ունենալով ծուլության ու աչքակապության, անտարբերության ու հարմարվողականության նկատմամբ՝ նրանք միաժամանակ փորձում են լինել ավելի լայնախոհ, քան երկու հերոսները: Այո, հեղինակները (և նրանց հետ էլ՝ մենք) համակրում ու պաշտպանում են Ջիդարյանին, բայց նաև նկատում, որ նրա մաքսիմալիզմը երբեմն վերացական է, որ պարկեշտ այդ մարդը մասամբ պարզեցնում է մարդկային փոխհարաբերությունների բարդ մեխանիզմը: Այո, հեղինակները (և նրանց հետ էլ՝ մենք) դատապարտում են Մալխասիչի անսկզբունքայնությունը, ենթակաների զանցանքներին և օդանավակայանի աշխատանքներում բուն դրած աչք ծակող թերություններին մատների արանքով նայելու նրա սովորությունը, բայց նաև նկատում նրա բարությունը, մարդկանց նեղ օրին հասնելու և կարեկցելու ունակությունը, ընկերասիրությունը:

Եվ Ջիդարյանը, և Մալխասիչը խուսափում են բացահայտ բախումներից, քանի որ թանկ են գնահատում երկարամյա, մարտական փորձությունների բովում թրծված իրենց մտերմությունը, բայց նրանց լուռ բանավեճն իր տրամաբանությունն ու զարգացումն ունի: Պարզ է, որ վաղ թե ուշ այդ տրամաբանությունն է վերջնական լուծում տալու Ջիդարյանի ու Մալխասիչի միջև օր-օրի հասունացող կոնֆլիկտին: Եվ առիթը չի ուշանում: Ինքնաթիռը, որն սպասարկող անձնակազմի անփութության պատճառով օդ էր բարձրացել անսարք վիճակում, հազիվ է խուսափում աղետից և հետևելով Ջիդարյանի՝ գետնից տրված հրահանգներին, մի կերպ վայրէջք կատարում: Ինքնաթիռի հետ կատարվածը սթափեցնում է Մալխասիչին: Նա ինքն է ահազանգում Երևան և ուժ գտնում իր ուսերին առնելու պատասխանատվության բեռը: Բայց վաղ առավոտյան, երբ Մալխասիչը պատրաստվում է մայրաքաղաք մեկնել, Ջիդարյանը լռելյայն գալիս ու տեղավորվում է նրա կողքին, գալիս է՝ հավասարապես կիսելու պատասխանատվությունն ու ծանր փորձությունը:

Ն. Հովհաննիսյանն իր հերոսների ու նրանց արարքների մասին պատմում է բարի հումորով՝ ֆիլմի բոլոր դրվագներում պահպանելով այն մտերմիկ-լուսավոր ժպիտը, որը, սակայն, հարկ եղած դեպքում կարող է դառնալ մերթ կծու-հեգնական, մերթ ջերմ ու պայծառ, տխուր կամ կենսահաստատ: Ֆիլմն առհասարակ հյուսված է նրբերանգների, դիպուկ շտրիխների, կիսատոների համադրությունից: Ռեժիսորը շրջանցել է կատակերգական ընդգծված շեշտերն ու վիճակները: Ոչ հերոսները և ոչ էլ կինոնկարի մյուս գործող անձինք «կոմեդիա չեն խաղում»: Նրանք ստեղծում են կոլորիտային բնավորությունների հավաստի պատկերաշար, իսկ կատակերգականը բացահայտվում է ոչ այնքան տիպերի, որքան նրանց վարքագծի ու սոցիալ-հոգեբանական բնութագրումների ռեժիսորական մեկնաբանության մեջ:

Քանի որ խոսք բացվեց կերպարների շուրջ, չի կարելի չնշել Խորեն Աբրահամյանի ինքնատիպ հերոսին: Վերջին տարիներս Աբրահամյանն ուրախացնում է դերասանական իր ներկապնակի գույների թարմությամբ, փնտրում ոճական նոր որակներ: Այս նոր դերը ևս Աբրահամյանի անժխտելի հաջողությունն է և, ամբողջության մեջ, «Թռիչքն սկսվում է գետնից» կինոնկարի հաջողության գրավականներից մեկը:

Բոլորովին այլ խառնվածք է ստեղծել Արմեն Ջիգարխանյանը: Արտահայտչամիջոցների ժլատությամբ ու կերպարի զուսպ մեկնաբանությամբ նա փորձել է հակադրվել վառ ու կոլորիտային Մալխասիչին, շեշտել հերոսի գործնականությունը, բնավորության ասկետիզմն ու լրջությունը: Գուցե դերասանն ու ռեժիսորն ավելի կշահեին, եթե Ջիգարխանյանն ազատորեն օգտվեր արտիստական հարուստ ու ճկուն իր հնարավորություններից: Գուցե: Իհարկե, կերպարի եղած մեկնաբանությունը հեռու չէ ֆիլմի գաղափարա-գեղարվեստական խնդիրներից, դեռ ավելին՝ իր տրամաբանությունն ու արդարացումն ունի, բայց, այնուամենայնիվ, Ջիգարխանյանի հերոսը միշտ չէ, որ անհրաժեշտ հուզական ներգործություն է ունենում հանդիսատեսի վրա:

Կարող է փոքր-ինչ անսովոր հնչել, բայց բազմամարդ այս կինոնկարում երկրորդական կերպարներ գրեթե չկան: Խոսքն այս կամ այն դերի զբաղեցրած էկրանային ժամանակի ու տարածության մասին չէ, ոչ էլ այն մասին, որ դերակատարների մեծ մասը և, հատկապես, Լ. Հովհաննիսյանը, Վ. Միրիջանյանը, Ա. Թոփչյանը, Ա. Խոստիկյանը և Գ. Ասլանյանը հետաքրքիր անհատականություններ են ստեղծել: Կինոնկարի գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ «երկրորդական» կերպարներից յուրաքանչյուրն առանձին-առանձին օգնում է գլխավոր հերոսների և նրանց միջև ծագած կոնֆլիկտի բացահայտմանը, իսկ հավաքականության մեջ ստեղծում այն կենսական միջավայրը, որտեղ գծագրվում, սոցիալական ու մարդկային ավարտվածություն են ստանում հերոսները, շունչ ու կենդանություն է առնում թեման, որոշակիանում ասելիքը:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Էկրան» (Երևան), 1981, N 6

 

Դիտվել է 156 անգամ