Ֆիլմի նախագիծ՝ «Վիրավոր քաղաքի» ու նրա բնակիչների մասին

սւք1

Լուսանկարը՝ Արտավազդ Եղիազարյանի

Կինոյի, կինոարտադրության նոր սերնդի մոտեցումն ու պատկերացումները լսելիս շտապում ես օր առաջ տեսնել, թե ինչպես են իրագործվելու դրանք։ Ժամանակի հետ փոփոխվող պահանջներն ավելի արդյունավետ ու խելահեղ ռիթմով առաջ շարժվող կինոարտադրություն է ենթադրում, որին մենք էլ ենք  փորձում հասնել։

Երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանը պատրաստվում է նկարահանել իր նոր՝ «Վիրավոր քաղաքը» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Տևական ժամանակ նախապատրաստվում է, որովհետև մեծ պատասխանատվություն ունի իր մասնագիտության ու ֆիլմի նկատմամբ. ամեն ինչ պետք է ծրագրել, մշակել գրագետ, անսխալ՝ հստակ պատկերացնելով, թե ինչպիսին է լինելու արդյունքը։

Արթուրի կինոնախագիծը մայիսին  Կաննի կինոշուկայում ներկայացված երեք ծրագրերից մեկն էր։ Բայց մինչ այդ էլ ռեժիսորը նախապատրաստական տարբեր աշխատանքներ է տարել, նախագիծը ներկայացրել այլ հարթակներում ևս։ kinoashkharh.am-ի զրույցում Արթուր Սուքիասյանը պատմեց այն ճանապարհի մասին, որն անցնելն ու հաղթահարելը կնշանակի ներքին վստահություն ունենալ, որ ֆիլմը մի օր մեծ էկրան կբարձրանա։

-Արթուր, երբ հաստատվեց, որ «Վիրավոր քաղաքը» կինոնախագիծդ Կաննի կինոշուկայում ներկայացվելու է, համացանցում նախագծիդ մասին տեղեկություններ փնտրեցի, բայց ոչինչ չգտա։ Լրագրողներից գաղտնի էի՞ր պահում նախագիծդ։

-Գաղտնի չէի պահում, պարզապես չէի ուզում՝ դեռ ֆիլմը Կաննի կինոշուկային չմասնակցած, չնկարահանված՝ արդեն հարցազրույցներ շրջանառվեին. իսկ միգուցե համարտադրողներից մեկը հրաժարվում է ու իմ սպասածը չի իրականանում։ Դեռ գործը գլուխ չբերած՝ թմբկահարելը ճիշտ չեմ համարում։ Իմ նախագիծը դեռ հասունացման փուլում է։

-Այսինքն՝ Կաննի կինոշուկայում ներկայացվելուց հետո էլ նախապատրաստական աշխատանքներն ավարտված չեն։

-Ոչ, դեռ շարունակվում են։ Կաննը փուլերից մեկն էր, մինչ այդ՝ 2015 թվականին Ստամբուլում կինոնախագիծը սցենարի  զարգացման հնարավորություն է ստացել  Eurasiadoc-իհարթակում, որը ֆրանսիացի մասնագետներն էին կազմակերպել։Փետրվարին  ԱՄՆ դեսպանատունն  «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» էր կազմակերպել։  Ծրագրի շրջանակումՀԲԸՄ-ում  մոնտաժիվարպետության դաս  անցկացրեց ամերիկացի հանրահայտ մոնտաժող Դագ Բլաշը։Ես նույնպես մասնակցում էի իմ նախագծով։ Դագը բավական արժեքավոր խորհուրդներ տվեց՝ ֆիլմի պատմությունը կառուցելու հետ կապված։ Շնորհիվ այս ծրագրի՝ հունիսի 12-24-ը  Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոդպրոցում (University of Southern California  School of Cinematic Arts)  11 երկրներից ընտրված և հրավիրված այլ ռեժիսորների հետ զարգացնելու ենք մեր նոր նախագծերը, մասնակցելու ենք Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնին, և այս փառատոնի շրջանակում մեր նախագծերը ներկայացնելու ենք կարևորագույն ֆոնդերի ղեկավարների և պրոդյուսերների։

Սա  այնտեղի կինոդպրոցի և հրավիրված բարձրակարգ մասնագետների հետ մեր նախագծերի վրա աշխատելու հրաշալի հնարավորություն է։  Չափազանց հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումներ են սպասվում այնտեղ։

-Իսկ ի՞նչ տվեց Կաննը։ Ընդհանրապես Կաննի կինոշուկա հասկացությունը մեծ ոգևորություն է առաջացնում։ Շատերն են երազում այնտեղ հայտնվել։ Դու հայտնվեցիր։  Ընդհանրապես այդ կինոշուկան խաղարկային ֆիլմերին է նախապատվություն տալիս։ Վավերագրական ֆիլմիդ համար հետաքրքրվող կողմեր գտա՞ր այնտեղ։

-Կաննը մեծ հնարավորություն ու շանսեր կարող է տալ նրան, ով գիտե, թե ո՞ւր է գնում և ինչի՞ համար։ Պետք է այդ շուկան նախապես ուսումնասիրելուց հետո միայն գնալ այնտեղ, որպեսզի հնարավորություններիդ չափը պարտկերացնես, ու ակնկալիքներդ արդարացվեն։ Ոչ միայն խաղարկային, այլև վավերգրական կինոյի հատուկ անկյուն կա Կաննի կինոշուկայում ։ Օրինակ՝  Կաննի Producers Network հարթակում մեկ շաբաթ առավոտյան 9-11-ը  հնարավարություն ունեցա հանդիպել հեղինակավոր փառատոների ներկայացուցիչների, կինոֆոնդերի տնօրենների, վավերագրական ֆիլմերի մասնագետների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների և ինձ նման ռեժիսորների հետ։  Եթե չեմ սխալվում 16 սեղաններ էին դրված, և ամեն օր կարող էիր ընտրել ու նստել այն սեղանի մոտ, որի մոդերատորն ու հատուկ հրավիրված հյուրը քեզ ավելի շատ են հետաքրքրում։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ արձագանք կգտնի նախագիծդ վավերագրական կինոյի օտարազգի հեղինակավոր մասնագետների շրջանում, ինչ շանսեր կունենաս։ Նրանց վերաբերմունքը շատ բան է որոշում հետագայի համար։

սւք

Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

-Նրանց լավ կամ վատ արձագանքից կարելի է որոշել ֆիլմիդ ապագա՞ն, եթե մտադիր ես միջազգային փառատոներ տանող ճանապարհով գնալ։

-Ոչ միայն վավերագրաական ֆիլմերի, այլև ընդհանրապես կինոարտադրության մոդելն է փոխվել։ Պետք է կարողանաս նախօրոք կապեր հաստատել փառատոների ղեկավարների կամ փառատոների ծրագրերը կազմողների հետ։ Մի շարք փառատոներ ունեն այնպիսի բաժիններ, որտեղ կարող ես ներկայացնել կինոնախագիծդ, ստանալ տարբեր տեսակի աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, և երբ ֆիլմդ պատրաստ լինի, կստանաս տվյալ փառատոնում այն ներկայացնելու  համաշխարհային պրեմիերայի բացառիկ հնարավորություն։ Այնպես որ, փոխվել է տրամաբանությունն ու ձևաչափը։ Այսօր կարող ես ոչ միայն պատրաստի ֆիլմ ներկայացնել փառատոնին, այլև այնպես անել, որ փառատոնը մասնակից դառնա  ֆիլմիդ պատրաստման բոլոր քայլերին, ու փառատոնը  հենց սկզբից ֆիլմդ իրենը դարձնի։

-Կաննի կինոշուկան  գրավիչ ու արդյունավետ լինելու լուրջ նախադրյալներ ունի։ Վավերագրողներն առանձին «կաստա» կազմո՞ւմ էին։

- Կաննի Marche du Film -ում (որը՝ նույն Կաննի կինոշոկան է), կա վավերագրական կինոյի համար հատուկ անկյուն, որ կոչվում է Doc Corner, որտեղ այս տարի ներկայացվեց 300-400 ֆիլմ։ Այս հարթակը հնարավորություն է տալիս նաև ներկայացնել դեռևս չնկարահանված նախագծեր։ Հրավիրվում են  հեղինակավոր փառատոների ներկայացուցիչներ, ֆիլմերի վաճառքի մասնագետներ, ու եթե աշխատանքդ հետաքրքրի նրանց, հնարավոր է, որ փառատոնային փայլուն ապագա ունենա։

Կաննում մի առանձին  օր հատկացվում է  վավերագրական կինոյին։ Հրավիրվում են հայտնի վավերագրողներ, պրոդյուսերներ, դիրստրիբյուտորներ, որոնք ներկայանում են հագուստին փակցված հատուկ տարբերանշանով։ Հանդիպումների ժամանակ նախագիծդ, գաղափարներդ ներկայացնելու, վավերագրողների հետ զրուցելու, շփվելու, խորհրդակցելու  հրաշալի հնարավորություն է ստեղծվում։

-Հաջողության հասնելու համար պետք է բավականին ճկուն, տեղեկացված լինել, նոր կապեր ստեղծել և օտար լեզուների տիրապետել։ Սա նոր սրենդի գործելաոճ է, որին քչերն են տիրապետում։

-Փակված լինելը մեզ շատ է խանգարում։ Միջազգային հարթակներում ամեն ոք  հաճախ ուղղորդվում է միայն իր գործն առաջ տանելու ձգտումով։ Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուն իր երկիրն է ներկայացնում։

Պետք է աշխատես, որ օտարազգիները ճանաչեն երկիրդ, կարևորեն այն ու ապագայում քո պետությունը ևս ներառվի միջազգային ծրագրերում, ինտեգրվի համաշխարհային երթևեկին։

-Վավերագրական կինոն գրավիչ ու հասարակության կողմից հետաքրքրություն վայելելու   ի՞նչ շանսեր ունի. խոսքս գեղարվեստական վավերագրության մասին է։

-Մենք խորհրդային ժամանակներում վավերագրական արժեքավոր կինո ենք ունեցել, հետո ամեն ինչ փլվեց։ Եկավ մի ժամանակ, երբ կինո ասելով՝ հասկանում էինք միայն գեղարվեստական ֆիլմեր։ Այսօր այնքան թեմաներ կան՝ մեկը մյուսից արդիական  ու հետաքրքիր։ Բարձրաձայնել է պետք դրանց մասին։

Երբեք վավերագրական կինոն այնքան ակտուալ չի եղել, ինչպես հիմա։ Քաղաքացիական ակտիվությունն էլ է հիմա շատ մեծ. կան նաև տարբեր հիմնադրամներ, որոնք հետաքրքրված են նման ֆիլմերով և պատրաստ են  արժեքավոր նախագծերը ֆինանսավորել։ Շատերն են ուզում եզակի պատմություններ լսել, իրարից տարբերվող ձեռագրեր տեսնել։ Մենք էլ մեր երկրում ունենք շատ հետաքրքիր պատմություններ և կարող ենք դրանք ներկայացնել ու համաշխարհային կինոերկխոսության մեջ մտնել։ Իսկ դրա համար պետք է համառորեն  շատ աշխատել։

-Օրինակ՝  քո նախագիծն ինչո՞վ է հետաքրքիր։

-Երկրաշարժից 29 տարի հետո 5 կերպարների միջոցով ներկայացվում է այսօրվա Հայաստանը, այսօրվա Գյումրին։ Այս ֆիլմը նկարելիս շատ է կարևորվում, որ ես ինքս գյումրեցի եմ, լսել եմ պատմություններ սովետական ժամանակների մասին,  երբ մարդիկ բարեկեցիկ էին ապրում, հավասարություն կար։ Դրանց կողքին կան պատմություններ, թե ինչպես է երկրաշարժը փոխել մարդկանց։ Ի վերջո, Գյումրին արվեստների ու արհեստների քաղաք է, Հայաստանի համն ու հոտը։ Ֆիլմս երկրաշարժի հետևանքների մասին է պատմում՝ հավաքական իմաստով, իսկ հիմքում հումորն է։ Աշխարհին չի կարող չհետաքրքրել սա։

-Պատկերացնում եմ՝ միջազգային հարթակներում քեզ համար որքան դժվար է եղել օտարազգիներին ներկայացնել Գյումրին ու գյումրեցիներին։ Շատերն անգամ Հայաստանի տեղը չգիտեն, էլ ուր մանց՝ Գյումրին իմանան։

-Ոմանք գիտեին Գյումրին դեռ երկրաշարժից՝ հատկապես միջին սերնդի մարդիկ։ Դանիացիներն, օրինակ, տեղյակ էին, նրանք օգնություն էին ցուցաբերել երկրաշարժից ավերված Գյումրիին։ Շատերն էլ առաջին անգամ էին լսում իմ քաղաքի անունը։ Դիզայներ Սերգեյ Նավասարդյանի հետ շատ հետաքրքիր ազդագիր էինք պատրաստել, որը ներկայացնում էինք տարբեր հանդիպումների ժամանակ։

-Ինչպիսի՞ ֆիլմ ենք տեսնելու՝ ռեժիսորական ի՞նչ մոտեցմամբ ու մատուցմամբ։

-Ֆիմս չի լինելու դասական վավերագրության ժանրում։ Նոր տեխնոլոգիաների շունչն է զգացվելու, յուրօրինակ պատմություններ եք լսելու։ Երկրաշարժը միավորում է իմ կերպարներին, բայց նրանք յուրովի տարբեր են իրենց ճակատագրերով ու պատմություններով։ Ֆիլմը ներկայացնելու է կյանքի պարզությունն ու գեղեցկությունը։

Երկրաշարժից 29 տարի անց մարդիկ ապրում են՝ երկրաշարժի ողբերգությունն իրենց մեջ կրելով, դեռ փորձում են վերագտնել իրենց դիմագիծը. կան սոցիալական, տնտեսական խնդիրներ, բայց կյանքը Գյումրիում երբեք կանգ չի առել։ Ես փորձնական նկարահանումներ արել եմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ հերոսներիս լավ ճանաչեմ։ Նրանք իմ հարևաններն են, ես նրանց հետ երկար տարիներ ապրել եմ. արժեքավոր նյութ ստանալու համար պետք է երկար նկարահանես։  Հերոսներիցս երկուսը տնակներում են ապրում։ Կյանքով, հումորով լի մարդիկ են։

Շատ կարևոր է, որ այն, ինչ նկարում եմ, չլինի հեռուստատեսային վավերագրություն, չլինի ստանդարտ ինչ-որ բան։ Շատ եմ ուզում, որ ֆիլմի օպերատորը լինի Թամմամ Համզան։ Հույս ունեմ, որ երիտասարդ կոմպոզիտոր Վարդան Հարությունյանը, որն իմ «Մեր Ատլանտիդան» ֆիլմի երաժշտությունը գրեց, այս անգամ էլ կաշխատնի «Վիրավոր քաղաք» ֆիլմում։ Երևի նոյեմբեր-դեկտեմբերին նկարահանումները կսկսենք։ Կնկարենք աշուն, հետո նաև ձմեռ, ու միգուցե բախտ վիճակվի նաև նկարահանել, թե ինչպես են հերոսներիցս երկուսը վերջապես բնակարան ստանում։

 Հ․Գ․Արթուրը պատմում է իր հայրենակից գյումրեցիների մասին այնքան ոգևորված, որ արդեն պատկերացնում ես «Վիրավոր քաղաքն» ու նրա հերոսներին։ Պատկերացնում ես այն օրը, երբ փառատոնային դահլիճից օտարազգի հանդիսատեսն իր համար մարդու նոր տեսակ է հայտնաբերելու՝  գյումրեցի տեսակ։

 

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 157 անգամ