Լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով` ռեժիսոր, խռովարար և նահատակ» հոդվածների ժողովածուն

LILS2759 (2)Արտավազդ Փելեշյանին նվիրված փարիզյան միջոցառումների շարքի ավարտից հետո հերթը Սերգեյ Փարաջանովինն է: Ժակ Ֆլաման (Jacques Flamant) հրատարակչությունում 2016 թվականի դեկտեմբերին լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով` ռեժիսոր, խռովարար և նահատակ» (“Serguey Paradjanov, cinéaste, trublion et martyr”) խորագիրը կրող հոդվածների ժողովածուն: 

Գիրքը համախմբում է կինոքննադատների, ռեժիսորների և արտադրողների կողմից գրված մի շարք հոդվածներ Փարաջանովի մասին: Հեղինակների շարքում են Սերժ Ավետիքյանը, Արծվի Բախչինյանը, Գրիգոր Համելը, Ժան-Մաքս Մեժանը, Ժերալդ Մորեն, Ժիլ Պրեսնիցերը, Ժան Ռադվանյին և Սվետլանա Սարգսյանը:

LILS2757 (2)Գրքին նվիրված հերթական հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 3-ին Փարիզի «Փանթեոն» կինոթատրոնում: «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց հետաքրքիր զրույց-քննարկում գրքի համադրողների` կինոռեժիսոր Գրիգոր Համելի և կինոքննադատ Ժան-Մաքս Մեժանի մասնակցությամբ:

Միջոցառման հատուկ հյուրն էր Մարինա Վլադին, ով կիսվեց իր հիշողություններով կապված Փարաջանովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ով նույնպես սիրով պատասխանեց հանդիսատեսի հարցերին:

«Սերգեյ Փարաջանով` ռեժիսոր, խռովարար և նահատակ» ֆրանսալեզու հոդվածների ժողովածուն վաճառվում է փարիզյան բազմաթիվ գրախանութներում, ինչպես նաև առցանց։

Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2017թ․

Դիտվել է 71 անգամ