Գիրք, որն արժևորում է…

unnamedԱրցախյան պատերազմի սկիզբը, թեժ ընթացքն ու ավարտը՝ մինչև հրադադար, մեծ ու փոքր պատառիկներով կինոխրոնիկա է դարձել մեծ մասամբ սեփական նախաձեռնությամբ, մասնագիտական պարտքը կատարելու մղումով Արցախ մեկնած օպերատորների, կինովավերագրողների, լրագրողների շնորհիվ: Ի՞նչ են տեսել նրանք Արցախում տեսախցիկի օբյեկտիվով ու օբյեկտիվից դուրս, ի՞նչ են զգացել ու ապրել, ի՞նչն են արձանագրել տեսաերիզին, իսկ ինչն ամբարել իրենց հոգու հիշողության մեջ, առանձին հարցազրույցներով 2012 թվականից «Կինոաշխարհ» ամսաթերթում, հետո արդեն նույնանուն՝ kinoashkharh. am կայքում ներկայացվել է «Պատերազմի վավերագրողներ» խորագրի ներքո։

Արցախյան պատերազմի խրոնիկան ստեղծած վավերագրողների անձնվեր աշխատանքն արժևորելու և սերունդներին պահ տալու նպատակով kinoashkharh.am կայքի խմբագրակազմը (գրքի կազմողներն են Ռուզան Բագրատունյանը, Անահիտ Հարությունյանը) ձեռնամուխ է եղել ամբողջական ժողովածու կազմել-հրատարակելու գործին։ 34 վարերագրողների հուշ-պատմությունները՝ ինքակենսագրական տեղեկություններով, ֆիլմոգրաֆիայով, հավաքվել ու մեկտեղվել են «Նրանք նկարում էին պատերազմը» ստվարածավալ երկլեզու՝ հայերեն-անգլերեն գրքում։ Ժողովածուն ունի նաև ներդիր՝ երկու խտասկավառակներ՝ վավերագրողների նկարահանած նյութերով։

unnamed (6)Գիրք այն մասին, թե ինչ պայմաններում է ստեղծվել պատերազմի խրոնիկան

Արցախյան այսօրվա տարեգրության հավաքագրումը չես համեմատի 1990-ականների հետ, երբ չկար կանոնավոր բանակ, կամավորական ջոկատներն էին մարտեր ու մարտավարություն կազմակերպում: Այդպես տարերային էին ու կամավորության վրա հիմնված 1990-ականների պատերազմը վավերագրելու, արխիվացնելու ու խրոնիկա ստեղծելու ձգտումները: Իսկ ձգտողներն անհատներ էին, որ սեփական նախաձեռնությամբ կամ էնտուզիազմից ելնելով՝ այսուայնտեղից միջոցներ էին հայթայթում՝ Արցախ հասնելու և այնտեղ տիրող իրավիճակը տեսաժապավենին հանձնելու համար: Ինչպես պատերազմն էր անսպասելի ու չծրագրված, այնպես էլ այդ պատերազմի կինոխրոնիկան է ստեղծվել՝ առանց նախագծվելու և համակարգվելու: Օպերատորները շատ հաճախ նկարահանել են՝ առանց նախապես իմանալու, թե ինչ մարտ է լինելու. մեծ մասամբ պահն ու ստեղծված իրավիճակն են թելադրել, թե ո՞ւր է գնալու օպերատորն ու ի՞նչ է նկարելու: Տնտեսական ծանր պայմանների պատճառով անգամ Արցախ ուղևորվելն է դժվար եղել, ինչպես նաև հետդարձը։ Օպերատորները նկարահանումներ են արել պատերազմի ամենաթեժ կետերում՝ կշեռքի մի նժարին դնելով սեփական կյանքը, մյուսին՝ տեսաերիզը։ Վավերագրողներն ապրել են, ինչպես մեր կռվող տղաները։ Նրանցից շատերը տեսախցիկից բացի, նաև զենք են առել ձեռքները, թև ու թիկունք եղել մեր տղաներին, հոգացել, որ տեսանկարածը ժամանակին Երևան հասնի ու եթեր հեռարձակվի. թիկունքում անհանգիստ էին, ռազմաճակատից լուրերի էին սպասում։ Այդ կադրերը հաճախ էին փոխանցվում արտասահմանյան լրատվամիջոցներին՝ արցախյան հակամարտության մասին իրազեկելով նաև միջազգային հանրությանը՝ որպես պատասխան ադրբերջանական քարոզչամեքենային։

unnamed (5)Գիրք, որն արժևորում է վավերագրողների անձնվեր գործը

1991-1994 թվականների պատերազմը վավերագրողների մասին հանրությունը ոչինչ չգիտի: Նրանց անձնվեր գործի մասին գիտեն, հիշում են միայն նրանք, ովքեր ժամանակին տեսել ու ճանաչել են այդ տղաներին: Մեր օրերում էլ հեռուստատեսությամբ ցուցադրվում են արխիվային նյութեր, որոնց հեղինակներն այդ տղաներն են, բայց դրա մասին ոչ ոք չգիտի ու հաճախ նրանց անունները չեն էլ նշվում։ Վավերագրողների նկարահանածը մեծ մասամբ հանձնվել է Հանրային հեռուստատեսությանը, հետագայում նաև՝ ՊՆ-ը ու դարձել ուղղակի արցախյան պատերազմի արխիվ՝ շատ դեպքում նաև առանց հեղինակի անուն-ազգանվան: Այս գիրքը հավերժացնում է պատերազմը վավերագրողների անունները, նվիրական գործն ու խտացնում բոլորիս երախտագիտության զգացումն՝ ուղղված այդ տղաներին։

Գիրք, որի միջոցով ճանաչում ենք վավերագրողների մարդ-կերպարը

Նրանք աշխատել են տարբեր հաղորդումներում, նկարահանել ֆիլմեր, ռեպորտաժներ, զբաղվել լրագրությամբ, սցենարներ գրել. մի խոսքով՝ մեդիա- դաշտում պատահական անուններ չեն եղել։ Բայց այլ է, երբ աշխատավայրում ես, ընտանիքում, ընկերական շրջապատում, սրճարանում ու բոլորովին տարբեր, երբ գլխավերևումդ ռուբեր են պայթում, աչքիդ առաջ մարդիկ են վիրավորվում ու զոհվում, երբ մահն ուղղակի քթիդ տակ է։ Այստեղ է, որ բնազդները սրվում են, վախերը՝ գլուխ բարձացնում, այստեղ է, որ բացահայտվում է մարդ-տեսակը, մարդ-նկարագիրը, մարդ-կերպարը։ Պատերազմում մասնգիտական որակներից բացի, բացահայտվել է նաև վավերագրողների մարդ-որակը։ Վավերագրողների պատմությունները հաճախ մերկացնող են, ճշմարտության խարան՝ խոր ենթատեքստով, ինֆորմացիայով ու եզրակացություններով։

unnamed (3)Գիրք, որը հետագա ուսումնասիրությունների նյութ կհանդիսանա

Պատմական իրադարձությունները վկայություններով փաստելն անգնահատելի արժեք է հենց պատմության ու սերունդների համար։ Առաջին, երկրորդ աշխարհամարտերի լուսանկարներն ու կինովավերագրություններն անվիճելի ճշմարտության հիմքեր են, որոնց առաջ բոլոր կեղծարարություններն ու քաղաքական անազնիվ մտադրություններն անզոր են։ Այդ վավերագրությունների շնորհիվ տասնամյակներ, անգամ դարեր անց կարողանում ենք վերանայել պատմական անցքերն ու ճշմարիտ եզրահանգումների գալ։ «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն ամփոփում է արխիվային հարուստ նյութ, որը հետագայում ուսումնասիրողները, արցախյան պատերազմի տարեգիրները կօգտագործեն։ Այդ վկայությունները նաև քաղաքական ու իրավական փաստաթղթերի համար կարող են հիմք հանդիսանալ։ Պատերազմը նկարողներն ակամայից դարձել են ականատեսներ ու վկաներ։

Արցախյան պատերազմի տարեգրությունը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է արտահայտվել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից՝ տեխնիկայի, տեխնոլոգիաների, տեղեկատվական դաշտի սուղ կամ լայն հնարավարություն, նյութական ու մարդկային ռեսուրսների բազա, քարոզչության չընդգծված ու ընդգծված անհարաժեշտություն, թելադրանք ու պահանջներ՝ ըստ ժամանակի և այլն։ 34 հարցազրույցներից կազմված «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն ներկայացնում է ամենադժվար տարիների՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմը՝ մեր կայացման, ընկրկումների ու հաղթանակների ժամանակաշրջանը։

Նաիր Յան

Լուսանկարները՝ Դավիթ Ներսիսյանի

Դիտվել է 81 անգամ

Calendar

May 2017
M T W T F S S
« Apr   Jun »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031