Ուիլլեմ Դեֆոն՝ Վան Գոգի դերում

download«Հավերժության շեմին» (At Eternity’s Gate). այսպես է կոչվում ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը կլինի ամերիկացի հայտնի դերասան Ուիլլեմ Դեֆոն։ Նա կմարմնավորի Վան Գոգին։

Deadline-ը տեղեկացնում է, որ հոլանդացի նկարչի կյանքի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Ջուլիան Շնաբելն է, որը 2007 թվականին Կաննում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին «Սկաֆանդրն ու թիթեռը» ֆիլմի համար։

Հանրահայտ նկարչի կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումները կատարվելու են Ֆրանսիայում, քանի որ ներկայացվելու են նրա կյանքի հենց այդ երկրում ապրելու դրվագները։ Ռեժիսորի հետ սցենարի վրա աշխատել է նաեւ Ժան-Կլոդ Կարերը։ Պրոդյուսերը՝ Ջոն Կիլիկն է։

«Կինոնկարը գեղանկարչության , նկարչի եւ հավերժության «փոխհարաբերության» մասին է։ Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքով՝ հենց նկարչի կողմից, եւ դրանք, իմ կարծիքով, նրա կյանքի կարեւոր դրվագներ են, սակայն ոչ պաշտոնական, այլ իմ մեկնությամբ»,- ասում է ռեժիսոր Շնաբելը։

Վինսենտ Վան Գոգը ստեղծագործական կարճ կյանք է ունեցել։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում նա դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ, 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։

 

afisha.mail.ru

Դիտվել է 23 անգամ