Հանուն «Մեծ կինոյի» Անդրեասյանները հեռացել են Enjoy Movies-ից

sarikiՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը եւ պրոդյուսեր Ղեւոնդ Անդրասյանը հեռացել են Enjoy Movies-ից` սեփական կինոարտադրությունը զարգացնելու նպատակով։

«2010 թվականի սեպտեմբերին մենք ստեղծեցինք Enjoy Movies ընկերությունը եւ 7 տարում հասանք բազմաթիվ հաջողությունների՝ Ռուսաստանի կինոարտադրողների շարքում գրավելով առաջատար դիրքեր։ Այս տարիներին մեր շատ ֆիլմեր շուկայում հաջողություն գրանցեցին՝ պատվով ներկայացնելով Ռուսաստանը նաեւ արտերկրում։ Այժմ եղբորս հետ հեռանում ենք ընկերությունից, որպեսզի ուժերը կենտրոնացնենք մեր «Մեծ կինո» ընկերության վրա»,- Facebook-ի իր էջում գրառում է կատարել Սարիկ Անդրեասյանը։

kinopoisk -ին Ղեւոնդ Անդրեասյանն ասել է, որ առայժմ չի ցանկանում մանրամասնել ծրագրերը, որոնք կիրականացնի իրենց ընկերությունը։ Դրանք կներկայացվեն Սոչիի կինոշուկայում։ Այսպիսով, Enjoy Movies-ից հեռանալով՝ Անդրեասյան եղբայրները կորցնում  են առաջատարի դիրքերը ռուսական կինոարտադրության ոլորտում, քանի որ այնտեղ նրանց պետական աջակցությամբ նկատելի գումար էր հատկացվում Կինոյի հիմնադրամից։ Այժմ, փաստորեն, նույն հիմնադրամից նրանք հավակնելու են աջակցություն ստանալ մյուս անկախ կազմակերպությունների նման կամ էլ ակնկալելու են պետական աջակցություն ստանալ ՌԴ մշակույթի նախարարությունից։

Վերջին տարիներին Enjoy Movies ընկերության ծրագրերը ներկայացվում էին երկու պրոդյուսերների անվան ներքո, մեկն Անդրեասյան եղբայրներն էին, մյուսը՝ Գեորգի Մալկովը։ 2015-ին ներկայացվեց «Մաֆիա. Գոյատեւման խաղ» դրաման եւ «Մեծ երկրի ձայները» մյուզիքլը, իսկ 2016-ին՝ «Պաշտպանները» եւ «Ում» ֆիլմերը։ Դրանցից երեքն արդեն շուկա են հանվել. «Մաֆիան»  ռուսական շուկայում հավաքել է  277,5 մլն, «Պաշտպանները»՝ 262,9 մլն, «Մեծ երկրի ձայները» մյուզիքլը՝ 18,9 մլն ռուբլի։

Նախորդ տարի արդեն «Մեծ կինո» բրենդի ներքո Սարիկ Անդրեասյանը ներկայացրեց Մշակույթի նախարարության նախագիծը՝ «Չներվածը» դրաման՝ Վիտալի Կալոևվի մասին։ Իսկ դեկտեմբերյան կինոշուկայում հայտարարեց Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտների» մոտիվներով ֆիլմ նկարելու գաղափարի մասին՝ «Պադդինգտոնի արկածների» ոճով։

Ինչպիսի ծրագրեր կիրականացնի Enjoy Movies ընկերությունն առանց Անդրեասյանների, առայժմ պարզ չէ։ Գեորգի Մալկովի հետ kinopoisk-ին չհաջողվեց կապվել։ Նախորդ տարի ներկայացված եւ արդեն ընթացքի մեջ գտնվող մի քանի նախագիծ շարունակվում է, նորերի մասին կխոսվի թերեւս հունիսին կայանալիք Կինոյի հիմնադրամի նախագծերի քննարկումների ժամանակ։

kinopoisk.ru

Դիտվել է 131 անգամ