Կանն մեկնելուց ժամեր առաջ

6340Այս տարի Կաննի կինոշուկան Հայաստանից ներկայացված կինոնախագծերի համար խոստանում է լինել խոստումնալից։ Համենայն դեպս, նման հույսեր ունեն նախագծերի հեղինակներն ու հայաստանյան պատվիրակությունը։ Մեր երկրի տաղավարը ափամերձ բանուկ հատվածում է լինելու. կկազմակերպվեն նախագծերի շնորհանդեսներ, նախատեսված են հանդիպումներ օտարերկրյա դիստրիբյուտորների հետ։ Ինչպես հայտնի է, առանձին հանձնաժողով է հրավիրվել, որն էլ 12 աշխատանքներից ընտրել է այնպիսի նախագծեր, որոնք  օտարների համար առավել գրավիչ, մրցունակ ու հետաքրքիր կլինեն. դրանք են Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և «Բարս մեդիայի»  «Արշալույսի լուսաբացը» նախագծերը։

Հայաստանի պատվիրակության համակարգող,  «Սինեմա» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի ղեկավար Հովհաննես Գալստյանը Կանն գնալուց առաջ մանրամասնեց, թե Կաննի կինոշուկայում ինչ դեր ու հեռանկարներ կրող է ակնկալել Հայաստանի  տաղավարն այս տարի։

-Հայաստանը երբևէ այսպես կազմակերպված ներկայացե՞լ էրԿաննի կինոշուկայում. նկատի ունեմ, որ նախագծերն ընտրվեին մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Հայաստանն արդեն ութ տարի է ներկա է Կաննում։ Ազգային կինոկենտրոնի ստենդը 2009 թվականից գտնվել է Կաննի հիմնական՝ Palais des festivals համալիրում։ Մենք շարունակում ենք այն, ինչ սկսվել է մեզանից առաջ: Բայց այս տարի կան մի շարք էական փոփոխություններ։ Նախ՝ Հայաստանը տեղափոխվել է ափամերձ տարածք՝ տաղավար վարձակալելով երկրների և խոշոր ընկերությունների համար նախատեսված Village International հատվածում, և այս տարի այլ երկրների շարքում Կաննում կծածանվի նաև Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Երկրորդ՝ առաջին անգամ Մշակույթի նախարարության կողմից հայտարարվել է կինոշուկայում ներկայացվող նախագծերի բաց, հրապարակային մրցույթ՝ հստակ չափորոշիչներով։ Այս գործողությունները բխում են  հայկական կինոարտադրությունը որակապես բարելավելու, կինոյի պետական կառավարումը արդյունավետ դարձնելու՝ Մշակույթի նախարարության ռազմավարության տրամաբանությունից։ Կաննում առանձին տաղավարով ներկայանալով՝ մենք հստակ ուղերձ ենք հղում միջազգային կինոհանրությանը, որ Հայաստանը ցանկանում է ինտեգրվել միջազգային կինոգործընթացներին և դրա մասը կազմել։

-Նախագծերի ընտրության ընթացքում ի՞նչ չափանիշներ են գործել և ինչպիսի՞ն էին ներկայացված ֆիլմերն առհասարակ։

Ինչպես նշել էինք,  Մշակույթի նախարարությունը կաջակցի արտադրության մեջ գտնվող կամ արդեն ավարտված կինոնախագծերի, որոնք ունեն համատեղ արտադրության և միջազգային շուկայում հայտնվելու պոտենցիալ։  Հավակնորդները պետք է ներկայացնեին իրենց համատեղ արտադրությունը, վաճառքի և տարածման գործարքները հաստատող փաստաթղթեր՝ երաշխիքներ, որ նախագծերը ճանապարհ են անցել և հետաքրքրություն են առաջացրել իրենց հանդեպ։

Որպես անկախ ֆիլմարտադրող, ես կարծում եմ, որ պետությունը պետք է ունենա կինոնախագծերի աջակցության հստակ չափորոշիչներ,  և եթե որևէ նախագիծ համաատասխանում է այդ չափորոշիչներին, ապա պետք է ստանա ոչ թե մեկանգամյա աջակցություն, այլ հայտնվի պետական հոգածության ներքո՝ արտադրության ամբողջ ընթացքում։ Պետությունը ոչ թե պետք է մեկ անգամ օժանդակի նախագծի հեղինակին, օրինակ ուղարկելով նրան Կանն կամ Բեռլին, այլ պետք է կանգնի այդ նախագծի կողքին սկզբից մինչև վերջ՝ շուկա դուրս գալուց մինչև հանրահռչակում, որպեսզի, ի վերջո, կարողանա հետ բերել այդ նախագծի վրա ծախսած իր միջոցները։ Պետությունը պետք է աջակցողից վերածվի գործընկերոջ։ Այդ դեպքում պետության և արտադրողի միջև կձևավորվեն խաղի ազնիվ կանոններ։

-Ի՞նչ շանսեր ունեն մեր երեք նախագծերը։

Մենք ընտրել ենք երեք նախագիծ, որոնց փաթեթները գրագետ  էին կազմված, իսկ արտադրողներն ունեին ֆիլմերը ավարտելու հստակ մշակված պլան։ Կինոարտադրության մեջ մենք միշտ կախված ենք իրավիճակներից։ Չկա որևէ երաշխիք, որ այդ նախագծերը մոտ ապագայում կհաջողեն և արդեն մյուս տարի պահանջված կլինեն շուկայում։ Բայց ուղղությունը ճիշտ է։

Ինչպես հաջողված կինեմատոգրաֆիական ստեղծագործության հիմքում լավ պատմությունն է, այնպես էլ հաջողված արտադրության հիմքում ճիշտ պլանավորումն է։ Մեր երեք հաղթած նախագծերը իրատեսական պլանավորում ունեին և լավ պատմություններ էին ներկայացնում։ Նրանք շանս ստացան իրենց նախագծի մասին հայտարարելու Կաննում, մի վայրում, որտեղ տասնմեկ հազար ինդուստրիայի մասնակից է հավաքվում։ Կկարողանա՞ն հեղինակները գրավել ինդուստիայի փորձառու խաղացողների ուշադրությունը։ Կստացվի՞ գտնել արտադրության պակասող էլեմենտները․․․ կերևա Կաննում։

Հայաստանի տաղավարը Կաննում 226-րդն է։ Տաղավարների ընդհանուր թիվը 250-ից ավելի է։ Կաննում կան հարյուրավոր փոքր ստենդեր, հանդիպումների սրահներ, կինոսրահներ և այդ բոլոր վայրերում ամեն օր տասնյակ շնորհանդեսներ են անցկացվում։ Ֆինանսական աղբյուրներին հասնելու մրցակցությունն անհավանական մեծ է։ Իսկ մենք ծանոթ չենք շուկան կարգավորող օրենքներին, չունենք անհրաժեշտ կապեր․․․ այս ամենի համար պետք է հետևողական, պլանավորված աշխատանք տանել։ Բայց ճանապարհը սա է, ոչ մի նախագիծ կամ երկիր պատահաբար չի հայտնվում շուկայում, ցանկացած հաջողության հետևում մեծ և համակարգված աշխատանք կա։

-Բացի նշված երեք նախագծերից, այլ  աշխատանքներ կներկայացվե՞ն Կաննում։

Որպես Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի ղեկավար, ես Կանն եմ տանում երեք խոշոր նախագիծ։ ՍԻՆԵՄԱ կենտրոնի ԷՔՇՆ ֆիլմ լաբի 2016-17 ուսումնական տարվա ծրագրով զարգացված 10 կարճամետրաժ ֆիլմերի կատալոգը, որոնք ներկայանում են մեկ՝ «Թարմ և սադրիչ․ նոր հայկական կինո» նշանաբանով։ Վստահ եմ, և նախնական հանդիպումների վերաբերյալ նամակագրությունը գալիս է ապացուցելու, որ այս կատալոգը հետաքրքրություն է առաջացնում դիստրիբյուտորների շրջանում։ Հեղինակների մեծ մասը իրենց առաջին ֆիլմերն է նախաձեռնում, և շուկային հետաքրքիր է տեսնել միանգամից 9 նոր ձեռագիր։

Մեր ընկերության մյուս երկու լիամետրաժ կինոնախագծերն են՝ Մարինե Զաքարյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի փաթեթը, որն արտադրվում է Բուլղարիայի և Գերմանիայի գործընկերների հետ և իմ «Մետամորֆոզ» ֆիլմը, որն արտադրվում է ֆրանսիական և բուլղարական համարտադրողնրի մասնակցությամբ։

Մեր հիմնական խնդիրը ֆիլմերի վաճառքի ճիշտ գործակալ գտնելն է։ Գիտեք, ես չեմ հասկանում ֆիլմերն ամեն գնով օր առաջ ավարտելու և պրեմիերա կազմակերպելու իմաստը։ Ինձ համար կարևոր է, որ ֆիլմը հասնի լայն հանդիսատեսին՝ մեծ փառատոներում կամ շուկայում հայտնվելու ճանապահով։ Ես տեսնում եմ՝ ինչպես են ռեժիսորները, պրոդյուսերները ավարտում մեկ ֆիլմ, որը տապալվում է թե՛ շուկայում, թե՛ փառատոնային դաշտում, իսկ հեղինակը արդեն պատրաստվում է նոր ֆիլմ նկարել։ Սա աններելի շռայլություն է։ Ոչ մի կայացած կինոինդուստրիա՝ Հոլիվուդից մինչև Բոլիվուդ, այդպես հեշտությամբ չի վստահում նոր ֆիլմ՝ նախորդը տապալած ռեժիսորին, ինչպես դա անում են մեզ մոտ։

Մենք պետք է կարողանանք դասեր քաղել մեր կինեմատոգրաֆիական մեկուսացվածությունից, հասկանանք՝ ինչու է հայկական կինոն հայտնվել միջազգային կինոինդուստրիայի եզրագծից դուրս և փորձենք վերագտնել մեր տեղը համաշխարհային կինոպրոցեսում։ Ես տեսնում եմ այդ ճանապարհը՝ կիրթ, գրագետ կինեմատոգրաֆիստների նոր սերնդի ձևավորման և կինոյի պետական կառավարման մոդելի էական, հիմնարար բարեփոխման մեջ։ ՍԻՆԵՄԱ կենտրոնում մենք ոչ միայն տեսնում ենք ճանապարհը, այլ քայլում ենք այդ ուղով։

 Կաննի կինոշուկայում նախագծերը կներկայացվեն մայիսի 18-27-ը։ Նախագծերի հեղինակներն արդեն մեկնել են Ֆրանսիա. մինչ շնորհանդեսներն ու հանդիպումները, նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել, որը նպաստավոր պայմաններ կստեղծի հաջողության հասնելու համար։

Հ․Գ․ Տեղեկացնենք, որ հայկական պատվիրակության համակարգող  Հովհաննես Գալստյանը Կաննից պարբերաբար «Կինոաշխարհ» էլ․ կայքի միջոցով  (kinoashkharh.am կայքը հանդիսանում է այս ծրագրի գործընկերը) տեղեկատվություն կտարածի հայկական տաղվարում կայանալիք միջոցառումների մասին։

 

Նաիրա Փայտյան

 

 

Դիտվել է 232 անգամ