Խոստումնաշատ, բայց ոչ խոստումնալից «Խոստումը»

17623070_1271331962921440_2032571338_o.thumbՏորոնտոյի փառատոնում տեղի ունեցած անդրանիկ ցուցադրությունից 7 ամիս անց Քըրք Քըրքորյանի «կտակ-ֆիլմը»՝ Թերի Ջորջի «Խոստումը» պատմական մելոդրաման, համացանցային ռեսուսներում արհեստականորեն նվազեցված վարկանիշների և հայտնիների դրվատանքի խոսքերի ներքո վերջապես հայտնվեց մեծ էկրաններին: Հայ հանդիսատեսը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում մեծամասամբ դրական, անգամ հիացական արձագանք ունեցավ՝ հուսալով, որ վերջապես ստեղծվեց Հայոց ցեղասպանության թեման շոշափող այն ֆիլմը, որը և՛ կունենա մասսայականություն, և՛ իր ուրույն տեղը կզբաղեցնի նույն թեմայով երբևէ ստեղծված մեծ ֆիլմերի պանթեոնում:

Աշխարհասփյուռ հայության համար ֆիլմը ակնհայտորեն մի մասն է այն ընդհանուր քարոզարշավի, որի նպատակն է ընդլայնել Հայկական հարցի աշխարհագրությունը՝ օգտագործելով կինոն որպես մասսայական մշակույթի ամենաազդեցիկ ու արդյունավետ զենքերից մեկը:

Բայց որպեսզի այդ զենքը ծառայի երկար, այն պետք է ունենա ոչ միայն փամփուշտի սկզբնական արագություն, այլ նաև նշանառու հեռավորություն՝ դեպի կինոաշխարհի անծայրածիր հեռուները, որտեղ իրենց առաքելությունն արդեն կատարած՝ գոհունակությամբ նրան կդիմավորեն «Շինդլերի ցուցակը», «Դաշնակահարը», «Կյանքը հիասքանչ է»-ն և «այլոք»:

երեքՖիլմերն ավելի մասսայական դարձնելու հնարքներից մեկը դեռևս մնում է դրանցում (պարտադիր պայմաններից մեկը) կինոաստղերի առկայությունը։ «Խոստումը» ֆիլմում Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոթ Լը Բոնը բացի իրենց հիմնական դերերից ակամայից ստանձնել են նաև այս պարտավորությունը։ Ֆիլմի ժանրային ընտրությունը նույնպես միտված է հնարավորինս մեծաքանակ հանդիսատես հավաքելուն․ մելոդրամա՝ սիրային եռանկյունով, հայտնի ու գրավիչ դերասաններով, ու այդ ամենը՝ պատմական սրընթաց գործողությունների ներքո։ Այս բանաձևի գրագետ լուծումը կինոաշխարհին վաղուց արդեն պարգևել է «Քամուց քշվածները», «Կասաբլանկան», «Անգլիացի հիվանդը», «Դոկտոր Ժիվագոն» ու այսպես շարունակ:

Այս առումով, կինոնկարի ռեժիսորի ընտրությունը ևս պատահական չէ։ Այն հետապնդում է երկու կարևոր նպատակ՝ առավելագույնս ապահովել գովազդ և ունենալ լավ ստացված ֆիլմ։ Նախ, Թերի Ջորջի անվանը նախորդող «օսկարակիր» մակդիրը, ինչպես և Քրիստիան Բեյլի դեպքում, ֆիլմին հաղորդում են գովազդային լրացուցիչ գրավչություն:

Թերի Ջորջին վստահաբար կարելի է համարել արդի կինոյի միջինից բարձր մակարդակի ռեժիսոր-կոնֆլիկտաբաններից մեկը, որը Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական, էթնիկ հակամարտության բազում կինոդիտարկումներից զատ 13 տարի առաջ ունեցավ ամենահաջողված անդրադարձը Ռուանդայի ցեղասպանությանը՝ «Հյուրանոց Ռուանդա» հայտնի ֆիլմով:1-92

Էթնիկական անհանդուրժողականության, արտաքին գործոններով պայմանավորված բաժանումների ու փնտրտուքների թեման Թերի Ջորջին շատ հարազատ է, ու պրոդյուսերների կողմից ռեժիսորի ընտրությունը կարելի է նույնպես համարել շահեկան։

Իհարկե, չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ անգամ իր համար ամենահարազատ ու փորձագիտական թեմային՝ հյուսիսիռլանդական կոնֆլիկտին վերաբերող հաջողակ ֆիլմերի կողքին, ռեժիսորն ունի նաև միջակ ֆիլմեր, ինչը նշանակում է, որ ցեղասպանության թեմայով մեկ հաջողված ֆիլմը («Հյուրանոց Ռունդա») ոչ մի կերպ չի կարող հաջորդ ֆիլմի հաջողության երաշխիքը հանդիսանալ:

Այս ամենով հանդերձ, կինոնկարը այդպես էլ չառաջացրեց համաշխարհային ռեզոնանս ոչ մասսայականության և ոչ էլ նեղ կինոգիտական տեսանկյունից: Առաջինի վկայությունը առայժմ վարձույթում գրանցված բավականին ցածր արդյունքներն են (առայժմ`մոտ 8 մլն՝ 90 մլն բյուջեի դեպքում), իսկ երկրորդը՝ կինոյի մասնագետների և մասնագիտական մամուլի հակասական գնահատականները։

 Ի՞նչը կարող է խանգարել ֆիլմի հզոր դառնալուն, եթե զինանոցում առկա են պայքարի գրեթե բոլոր միջոցները: Դե իհարկե՝ օրիգինալ սյուժեի թերի և պարզունակ լինելը, սյուժետային գծերի անավարտ կամ քիչ հղկված լինելը, արտադրական և ստեղծարարական շտապողականությունը, որը նկատվում է ֆիլմի դիտման ընթացքում:

Սիրային եռանկյունին, ինչպես և եռանկյունու մասնակից կերպարներից երկուսը`Միքայելը և Աննան, բավականին պարզունակ են, չունեն դրամատուրգիական արժեք ներկայացնող հետաքրքիր ու ոչ ֆիկտիվ զարգացումներ: Ֆիլմի ամենահետաքրքիր սյուժետային գիծը ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսինն է, որը իրեն բնորոշ (հատկապես երկրորդ պլանի դերերի դեպքում) դերասանական հմտությամբ մարմնավորում է Քրիստիան Բեյլը:

Քրիսի կերպարն ամենահետաքրքիրն է, կոնֆլիկտային և զարգացում ապրողը: Նրա պատմությունը կարծես ուներ բոլոր նախադրյալները դառնալու ֆիլմի հիմնական, այլ ոչ երկրորդական հենասյունը՝ դրանով իսկ ապահովելով ֆիլմին ավելի ինքնատիպ ու ինքնաբավ ընթացք:

Ռեժիսորը հիմնական է դարձնում ֆիլմի սիրային մասը, իսկ ողբերգական իրադարձությունները ծառայում են որպես պատմական ֆոն, որը պատճառահետևանքային կապի մեջ է մտնում կերպարների ճակատագրերի հետ:  Դա, անխոս, ճիշտ մոտեցում էր մանիպուլյատիվ նատուրալիզմից խուսափելու, ճակատային պրոպագանդիստական նյութի տպավորություն չթողնելու և ֆիլմը բազմապլան դարձնելու համար, սակայն այդ ամենը կլիներ ազդեցիկ միմիայն այն դեպքում, երբ այդ նույն սիրային սյուժեն լիներ տոկուն, պարարտ, օրիգինալ և ոչ սովորական ու ոչ կարծրատիպային: Իսկ ստացված արդյունքին հետևելիս, պատմական ֆոնը երբեմն դառնում է ավելի հետաքրքրական, քան առանցքային սյուժեի զարգացումները:

Անկախ ֆինանսավորումը դեռ չի նշանակում, որ ռեժիսորը անկախ է իր որոշումների մեջ, ու այս դեպքում հստակ երևում է, որ ընդհանուր կոնցեպտից բացի ռեժիսորը կարծես հրահանգված լիներ ֆիլմը դարձնել առավել ընդգրկուն, ցեղասպանությանն անդրադարձում՝ որքան հնարավոր է անթոլոգիկ: Այդ մասին կարելի է ենթադրել՝ դիտարկելով Թերի Ջորջի նախորդ ֆիլմերը, որոնցից և ոչ մեկը չի եղել այդքան ինքնանպատակ կառչած ժամանակագրական ու պատմագրական ֆիկտիվ բազմաձայնությունից:

Այսպես, ֆիլմում տեսնում ենք և՛ տափաստանային աքսորները, և՛ Մորգենթաուի երկխոսությունը Էնվերի հետ, և՛ Կարմիր խաչի ճամբարները, և՛ Կոմիտասի Պատարագը, և՛ երկու ինքնապաշտպանությունները, որոնցից Վանինը՝ ակնարկով, իսկ Մուսա լեռանը՝ ուղիղ, բայց քիչ տպավորիչ պատկերմամբ:

Ու դժվար է մեղադրական ներկայացնել ռեժիսորին տարբեր պատմական իրողություններ պատկերելու համար, պարզապես խնդիրն այն է, որ որոշ լոկացիաներ, երկխոսություններ, տեսարաններ զուտ դասագրքային միտումներով են ֆիլմում ավելացվել, կցվել, ստեղծելով տպավորություն, թե այդ ամենը կատարվում է մեկ քայլի հեռավորության վրա: Մինչդեռ այդ տեսարանների մի մասը չեն բացատրվում, հետևաբար` լիովին չեն էլ արդարացվում, նյութին անտեղյակ հանդիսատեսի մոտ առաջացնելով հետևողականության որոշակի դիսոնանս պատումի մեջ, որն էլ ամփոփվում է մերթ հուզիչ, մերթ էլ բավականին պաթետիկ ու արհեստական տեսարաններով:

Օպերատորական և մոնտաժային մոտեցումները երբեմն հակասում են միմյանց, երբ բավականին բովանդակալից ու սպասում ենթադրող կադրերը հապճեպ ընդհատվում են մոնտաժային անցումներով, բայց այնուամենայնիվ մի քանի չափազանց ստացված տեսարաններ ու միտումնավոր հնաոճ ռոմանտիկ էպիկական կադրային ոճ ստեղծած օպերատոր Խավիեր Ագիրեսարոբեի արժանավոր աշխատանքը աննկատ չի մնում, ինչպես և աննկատ չեն ամերիկյան և իրանական կինոյի վետերանների` Ջեյմս Քրոմվելի և Շոհրե Աղդաշլուի թեկուզ կարճատև, բայց հավաստի դերասանական կատարումները` համապատասխանաբար դեսպան Մորգենթաուի և Միքայելի մոր դերերում:

Ժանրային բաղադրիչներից յուրաքանչյուրը կաղում է առանձին դիտարկման դեպքում`մելոդրամատիկ սյուժեն սովորական է ու մի փոքր էլ օճառային, պատմագրականը՝ կցկտուր ու միախառն, մարտանկարայինը՝ աղքատիկ:

«Խոստումը» ստացվել է հուզիչ, բայց սովորական, հետևաբար նպատակին էլ կծառայի կարճաժամկետ ու դժվար թե կարողանա կատարել իր առաքելությունը ապագա տարիների կտրվածքով, ինչը հաջողվել է այն ֆիլմերին, որոնց շարքին դասվելու հավակնությունը ի սկզբանե անկասկած ուներ:

Իսկ ինչ վերաբերում է մասսայական ճանաչմանը, ապա իրավիճակը կարող է փոխել միայն գալիք մրցանակաբաշխությունների անվանակարգերից շատերում հայտնվելը կամ քչերում հաղթելը, ինչը կթարմացնի ֆիլմի գոյության փաստը հանդիսատեսի գիտակցության մեջ: Սակայն մեծ կինոյի պատմության էջերում «Խոստումը» հազիվ թե հայտնվի, քանզի այն ոչ միայն ցեղասպանության թեման շոշափող լավագույն ֆիլմերից մեկը չէ կինոյի պատմության մեջ, այլև լավագույնը չէ անգամ Թերի Ջորջի ֆիլմացանկում:

Կարեն Ավետիսյան

 

Դիտվել է 1044 անգամ

Calendar

May 2017
M T W T F S S
« Apr   Jun »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031