«Արմենոսկոպ» ֆիլմը առաջացնում է հարցեր, միայն հարցեր. Սիլվինա Տեր-Մկրտչյան

սիլվ22017 թվականի ապրիլին Փարիզի «Անաքո տափանավի» վրա ցուցադրվեց Բեռլինում բնակվող արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանի «Արմենոսկոպ» ֆիլմը: Երկար տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված այս ֆիլմի նպատակն է տալ հարցեր և գտնել պատասխաններ, փորձել զրուցել մարդկանց հետ՝ կողքի դնելով լեզվական և ազգային պատնեշները: Ահա այսպիսի մարդասիրական նպատակներով «Արմենոսկոպ» ֆիլմը ցուցադրվելու է Նյու-Յորքում, Բուենոս Այրեսում, Բեռլինում և մի շարք այլ քաղաքներում: Հուսանք՝ դրանց շարքում կլինի նաև Երևանը, իսկ մինչ այդ մի քանի հարց անչափ հետաքրքիր և ստեղծագործ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանին:

-Կպատմե՞ս` ինչպես ծագեց «Արմենոսկոպ» ֆիլմի գաղափարը:

Ես ռեժիսոր չեմ, արվեստագետ եմ և աշխատում եմ տարբեր լեզուներով: «Արմենոսկոպի» դեպքում աշխատանքիս արդյունքը ստացվեց ֆիլմի «լեզվով»: Նախ պետք է ասեմ, որ 2005 թվականից աշխատում եմ “Underconstructionhome” կոչվող մի նախագծի շուրջ, որի նպատակն է ստեղծել հայկական ծագումով արվեստագետների ցանց և ժամանակ առ ժամանակ կազմակերպել հանդիպումներ և ընդհանուր ծրագրեր: Իհարկե, սա բավականին բարդ աշխատանք է, քանզի արվեստագետները սփռված են աշխարհի տարբեր քաղաքներում և նրանց մեկ վայրում միավորելը պահանջում է աննկարագրելի կամքի ուժ։ 2014 թվականին Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն ինձ տրամադրեց կրթաթոշակ՝ Պոլսում աշխատելու նպատակով: Այն փոքր ֆինանսավորմամբ, որ ինձ տրված էր, ես որոշեցի Թուրքիա հրավիրել մի խումբ հայ արվեստագետների, ում աշխատանքը գնահատում և սիրում եմ և մեկ շաբաթվա ընթացքում քննարկել մեր պատմության և արվեստի շուրջ ունեցած մտքերն ու գաղափարները: Նախագծի սկզբում, ինձ թվում էր, որ մենք ունենք շատ նմանություններ, սակայն արդյունքը ապացուցեց ճիշտ հակառակը: Յուրաքանչյուրս ուներ իր պատկերացումը, թե ինչ է Հայաստանը և հայությունը: Բավականին դժվար և, միևնույն ժամանակ, հետաքրքիր անցավ այդ մեկ շաբաթը, որի ավարտին Թուրքիայի իմ լավ ընկեր և մեծ հայասեր Օսման Կավալան առաջարկեց իր՝ «Անատոլու կուլտուր» հիմնադրամում ցուցահանդես կազմակերպել՝ հրավիրված արվեստագետների մասնակցությամբ:

«Թոռներ» խորագիրը և կոնցեպտը կրող այս ցուցահանդեսն ունեցավ ավելի քան տաս հազար այցելու, սա մեծ հաջողություն էր: Հարյուրամյակի շրջանակներում, տասներեք հայ արվեստագետների համախմբումը մեկ ընդհանուր նախագծի շուրջ ստացավ մեծ կարևորություն: Այս պատմական պահը հարկավոր էր վավերագրել, և այդպես ծնվեց ֆիլմի գաղափարը: Մեր զրույցի սկզբում ասացի, որ ես ռեժիսոր չեմ, քանզի սովորաբար ռեժիսորները նախ գրում են սցենար, մշակում ֆիլմի կոնցեպտը, ընթացքը, տեսարանները և այլն: Ինձ մոտ ամենը ստացվեց հակառակ ուղղությամբ. Հավաքելով ողջ նյութը՝ ես փորձեցի հասկանալ, թե այդ ամենից ինչ կարելի է կառուցել: Աշխատանքը տևեց շուրջ երկու տարի:

-Կարելի՞ է ասել, որ ֆիլմը վավերագրական է:

Չէի ցանկանա այն անվանել վավերագրական: Առհասարակ, չեմ սիրում ամենը դնել մեկ տուփի մեջ, սիրում եմ միջանկյալ բաներ: Ֆիլմում կան և՛ վավերագրական կադրեր, և՛ գեղարվեստական տեսարաններ: «Արմենոսկոպը» փառատոնային ֆորմատի մեջ չի մտնում: Կարծում եմ, այն պետք է ցուցադրվի և քննարկվի մի խումբ մարդկանց հետ: Այս ֆիլմը առաջացնում է հարցեր, միայն հարցեր:

սիլվ-«Արմենոսկոպը» վերջերս ցուցադրվեց Փարիզում, շուտով՝ նաև Նյու Յորքում, Բեռլինում, Բուենոս Այրեսում: Մտածու՞ մ ես, ֆիլմը Հայաստանում ցուցադրելու մասին:

Այո, առաջարկ եմ ստացել այն ներառել հուլիսին հայաստանյան մի ցուցահանդեսի մեջ: Ինքս մտադիր եմ ամռանը այցելել Հայաստան և կազմակերպել ցուցադրումներ և քննարկումներ, տեսնենք՝ ինչպես կստացվի: Ես վստահ եմ, որ ֆիլմը բուռն բանավեճերի առիթ է դառնալու, լինելու են բազում հարցեր, քանզի իրականում Հայաստանի և Սփյուռքի միջև կան շատ տարբերություններ և հարցեր: «Արմենոսկոպն» ինչ-որ տեղ դրա մասին է: Օրինակ, հիմունքային հարցերից մեկն է լեզուն: Հայաստանցիները ծնվել են լիակատար լեզվի առկայության պայմաններում, իսկ մենք՝ սփյուռքահայերս, ունեցել ենք դրա մեծ բացը: Կա նաև փոխըմբռնման մեծ պակաս: Այն խնդիրները, որ մենք այսօր ունենք Եվրոպայում, Արևելքում կամ Միացյալ Նահանգներում, գալիս են կողքինի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից և ընկալումից: Իմ աշխատանքների միջոցով, ես փորձում եմ խոսել մարդկանց հոգիների հետ, վերացնել հնարավոր պատնեշները՝ առիթ ստեղծելով առողջ բանավեճերի համար: Հիշում եմ, որքան հաճելի էր աշխատել Թումո նորարարական կենտրոնի երիտասարդների հետ. այդ երեխաները չափազանց հետաքրքիր էին և բաց քննարկումների:

-Քանի որ շատ խոսեցինք «հայության» գաղափարի մասին, մտաբերեցի Վենետիկի 56-րդ Բիենալեն: Դու հայկական տաղավարի մասնակից արվեստագետներից մեկն էիր: Հետաքրքիր է, ինչպիսի՞ նն էր քո վերաբերմունքը «հայկականության» այդ տեսակի դրսևորմանը:

Կարծում եմ, միտքը հիանալի էր: Այն երկու շաբաթը, որ ես անցկացրեցի Վենետիկում, յուրահատուկ և կարևոր էին: Մասնակից արվեստագետների միջև ստեղծվել էր առանձնահուկ մի կապ: Յուրաքանչյուրիս աշխատանքն ուներ իր ուրույն տեղն ու տարածությունը: Հիանալի գաղափար էր:

-Պատմական լուսանկարները շատ են օգտագործվում քո տարատեսակ աշխատանքների մեջ: Ի՞ նչ է քեզ համար լուսանկարը:

Ճիշտ է, լուսանկարն իմ աշխատանքային գործիքներից մեկն է, բայց ոչ իր ավանդական տարբերակով: Ես աշխատում եմ հիշողության հետ, և ինձ համար լուսանկարչությունը ժառանգության փոխանցման միջոց է:

սիլվ1-Ամեն անգամ, երբ նայում եմ քո ”Ben/Sen” աշխատանքին (թարգմանաբար թուրքերենից՝ Ես-Դու), մտածում եմ հայերի և թուրքերի հարաբերությունների մասին : Կարծու՞ մ ես, երկու տարբեր գույների թելերը մի օր կկարողանան միանալ և դառնալ մեկը մյուսի շարունակությունը, ինչպես քո աշխատանքում է:

Երկու տարի առաջ այս հարցը տալու դեպքում, համարձակ կասեյի՝ այո, բայց այսօր իրականությունն այլ է: Ես վստահ եմ, որ երկխոսությունը հնարավոր է մարդկանց միջև, անհատական հանդիպումների և կապերի միջոցով: Այդ է պատճառը, որ գործը կոչել եմ «Բեն-Սեն»: Անձամբ ես ունեցել եմ բազմաթիվ ծանոթություններ, որոնցից ծնվել է սեր, ընկերություն, ամուր զգացմունքներ և կապվածություն: Բայց, ցավոք, ազգային և միջազգային հարաբերությունները ոչ մի կապ չունեն մեր անձնական ցանկությունների հետ: Պետական մակարդակով, մենք հեռու ենք երկխոսությունից:

-Ինչպե՞ս է առաջ գնում թուրքերենիդ ուսուցումը:

Դժվար, (ծիծաղում է): Ես որոշակի կապ ունեմ այդ լեզվի հետ, քանզի մեծ ծնողներս խոսում էին թուրքերեն: Առաջին անգամ գնալով Թուրքիա՝ ինչ-որ տեղ անհանգստացա, որ թուրքերենը կարող է գրավել իմ մեջ եղած հայերենի տեղը: Չգիտեմ, ինչպես բացատրեմ այդ անհասկանալի զգացողությունը, բայց նման վախ կար: 2014 թվականին թուրքական կառավարության կողմից հնչեցրած ատելությամբ լի ելույթների հետևանքով, ես հեռվացա այդ լեզվից: Թեպետ, 2015 թվականի այցելությունս Թուրքիա և ցուցահանդեսը հիանալի անցան, բայց ես անչափ ուրախ էի վերադառնալ տուն:

-Ո՞ ր քաղաքն ես համարում քո տունը:

Անկեղծ ասած, ես փորձում եմ ստեղծել բազմաթիվ տներ, քանզի դա իմ գոյության տեսակն է: Բայց պետք է խոստովանեմ, որ Բեռլինն այն քաղաքն է, որն ինձ թույլ է տալիս լինել ազատ: Այստեղ ես ապրում եմ 1988 թվականից: Իհարկե, իմ քաղաքների ցանկում է նաև Բուենոս Այրեսը, Փարիզը, որտեղ երբեք չեմ ապրել, բայց բազմաթիվ այցելությունների արդյունքում ստեղծել եմ իմ անկյունները: Սիրտս մասամբ պատկանում է նաև Ստամբուլին: Ես ունեմ յուրահատուկ կապվածություն բազմաթիվ քաղաքների, լեզուների և մարդկանց հետ:

Սիլվինա Տեր-Մկրտչյանի հետ զրուցեց Լիլիթ Սոխակյանը
Փարիզ-Բեռլին
2017թ

Դիտվել է 90 անգամ