Նրան փնտրեք ողջերի մեջ

Սերգեյ (Սեգո) ՀամբարձումյանՍերգեյ Համբարձումյան (Սեգո) օպերատոր, ազատամարտիկծնվել է 1963 թ. Ստեփանակերտում: 1980 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, 1985-1988 թթ. աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում որպես փականագործ-մոնտաժող: 1988-ից աշխատել է որպես օպերատոր մարզային հեռուստատեսությունում: Հակամարտության սրվելուց հետո  զինված բախումների նկարահանումներ է արել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում և հարակից շրջաններում. Տոր, Մյուրիշեն, Սառնաղբյուր,  Ամարաս, Նախիջևանիկ, Բերդաձոր, Խոջալու, Հադրութ, Գետաշեն, Շահումյան և այլն: Միաժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, եղել է դասակի հրամանատար: Խոջալուի ռազմագործողությունից հետո  (1992 թ. փետրվարի 25-26), որը հաղթանակով պսակվեց, մարտական ընկերների հետ գնում է կատարելու նոր առաջադրանքը՝ «մաքրել» Քյաթուկի անտառը, որտեղ կարող էին պատսպարված լինել ադրբեջանցի զինյալներ: Այնտեղ էլ փետրվարի 28-ին սպանվում է դարանակալ թշնամու կրակոցից:

 Նրան փնտրեք ողջերի մեջ

Երբ Արցախում և Երևանում զրուցում էինք  Արցախյան ազատամարտի առաջին տարեգիրների, մասնավորապես՝  Արցախի հեռուստատեսության հիմնադիրների հետ (Նիկոլայ Դավթյան,  Գագիկ Սիմոնյան, Վարդգես Բաղրյան, Նորեկ Գասպարյան, Վարդգես Ուլուբաբյան և այլք), շարունակ այնպիսի  զգացողություն ունեինք, որ Սերգեյ Համբարձումյանը մեր կողքին է: Անհնարին էր, որ խոսքի մեջ մի քանի անգամ  չհիշեին նրան և նրանց խոսքը չհանգեր նույն մտքին՝ Սեգոն ուրիշ էր, Սեգոն իմ ամենամոտ ընկերն էր: Հասկանում էինք, որ խոսքը մի չափազանց վառ անձնավորության մասին է, որի մեջ ամեն ինչ չափազանց է եղել՝ չափազանց տաղանդավոր, չափազանց ազնիվ, չափազանց քաջ, չափազանց ընկերասեր… Իր ապրած կարճ կյանքով նա այնպիսի խոր հետք է թողել, որ շարունակում է իր ներկայությունը ընկերների ու հարազատների կյանքում: Այդ է պատճառը, որ որոշեցինք ընդգրկել նրան ողջերի շարքում՝ քաղվածքներ բերելով Վարդգես Բաղրյանի «Սեգո» (Ստեփանակերտ, 2005) գրքից:

Վարդգես ԲաղրյանՎարդգես Բաղրյան – Ռազմական գործողություններն արդեն ծավալվում էին բուն Ղարաբաղում: Ահա հենց այդ ժամանակ էլ «Տիգո» խմբի հիմքի վրա ձևավորվեց մի դասակ, որը հետագայում ստացավ «Մտավորականների դասակ» անունը և ընդգրկվեց 3-րդ վաշտի մեջ: Դասակի կազմում էին Սեգոյի համախոհ ընկերները՝ համադասարանցիներ, ուսանողական և աշխատանքային ընկերներ, մեծ մասամբ՝ բարձրագույն կրթությամբ տղաներ: Նրանք համախմբվել էին Սեգոյի շուրջը, քանզի նա ուներ զարմանալի ձգողական ուժ: Անշուշտ, կային նաև ուրիշ տղաներ, և նրանց համար նույնպես Սեգոն հեղինակություն էր, ու այն հարցը, թե ով պիտի լինի դասակի մարտական հրամանատարը, բոլորի համար միանշանակ պարզ ու հասկանալի էր, որովհետև Սեգոն ուներ բոլոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են իսկական հրամանատար լինելու համար: Ինչպես Վարդգես Ուլուբաբյանն է միանգամայն իրավացիորեն նշում, նա միշտ էլ լիդեր էր՝ երևի առանց գիտակցելու դա, որովհետև հաստատ նման նկրտումներ չուներ, շատ համեստ էր: Նա դողում էր ամեն մի զինվորի համար՝ հանկարծ որևէ բան չպատահի: Եվ պատահական չէ, որ նրա օրոք դասակը ոչ մի զոհ չի տվել՝ բազմաթիվ մարտերի մասնակցելով հանդերձ:

…Նրա հետ հեշտ ու հետաքրքիր էր աշխատել, քանզի նա ստատիստի դերում չէր հանդես գալիս, այլ ստեղծագործում էր: Շատ հաճախ ինքն էր նախաձեռնություն ցուցաբերում ու նկարահանում: Օպերատորի կողքին նրա մեջ նստած էին նաև ռեժիսորն ու ժուռնալիստը, պարզապես՝ արվեստագետը:

…Երբ խոսք է բացվում արցախյան գոյամարտի նահատակների մասին ու ես բերում եմ Սեգոյի օրինակը, ոմանք ասում են՝ արդյոք չե՞մ ֆետիշացնում, նրա պես տղերք քի՞չ կան: Անտարակույս, լավ տղերք շատ կան, բայց Սեգոն ուրիշ էր: Ավոն ու Սեգոն: Գոնե ինձ համար…

Գագիկ ՍիմոնյանԳագիկ Սիմոնյան – Նրա աչքերը փայլում էին, և զգացվում էր, թե ինչպես է սպունգի նման ընդունում ասածներդ: …Սեգոն նման էր պարարտ հողի, սերմը գցիր և անպայման առատ բերք կստանաս: Եվ որովհետև աչքաբաց էր, ճաշակ ու հոտառություն ուներ, գործն ավելի էր հեշտանում: Ահա ինչու տարօրինակ կամ զարմանալի չէ, որ ինժեները դարձավ հրաշալի օպերատոր: Անտարակույս, բարձրակարգ օպերատոր կդառնար, եթե ստիպված չլիներ տեսախցիկին զուգահեռ զենք առնել ձեռքը: Իսկ հետագայում արդեն մեկը փոխարինել մյուսով: Երբ դեռ ուժեղ կռիվներ չկային, տղերքը հերթով մարտական հերթապահության էին գնում, որպեսզի աշխատանքը չտուժի, ես օպերատորներին հանձնարարում էի գոնե ընդհանուր պլանով նկարահանել հակառակորդի դիրքերը: Եվ որքան մեծ էր լինում ուրախությունս, երբ Սեգոն կարողանում էր «որսալ» նաև խոշոր պլաններ: Մենք մեր նկարահանած կադրերն ուղարկում էինք նաև Երևան, արտասահման: Երբ երևանցի գործընկերներիս ասում էի, որ այդ կադրերը սկսնակ է նկարահանել, չէին հավատում, ասում էին՝ լավ էլի, ձեռագիրը քոնն է: Եվ ես հպարտանում էի, որ իմ սանը (թող անհամեստ չհնչի) հասել է որոշակի մակարդակի:

… Ի՞նչ ասեմ, Սեգոն մեզնից մեկն էր, բայց և ուրիշ էր: Սեգոյի հետ Ղարաբաղի մի մասնիկը կորցրի՝ քաղցր, անդառնալի: Երբ գալիս եմ Ստեփանակերտ, այցելում եմ նրա շիրիմին, թվում է՝ սփոփում եմ ինքս ինձ, բայց դա խաբկանք է, ցավը բթանում է, սպիանում, սակայն երբեք չի անցնում:

Nikolay-DavtyanՆիկոլայ Դավթյան – Խոսել, պատմել, իսկ առավել ևս գրել Սեգոյի մասին հեշտ չէ: Ոչ թե նրա համար, որ չկան հիշարժան դրվագներ՝ կապված նրա կյանքի և գործի հետ: Սեգոն ստանդարտ տղա չէր, մարդկանց հետ իր հարաբերություններում հաճախ անսպասելի էր, օրակարգից դուրս: Որովհետև կյանքի հետ, մարդկանց հետ իր հարաբերություններում այլ չափանիշներով էր մոտենում, ծանրության վեկտորը այլ տեղ էր որոնում: …Երևի դժվար է ղարաբաղցիների մասին խոսելիս չշեշտել նրանց հայրենասիրությունը: Սեգոյի պարագայում այդ հայրենասիրությունը մեզ՝ Հայաստանից եկած երեք մասնագետներիս կողմից սկզբում ընկալվում էր չափազանցված, առաջին հայացքից ավելորդ ընդգծված: Բայց դա սկզբում էր: Հետո մենք հասկացանք, որ դա ձև չէ, այլ էություն, ապրելակերպ, մարդու տեսակ:

 

Նորեկ ԳասպարյանՆորեկ Գասպարյան – Մի հետաքրքիր դրվագ եկավ, աներեր կանգնեց դեմս: Տարիներ են անցել, բայց կարծես երեկ էր. փորձում էին քեզնից խլել մեր եղած-չեղած հին տեսախցիկը: Ի՞նչ իմանար ռուս զինվորը, որ Սերգեյ Համբարձումյանից տեսախցիկ խլելը կյանք խլելու նման է, որ Սերգեյ Համբարձումյանի համար նկարահանումների հրապարակը ուղղակի ռազմադաշտ է, երկրի սահման, խրամատ…

…Վերջերս արխիվային նյութերը դիտելիս պատահաբար հայտնաբերեցի ընդամենը մի քանի կադր 88-ին նկարահանած մեր հաղորդումից: Նկարահանել էիր միայնակ, բոլորից, անգամ հարազատներից լքված մի կնոջ: Բնակարանը կիսադատարկ էր, հին սառնարանը երևի տարիներ շարունակ գտնվում էր պարապուրդում: Սեղանին հացի մի քանի չոր կտոր էր, բաժակում՝ բորբոսնած մածուն: Եվ 88-ին, երբ մենք առաջին քայլերն էինք անում «Հեռուստատեսություն» կոչվող աշխարհում, դու այդ ամենը նկարահանել էիր պրոֆեսիոնալին հատուկ վարպետությամբ: Թաքցնելու բան չկա, այսօր այդպես չեն կարողանում աշխատել 15-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող շատ օպերատորներ:

Հենց դրա համար էլ կարծես չեմ ուզում հասկանալ քեզ, որ այնքան հեշտությամբ մի օր հրաժարվեցիր տեսախցիկից՝ բոլորիս հասկացնելով, որ եկել է զենքի պաշտամունքի ժամանակը: …Քո գործը մեկ ուրիշը ռազմադաշտում գուցե կարող էր անել, բայց այստեղ այդպես էլ ոչ մեկը չկարողացավ անել այն, ինչ կարող էիր անել դու, միայն ու միայն դու…

Արմեն Դանիելյան – Սաֆոնովյան ռեժիմի օրերն էին: Ղարմետաքսկոմբինատում ինչ-որ միջադեպ էր եղել: Երբ գնացինք նկարահանելու, չթողեցին: Սաֆոնովի զինվորներն ամուր փակեցին մուտքի դուռը: Սերգեյի հետ բարձրացանք մայթն ի վեր:  Նա բարձրացավ իմ ուսերին ու սկսեց նկարահանել իրադարձությունները. սաֆոնովյան զինվորները դագանակներով ծեծում էին մետաքսագործներին: Կոմբինատի մոտ նկարահանումն ավարտելուց հետո շարժվեցինք դեպի երկաթուղային կայարան, ուր տեղակայված էին խորհրդային զորքերը: Խախտելով բոլոր սահմանները՝ Սերգեյը ընդհուպ մոտեցավ զորքի տեղակայման վայրին և մոտիկից զինվորների ցոփ կյանքի մասին պատմող բնութագրական կադրեր նկարեց: Որքան հիշում եմ, այդ փոքրիկ հաղորդումը ցուցադրվեց նաև ՀՀ հեռուստատեսությամբ և ունեցավ արձագանքներ:

Ռուդոլֆ Մարտիրոսյան – 1991 թ. մայիսին ազերի օմօնականները խորհրդային զորքերի աջակցությամբ բռնատեղահանեցին Հադրութի շրջանի բազմաթիվ հայկական գյուղերի բնակիչներին: ԼՂԻՄ Հեռուստառադիոկոմիտեի ղեկավարության կողմից ես և Սեգոն հանձնարարություն ստացանք շտապ մեկնել այնտեղ և հաղորդում պատրաստել: Անհրաժեշտ էր հակահարված տալ պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հաղորդագրություններին, որոնք պնդում էին, թե իբր անձնագրային ռեժիմի ստուգումների ժամանակ հայերն իրենք են կամովին լքել մշտական բնակության վայրը և խնդրել իրենց տեղափոխել Գորիս ու Ղափան:

…Վաղ առավոտյան, գիշերային հերթափոխը դիրքերից վերադառնալուց հետո, ավտոմատավոր երկու տեղացիների ուղեկցությամբ շարժվեցինք դեպի բռնատեղահանված գյուղերը: Ինքնաձիգներով զինվեցինք նաև մենք: …Գյուղում լրիվ ամայություն էր, միայն լսվում էին թափառող և սովալլուկ շների վնգստոցն ու ոռնոցը: Հանկարծ նկատեցի, թե ինչպես Սեգոն բոլորից շուտ մտավ գյուղ: Այս ի՞նչ ես անում՝ մտածեցի: Չէ՞ որ նա կարող էր հայտնվել թաքնված ազերի նշանառուի թիրախի տակ: Սեգոյի համարձակությանը տեղյակ էի, բայց սա միանգամայն ուրիշ էր: Նա արհամարհում էր ամեն մի վտանգ: Մեզ ուղեկցողներին խնդրեցի արագ հետևել և զրահապատնեշ կանգնել նկարահանող օպերատորին, հնարավորություն տալ անվտանգ աշխատելու:  …Նկարահանած նյութերի հարուստ պաշարով վերադարձանք Ստեփանակերտ, հաղորդում պատրաստեցինք, որն արտացոլեց կատարվածի իրական պատկերը:

Վարդգես Ուլուբաբյան

Վարդգես Ուլուբաբյան  - [Խոջալուի մարտագործողութան մասին]– Մենք հազիվ հասցնում էինք նռնակ ու փամփուշտ մատակարարել նրան: Նա կարծես լրիվ կորցրել էր վախի զգացումը, ամբողջ հասակով կանգնել էր ու կրակում էր հակառակորդի վրա, նռնակներ նետում: Նա անթիվ-անհամար փամփուշտ կրակեց, ինչից ավտոմատի փողը կարմրել էր: Իսկ նռնակները նետում էր ուղիղ խրամատի մեջ, այնքան դիպուկ, որ օմօնականները խուճապահար եղան: Հանկարծ, նույնիսկ մեզ համար անսպասելի, Սեգոն վազեց դեպի ազերիների խրամատը և ցատկեց խրամատի մեջ: Դա այնքան համարձակ քայլ էր, որ թշնամին սարսափից նույնիսկ չհասցրեց կրակել: Քիչ հետո նրանք ձեռքները վեր պարզած դուրս եկան խրամատից՝ սարսափած աչքերով նայելով Սեգոյին: Դա օդանավակայանի խաչմերուկում էր՝ ամենաբարդ ուղղություններից մեկը: Եթե մերոնցից որևէ մեկն այդժամ փորձում էր դիպչել նրանց, Սեգոն չէր թողնում, սաստում էր՝ գերի են, անզեն մարդուն ձեռք տալը վայել չէ տղամարդուն:

Դիտվել է 32 անգամ