«Ինձ համար բանավեճը ազատության հոմանիշ է»․ Մոնիկա Բելուչի

monica-bellucci-007Կաննի կինոփառատոնի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ, Մոնիկա Բելուչին անհոգ է։ Դերասանուհին վարելու է հոբելյանական փառատոնի  բացման և փակման արարողությունները։ Սա առաջին անգամը չէ: 2003 թվականին Բելուչին արդեն ստանձնել էր այս պատասխանատու դերը։

 «Հիշում եմ, թե ինչ ուժեղ վախի զգացում ունեի, մի պահ նույնիսկ մտածում էի, թե առհասարակ ինչ եմ անում այստեղ, կատակում է դերասանուհին, հուսով եմ` անհանգստությունս այս անգամ ավելի քիչ է լինելու, թեպետ որ անչափ սիրում եմ վախի հաղթահարման զգացողությունը»:

Զգեստների ընտրության հարցում, Բելուչին դեռ վարանում է:

 «Կարող եմ վստահեցնել, որ կրելու եմ նորաձևության բարձր անուններ, չէ որ դա նույնպես խաղի մասն է կազմում»: Ալեքս Լյուցը աշխատում է դերասանուհու բեմական ելույթների վրա։ «Ես վստահում եմ Ալեքսի տաղանդին և հումորին», ասում է Բելուչին: Վերջինիս օգնելու են նաև բացման խոսքի պատրաստման մեջ` «ֆրանսերենի հնարավոր սխալներից խուսափելու համար»:

Հումորը պարտադի՞ր է:

«Ոչ մի բանն էլ պարտադիր չէ։ Անցյալ տարվա Լորան Լաֆիտի տեքստերի շուրջ առաջացած վիճաբանությունները ապացույց էին, որ մենք կարող ենք ասել այն, ինչ ցանկանում ենք: Ինձ համար վիճաբանությունը ազատության հոմանիշ է»։

«Բելուչիսիման» ցանկանում է ստեղծել անկաշկանդ մթնոլորտ։

 «Շատ կուզենայի ներկաներին փոխանցել թեթև և էլեգանտ տրամադրություն, քանզի այդպիսինն է Կաննը»: Սա դերասանուհու ութերորդ այցելությունն է Կանն: «Այստեղ ես ներկայացրել եմ բազմաթիվ ֆիլմեր, և ունեցել եմ հետաքրքիր  փորձառություններ։ Անչափ զգացված եմ, որ հոբելյանական փառատոնի կազմակերպիչները մտածել են իմ մասին: Վերջին անգամ այստեղ եղել եմ 2014 թվականին»։

Շուտով լույս տեսնող նոր գրքով` «Ընդհատակյա հանդիպումներ», հեռուստասերիալով` «Մոցարտը  Ջունգլիներում» և Կուստուրիցայի կողմից նկարահանված «Հարդագողի ճանապարհով» նոր ֆիլմով, Բելուչին հայտնվում է առաջնաբեմում:

 «Իմ ներկայությունը Կաննում այս ամենը նշելու հիանալի առիթ է, նաև արտահայտելու իմ անեզր սերը դեպի կինոն։ Ես հիանալի եմ ինձ զգում և փայլուն ներկայանալու ցանկություն ունեմ»:

Իսկ մեզ մնում է միայն անհամբեր սպասել, թե ինչպես  դերասանուհին կկատարի փառատոնի իրեն վստահեցված այդ պատասխանատու և բարդ դերը:

 «Ես չափազանց փխրուն եմ. կարծում եմ դա իմ գլխավոր ուժն է, ասում է դերասանուհին, ով որոշել է բեմում խուսափել քաղաքական թեմաներից, թեպետ որ «յուրաքանչյուր ընտրություն, այդ թվում և երեխա ունենալը, ինքնատիպ քաղաքականություն է»։

 

Հեղինակ` Կարոլին Վլե

Թարգմանությունը՝ Լիլիթ Սոխակյանի

Փարիզ

 

Դիտվել է 172 անգամ