«Նպատակը հասանելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և քո ժողովրդի համահավաք զորությանը». Սենոր Հասրաթյան

IMG_9041_1 (1)ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը Արցախի հեռուստատեսության  հիմնադիրներից է, 1993-ից ծառայության է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում, հիմնադրել ՊԲ «Գոյամարտ» զինվորական հեռուստածրագիրը, տասնյակ մենագրությունների, ռազմական թեմաներով տասնյակ հոդվածների ու տեսաֆիլմերի հեղինակ է:

- Պրն. Հասրաթյան, Ձեզ համար պատերազմը ո՞ր թվականին է սկսվել: Հարցս պատահական չէ, քանզի 1988-ից առաջ էլ արցախցիները մշտապես ներքին չհայտարարված պատերազմ են ունեցել:

– Դեռ դպրոցում սովորելու տարիներին՝ 70-ականներին էր, երբ հայ ժողովրդի պատմության փոխարեն Ադրբեջանի «պատմություն» էին մեզ դասավանդում, և ոչ միայն իմ, այլև իմ հայրենակիցներից շատերի մտքում հարց ծագեց` ինչո՞ւ… Հետո այդ «ինչու»-ն իմ մեջ ավելի խորացավ 80-ականներին, երբ արդեն սովորում էի բարձրագույն ուսումնական հաստատությունում: Այստեղ մեզ՝ որպես պատմության ապագա մասնագետի դեռ հրամցնում էին արհեստածին Ադրբեջանի, ոչ թե իրական Հայաստանի պատմությունը: Երևի թե հենց այդ տարիներին էլ շատերիս մեջ արմատավորվեց ներքին չհայտարարված պատերազմի գաղափարը…

- Կպատմե՞ք Ձեր աշխատանքներիմասին առաջնագծում,ե՞րբ սկսվեցին։

- 1988-ից աշխատում էի Արցախի նորաստեղծ հեռուստատեսությունում և միաժամանակ դասախոսում Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում: 1991-ի աշնանը, երբ Շուշիից իրականացված հրետակոծության հետևանքով ավերվեց հեռուստատեսության մասնաշենքը և արդեն հնարավոր չէր շարունակել հեռուստալրագրողի աշխատանքը, անդամագրվեցի իմ ծննդավայր Կարմիր շուկայում ձևավորված աշխարհազորային ջոկատին… Որոշ ժամանակ անց՝ հեռուստատեսության աշխատանքները վերականգնվելուց հետո, կրկին անցա լրագրողական աշխատանքի: 1993-ի ամռանը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի կողմից առաջարկություն ստացա ստեղծել բանակային լրատվական կենտրոն: Նույն տարվա հոկտեմբերին հեռարձակվեց «Գոյամարտ» զինվորական հեռուստածրագիրը, որն, առանց ընդմիջման, գործում է առայսօր:

- Ո՞ւմ հետ եք աշխատել հենց սկզբից:

- Իմ առաջին գործընկերը հեռուստառեժիսոր և հեռուստաօպերատոր Վարդգես Ուլուբաբյանն էր, որ ի դեպ, 1994-ին պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հետագայում մեր շարքերը համալրեցին հեռուստաօպերատոր Վադիմ Մկրտչյանը, հեռուստալրագրողներ Ռուդոլֆ Մարտիրոսյանը և Գարիկ Խաչատրյանը, հեռուստաինժեներ Էդուարդ Գրիգորյանը և ուրիշներ:

Պետք է ասեմ, որ ինչպես «Գոյամարտը» ստեղծող յուրաքանչյուր ոք, լինի լրագրող, օպերատոր թե ռեժիսոր, այնպես էլ ռազմատեղեկատվական գործունեություն իրականացնող ամեն մի զինծառայող իսկական ռազմիկ էր, քանի որ պարտավոր էր ապրել ու գործել զինվորական կանոնադրությամբ և կրել ծառայության բոլոր այն դժվարություններն ու զրկանքները, որոնք բաժին էին հասնում մարտագծում մաքառող ազատամարտիկներին: Ասվածը հաստատելու համար նշեմ, որ Վարդգես Ուլուբաբյանն իր պարտականությունները կատարելու ընթացքում վիրավորվել է երեք, իսկ Վադիմ Մկրտչյանը` երկու անգամ: Բավականին վտանգավոր պահեր են ապրել նաև առաջնագծում ռեպորտաժներ պատրաստող լրագրողները:

- Առաջին  նկարահանումն ու պաշտոնական ռեպորտաժը Արցախի հեռուստատեսությունում առաջնագծից:  Կպատմե՞ք Արցախի հեռուստատեսության ստեղծման մասին:

- Եթե խոսենք Արցախյան շարժման ընթացքում մեր ժողովրդի ունեցած ձեռքբերումների մասին, ապա դրանց շարքում անկասկած կառանձնացնեի նաև Արցախի հեռուստատեսության ստեղծումը:  Դա գաղափարական ճակատում ունեցած մեր կարևոր ձեռքբերումներից էր, քանի որ արդեն 1988-ի հունիսից սկսած՝ մենք ունեինք մեր իրականության մասին հայերեն հրապարակային խոսելու և լսելու հզոր միջոց: Պատահական չէ, որ դրա ուժն զգալով՝ Բաքվի դրածոներ Սաֆոնով-Պոլյանիչկո հակահայ տանդեմը քանիցս փորձել է կաթվածահար անել հեռուստատեսության աշխատանքը: Սակայն շնորհիվ մեր հեռուստալրագրողների դրսևորած կամքի և վճռականության, թեկուզ պարտադրված ընդհատումներով, այդուհանդերձ հեռուստատեսությունը շարունակել է իրականացնել հզոր գաղափարական աշխատանք: Այն իր դրսևորումն է գտել ինչպես խաղաղ ցույցերի ընթացքում, այնպես էլ ակտիվ մարտական գործողությունների ժամանակ: Պարբերաբար նկարահանվում և եթեր էին հեռարձակվում առաջնագծում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հաղորդումներ ու ռեպորտաժներ, հետևողականորեն ներկայացվում էր մարտադաշտում կերտվող մեր հաղթանակների պատմությունը: Հեռուստատեսության յուրաքանչյուր աշխատակից գիտակցում էր, որ այն ամենը, ինչ կատարում էր այդ օրերին, առավել քան իմաստավոր է դառնալու վաղը: Ասել է թե` պատերազմական շրջանում հավաքվող և ներկայացվող յուրաքանչյուր փաստ կարևորվում էր ոչ միայն ընթացիկ քարոզչության, այլև սեփական անցյալն ապագայի համատեքստում վերարժևորելու առումով:

- Պարոն Հասրաթյան, այս շարքի գրեթե բոլոր հարցազրույցների հեղինակները նշում են, որ այդ տարիներին տեխնիկայի և սկավառակների բացակայության պատճառով անհետացել ու կորել են շատ կադրեր պատերազմից: Չե՞ք կարծում, որ սա մեծ կորուստ է մեր պատմության ու սերունդների համար: Այսօր ի՞նչ ունենք պատմաբանների համար, որպեսզի  չկեղծվեն պատմության էջերը:

- Ձեր այդ հարցին կարող եմ պատասխանել բանակային տեսատեղեկատվական արխիվում կուտակված նյութերի մասով: Ասեմ, որ ո´չ պատերազմական շրջանում, ո´չ էլ պատերազմից հետո ինչպես տեխնիկայի, այնպես էլ սկավառակների կամ տեսաերիզների ապահովվածության առումով գրեթե խնդիրներ չենք ունեցել: Փաստ է, որ այսօրվա դրությամբ «Գոյամարտ» հեռուստածրագրի տեսապահոցում պահպանվում է մի քանի հազար ժամ տևողությամբ թվայնացված արխիվային տեսանյութ` երեք տարբերակով` տեսաերիզային, սկավառակային և սերվերային: Միայն պատերազմական շրջանի տեսաարխիվը կազմում է շուրջ 180 ժամ: Բացի տեսանյութերից, բանակային պատմության համար կարևոր փաստավավերագրական աղբյուր է հանդիսանում 1993 թ. մարտից հրատարակվող ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը: Պատկերն առավել ամբողջացնելու համար նշեմ, որ առայսօր իմ կողմից պատրաստվել և հրատարակվել է ՊԲ կազմավորման, անցած ուղու և դրանում առանձնացած մի շարք ռազմական գործիչների մասին պատմող ավելի քան 10 աշխատություն: Այս ամենից երևի կարելի է եզրակացնել, որ, իրոք, ճշգրիտ ուսումնասիրություններ անելու համար պատմաբաններն ունեն բավարար հիմք:

- Իսկ ի՞նչ կասեք ռազմական թեմաներով Ձեր պատրաստած տեսաֆիլմերի մասին:

-  ՊԲ «Գոյամարտ» ստուդիայի պատրաստած տասնյակ տեսաֆիլմերն ու հարյուրավոր առանձին հաղորդումներ (ի դեպ, նշեմ, որ այս պահի դրությամբ եթեր է հեռարձակվել «Գոյամարտ» հեռուստածրագրի 1200 թողարկում) իրենց լսարանն ունեն ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռք ունեցող տարբեր երկրներում, հատկապես` Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում և եվրոպական մի շարք պետություններում: Մասնավորապես դրական արձագանքներ են եղել «Ղարաբաղյան պատերազմ», «Կենտրոնական պաշտպանական շրջան» («Գոյամարտ») և «Մեծանուն հայեր» ֆիլմաշարերի վերաբերյալ: Ուրախ եմ, որ ինչպես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, այնպես էլ օտարները, դիտելով այդ ֆիլմերը, հնարավորություն են ստանում ընդհանուր պատկերացում կազմելու Արցախյան գոյամարտի և նրա հերոսների մասին:

- Պատերազմից ունեցած Ձեր այն կտորը, որը երբեք հուշ չի դառնում, ամեն օր ու վարկյան Ձեզ հետ է։

- Ինձ համար անանց հուշ են բոլոր այն տղաների հայացքները, որոնց ճանաչում և պարբերաբար հանդիպում էի նախքան պատերազմն ու պատերազմի ժամանակ, սակայն այսօր չկան: Նրանք իմ մանկության, պատանեկության և երիտասարդության տարիների մտերիմ ընկերներն էին, որոնք հերոսաբար մարտիրոսվեցին ռազմաճակատում: Շատ հաճախ այդ տղաներն ինձ այցի են գալիս երազներում: Նրանց բացակայությունը, իրոք, անասելի տխուր է, որ հաճախ փորձում եմ սքողել հուշերով…

- Հրամանատարական կազմից ո՞ր գործիչն է Ձեզ համար ամենասրտամոտը։

- Ճակատագրի բերումով ծառայել եմ ՊԲ բոլոր հրամանատարների հետ: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր առավելությունները, և բոլորն էլ կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ու հաղթանակների կերտման ակունքներում… Դժվար է նման անհատների միջև տարբերակման նշաններ դնել:

- Ի՞նչ է Ձեզ համար պատերազմը:

- Պատերազմները լինում են տարբեր տեսակի և բովանդակության: Արցախյան գոյամարտը, ինչպես յուրաքանչյուր գիտակից հայի, այնպես էլ ինձ համար Հայրենական պատերազմ էր ու է… Լիահույս եմ, որ այսօր ու այսուհետ հայ ժողովուրդն ապրելու է իր արդար պատերազմով նվաճածը պաշտպանելու և բազմապատկելու հիրավի պատմական ժամանակներ: Սա է մեր ընտրած ճանապարհը և այն ցանկությունը, որ դարեր շարունակ եղել է մեր հերոսական նախորդների արարման ելակետը և շարունակում է մնալ այսօրվա հայի նպատակը: Իսկ նպատակը հասանելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և քո ժողովրդի համահավաք զորությանը: Ապրենք այս հավատով, և հաղթանակը միշտ մերն է լինելու:

Ռուզան Բագրատունյան

 

Դիտվել է 54 անգամ