«Պատերազմի ժամանակ քարոզչությունն ուրիշ կանոնների է ենթարկվում և մարտավարական խնդիրներ է լուծում». Վարդգես Ուլուբաբյան

վարդգեսՎարդգես Ուլուբաբյանը 1988 թ.  եղել է ԼՂԻՄ հեռուստառադիոկոմիտեի ռեժիսորի ասիստենտ, 1989-ից ակտիվորեն մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին, բազմիցս վիրավորվել է։ Հետագայում ծառայել է ԼՂՀ ՊԲ քաղբաժնում որպես ավագ սպա՝ մասնակցելով նույն բաժնին կից ստեղծված «Գոյամարտ» հեռուստածրագրի հիմնադրման աշխատանքներին, ԼՂՀ 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է:

- 1988 թ. հենց շարժման սկզբում արդեն Ստեփանակերտում էի, սկզբնական շրջանում մասնակցում էի հանրահավաքներին: Լավ լիդեր ունեինք՝ Կամո Դանիելյանը,  որի 55-ամյակն  օրերս նշեցինք: Նա իմ առաջին հրամանատարն էր, նրա շուրջը հավաքվել էին հիմնականում նոր ստեղծված հեռուստատեսության տղաները: Սկսել էինք զենք-զինամթերք հայթայթել. ռուսներից էինք առնում, Հայաստանից էին բերում: Եվ եթե 1990-ին Ստեփանակերտում և Երևանում դեռ հանրահավաքներ էին ընթանում, ես Գետաշենում կռվում էի: Այդպես սկսվել է իմ մարտական ուղին:

Մինչ այդ թեժ կռիվների ժամանակ մտածում էի՝ էս ինչու չի նկարահանվում, մեզ չեն հավատալու, երբ պատմենք, թե ինչ ենք տեսել, ինչ է կատարվել: Ինչ ռմբակոծությունների տակ էինք, ինչպես շաբաթներով սոված-ծարավ էինք, փամփուշտն էր վերջանում… Մի խոսքով, այդ դաժան, ծանր պահերին մտածում էի, որ ախր մեր մեջ չկա այն մարդը, որ գրի, գրանցի, նկարահանի: Հետո՝ այն ժամանակ մեզ համար ամոթ էլ էր ինչ-որ ուրիշ գործով զբաղվել:

Բայց երրորդ վիրավորվելուց հետո մտածում էի մինչև լրիվ ապաքինվելը մի ուրիշ բանով կարողանամ օգնել հայրենիքին. քանի որ ես հեռուստառեժիսոր էի, մտածում էի կամերա վերցնեմ, աշխատեմ: Սենոր Հասրաթյանն էլ «Գոյամարտ» ստուդիան էր ստեղծում պաշտպանության բանակում (դեռ «Գոյամարտ» չէր, լրատվության բաժին էր, հետո արդեն դրա հիմքի վրա «Գոյամարտ» ստուդիան ստեղծվեց) և առաջարկեց աշխատել: Հորադիզի, Ջաբրայիլի ազատագրման շրջանն էր, մասնակցում էի նկարահանումներին, բայց մի ձեռքիս ավտոմատն էր, մյուս ձեռքիս՝ կամերան:

Մի անգամ էլ արդեն որպես լրագրող եմ վիրավորվել Հորադիզի օպերացիայի ժամանակ՝ 1994 թվականի մարտի 3-ին: Երկու ամիս հետո պատերազմն ավարտվեց:

- Փաստորեն պատերազմը սկսել եք որպես ազատամարտիկ և ավարտել եք որպես վավերագրող: Նկարահանված նյութն ի՞նչ եք արել հետագայում:

- Ամեն ինչ մնացել է «Գոյամարտում»: Մի քանի տարի արխիվի տնօրեն էի, բոլոր նյութերը  հավաքել, տարբեր կրիչներով (կոշտ դիսկ, DVD և այլն) ի պահ դրել, որպեսզի եթե մի կրիչը փչանա, մյուսով պահպանվի: Իմ հիմնական ուղղությունը դա էր՝ թվայնացնել, բայց չհասցրի ավարտին հասցնել, եկա Ազգային ժողով:

- Ի՞նչ է սովորեցնում պատերազմը:

- Մարդուց է կախված, կարող է մարդ լինի՝ մարդասպան դառնա, մարդ լինի՝ ընդհակառակը: Իմը երևի միջինն է: Չարությունը մեջս կարծես մեղմացել է, մի չեզոք վիճակի եմ կարծես հասել: Մարդ կա՝ հետպատերազմյան սինդրոմից տառապում է ամբողջ կյանքում, մարդ կա՝ սարսափ է ապրել, այդ վախը մինչև հիմա իր մեջ մնացել է, երազներ է տեսնում: Թեպետ երազներ բոլորս ենք տեսնում, պատերազմի ամենավատ հետևանքներից մեկը երևի երազներն են: Մենք դաժանություն ենք տեսել, այդ հետքը մնացել է:

- Կհիշե՞ք ձեր առաջին նկարահանումը, կամ այն, որ շատ վառ տպավորություն է թողել:

- Առաջինը մարտական նյութ չեմ նկարահանել:  Հրաման ստացանք, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հասցնեմ դիրքերը: Կամերան վերցրի, թեպետ իրենք ասում էին՝ պետք չի, իսկ զենք վերցնելու իրավունք չունեի նրանց մեքենայով գնալիս: Մի քանի կադր եմ նկարել. Կամիր խաչի ներկայացուցիչները խորհուրդներ էին տալիս զինվորներին, թե ինչ չի կարելի անել: Բայց հետո արդեն լուրջ գործողություններ էին սկսվել Հորադիզի, Ֆիզուլիի ուղղությամբ: Գիտեք, շատ թույլ էր մեր տեխնիկան, մարտկոցները 10 րոպեից նստում էին, և կամերան վրաս՝ տղաների հետ ավտոմատով մտնում էի մարտի, որովհետև մեկ է, 10-15 րոպեից ավելի չէիր նկարում: Ճիշտն ասած, մեկ-մեկ էլ մտածում էի՝ շուտ նստի մարտկոցը, որպեսզի ես հանգիստ խղճով տղերքի հետ իմ գործն անեմ:

- Ուրեմն ավելի շատ եղել եք կռվող, քան նկարող: Իսկ երբ մտածում էիք, թե ինչու չեն նկարում, արձանագրում, ի՞նչը նկատի ունեիք, աշխարհին ցույց տալո՞ւ, թե պատմության համար:

- Ե´վ մեկը, և´ մյուսը, բայց ավելի կարևորություն էի տալիս այն բանին, որ մեզանից հետո եկողներն իմանան, թե ինչ է կատարվել: Հեշտ չէր, դաժան էր, չնայած սկզբում ռոմանտիկա էր, ֆիդայական շարժումն էլ ռոմանտիկներն են սկսել, չէ՞, ես էլ էի ռոմանտիկ,  երբ Ռուսաստանից եկա…

- Իրո՞ք հիմա մենք տնօրինում ենք այն նյութին, որով կարող ենք հետագա սերունդներին ցույց տալ, թե ինչ է կատարվել, և արդյոք առկա նյութը լիարժեք օգտագործվո՞ւմ է:

- Նյութն ունենալը դեռ շատ քիչ է, պետք է ազնվություն լինի առաջին հերթին: Ինչպես ասեմ, հիմա բոլորը պատվեր կատարող լրագրողներ են, գրողներ են, պատմաբաններ են: Ես հեռուստատեսությունը, մամուլը օբյեկտիվ չեմ համարում, որովհետև սուտը շատ է: Կարող են դասալիքին հերոսացնել, հերոսին՝ վարկաբեկել: Հիմա շատ սուբյեկտիվ է ամեն ինչ: Այդ պատճառով ես լրագրողների հարցերին միշտ պատասխանում եմ այն հույսով, որ գուցե իսկապես ցանկանում է պատմությունը ճիշտ ներկայացնել: Հիմա գրքերը կարդում ես՝ լրիվ ուրիշ մարդկանց են գովազդում, ուրիշ արժեքներ:

- Խոսքն էլ հենց այդ մասին է, այն, ինչ ժամանակին նկարահանվել է, արդյո՞ք ճիշտ կամ տեղին է օգտագործվել, որպեսզի պատմությունը չկեղծվի:

- Մենք կոչվում էինք լրատվության և քարոզչության բաժին: Քարոզչությունը և լրատվությունը պատերազմի ժամանակ շատ կարևոր բան է: Միակ լրատվամիջոցը  մենք էինք այն ժամանակ, շաբաթական մեկ հաղորդում էր լինում, և ճակատում կռվող զինվորի հարազատները՝ ծնողները, կինը, երեխան սպասում էին այդ օրվան, որպեսզի իրենց դիրքերից, ճակատից մի բան իմանային: Հանկարծ հորը ցույց տային ու երեխան չտեսնե՞ր… Այն ժամանակ ինտերնետ չկար, որ հաջորդ օրը միացնեիր ու նայեիր, բաց թողեցիր՝ վերջ:

Քարոզչությունը շատ կարևոր բան է պատերազմի ժամանակ, և ես համարում էի, որ մենք քարոզչություն ենք անում, ոչ թե պատմություն ենք գրում: Մի տանկը կարող էինք տասը ռակուրսից նկարել, որ տասն անգամ ներկայացնեինք: Չէինք խաբում, ուղղակի դա պետք էր մեր ժողովրդին մի քիչ ոգևորելու համար: Իսկ դրսին, այո, միգուցե խաբում էինք, մի տանկը տարբեր ռակուրսներից նկարում էինք ու ցույց էինք տալիս որպես 50 տանկ, որ մտածեին՝ բավարար զենք ունենք: Ինչպես էլ մտածենք, օբյեկտիվ է, թե ոչ, պատերազմի ժամանակ քարոզչությունն ուրիշ կանոնների է ենթարկվում և մարտավարական խնդիրներ է լուծում:

- Ասում եք՝ արժեքները փոխվել են, դասալիքը կարող է հերոս երևալ կամ հակառակը: Ժամանակին նկարահանված նյութերը օգնո՞ւմ են, որպեսզի ցույց տաս, թե ովքեր են եղել մեր հայրենիքի իսկական պաշտպանները:

-  Դրանք հում նյութ են, չէ՞, հիմա դրանց վրա աշխատում է խմբագիրը, մոնտաժողը և ուրիշներ: Նայած, թե ինչպես կաշխատեն: Նայած, թե այդ նյութի վրա աշխատողն ով է, ինչ մարդ է կամ ինչ պատվեր է կատարում, կամ էլ ով է նրա համար ավելի մեծ հեղինակություն, այսինչ գեներա՞լը, թե՞  այն գնդապետը: Չեմ ասում՝ սուտ են ասում, ուղղակի համակրանքը դեր է խաղում,  ուռճացնում են, հերոսացնում են:

- Ամենատպավորիչ կամ ամենացավոտ պատկերները…

- Ամեն անգամ ընկեր կորցնելը. ամենալավ ընկերներս են զոհվել աչքիս առաջ… Գիտե՞ք՝ այն ժամանակ ինչպես էր, հավանաբար ուրիշ ջոկատներում էլ էր այդպես, հրամանատարը չէր նշանակվում, հրամանատար ընտրում էինք մեր մեջ եղած ամենաազնիվին, ամենաարդարին, ամենաքաջին: Ում ընտրում էինք, մի քանի օրից զոհվում էր: Վերջին անգամ ինձ ընտրեցին, բայց ես չզոհվեցի, ծանր վիրավորվեցի: Ուղղակի հենց որ հրամանատար էինք ընտրում, այդ ընտրված հրամանատարներին թվում էր, որ եթե հրամանատար է, ուրեմն բոլորից մի քայլ առաջ պիտի լինի: Էդպես էր. Կամո Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Գուրգեն Խաչատրյան… Հերթով զոհվում էին: Ինձ համար թիվ մեկ մարդն այս պատերազմում Սեգոն էր…

Ռուզան Բագրատունյան

 

Դիտվել է 87 անգամ

Calendar

April 2017
M T W T F S S
« Mar   May »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930