Նրա բանալին

downloadԱլբերտ Յավուրյանը սիրում էր բանալիներ հավաքել: Նրա բնակարանի պատերից մեկն ամբողջովին ծածկված էր բանալիներով, իսկ ամեն բանալու հետևում՝ մի տուն, մի աշխարհ: Այդպիսի մի բանալի էր Յավուրյանի կինոխցիկը:

Հայ օպերատորական արվեստը չուսումնասիրված տարածություն է: Կարծում եմ, որ այդ արվեստի զարգացումը կապված է հայ գեղանկարչության ավանդույթների հետ: Նույնիսկ չգիտակցված՝ ենթագիտակցական կապեր կան մեր գեղանկարչության և  օպերատորության միջև: Սկսած մանրանկարչությունից, նկատի ունենանք եթե Սուրեն Շահբազյանի կինոխցիկը, երբ նա աշխատում էր Փարաջանովի հետ, վերջացրած հովնաթանյանական պորտրետներով, եթե նկատի ունենանք Ալբերտ Յավուրյանին:  Իսկ հիմնականում՝ մեր օպերատորական արվեստին բնորոշ է երկու գիծ՝ գեղանկարչականը, որ գերակշռողն է, և գրաֆիկականը: «Բարև, ես եմ» ֆիլմում ավելի շուտ գրաֆիկական լեզու է՝ կինոգրաֆիկա, քան կինոգեղանկարչություն, թեպետ Յավուրյանը գեղանկարչությանն էլ եկավ, երբ նկարում էր «Աշուղ Ղարիբը»:

Յավուրյանի որոնումները կապված էին այն էսթետիկական փնտրտուքների հետ, որ ունեին ֆրանսիական կինոն և 50-ականների վերջի, 60-ականների սկզբի ռուսականը: Մեզանում այդ նոր տեսողությունը կապվում է հենց նրա անվան հետ «Բարև, ես եմ» ֆիլմով: Երբ հետևում ենք Յավուրյանի կինոխցիկին կամ ֆիլմը դիտում իր աչքերով (քանի որ ֆիլմի առաջին տեսնողը օպերատորն է), կամաց-կամաց մի տպավորություն է ստեղծվում, թե այդ կինոխցիկը պերսոնաժ է՝ շնչավոր էակի նման, մտածում է, լռում, անհանգստանում, հուզվում, փնտրում, այլ ոչ թե մեխանիկական ապարատ, որն ընդամենը գրանցում է, սակայն չի դառնում սուբյեկտ:

Դա նորություն էր հայկական կինոյում՝օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով:

Յավուրյանն ամբողջ կյանքում աշխատեց Ֆրունզե Դովլաթյանի հետ: Դա լավ համադրություն էր: «Երկունք» ֆիլմում նրա խցիկը նորովի երևաց. այս անգամ արդեն քանդակագործ օպերատորը բերում էր մոնումենտալ կոմպոզիցիաների լեզուն: Նա համահեղինակ օպերատոր է. ռեժիսորի հետ միասին՝ սև-սպիտակի ընտրությամբ, թեպետ այդ ժամանակ գունավոր կինոն արագորեն տարածություն էր նվաճում, բայց նրա սկզբունքային սև-սպիտակը, ընդգծված պայմանականությունը նաև դարաշրջանի նշան էր,  որը մեր հիշողության մեջ տպավորվել է իբրև նախորդ դարի 20-ականների սև-սպիտակ… Այդ սև-սպիտակի դրամատիզմը…Եթե փորձենք բնորոշել Յավուրյանի կինոխցիկը, կասեի, որ լիրիկական, դրամատիկական օպերատոր է նա:

Սահմանագծային տարիքում շատ կարևոր է, թե ամեն սերունդ արվեստի ինչ գործերի հետ է շփվում ու հասկանում, որ դա իրենն է, որովհետև այն, ինչ եղել է իրենից առաջ, իր հայրերինն էր: «Բարև, ես եմ»-ը մանիֆեստային էր. այդ ֆիլմով մի ամբողջ սերունդ՝ Ալբերտ Յավուրյան, Ֆրունզե Դովլաթյան, Արմեն Ջիգարխանյան, Մարգարիտա Տերեխովա, Առնոլդ Աղաբաբով, ասաց՝ Բարև, ես եմ:

Իմ սերնդի կյանքում նույնպես «Բարև, ես եմ»-ը մնաց շատ կարևոր ֆիլմ, որովհետև երբ մենք էինք մտնում կյանք, նաև այս ֆիլմով կանխորոշվեցին մեր ճաշակն ու ձգտումները արվեստում: Դա նշանակալի անցում էր դեպի ուրիշ կինո, դեպի նոր ժամանակների գիտակցություն… Ալբերտ Յավուրյանը այդ ժամանակի դեմք էր ու իր ամբողջ կյանքում մնաց այդպիսին: Պատահական չէ, որ երիտասարդները ձգտում էին նրա հետ աշխատել, նույնիսկ երբ արդեն մաեստրո էր: Եվ նա չէր մերժում. դա նրա լայնախոհությունն էր, գիտեր, որ ինքն անհրաժեշտ է երիտասարդներին, որպեսզի իր հզոր ուսերին հենվելով՝ սկսեն իրենց ճանապարհը:

Գեղարվեստական խորհրդի երկարատև նիստերի ժամանակ, որտեղ լուրջ մարդիկ մասնագիտական լուրջ վերլուծությունների էին ենթարկում սցենարը, նկարահանված նյութը և տալիս զանազան խորհուրդներ, Յավուրյանը նստում էր ու անընդհատ… նկարում:Դա չի նշանակում, որ նա չէր լսում: Բայց նկարում էր, որովհետև իր ներսում պահանջ կար. նկարում էր գեղխորհրդի անդամներին բաժանված թղթերի վրա, ու հանկարծ կիսաֆանտաստիկ նկարչական կոմպոզիցիա էր ծնվում, բայց նա թողնում էր այդ թղթերը ու գնում:

Թղթապանակներից մեկը մի անգամ վերցրի և մինչև հիմա պահում եմ. իր աշխարհն այնտեղ է…

 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտի պրոֆեսոր (ներկայումս՝ ռեկտոր)

Դիտվել է 85 անգամ