«Բրավո, վիրտուոզ». Հայաստանում նկարահանված ամենաթանկ ֆիլմը

bv3Հայրենական կինոյով հետաքրքրված հանրությունն էկրանավորված նոր պատմություն դիտելու հնարավորություն ունի։ Կինոռեժիսոր Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որի նկարահանումները սկսվել են դեռևս 2015 թվականին, արդեն կինոէկրաններին է։ Ֆիլմը Հայաստան-Ֆրանսիա-Բելգիա համարտադրությամբ է ստեղծվել։ Մինչև այժմ մեր երկրում նկարահանված ամենաթանկարժեք կինոնախագիծն է, որի վրա ծախսվել է 1միլիոն 200 հազար եվրո։ Նկարահանումները տեղի են ունեցել միայն Հայաստանում. տևել են 39 օր։ Ֆիլմին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ագային կինոկենտրոնը։

bv2«Կինոպարկում» տեղի ունեցավ ֆիլմի փակ դիտումը, որից հետո ստեղծագործական կազմը ներկայացրեց մանրամասներ նկարահանումների ընթացքից։ «Բրավո, վիտուոզը» երիտասարդ նորահայտ դերասան Սամվել Թադևոսյանի էկրանային դեբյուտն է։ Այս ֆիլմը «Կյանք ու կռվից» ավելի վաղ է նկարահանվել, պարզապես ավելի ուշ էկրան բարձրացավ, երբ հանրությունը նախրոդ ֆիլմից արդեն հասցրել էր սիրել ու հավանել Տիգրան-Սամվելին։

bv4«Բրավո, վիտուոզում» Սամվել Թադևոսյանը մարմնավորում է դասական երաժշտի՝ կլարնետահարի, որը պատահական դիպվածով հայտնվում է վարձու մարդասպանի դերում՝ տրցակով դոլարները, ատրճանակն ու հրահանգիչ հեռախոսը ձեռքին։ Գլխավոր հերոսը՝ Ալիկը, կոմպոզիտոր պապի հետ վճռել է Արցախում զոհված իր բժիշկ ծնողների հիշատակին համերգ կազմակերպել, բայց նվագախմբի հովանավորը սպանվում է, ու երիտասարդը դռնեդուռ է ընկնում՝ նոր մեկենաս գտնելու համար։ Այդ ընթացքում նա բախվում է դաժան իրականությանը. դեմ-հանդիման դուրս են գալիս օլիգարխները,  կաշառակեր ու անպատժելի պաշտոնյաները, որոնց համար գրոշ չարժեն ո՛չ Արցախում զոհված նվիրյալները, ո՛չ դասական երաժշտությունն ու փակման երին հայտնված նվագախումբը։ Մութ գործարքների լաբիրինթոսում Ալիկը ծանոթանում է անառողջ կյանք վարող մի աղջկա հետ, որը, պարզվում է, անձնական մեծ ողբերգություն է ապրում։ Ծնվում է սերը և նոր դիպվածների ու պատմության տեղիք տալիս։

bv5«Այս կերպարն  էկրանից դուրս իմ կերպարի  հետ ընդհանրություններ ունի. իրական կյանքում ես էլ եմ բախվել սոցիալական խնդիրների, այլ դժվարությունների։ Նախապատրաստական շրջան եմ անցել մինչ նկարահանումները. կլարնետի ու մեքենա վարելու դասընթացների եմ հաճախել։ Առաջինը ստացվեց, իսկ երկրորդը՝ ոչ։ Երբ այս ֆիլմում նկարահանվելու առաջարկն ստացա, չգիտեի, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմ է նկարահանվելու ու ես էլ եմ խաղալու այնտեղ։ Չգիտեմ՝ ինչ կարծիք  կունենա հանրությունն այս կերպարիս մասին, բայց փորձել եմ լիովին տրվել այս դերին, որ լավ արդյունք ստանանք»,- «Բրովո, վիտուոզում»  խաղացած իր դերի մասին ասաց Սամվել Թադևոսյանը։

bv7Լևոն Մինասյանը, որն իրեն համարում է գյումրեցի ռեժիսոր (երիտասարդ տարիներից ապրում է Ֆրանսիայում), նաև ֆիլմի սցենարիստն է։ Նա համագործակցել է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ղեկավարած «Ագաթ» ֆիլմարտադրող ընկերության հետ։ Ռոբեր Գեդիկյանը Հրաչ Քեշիշյանի ու Մարկ Բորդյուրի հետ հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը։ Կոմպոզիտորներն են Տիգրան Համասյանն ու Միշել Պետրոսյանը, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը։ Ֆիլմում նկարահանվել են Արման Նավասարդյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Վրեժ Հակոբյանը, Արամ Կարախանյանը, Մկրտիչ Արզումանյանը։ Գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել է ռուս դերասանուհի Մարիա Ախմետյանովան։

bv1Ռեժիսորն ու պրոդյուսերները դերասաներին ընտրելու համար երկար ու ձիգ քասթինգ են արել։ Ասում են, որ ֆրանսիացիներն ուղղակի հիացած են մեր դերասանների մասնագիտական որակներով, կան տեսարաններ, որոնք տասնյակ անգամներ են դիտել։

«Ես մտադրվել էի մի ժանրով չսահմանափակվել ու որևէ շրջանակի մեջ չմտնել։ Այդ պատճառով էլ իմ ֆիլմում կա և՛ հումոր, և՛ ցավ, և՛ էմոցիաներ։ Չեմ ուզել թեման ծանրացնել, եթե անգամ այն իսկապես ծանր ու ողբերգական է։ Փորձել եմ մատուցել թեթև, հումորային հարթության վրա։ Կինոն արվեստ է ու ամենալուրջ թեմաները պետք է արվեստի լեզվով մատուցել։ Մեր ասելիքը հետևյալն է. մարդը պետք է վերանայի իր ներսը, մարդուն պետք է քնած վիճակից հանել ու նրան ստիպել մտածել։ Մի փխրուն երիտասարդ է Ալիսկը, որը դիմակայում է դժվարություններին ու փորձում ինչ-որ բան փոխել մարդկանց մեջ»,- նկատեց ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ «Բրավո, վիտուոզը» շուտով կմասնակցի միջազգային մի քանի փառատոների։ Ցավոք, չեն հասցրել մասնակցել Կաննի փառատոնին, բայց առջևում Մոսկվայի, Ժնևի, Բրյուսելի փառատոներն են։

Նաիրա Փայտյան

Դիտվել է 256 անգամ