Վարդգես Բաղրյան․«Մեր զենքը տեսախցիկն  էր ու գրիչը»

Վարդգես ԲաղրյանԼրագրող, հրապարակախոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, որ երկար տարիներ ռադիոլրագրող է եղել, Արցախի հեռուստատեսության հիմնադիրներից է՝ տարբեր տարիների ստանձնելով նաև ղեկավարի պատասխանատվությունը: Նա հայտնի է ոչ միայն հեռուստադիտողին իր հաղորդաշարերով և հեղինակած ֆիլմերով, այլև ընթերցողին: Խոստովանում է, որ պահպանության առումով թղթին ավելի շատ է վստահում, քան ժապավենին կամ տարբեր կրիչներին: Բաղրյանի հրատարակած գրքերն ու հեղինակած ֆիլմերն ամփոփում են իր հիշողություններն ու դիտարկումները 1990-ականների թեժ ժամանակների մասին:

- Ձեր կենսագրությունից երևում է, որ երկար տարիներ ռադիոլրագրող եք եղել, Արցախի հեռուստատեսության բացումից հետո Ձեր մասնագիտական կյանքում նոր էջ բացվեց,  դարձաք հեռուստալրագրող, նաև ղեկավար: Ինչպե՞ս եղավ այդ անցումը:

- Կարելի է ասել, որ հեռուստատեսության ծնունդը համընկավ Ղարաբաղյան շարժման հետ:  Արցախի հեռուստատեսությունը ստեղծվել է 1988 թվականին:  Անդրանիկ ծրագիրը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին, որն էլ համարվում է Արցախի հեռուստատեսության ծննդյան օրը:   Լեռնային Ղարաբաղի Ինքնավար  Մարզում  հեռուստատեսությունը  ստեղծվեց Խորհրդային Միության ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով: Հեռուստատեսությունը,  ըստ էության, դարձավ և´ շարժման, և’ ազատամարտի տարեգիրը:

Բայց մենք ռադիոյի աշխատողներ էինք, ոչինչ չգիտեինք, ամեն ինչ պետք է սկսեինք զրոյից: Երևանից հրավիրվեցին Նիկոլայ Դավթյանը որպես գլխավոր ռեժիսոր, Գագիկ Սիմոնյանը՝ գլխավոր օպերատոր, Գագիկ Մկրտչյանը՝ կինոօպերատոր և Աննա Դավթյանը՝  ծրագրերի տնօրեն:  Շատ մեծ է նրանց ավանդը մեր հեռուստատեսության կայացման գործում: Մենք  նրանցից սովորեցինք հեռուստատեսության այբուբենը: Հետո, երբ Գագիկն ու Կոլյան տեղափոխվել էին Երևան, էլի գալիս էին նկարահանումների: Հիշում եմ՝ Շուշիի ազատագրման ժամանակ Գագիկը հատուկ եկել էր, որպեսզի Շուշիի ազատագրումը նկարի: Հիշում եմ նաև, թե ինչպես ինքնաթիռով տեսանյութը հասցրինք Երևան:  Օդաչուն երաշխիք չէր տալիս, որ բարեհաջող վայրէջք կկատարենք, բայց հասանք: Եվ ճիշտ ժամանակին էինք հասել, քանի որ  ռուսական «Վեստի» ծրագիրը հաղորդել էր, թե իբր Շուշին ադրբեջանցիների հսկողության տակ է: Այն ժամանակ Արցախի հեռուստատեսությունը չէր գործում,  և մենք Հայաստանի հեռուստատեսությունում հաղորդաշար էինք վարում՝ «Հատե տի»-ն: Թե ինչպես էինք ամեն անգամ նյութերն ուղարկում Երևան, դա էլ մի առանձին պատմություն է:  Մեզ հատկացված շատ կարճ ժամանակում հասցրինք ու զեկուցեցինք, որ ֆիլմը պատրաստ է: Սակայն նշված ժամին ֆիլմը չցուցադրվեց: Երբ հարցրինք պատճառը, Սամվել Գևորգյանը, որ այն ժամանակ Հեռուստառադիոկոմիտեի նախագահն էր, պատասխանեց, որ նպատակահարմար չէ: Երկար բանակցություններից հետո միայն մայիսի 15-ին՝ Շուշիի ազատագրման 7-րդ օրը ֆիլմը հեռարձակվեց:

- Ասում եք՝  Արցախի հեռուստատեսությունը չէր գործում: Ինչո՞ւ:

- 1992 թ. փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետանակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքը լիովին ավերվեց: Ռումբի բեկորն ընկավ ձայնադարան: Տեսաժապավեններն էլ դյուրավառ են, անմիջապես բռնկվեցին, շենքը սկսեց վառվել: Մենք հասցրինք հազիվ տեխնիկան հանել: Մեր ամբողջ արխիվը՝ չորս տարվա արխիվը գրեթե ամբողջությամբ վառվեց, պահպանվեց այն, ինչ կրկնօրինակ էինք արել ու պահում էինք տներում: Իսկ բնօրինակներն ամբողջությամբ հրի մատնվեցին: Բացի այդ, տասնյակ տարիների մեր ռադիոարխիվը: Հրշեջներն եկել էին, բայց մեքենայում ջուր չկար: Շենքը ստիպված էինք պայթեցնել, որպեսզի հրդեհը չտարածվեր, որովհետև այդ շենքի նկուղային հարկում մեր բանակի եղած-չեղած զինամթերքն էր: Եթե կրակը տարածվեր դեպի նկուղ, մեծ պայթյուն էր լինելու, և զինամթերքն էր ամբողջությամբ ոչնչանալու: Հետագայում բաբինները փլատակներից հանեցինք, բերեցինք Երևան, փորձեցինք մաքրել, բայց շատ չնչին բան հնարավոր եղավ վերականգնել:  Շենքի համար այնքան էլ չէինք ցավում, ի վերջո շենքը նորից կարելի էր կառուցել, բայց ամբողջ արխիվը կորցրինք:

Մենք առանց այդ էլ շատ սուղ պայմաններում էինք աշխատում, բոլոր առումներով: Մեքենա չունեինք,  նստում էինք ռազմաճակատ գնացող բեռնատարների թափքին, եթե հակաօդայիններն էին գնում, միանում էինք նրանց, բժիշկները՝ սրանց, Զորի Բալայանն էր գալիս ուղղաթիռով, առիթից օգտվում էինք, նրա ուղղաթիռով էինք գնում,  միանում էինք Ռուսաստանից եկած լրագրողներին…  Եվ  շատ ցավալի էր, որ հաճախ ստիպված էինք լինում նույն ժապավենի վրա նորից նկարել: Լավագույն դեպքում կարող էինք հաղորդման մոնտաժը պահել, շատ դեպքերում նույնիսկ դրանք էինք ջնջում: Օրերից մի օր՝  93-ի ապրիլի կեսերին, Քելբաջարի ռազմագործողությունից հետո ես օպերատորի՝ Արա Վանյանի հետ գնացել էի այնտեղ, Ավոն եկավ ֆրանսիացի ընկերների հետ, ասաց՝ այդ հաղորդումը տուր, որ տղերքը տանեն, Ֆրանսիայում ցուցադրեն: Ասացի ինչպե՞ս տամ, տեսաերիզ չունեմ, որ արտագրեմ տամ: Ավոն թե՝ կլսե՞ք Վարդգեսն ինչ կըսե: Այս տղաները գնացին ու շատ կարճ ժամանակ անց 20 հատ ուղարկեցին: Դա մեզ համար մեծ ցնծություն էր: Այդ պայմաններում էինք աշխատում, բայց ամեն դեպքում պահպանվել են որոշ բաներ: Բազմաթիվ ֆիլմեր ենք արել և´ պատերազմի ժամանակ, և´ պատերազմից հետո, ֆիլմաշար ենք արել՝ «Թերթելով պատմության էջերը»,  մի ամբողջ տարի այդ ֆիլմաշարը հեռարձակվեց:

Ի դեպ, այն ժամանակ Հայաստանի հեռուստատեսությունից Արմեն Արզումանյանն  առաջարկեց, որ երբ շարքն ավարտենք, տանք իրենց, որ իրենք էլ ցուցադրեն:  2007 թ., երբ այն վերջնական հավաքված էր  (47 հաղորդում է, 19 ժամ 30 րոպե տևողությամբ), տվեցինք: Դրեցին տակներն ու նստեցին, էդպես էլ եթեր չտվեցին: Ալիկ Հարությունյանը պատճառաբանեց, որ փող չունեն հոնորար տալու: Ասացի՝ հոնորար չեմ ուզում, ուղղակի թող հենց այնպես ցուցադրվի: Միևնույն է, չցուցադրվեց:

Ես իմ գրքերում մեկ առ մեկ բոլորի մասին գրել եմ, ովքեր կյանքի գնով նկարահանումներ են արել և´ մայր Հայաստանից, և´ Արցախից:

- Շատ նկարահանումներ էլ պահպանվել են, ֆիլմեր եք ստեղծել, ինչո՞ւ որոշեցիք նաև գրքեր գրել:

- Ես հավակնություններ չունեմ: Իմ սկզբունքը մեկն է՝ թող լինի թեկուզ 0.1 տոկոս, բայց ճշմարտությունը լինի: Հիմա շատ են աղավաղում պատմությունը:  Տարբեր լրատվամիջոցներում ու հրատարակություններում դեռ գլուխը քարը, բայց այդ սխալները դասագրքեր են մտնում, հանրագիտարաններ: Խայտառակ սխալներ: Բացի այդ, ես թղթին ավելի եմ  վստահում, այդ տեսաերիզները, խտասկավառակները ի՞նչ գիտես՝ մի օր ինչ կլինեն, իսկ գիրքը, վստահ եմ, կպահպանվի:

- Երբ առաջին անգամ ճակատ գնացիք, ի՞նչ զգացողություններ ունեցաք:

- Առաջին լուրջ ռազմագործողությունը, որ Գագիկ Սիմոնյանը, Բենիկ Ղարախանյանը և ես լուսաբանել ենք և հետո ֆիլմ ենք սարքել, Շուշիի ազատագրումն էր: Մենք սկզբում գտնվում էինք հրամանատարական կետում, որտեղ նկարահանումներ արեցինք դեռ մինչև ռազմագործողությունը սկսելը և ռազմագործողության ժամանակ,  նաև հետո: Դուք պատկերացրեք՝ ռազմագործողություններից հետո մտնում ես Ղազանչեցոց եկեղեցի և Պարգև սրբազանը պատարագ է մատուցում: Ի՞նչ զգացողություն կունենաս: Այդ կադրերը կան, ցնցող բան է, ցանկացած լրագրող երևի կերազեր  նման բան լուսաբանել:

Դրանից հետո իհարկե եղել են բազմաթիվ ռազմագործողություններ, որ մենք անմիջապես նկարահանող խմբով  նկարել ենք: Բայց իմ մասով ես կառանձնացնեի Թալիշի ազատագրումը 1994 թ. ապրիլի 14-ին:  Այդ կադրերը կան, պահպանվում են: Գիտեք, շատ հաճախ հարցնում են՝ բա չէիք վախենո՞ւմ: Իհարկե, մենք զենք, կրակող զենք չունեինք, մեր զենքը տեսախցիկն էր ու գրիչը: Ասել, թե չէինք վախենում… նորմալ մարդը չի կարող չվախենալ: Բայց դա մեր կռիվն էր, մեր պատերազմն էր: Եվ մենք պարտավոր էինք վարել այդ պատերազմը:

Մեր արածը իհարկե չի կարելի համեմատել ազատամարտիկների արածի հետ, որոնք գրեթե ամեն օր նայում էին մահվան աչքերին:  Մենք դադարներով էինք դա անում, գնում էինք  ճակատ, նկարահանում էինք, գալիս էինք մոնտաժելու, հաղորդումը պատրաստելու, հետո նորից գնում էինք. հերթափոխով: Տեսախցիկն իրար ձեռքից խլում էինք, թե ով պիտի գնա: Եվ դա էլ է նորմալ: Այսինքն՝ գլուխ չենք պահել,  և դրա վկայությունն այն տեսաարխիվն է,  ոսկե ֆոնդը Արցախի տեսադարանում: Ցավոք սրտի, շատ-շատ ժապավեններ չեն պահպանվել,  բայց գոնե այն, ինչ պահպանվել է, կարծում եմ՝ ընդհանուր տպավորություն թողնում է: Եվ հիմա թվայնացվում է Արցախի հեռուստատեսությունում այդ ամբողջ արխիվը: Եվ կարծում եմ՝ պետական հոգածություն է անհրաժեշտ այդ ամեն ինչի նկատմամբ: Սա մեր պատմությունն է: Դուք պատկերացրեք, որ մենք մի 100 տարի առաջվա կադրեր ունենայինք…

Հիմա ունենք մեր նորագույն պատմության կադրերը: Ի վերջո, երկիր ազատագրեցինք, երկրի թեկուզ մի հատվածը: Եվ կարծում եմ՝ սրան լուրջ ուշադրություն պիտի դարձվի, որովհետև, ցավոք, հիմա շատ հաճախ կեղծվում է պատմությունը, իսկ լավագույն վկաները տեսագրություններն ու ձայնագրություններն են: Որպեսզի ամեն մեկն իր տեսանկյունով, իրեն ինչպես հարմար է  չներկայացնի,  լավագույն ապացույցը տեսագրությունն է: Եվ հեռուստատեսության գործն այդ առումով ուղղակի անգնահատելի է: Եվ մեր պարտքն է, որ ինչպես եղել է, այդպես հանձնենք թղթին, եթե գիրք ենք գրում, որովհետև ոչ ոք պատմությունն աղավաղելու կամ որևէ մեկի համար պատվերով ինչ-որ բան գրելու իրավունք չունի: Իհարկե, բազմաթիվ դեպքեր կան, դեմքեր կան, որոնց մենք չենք հասցրել նկարահանել կամ թղթին հանձնել: Բայց դա էլ պետք է հասկանալ, ամեն ինչ չէ, որ հնարավոր է եղել լուսաբանել: Ուստի, իմ խորին համոզմամբ, այն, ինչ արվել է, պետք է կենտրոնացվի, մեկտեղվի, լինի դա տեսանյութ, ձայնագրություն թե գիրք, և այս ամենը մի հանրագիտարանի մեջ պիտի ամփոփվի,  որպեսզի պահպանվի ճշմարտությունը: Այսօր մենք ունե՞նք Արցախյան ազատամարտի հանրագիտարան: Դա հսկայական աշխատանք է, և այդ պատվերը պետք է պետական մակարդակով իջեցվի: Եվ այդ գործը պետք է արվի առանց փոխհատուցման:

- Ի՞նչ  չեք արել, որ ափսոսում եք կամ մեղավոր եք զգում:

- Ամենից շատ ափսոսում եմ նրա համար, որ հնարավորություն չունեինք ավելին անելու թե´ տրանսպորտի պահով, թե´ տեսախցիկների, թե´ ժապավենի: Երբեմն ուզում էիր մի ուղղությամբ գնալ՝ տրանսպորտ չկար, և շատ դեպքերում գնում էինք այն ուղղությամբ, որով տրանսպորտ գտնում էինք: Այդ պաատճառով բազմաթիվ ուղղություններ մեր տեսադաշտից դուրս են մնացել: Մի բանի համար էլ եմ ինձ մեղավոր զգում, դա կապված է «Ճերմակ ճակատ» ֆիլմի հետ: Այն ստեղծել ենք պատերազմից չորս տարի հետո:  Վալերի Մարությանը՝ մեր ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը, ինձ առաջարկեց միասին դիտել իր տեսաարխիվը և դրա հիման վրա ֆիլմ ստեղծել: Համաձայնեցի: Այդ տեսագրությունները ցնցող տպավորություն թողեցին, թեպետ արված էին սիրողական մակարդակով: Նկարահանումներն արել էին նրանք, ովքեր տվյալ պահին քիչ զբաղված էին եղել: Սցենարի կմախքը գրեց Վալերին, ինքն էլ կարդում էր: Եվ ի՜նչ ջանասիրությամբ:  Նա շատ էր ուզում տեսնել այդ ֆիլմը: Արդեն գիտեինք, որ նրա ժամերը հաշված են, ամբողջ գիշեր աշխատեցինք, մոնտաժեցինք, որ հասցնենք: Բայց հաջորդ օրը նա մահացավ ու այդպես էլ չտեսավ: Մի բան է մխիթարում , որ այն շատ է ցուցադրվել: Երբ այն ցուցադրել են Փարիզում, ֆրանսիացի բժիշկները չեն հավատացել, որ այդպիսի պայմաններում հնարավոր է նման բարդ վիրահատություններ կատարել:

-  Լավ, այդ ամենի շարքում ո՞րն է ամենավառ տպավորությունը, որը ոչ մի բանի հետ չեք փոխի:

- Երբ 88-ից սկսվեցին հանրահավաքները, այնպիսի մթնոլորտ էր, որ կարծում էի՝ այլևս երբեք չի կրկնվի: Բայց տեսանք, որ ապրիլին կրկնվեց: Կասկածներ ունեինք, ասում էինք, չէ՞,  ժողովուրդը հիասթափված է, եթե մի բան պատահի, էլ ոչ ոք ոտքի չի կանգնի, և նման բաներ: Բայց դուք պիտի տեսնեիք, թե այդ օրերին ինչ էր կատարվում Ստեփանակերտի հրապարակում, ինչքան կամավորականներ կային, ընդ որում, ոչ միայն Արցախից ու մայր Հայաստանից, այլև արտասահմանից՝ Սփյուռքից: Ես այդ օրերին հանդիպեցի  90-ականների պատերազմի մասնակից Մանվելին, որը հիմա բնակվում է Ավստրալիայում: Մարդը վեր էր կացել, եկել՝ նորից օգտակար լինելու հայրենիքին: Այդ զգացողությունն է, որ վեր է ամեն ինչից, որ այնուամենայնիվ ազգը միասնական է: Ցավոք սրտի, մենք սպասում ենք՝ դանակը ոսկորին դեմ առնի, որպեսզի դա տեղի ունենա: Բայց և այնպես դա էլ վատ չէ, որ ամենաօրհասական պահին մենք կարողանում ենք դա անել:

- Իսկ ռազմական գործողությունների՞ց:

- Շուշիի ազատագրումը:

- Ռազմական գործիչների՞ց:

- Դժվար է առանձնացնել, կարող է սուբյեկտիվ լինել…  Մոնթեն, միգուցե այն պատճառով, որ շատ էի շփվում նրա հետ: Նա չէր սիրում, երբ փորձում էիր իրեն մեծարել: Ես գիրք եմ գրել, հետո, կենդանության օրոք նա թույլ չէր տա: Նորից եմ ասում՝  դժվար է առանձնացնել, բայց նա ուրիշ էր: Ես թե´ գրքում, թե´ ֆիլմում որևէ մակդիր չեմ օգտագործել, ներկայացրել եմ իրական Մոնթեին: Եվ նրան ճանաչողները, թող անհամեստություն չընկալվի, ասում են, որ լավագույն գիրքը հենց իմն է, որովհետև գունազարդված չի. մեր հանդիպումներն են, մեր զրույցները և իմ ապրումները: Շատ-շատերին եմ հանդիպել, տեսել, բայց Մոնթեն առանձնանում է:

- Ի՞նչ է թողնում պատերազմը:

- Ավելի լավ ձևակերպում, քան Նժդեհն է արել, դժվար է պատկերացնել,   գոնե մեր պարագայում.  խաղաղությունը պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է:  Բայց խոսքը պիտի լինի արժանավայել, արժանապատիվ խաղաղության մասին, ոչ ամեն գնով խաղաղության: Հիմա մեզ ինչ-որ բան են պարտադրում, և ասում են՝ խաղաղություն է…

- Փաստորեն, Ձեզ համար խաղաղությունը պատերազմի գին ունի:

- Վազգեն Սարգսյանն էլ է, չէ՞, լավ ասել. գոնե մեկ անգամ մարդ պիտի սիրի իր պատերազմը: Սիրի և մինչև վերջ տանի այդ պատերազմը: Մենք դեռ էլի խնդիրներ ունենք, չէ՞, սրանով հո չի՞ վերջացել: Բայց նորից գամ Մոնթեի խոսքին. եթե մենք կորցնենք Արցախը, մենք կդարձնենք այն մեր պատմության վերջին էջը: Նա սա ասաց մեր առաջին հարցազրույցի ժամանակ՝ 1992 թ. հոկտեմբերին: Հիմա մենք պիտի կարողանանք ոչ միայն մարսել այս հաղթանակը, այլև զարգացնել այն: Մենք կորուսյալ երկիր ունենք: Այն ժամանակ էլ շատերին ուտոպիա էր թվում, որ կարող ենք ոչ միայն դիմակայել, այլև ազատագրել: Բայց դա տեղի ունեցավ: Այնպես որ ինչքան էլ պատերազմ չենք ուզում, ստիպված ենք սիրել մեր պատերազմը և մղել այդ պատերազմը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդ պատերազմին: Գիտենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչ հարևանների կողքին: Երբեք նախահարձակ չենք եղել, մենք չենք հեղինակը պատերազմի: Ուզում եմ ասել, որ պատերազմն այնքան էլ վատ բան չէ, եթե դա արդար պատերազմ է:

Մենք միշտ արդար պատերազմ ենք մղել, եթե չմղեինք այդ պատերազմները, վաղուց պատմության  բեմից հեռացած կլինեինք:  Կուզենայի, որ սա ականջներիս օղ անենք և ոչ մի պարագայում չլքենք երկիրը: Ինչքան էլ դժվար լինի, իսկ դժվարություններ շատ կան: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ոչ ոք չէր մտածում, թե Ադրբեջանը սկուտեղի վրա նվիրելու է մեզ Ղարաբաղը: Այսինքն, իմ համոզմամբ, անընդհատ տրտնջալու, բողոքելու, անընդհատ խավար գոռալու փոխարեն ամեն մեկս մի մոմ  վառենք, որ ցրենք այդ մութը:

Ես մի պիես ունեմ, որ մեր թատրոնը բեմադրել է, կոչվում է «Ես մնում եմ»: Իհարկե, ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատելու, առավել ևս մեղադրելու նրանց, ովքեր այնուամենայնիվ լքել են երկիրը, ինքս էլ հարազատներ ունեմ, որոնք այստեղ չեն, բայց կարծում եմ, որ պարտավոր ենք մնալ և պահել երկիրը, որքան էլ որ դժվար լինի:

Անընդհատ չմտածենք, թե ինչ է անում պետությունն ինձ համար, այլ մտածենք, թե ես ինչ եմ անում պետության համար: Եթե այս մտածողությունը գերիշխի, ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում իր գործը լավ կատարի, կարծում եմ՝ կունենանք մեր երազած երկիրը: Իսկ եթե անընդհատ նվնվանք և հոգնենք, կկորցնենք ամեն ինչ: Նորից մեջբերեմ Մոնթեին: Հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցրի՝ ինչպիսին եք տեսնում Արցախի ապագան: Պատասխանեց. «Արցախի ապագան երկու ձևի կարող է ըլլալ: Եթե թույլ ըլլանք, կրնանք պարտվիլ: Իսկ եթե ուժեղ ըլլանք, կրնանք ազատագրել ոչ միայն Արցախը, այլև մեր պատմական հայրենիքը»: Սա է, իմ կարծիքով, բանաձևը:

Ռուզան Բագրատունյան

 

 

 

 

 

 

Դիտվել է 59 անգամ