Դևիդ Լինչ. «Սերը կամ վախը, կախված էությունից, իշխում են աշխարհը»

Copyright Potemkine FilmssՋոն Նգույենի, Րիք Բառնեսի և Օլիվիա Ներգարդ-Հոլմի համահեղինակած «Դևիդ Լինչ. Արվեստի կյանք» (David Lynch: The Art Life) դոկումենտալ ֆիլմի պրեմիերային սրտատրոփ սպասում են Լինչի արվեստի հազարավոր սիրահարները: Փարիզյան կինոթատրոններում այն ցուցադրվելու է 2017 թվականի փետրվարի 15-ից, իսկ մինչ այդ կինոարվեստին նվիրված ֆրանսիական հայտնի «Կայե դը սինեմա» ամսագիրն իր վերջին` փետրվարյան համարում, անդրադառնում է ֆիլմին և տալիս իր քննադատական կարծիքը: Հատուկ «Կինոաշխարհի» ընթերցողների համար, արվեստաբան Լիլիթ Սոխակյանը թարգմանել է Ստեֆան Դելորմի հոդվածը:

Երիտասարդություն

LynchԴևիդ Լինչի կինոյի բոլոր սիրահարները պարտադիր պետք է դիտեն այս վավերագրական ֆիլմը, քանզի այդպիսի Լինչ հազվագյուտ կարելի է տեսնել: «Արվեստի կյանք» վերնագիրը կրող ֆիլմը նվիրված է ռեժիսորի ստեղծագործ կյանքին. մենք տեսնում ենք արվեստագետին իր տանը, նա նկարում է, հունցում, սոսնձում է և ամրացնում իր կտավները: Ֆիլմի գլխավոր միտքն է` համեմել արվեստին նվիրված առօրյա այս աշխատանքը ոչ պաշտոնական հարցազրույցով, որտեղ Լինչը պատմում է իր մանկության, երիտասարդության և «ձևավորման» տարիների մասին:
Դեռևս ստեղծման փուլում գտնվող նկարները, ինչպես նաև արդեն հայտնիները նկարազարդում են Լինչի հնչեցրած մտքերն ու կարծիքները, և ֆիլմը պահպանում է հիանալի հավասարակշռություն արվեստի և կյանքի միջև: Ուրեմն սխալ կլինի մտածել, որ այս վավերագրական ֆիլմը նվիրված է Լինչի արվեստին, այն առաջին հերթին ֆիլմ է արվեստագետի երիտասարդության մասին:

Կարելի է ասել, որ մինչ այդ Լինչն առանձնապես շատ չէր խոսել իր մանկության և պատանեկության տարիների մասին, նույնիսկ եթե «Կայե դը Սինեմայի» կողմից խմբագրած Լինչ-Քրիս Ռուդլի հարցազրույցները մնում են չափազանց արժեքավոր:

Այս ֆիլմում նա բացում է իր ֆոտոալբոմները, և շատ հուզիչ է տեսնել Լինչին` խորասուզված իր ստեղծման ակունքների մեջ: Ողջ աշխարհը պարփակված է մի քանի տների միջև, և այս ամենի կենտրոնում կագնած է կատարյալ երջանիկ մի ընտանիք, որտեղ իշխում է բացառապես սերը: Ընտանիքը շատ է տեղաշարժվում, մինչև որ դրախտը վերանում է` զիջելով իր տեղը սև դատարկությանը: Դեպի վատ կողմն է փոխվում նաև դեռահասի կյանքը:

Մենք հետևում ենք իր կինոյի ստեծման դիալեկտիկային և կարողանում այն սահմանել այսպես. սերը կամ վախը, կախված էությունից, իշխում են աշխարհը: Բազմիցս նա խոսում է այն դեպքերի մասին, որոնցից հետո ամենն իր կյանքում փոխվում է: Կարծում եմ, այս վավերագրական ֆիլմի արժեքը հատկապես կենտրոնանում է արվեստագետի կողմից մի հոգեխոց դեպքի նկարագրության մեջ: Նա երեխա է, եղբոր հետ կանգնած է սիզամարգի մի անկյունում, երբ հանկարծ տեսնում է դեպի իրեն առաջացող լիովին մերկ, հսկա կնոջ. չգիտի, ինչպես օգնի նրան, չէ որ փոքր երեխա է: Այս տեսարանը, որի նմանը հանդիպում է «Կապույտ թավիշ» (Blue Velvet) ֆիլմում, հավանաբար ամենահայտնիներից է լինչյան ֆիլմարվեստում: Սա ևս մեկ ապացույց է, որ Լինչը, ով հայտնի է երևակայության մեջ սուզվելու իր մեծ սիրով, իրականում ավելի քան իրատես է: Նա ճշգրիտ է իր զգացմունքներում, ապրումներում, հիշողություններում, նույնքան ճշգրիտ, որքան սպեկտրի մեկ այլ կողմում կանգնած ևս մեկ երազող արվեստագետ-պոետ Ֆիլիպ Գառելն է:

Copyright Potemkine Films

Լինչը մեծ ոգևորվածությամբ է պատմում նկարչության բացահայտման մասին, ինչը փրկում է իր կյանքը, ապա նկարագրում է Ֆիլադելֆիայի ներշնչող դժոխքը: Ամերիկյան կինոինստիտուտի կրթաթոշակն իրեն հնարավորություն է տալիս նվիրվել կինոյին, այդ տարի ժյուրին առանձնակի տպավորված էր: Ինչպես միշտ, Լինչը հայտնում է իր երախտագիտությունը: Նա ամուսնացած է, իր խնամքի տակ ունի մեկ երեխա: Մենք բացահայտում ենք Լինչի կողմից նկարված իր առաջին կնոջ` աննկարագրելի գեղեցիկ Փեգիի ֆիլմի կադրերը: Իսկ Լինչը հագնված է ինչպես դենդի, գլխարկով է, դուրս է գալիս զբոսանքի իր ընկերոջ` Ջեք Ֆիսկի ուղեկցությամբ, ով նույնպես դառնալու է Թերենս Մալիքի գործընկերը: Վավերագրական ֆիլմն ավարտվում է «Ռետին-գլուխը» (Eraserhead) ֆիլմի ստեղծումով:Copyright Potemkine Films.

Իհարկե Լինչը աննկարագրելի ֆոտոգենիկ է` պարուրված ծխի մշուշով: Ծխախոտ վերցնելիս, ասում է «have a smoke»: Գրասենյակի պատին կախված է Հիերոնիմուս Բոսխի կտավը, իսկ իր արվեստանոցում` «Օզի կախարդն» է. դժոխք և դրախտ, վախ և սեր: Տանից հազվադեպ է դուրս գալիս, հիմնականում աշխատում է: Միայն իր փոքր աղջիկն է զբոսնում սենյակներով: Հեռու աշխարհիկ կյանքից և անհանգստությունից, Լինչն աշխատում է իր արվեստանոցում: Դա կյանքի իրական դաս է, և ինչպիսի անցած ուղի` փոքր արվարձանից մինչև հոլիվուդյան բլուրներից մեկի վրա կանգնած այս տուն-արվեստանոցը: Ոչ ոք չէր կարողանա գուշակել նման ապագա: Մտաբերում եմ ամերիկացի մեկ այլ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, որը ծնվել է նույն 1946 թվականին, եղել է Լինչի նման սքաութ և փոքր քաղաքներում անց է կացրել իր երջանիկ մանկությունը: Կարծես այդ մեկնարկային սիրո մեջ է, որ երկուսն էլ կարողանում են գտնել անհագ ներշնչման աղբյուր: Բայց համեմատությունները կանգ են առնում այստեղ, քանի դեռ Լինչն ապրում է իր Արվեստի կյանքով: Նրա ընտրած մոդելը մնում է նույնը` արվեստագետ, որն ապրում է հեռու արտադրությունից, սպասում է ներշնչանքի, փորձարկում է և ստեղծագործում անդադար: The Art Life, արվեստը` որպես ապրելակերպ: Հրաշք է, որ նման արվեստագետը ընկել է Հոլիվուդ և հյուսել իր բույնն այստեղ:

Ֆիլմի նկարահանման ժամանակ Լինչը մտորում էր «Թվին Փիկսի» (Twin Peaks) երրորդ սեզոնի ստեղծման մասին: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, պարզապես անհավատալի է պատկերացնել, որ մինչ Լինչը նկարում է, ստեղծում կոլաժներ և կահույք, մինչ խոսում է մեզ հետ այդ ծխի մառախուղի միջից, նա նաև կրում է իր մեջ այնքան ցանկալի և սպասված սերիալի շարունակությունը:

Հեղինակ` Ստեֆան Դելորմ
Ֆրանսերենից հայերեն թարգմանությունը` Լիլիթ Սոխակյան

Դիտվել է 116 անգամ