Մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցադրության երկամսյակը

US2ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երրորդ անգամ նախաձեռնել է մեր երկրում ցուցադրել ամերիկյան 33 ֆիլմերից կազմված շարք։ Փետրվարին և մարտին Երևանում, Գյումրիում ու Վանաձորում կցուցադրվեն ամրիկյան կյանքի տարբեր ոլորտներին, մարդկային  փոխհարաբերություններին, երևույթներին վերաբերող ֆիլմեր, որոնք նկարահանվել են վերջին տարիներին, այսինքն՝ դրանք ամերիկացի ռեժսորների թարմ հայացքն են՝ ժամանակակից մարդու առջև ծառացած խնդիրներին ու խոչընդոտներին։

«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով վավերագրական ու խաղարկային ֆիլմերը կներկայացվեն հայերեն ենթագրերով. ցուցադրությունների մուտքն անվճար է։ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի բացման ժամանակ  նկատեց. «Գիտեմ, որ հայերդ շատ հուզիչ պատմություններ եք էկրան բարձրացնում. ինձ համար մեծ պատիվ է ամերիկացիների հուզիչ պատմությունները ձեզ ներկայացնելը։ Դրանք պատկերում են Ամերիկայի կյանքի խճանակարը՝ հաշմանդամությունից մինչ մշակույթ ու խոհանոց։ Հուսամ՝ հետաքրքիր էքսկուրս կլինի հայ հանրության համար, մանավանդ որ ամերիկացի կինոգործիչներ են ժամանել Հայաստան՝ հանդիպելու և վարպետության դասեր անցկացնելու կինոյով հետաքրքրվողների համար»։US 3

«Մարդկային պատմությունների խճանկար» ֆիլմերի ցուցադրման առիթով մեկ շաբաթ հյուրընկալելու ենք ցուցաշարի բացման՝ «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր Ջանեթ Գրիլոյին և մոնտաժող Դագ Բլաշին։ Ցուցադրությունից հետո ռեժիսորը կհանդիպի կինոդիտողների հետ ու կպատասխանի նրանց հարցերին։

«Կարմիր սրտերի Ջեքը» հետաքրքիր, ազդեցիկ սյուժե ունի. այն պատմություն է  մի ընտանիքի մասին, որը փորձում է օգնել աուտիզմով տառապող երեխային։ Վարպետության դասերի ու հանդիպումների ժամանակ ես պատրաստ եմ փոխանցել ոչ միայն կինգործչի մասնագիտական գիտելիքներս, այլև աուտիզմի առաջ բերած խնդիրները հաղթահարելու փորձս, որովհետև ես աուտիզմով տառապող երեխա եմ մեծացրել։ Նման խնդիրները համընդհանուր են, ազգություն, սեռ չեն ճանաչում։ Այդ պատճառով էլ մենք Հայաստան ենք բերել այնպիսի ֆիլմեր, որոնց թեմաները մոլորակի բոլոր անկյուններում էլ արդիական են, մտահոգիչ ու լուծում պահանջող»,- ասաց կինոռեժիսոր Ջանեթ Գրիլոն։

Բոլոր ֆիլմերն էլ հեղինակային են, դրանցից «Գլիսոնն» ընդգրկված է եղել այս տարվա «Օսկարի» կարճ ցանկում։ Դեսպան Ռիչարդ Միլսն իր կողմից գովազդեց դեռահասների մասին պատմող «Տպավորիչ ներկա» ֆիլմը, որը նկարահանվել է 2013 թվականին։ Առհասարակ բոլոր ֆիլմերը հստակ ուղղավածություն ու ոլորտներ ունեն։ Դեսպանատունը տպագրել է բուկլետներ, որոնք ներկայացնում են բոլոր ֆիլմերի սյուժեները, որպեսզի հանդիսատեսն ուղղորդվի ու մտնի այն դահլիճը, որտեղ ցուցադրվելու է իր նախասիրություններին ու հետաքրքրություններին համապատասխանող ֆիլմ։

ԹՈՒՄՈ կենտրոնում կցուցադրվեն նորագույն տեխնոլոգիաներին վերաբերող ֆիլմեր։ Առաջին ֆիլմի ցուցադրությունը Գյումրիում նախատեսված է փետրվարի 15-ին, Վանաձորում՝ փետրվարի 16-ին։

Նաիրա Փայտյան

Դիտվել է 32 անգամ