Իզաբել Յուպեր․ «Խաղալիս ես ոչ մի բանի մասին չեմ մտածում»

Isabelle Huppert (1)Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված թեկնածուներից է ֆրանսիացի դերասանուհի, կինոյի և թատրոնի ոլորտում բազմաթիվ մրցանակների արժանացած Իզաբել Յուպերը: Կինոարվեստին նվիրված ֆրանսիական հայտնի «Կայե դը սինեմա» ամսագիրն իր 723-րդ համարը (հունիս, 2016 թ.) նվիրել էր տաղանդաշատ դերասանուհուն:   Արվեստաբան Լիլիթ Սոխակյանը «Կինոաշխարհի» ընթերցողների համար թարգմանել է հատվածներ Իզաբել Յուպերի հետ հարցազրույցից։

Իզաբել Յուպերն այնքան փայլուն է Պոլ Վերհովենի «Նա» ֆիլմում, որ մենք պարզապես պարտավոր էինք նրան հանդիպել և զրուցել ոչ միայն ֆիլմի, այլև առհասարակ դերասանական խաղի մասին: Վերջապես, ցանկանում էինք տալ բոլորիս այրող այն հարցը՝ ինչպե՞ս է նա կարողանում մնալ նույնքան փայլուն, հիացնող և ստեղծագործ: Ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան ռեժիսորների հետ` լիովին մնալով ազատ և անկախ (ի դեպ, ներշնչված Կլոդ Շաբրոլով, Յուպերը «ռեժիսոր» տերմինի փոխարեն օգտագործում է «բեմադրող» բառը): Ինչպե՞ս է կարողանում նկարահանվել այդքան տարբեր ֆիլմերում` միաժամանակ կապելով բոլորն իրար նույն մեղեդիով, կամ պարզապես ինչպե՞ս է հնարավոր մեկ վայրկյանում այդպես փոփոխել դեմքն ու կերպարանքը: Իզաբել Յուպերն իրական գաղտնիք է:    

 

- Նախքան «Նա» ֆիլմի նկարահանումները Դուք աշխատե՞լ էիք Պոլ Վերհովենի հետ։

Ոչ այնքան: Նախ ինձ հետաքրքրել էր գիրքը, ապա հանդիպեցի Սաիդ Բեն Սաիդին, որը մտադիր էր ֆիլմը վստահել Պոլ Վերհովենին: Նրանք փորձեցին այն նկարահանել ԱՄՆ-ում, բայց չստացվեց. ավելի լավ: Նա ուզում էր ազատություն ունենալ բռնաբարության տեսարաններում: Մենք շատ էինք դա քննարկում, Վերհովենը բանավոր իմ համաձայնությունն էր ուզում, և ես իրեն ասացի. «Կանեմ այն ամենը, ինչ ցանկանում ես, որ անեմ»: Վերհովենն ուզում էր ինձնից դա լսել, եթե անգամ այնքան էլ պարզ չէր արտահայտում իր պահանջները: Եվ իմ ռիսկի դիմելը ճիշտ էր, քանզի Վերհովենն ինձնից անհարմար ոչ մի բան չպահանջեց: Դրանից հետո ամեն ինչ գնաց իր ճիշտ ճանապարհով: Իհարկե, մենք բավականին երկար աշխատեցինք բռնության այդ տեսարանի վրա, քանզի ամենաառաջին փորձից հետո անհաջող ընկնելու հետևանքով հայտնվեցի հիվանդանոցում: Վախենում էի կողային ջարդվածքից, ինչպես Ուրսուլա Մայերի «Տուն» ֆիլմի նկարահանման ժամանակ եղավ, Օլիվիե Գուրմեն այնքան պինդ էր ինձ գրկել, որ կողային ճեղքվածք ունեցա: «Նա» ֆիլմի իմ այդ դեպքից հետո մենք ստիպված եղանք փոխել նկարահանման տեսադաշտը և բռնության տեսարանները: Ինձ ճնշող կամ ամոթալի որևէ բան չկար: Վերհովենն առանձնահատուկ ուշադիր էր և նրբանկատ, անչափ սիրալիր:

- Դուք կրկին ուժեղ կնոջ դերում եք: Նույնիսկ Մադամ Բովարին Ձեր միջոցով դառնում է ուժեղ կին: Ձեր անցած ճանապարհը հիմնված է կնոջ հզորության և ուժի վրա, բայց և բնական ձևով միաձուլվում է Վերհովենի ֆիլմերի մյուս հերոսուհիների կերպարներին:

Այո, չգիտեմ՝ ինչպես որոշ թաքնված պատճառներով և առանց պայմանավորվածության, փաստորեն մենք շրջում ենք նույն առարկայի շուրջ, և բեմադրող-դերասան աշխատանքի արդյունքում ստանում նույն արտադրանքը: Դա ստացվում է ինքնաբերաբար. պարզապես հիանալի է: Տարօրինակ կերպով ֆիլմի երանգը ներթափանցում է հերոսների պահվածքի և արձագանքների մեջ, մեղմացնում կատարվածի բռնության աստիճանը, ստիպում դրանց լրջությամբ չվերաբերվել: Վերհովենն ու ես առաջ էինք գնում աշխատանքային նույն ալիքի վրա, առանց դրա մասին խոսելու անհրաժեշտության:Isabelle Huppert (2)

Ֆիլիպ Ժյանի (fr. Philippe Djian) գրքում մենք տեսնում ենք, որ հերոսուհին մի կին է, որը երբեք չի խղճահարվում, գութ չկա: Բայց դա բնավ չի նշանակում, որ բացակայում է նաև տառապանքը, այն պարզապես տեսանելի չէ: Ֆիլմը նպատակ չուներ տառապանք ցուցադրել: Այն ներկայացնում է մի շարք դեպքեր, որոնք կարող են պատահել, և ցույց է տալիս, թե ինչպես է կինը դրանք վերապրում: Սա մի այլ տարբերակ է տեսնելու կյանքի ընթացքը, կարծում եմ` ավելի մոտ իրականությանը: Առհասարակ մենք գտնվում ենք կյանքի այն կողմում, որտեղ ամեն օր մեզ հետ մի բան է պատահում, իսկ իրավիճակի վերլուծման կամ խղճահարության կողմը հանդիպում է հիմնականում գրքերում, իրականության հետ կապ չունի: Կյանքում պարտադրված գնում ենք առաջ, ինչ էլ մեզ հետ պատահի, առավոտից երեկո, առանց կանգառի կամ մտածելու ժամանակ ունենալու: Մշտապես շարժման մեջ:

- Համենայն դեպս Ձեր հերոսուհին այդպիսինն է: Իր շրջապատում տղամարդիկ ինչ-որ չափով ստոր են և վախկոտ, լինի նախկին ամուսինը, որդին թե սիրեկանը:

Նրանք իհարկե փայլուն չեն: Բայց միաժամանակ և ստոր չեն: Բացի սիրեկանից, ի դեպ, կան մոնտաժի ժամանակ հանված տեսարաններ, որտեղ վերջինս էլ ավելի ստոր է: Ֆիլմի տղամարդիկ անում են այն, ինչ կարող են, բայց թույլ են, անկասկած: Տղամարդիկ պետք է հրաժարվեն իրենց որոշ երազանքներից: Կանայք այլ տարբերակ չունեն, պետք է առաջ գնան` հակառակ բռնությանը: Կարծում եմ «Նա»-ն» դա է դարձնում այդքան ժամանակակից: Մենք կարող ենք ասել, որ «Նա»-ն ցինիկ է, բայց կարող ենք նաև չգալ այդ ենթադրության: Անցյալը նրան ազատում է: Նաև նկատեք, որ նրա անցյալն ընդամենը հիպոթեզ է, բավականին «շաբրոլական»: Մեզ չի հաջողվում նրա պահվածքին տալ հստակ բացատրություն: Շաբրոլն էլ էր արդպես աշխատում, տալիս էր սոցիալական, ընտանեկան, մասնագիտական տարբեր հիպոթեզներ, որոնց արդյունքում մենք ճշգրիտ չենք հասկանում, թե ինչպես է կառուցված հերոսը:

- Ձեր շնորհիվ մենք մտաբերում ենք Շաբրոլին, բայց նաև Հանեկեին:

Ես էլ եմ այդպես կարծում: Նաև Հիչքոկին: Մենք առանձնապես Շաբրոլի մասին չէինք խոսել, քանզի Վերհովենն աշխատում է տարատեսակ ժանրերով, առանց սևեռվելու դրանցից մեկի վրա, և մեզ` դերասաններիս տանում է լրիվ մի այլ տեղ: Ինձ համար Հանեկեն Բրեսոնի և Հիչքոկի մեջտեղում է: Նա ստեղծում է մշտական լարվածություն և միաժամանակ բրեսոնական անշարժություն:

- Բայց Վերհովենի մոտ մենք տարվում ենք կենարար ուժով: Չկա Հանեկեի ճնշող դաժանությունը:

Այս տեսանկյունից Վերհովենն իրոք հիանալի ռեժիսոր է: «Սև գիրքը» տաղանդավոր ֆիլմ է: Նրա ֆիլմերում կարծես կանգնած լինենք սառցե զառիվերի վրա, մի դեպքում հրեա կին, որ սիրահարվում է գերմանացու, մյուսում բռնաբարված կին, որ կապվում է իր բռնաբարողի հետ, և փաստորեն ունենք աննկարագրելի ֆեմինիզմի մի տեսակ: Վերհովենի հերոսուհիներն ամեն ինչի կարող են դիմակայել: Բայց միաժամանակ չեն հայտնվում տիրակալ կնոջ ծաղրանկարային պատկերի մեջ: Նրանք ո´չ զոհ են, ո´չ ամազոնուհի, ո´չ էլ իշխանամոլ: «Նա» ֆիլմի հերոսուհին կյանքի խորը մոտիվացիա չունի: Կա պարզապես կյանքի ընթացք, որին հետևում ենք: Հիշու՞մ եք այն տեսարանը, երբ ռեստորանում պատմում է իր բռնաբարության մասին. դե նման մի բան է պատահել, և առանց շատ պատճառներ փնտրելու. նա չի ցանկանում տեղեկացնել ոստիկանությանը: Հաճախ կյանքում մեր ընդունած որոշումները մի շարք փոքր մասնիկների կուտակման արդյունք են:

- Բավականին փորձարարական է: Ձեր հերոսուհին չգիտի, թե ինչ է ուզում անել այն հարևանի հետ:

Ճիշտ բառ է` փորձարարական: Կա օրգազմի այն նկուղային տեսարանը,  որտեղ մենք լավ տեսնում ենք, որ հերոսուհին իրական զգացմունքներով է տարված: Դա կարծես իր նպատակակետը լիներ: Այլևս չեմ հիշում, թե սցենարում ինչպես էր գրված, որովհետև մոնտաժի ժամանակ այդ տեսարանը կրճատվեց, չնայած ես կնախընտրեի օրգազմի պահը թողնել ավելի երկար (ծիծաղում է):

Ես անչափ հավանեցի Վերհովենի հետ աշխատելը: Նա աննկարագրելի կապի մեջ է թիմի հետ, շատ սիրալիր է, բայց և միաժամանակ շատ համառ, մինչև որ իր ուզածը չգտնի, չի թողնի գործը: Կարիք չկա փորձել նրան բացատրել որևիցե բան, կարևոր չէ, թե ինչ, միևնույն է, նա չի լսում: Եթե լավ չէ, ուրեմն լավ չէ: Հնարավոր չէ պատկերացնել անգամ մեկ վայրկյան, որ նրան հնարավոր լինի համոզել կամ էլ նա հրաժարվի ինչ-որ գաղափարից: Դա նրա մտքով անգամ չի անցնում: Աշխատանքային թիմը շատ համերաշխ էր, Վերհովենը՝ շատ ջերմ բոլորի հետ:

 - «Կայե դը սինեմայի» 722-րդ համարում նա մեզ խոստովանել էր, որ այն մենախոսության վերջում, երբ Դուք խոսում եք Ձեր մանկության տրավմատիզմի մասին, «վատ չէ» արտահայտությունը Ձեր միտքն էր:

Հնարավոր է: Արդեն չեմ հիշում: Ֆիլմն ունի իր ուրույն կյանքը, և դա հիանալի է: Պատկերավոր դարձնելու համար ասեմ` ֆիլմը կարծես գլուխը հատած հավ լինի, որը շարունակում է վազել: Կան պահեր, երբ ֆիլմը վազում է ինքնուրույն, կան պահեր, երբ տեսարանը դառնում է ավտոնոմ, և մեզ թողնում-անցնում է: Իմ դերը շատ հարուստ էր, շատ տարբեր տեսարաններ էր պետք խաղալ ամեն օր: Հիշում եմ պատուհանների և քամու տեսարանը, այնտեղ հազարավոր դետալներ կան: Երբ Լորան Լաֆիտը մոտենում է, ես գլուխս եմ քորում. շատ էի կարևորում այդ շարժումը, քանի որ այն ընդգծում էր իմ հուզմունքը և նրա՝ հուզմունքը թաքցնելու ցանկությունը:

- Այս տեսարանում կա մի արտասովոր կադր: Դուք միայնակ եք պատի դիմաց, և Ձեր հայացքը կլանում է տեսախցիկը: Այն հատում է բոլոր գծված սահմանները, մենք զգում ենք միաժամանակ նեղվածություն, ցանկություն և ոգևորվածություն:

Դա պատահում է այն ժամանակ, երբ բեմադրությունը գրականորեն պտտվում է քո շուրջը, երբ նա քեզ տանում է: Դա այն զգացողությունն է, որ ես ունեցել եմ Շաբրոլի կամ Հանեկեի կամ էլ վերջերս Միա Հանսեն-Լովի հետ աշխատելիս, համենայն դեպս հիմնականում այն ֆիլմերում, որտեղ հերոսը գերներկա է, երբ բեմադրությունը խաղի իրական գործընկերն է: Ամեն ինչ դառնում է հոսուն և հեշտ արտահայտելի, քանզի տեսախցիկի դիրքը ու շարժումը իրար չեն խանգարում: Այդպիսով դերասանը «ղեկավարվում է», բայց իրականում ճիշտ շարժումը, ճիշտ տարածությունը և ճիշտ կադրն են օգնում դերասանին արտահայտել տվյալ պահի ճիշտ զգացմունքը: Սա է բեմադրության մեծ արվեստը: Նման դեպքերում այլևս չես մտածում, թե ինչ ես խաղում, քանզի լիովին տարված ես բեմադրությամբ:

- Այսինքն ստեղծելո՞վ տարածություն Ձեր շուրջը:

Այո, շարժման միջոցով: Վերհովենն ինքն է այդպես ասում` բեմադրությունը շարժում է: Սակայն դա ամենևին չի նշանակում անընդմեջ շարժվել: Երբեմն շարժումը կանգ է առնում, և դա շարունակում է մնալ շարժում, այս անգամ՝ անշարժ: Տեսախցիկի ներկայության գիտակցությունը դերասանի համար մշտական է: Բեմադրության վարպետների շնորհիվ առաջանում  է զգացողություն, որ տեսախցիկն իր կատարյալ տեղում է, ինչն էլ ստեղծում է ճիշտ տրամադրություն:

- Հետաքրքիր է, որ Դուք միշտ ավելացնում եք փոքր դետալներ Ձեր երկխոսություններում, ինչն էլ դրանց տալիս է մշտական կատակերգական երանգ:

Ճիշտ եք նկատել: Դեր խաղալիս երևակայություն  է պետք, և այս փոքր դետալները անհրաժեշտ են: Որպես դերասան, ես կարևորում եմ իմ խաղի բնական լինելը, չէ՞ որ կյանքում մենք ունենում ենք բավականին զվարճալի արձագանքներ: Մենք հաճախ ենք հայտնվում զարմանքի իրավիճակում: Սրանք այն մանրուքներն են, որոնցով կարելի է հարստացնել դերն ավելի, քան մեզ թվում է: «Նա» ֆիլմում կա մի տեսարան, որ շատ եմ սիրում. երբ ես այցելում եմ բնակարանը, տղաս ինձ ասում է աստաբաշխական մի թիվ, և ես պատասխանում եմ`թանկ է, ձայնի մի տարօրինակ երանգով, որը հաճախ է պատահում մեր կյանքում: Նման պահերին պետք է փորձել բնական լինել: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, պետք է դերի մեջ ներառել քո իրական բնույթը: Դա չի խանգարի կառուցվածքին և ձևին, հակառակը:

- Ձեր այդ բոլոր փոքր արտահայտությունները ժպիտ են առաջացնում: Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ որոշակի դիստանցիա կա կամ դուք սառն եք, բայց արդյունքում բոլորովին հակառակն է. այդքան տարբեր երանգավորումներով խաղը ջերմացնում և յուրատեսակ կապ է ստեղծում դիտողի հետ:

Ես նույնպես այդպես եմ կարծում, երբեք չեմ հասկացել դիստանցիայի կարևորությունը: Միգուցե հեգնանքի այդ մեղմ քամին է նման թյուր տպավորության տեղիք տալիս: Բայց երբ լաց եմ լինում, ես լաց եմ լինում, և չկա որևէ հեգնանքի նշույլ: Փոխարենը հաճախ հումոր կա: Դա օրինակ՝ «Ապագա» ֆիլմի հերոսուհու կառուցման կարևոր տարրերից էր:

- Քիչ առաջ նշեցիք դերասանի ղեկավարման բացակայության մասին:

Չկար նման մի պահ, որ Վերհովենն ինձ թելադրեր, թե ինչ է պետք անել: Դե, իհարկե, կան մի շարք ժեստեր, որոնք անհրաժեշտ են տեսարանի հաջող լինելու համար: Բայց, ի տարբերություն Շաբրոլի, նա ինձ երբեք չասաց` պետք է անես այսպես կամ այնպես: Ես նման իրավիճակ չեմ հիշում: Իհարկե, դա նաև կախված է ֆիլմից և հերոսից: Միա Հանսեն-Լովը տալիս էր մի շարք ցուցումներ, որոնք ինձ երբեք անտեղի չեն թվացել: Այդ առումով հեշտ էր աշխատել նաև Հանեկեի հետ: Այն պահից, երբ ամեն ինչ ճիշտ դրված էր, նա սիրում էր թողնել տեսարանը ինքնահոսի: Բայց փոխարենը կարող էր կառչել մեկ այլ մանրուքից: Օրինակ՝ այն տեսարանը «Սեր» ֆիլմում, որտեղ ես մեջքով կանգնած լալիս եմ, մենք այն նկարել ենք անթիվ անգամ: Նա չէր գտնում լացի ճիշտ իր ուզած գույնը, չնայած ես տրամադրել էի երանգների մի ողջ տեսականի: Նման ձևով նա կարող էր սևեռվել մանր դետալների վրա, իսկ հետո չորս էջ երկարությամբ մի տեսարանի մեջ կասկածի տակ չդնել ո´չ ձայներանգը, ո´չ էլ լռությունը: Շաբրոլն էլ իր հերթին չէր թելադրում: Ասելով, որ չկա դերասանի ղեկավարում, ես իհարկե նկատի չունեմ, որ չկա ղեկավարում առհասարակ: Այդ թելադրանքն այնքան ճիշտ է դրված, որ մենք դրա ներկայությունը չենք զգում, Ճանապարհը լիովին գծված է, ամեն ինչ նշված է, առաջին իսկ օրվանից տրված է իմաստը:

- Պասկալ Բոնիցերն ասում էր, որ «Հենց այս պահին, հիմա» (fr. Tout de suite maintenant) ֆիլմի հիվանդանոցային տեսարանում  Դուք էիք որոշել, որ պետք է լաց լինել: Գրեթե անտանելի է տեսնել, ինչպես է Բակրին խոսում, իսկ Դուք շարունակում եք լացել: Հաճախ չէ, որ տեսնում ենք լացող մեկին, որն այդպես էլ չի սփոփվում:

Հնարավոր է, որ միտքն իմն էր: Ես շատ սիրեցի ֆիլմի հերոսուհուն և այդ զույգին, որը հայտնվում է արցունքների հեղեղի մեջ, այդ ողջ անցյալը և կորցրած սերը: Ես շատ չեմ մտորել, քանզի դա մի տեսարան էր, որն ինձ անչափ հուզում էր: Կարծում եմ, լինելով դերասան, մենք հաճախ խաղում ենք այնպես, ինչպես հանդիսատեսը կխաղար: Նախքան դերասան լինելը մենք ընթերցող և դիտող ենք: Որպես ընթերցողի՝ տեսարանն ինձ անչափ հուզել էր, և ես այն այդպես էլ խաղացի: Դա է դերասան լինելը. արտահայտել այն իրական զգացմունքը, որն ունենք որպես դիտող: Դա նաև ազատություն է:

- Այսինքն՝ հուզվե՞լ այն բանից, ինչ տեղի է ունենում:

- Այո, հուզվել կամ զվարճանալ: Կարծում եմ՝ իրական ճշմարտությունը դա է, ես խաղում եմ հնարավորինս այն, ինչ զգում և վերապրում եմ այդ պահին: Խաղում եմ այնպես, կարծես դիտողը ես եմ: Ի դեպ, դա նկատեցի՝ խոսելով Ձեզ հետ: Փաստորեն, ոչ որպես դերասան, այլ դիտող: Կարծում եմ, եթե որևէ մեկը փորձի ինձ շեղել այդ զգացողությունից, ես բավականին կճնշվեմ: Ես խաղում եմ, ինչպես զգում եմ: Հաճախ է ասվում, որ հերոսի և խաղացող դերասանի միջև նմանություն կա: Բայց ես կարծում եմ, որ դա շատ ավելին է: Իմ մեջ ապրող դերասանի ու դիտողի ես-երը համընկնում են:

- Խոսակցության մեջ նշեցիք. «Խաղալիս, ես ոչ մի բանի մասին չեմ մտածում»:

- Այդպես է, բայց դժվար է բացատրել: Կարծում եմ՝ դա կապված է հայացքի առկայության հետ, այն բանի, որ տեսախցիկը մշտապես Ձեզ է նայում: Թատրոնում, հանդիսատեսի դիմաց խաղալիս, ամեն ինչ ուրիշ է: Կինոյում՝ տեսախցիկի դիմաց, այլ բան է: Այդ մշտական հայացքի ներկայությունն է, որ կարծես ամեն տեսակ զգացողությունների լծակը լինի: Կինոն դա է: Հայացքի ուժը, որը քեզ վարժեցնում և դրդում է տարբեր արարքների: Ի դեպ, ես սիրում եմ հայացքս հնարավորինս մոտեցնել տեսախցիկին, թեպետ և կան որոշակի սահմաններ: Դա տալիս է ուժեղ գիտակցություն, որով դու  դիտողին քեզ մոտ ես հրավիրում, մտերմացնում ես:

- Ինչպե՞ս եք հաջողացնում ունենալ այսքան ուժ և էներգիա: Ամեն երեկո խաղալ թատրոնում, տասներկու շաբաթ նկարահանվել Վերհովենի մոտ և այնուամենայնիվ շարունակել աշխատել նման եռանդով:

- Ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք զբաղվո՞ւմ եմ սպորտով: Ոչ, իմ սպորտը ամեն երեկո թատրոնում խաղալն է: Աննկարագրելի զգացողություն էր, երբ նկարահանեցինք «Նա» ֆիլմի իմ վերջին տեսարանը: Իրական ուրախության ալիք: Ազատազրկում: Ես 10 րոպե ուղղակի պառկել էի հատակին: Ուժեղագույն պահ էր: Երբ նկարահանվում ենք 12 շաբաթ, դա անում ենք առանց շատ մտածելու: Բարդ բան չկա, ամեն ինչն առաջ է գնում ինչպես բաց թողնված թել: Բայց ավարտելով աշխատանքը՝ ապշում ենք, թե որտեղից կարողացանք գտնել այդքան ուժ: Երբ թատրոնում եմ, ներկայացումը սկսվելուց կես ժամ առաջ, հոգնած չեմ, բայց կարծես ալարկոտ լինեմ: Սակայն դուրս գալով բեմ՝ ամեն ինչն անցնում է: Ընտրության հնարավորություն չունենք:

Ի դեպ, հոգնածությունն իր հերթին ամենևին վատ բան չէ, այն տալիս է անտարբերության և կտրվելու զգացողություն, պակասեցնում է ծանրությունը և կամեցողությունը: Առաջին ներկայացումների վախն ահավոր է, անտանելի ծանր է: Ի դեպ, կարծում եմ, դա ոչ այնքան վախ է, ինչքան կենտրոնացում: Այն պահից, երբ մեզ հաջողվում է հաղթահարել այդ զգացողությունը, կարելի է այն փոխարինել թեթև հոգնածությամբ: Ես գնում եմ թատրոն 19:15-ին, ժամը 20:00-ին ներկայացումն արդեն սկսված է: Ես սիրում եմ ժամանել վերջին պահին, այդ առումով մի քիչ անուղղելի եմ: Միշտ հաջողացնում եմ ժամանել ուշացումով և պատրաստվել գերարագությամբ:

- Ավարտելով մեր խոսակցությունը՝ կուզենայի Ձեզ հարցնել՝ ինչպես եք կարողանում լինել այդքան տպավորիչ լացի տեսարաններում: Ձեր դեմքը լիովին փոխվում է, և դա բավականին ազդեցիկ է:

Մենք բոլորս մեր մեջ ունենք տխրության և հուսահատության մի մեծ պաշար, որը գտնելը դժվար բան չէ: Այն մեր կողքին է, միշտ պատրաստ արտահայտվելու:

- Այդ պաշարը հավասարության գալի՞ս է:

Այն մշտապես իր տեղում է, քանզի ես հաճույքով եմ դրանից օգտվում: Դա նման է երգեցողության մեջ բարձր նոտա վերցնելուն: Մեծ բան չէ: Սա նաև մասնագիտական, զուտ ֆորմալ հաճույք է:

-  Մեզնից շատերի համար այդ պաշարը բավականին խորն է, իսկ Ձեզ հաջողվո՞ւմ է այն հանել ջրի երես:

- Ես կարող եմ ամեն պահի այն օգտագործել, բարդ բան չէ: Խնդրեք դաշնակահարին նվագել Շոպենի սոնատներից մեկը կամ պարողին՝ կրկնակի թռիչք անել, նրանք դա կանեն հեշտությամբ: Դերասանի համար լաց լինելը մազոխիզմ չէ, այլ հաճույք: Մելամաղձության մեջ բերկրանք կա, քանզի կա նաև լիություն, կա արցունքների քնքշություն: Հաճույք է արտահայտել ուրախություն և տխրության նրբություն: Տառապանքն արտահայտելու մեջ տառապանք չկա. ճիշտ հակառակը:

Հարցազրույցը՝ Ստեֆան Դելորմի

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիլիթ Սոխակյանի

Դիտվել է 183 անգամ