«Լա-լա լենդը»՝ «Ոսկե գլոբուսի» մրցանակների ռեկորդակիր

4417041Երեկ՝ հունվարի 8-ին, Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն հոթել» հյուրանոցում կայացավ 74-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը, որը նշանավորվեց ռեկորդով:

Ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «Լա-լա լենդ» (La La Land) մյուզիքլը «Ոսկե գլոբուս» մրցանակ ստացավ այն բոլոր 7 անվանակարգերում, որոնցում ներկայացված էր: Ինչպես նշում են The Los Angeles Times թերթը, Hollywood Reporter հանդեսը և այլ լրատվամիջոցներ, 1944-ից՝ այս հեղինակավոր մրցանակաբաշխության հիմնադրումից ի վեր որևէ կինոնկար երբևէ միանգամից 7 արձանիկ չէր ստացել: Մինչ այս ռեկորդակիր էին համարվում «Թռիչք կկվի բնի վրայով» (1975) և «Կեսգիշերային ճեպընթաց» (1978) կինոնկարները, որոնք ստացել էին 6-ական «Ոսկե գլոբուս»:

«Լա-լա լենդ» տրագիկոմեդիան ջազային դաշնակահարի և երիտասարդ դերասանուհու սիրո պատմության մասին մրցանակ ստացավ «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում, որին հավակնում էին նաև «XX դարի կանայք», «Դեդփուլ», «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» և «Սինգ սթրիթ» կինոնկարները: Կատակերգության կամ մյուզիքլի գլխավոր հերոս դերասանների և դերասանուհիների մրցանակները նույնպես բաժին հասան «Լա-լա լենդի» դերակատարներին՝ ամերիկացի Էմմա Սթոունին և կանադացի Ռայան Գոսլինգին:
Շազելը մրցանակներ նվաճեց «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում: Ռեժիսորական անվանակարգում նրա մրցակիցներն էին Թոմ Ֆորդը («Գիշերվա հովանու ներքո»/ Nocturnal Animals), Մել Գիբսոնը («Խղճի թելադրանքով»/ Hacksaw Ridge), Բարրի Ջենքինսը («Լուսնի լույս»/ Moonlight) և Քեննեթ Լոներգանը («Ծովամերձ Մանչեսթր»/ Manchester By The Sea):
«Լա-լա լենդ» մյուզիքլի երաժշտության, ինչպես նաև լավագույն ճանաչված City Of Stars երգի համար մրցանակներ ստացավ ամերիկացի կոմպոզիտոր Ջասթին Գուրվիչը:

Տարվա լավագույն դրամատիկական ֆիլմ ճանաչվեց, ինչպես և սպասվում էր, ամերիկացի ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը», որը պատմում է երիտասարդ աղքատ աֆրոամերիկացու կյանքի մասին և համարվում էր այս տարվա ֆավորիտներից մեկը: Սա ներկայացված էր 6 անվանակարգերում, սակայն մնացած հինգից և ոչ մեկը չստացավ:

«Տարվա լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ծովամերձ Մանչեսթր», «Առյուծ», «Ամեն գնով» և «Խղճի թելադրանքով» կինոնկարները:
Դրամատիկական ֆիլմերի գլխավոր դերակատարների մրցանակները բաժին հասան ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպպերին («Նա»/ Elle) և ամերիկացի դերասան Քեյսի Աֆլեկին («Ծովամերձ Մանչեսթր»):

«Նա» թրիլլերը «Ոսկե գլոբուսի» արժանացավ նաև որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: Հոլանդացի և ամերիկացի ռեժիսոր Պոլ Վերհովենի այս կինոնկարը պատմում է ծանր հոգեբանական հարված ստացած փարիզուհու մասին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի համատեղ արտադրության այս ֆիլմի հետ պայքարում էին «Աստվածայինները» (ֆրանսիացի ռեժ. Ուդ Բենիամին ), «Ներուդա» (չիլիացի ռեժ. Պաբլո Լարիան), «Առևտրականը» (իրանցի ռեժ. Ասգար Ֆարհադի)և «Թոնի Էրդման» (գերմանացի ռեժ. Մարեն Ադե) կինոնկարները:

 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացավ Walt Disney ստուդիայի «Գազանապոլիս» (Zootopia) ժապավենը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակ տարավ Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը «Գիշերվա հովանու ներքո» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց ամերիկացի դերասանուհի Վիոլա Դևիսը «Ցանկապատեր» (Fences) կինոնկարում խաղացած դերի համար:
Հիշեցնենք, որ ամեն տարի Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից շնորհվող «Ոսկե գլոբուս» մրցանակը հեղինակությամբ զիջում է միայն «Օսկարին»: Մրցանակը շնորհվում է անցած տարվա արդյունքների հիման վրա, կինոն և հեռուստատեսությունն ընդգրկող ավելի քան 20 անվանակարգերում:
Այս տարի արարողությունն առաջին անգամ վարում էր ամերիկացի կատակերգակ Ջիմմի Ֆելլոնը: Նա, հակառակ սովորության, լսարանին զվարճացրեց քաղաքական կատակներով, որոնք մեծ մասամբ վերաբերում էին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամպին:

Մանրամասն տե´ս tass.ru

Դիտվել է 77 անգամ