Տոմա Վաշարով. «Սխալները հաճախ ավելի շատ են օգնում, քան ֆիլմի հաջողված մասերը»

unnamedՏոմա Վաշարովը (Toma Waszarow, Բուլղարիա) Լեհական միջազգային կարճամետրաժ կինոփառատոնում՝ Զուբրովկայում (Zubroffka.pl), ներկայացնում էր իր նոր կարճամետրաժը՝ «Կարմիր լույսը» և զրույցի ընթացքում պարզվեց, որ բացի ռեժիսոր լինելուց, նաև պրոդյուսեր և մոնտաժող է: Տոման հայազգի ռեժիսոր Գևորգ Ասլանյանի «Ինչպես գիրանալ առողջ եղանակով» ֆիլմի համարտադրողներից է: Ֆիլմը բավական հաջող փառատոնային կյանք է ունեցել և 2015-ին ներկայացված էր նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

- Ուզում եմ խոսակցությունը սկսենք Գևորգ Ասլանյանի ֆիլմով: Պատմեք խնդրեմ Ձեր համագործակցության մասին և թե ինչպես եք ֆինանսավորում գտել այդ մասշտաբային ֆիլմի նկարահանումների համար:

- Գևորգ Ասլանյանին հանդիպել եմ հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, որտեղ այդ պահին աշխատում էի որպես մոնտաժող, իսկ Գևորգը՝ որպես հետարտադրության խմբագիր (post production supervisor): Գևորգն ինձ ցույց տվեց ֆիլմի նախնական սցենարը. հավանեցի: Բավականին երկար ժամանակ աշխատեցինք զարգացման վրա, հետո միայն դիմեցի Բուլղարիայի ազգային կինոկենտրոնին (Bulgarian National Film Center) ֆինանսավորման համար: Դիմելու պահին ֆինանսական առումով ոչ մի սահմանափակում չկար, և կարճամետրաժ ֆիլմի համար ստացանք շատ լավ բյուջե՝ մոտ 100 000 ԱՄՆ դոլար: Մենք ստուդիայում դեկորացիաներ կառուցելու հնարավորություն ստացանք: Ֆիլմում կիրառվել են տասնյակ հատուկ էֆեկտներ, որոնք հենց նկարահանման ժամանակ էինք անում, առանց հետագա կոմպյուտերային մշակման:

- Ինչպիսի՞ն էր ֆիլմի փառատոնային ճակատագիրը:

- Շատ հաջող փառատոնային ճակատագիր ունեցանք, համարյա բոլոր տեղերում ցուցադրվեց մեր ֆիլմը, բացի առաջին կարգի փառատոներից: Հանդիսատեսն անմիջապես ընդունում էր ֆիլմը, այն սյուրռեալիստական կատակերգություն է՝ նկարահանված զվարճալի թեթևությամբ:

- Պատմեք բուլղարական կինոհամակարգի մասին, ինչպե՞ս է այն գործում:

- Եթե բուլղարացիներին հարցնենք՝ ինչպիսին է ձեր կինոհամակարգը, բոլորը միաձայն կասեն՝ ամեն ինչ վատ է, փող չկա և այլն: Նույն բանը տեղի է ունենում Եվրոպայում. մարդիկ գումար չունեն, հատկապես՝ կարճամետրաժների համար: Բայց ամեն դեպքում դիմելու և ֆինասավորում ստանալու հնարավորություն կա:

- Իսկ ինչպիսի՞ն է դիմելու ընթացակարգը, բաց փիչինգներ անու՞մ եք:

- Միայն անհրաժեշտ են սցենարը, սինոփսիսը և ռեժիսորի հայտը (director’s statement): Ամենակարևորը ռեժիսորի հայտն է, որի հիման վրա էլ տրվում է ֆինանսավորումը: Ընտրող հանձնաժողով կա, որը կազմվում է տարբեր կինոասոցիացիաների անդամներով: Պետք է կարողանալ լավ director’s statement գրել: Բայց ամեն դեպքում շատ կետեր կան մեր համակարգում, որ վերանայման կարիք ունեն, օրինակ՝ չկա դեբյուտային ֆիլմերի առանձին ֆինանսավորում: Հիմա կարճամետրաժ ֆիլմերի բյուջեն կրճատել են՝ 100 000-ից հասցնելով 25 000 ԱՄՆ դոլարի: Այս փոփոխությունների շնորհիվ մեծացրել են արտադրվող ֆիլմերի քանակը:

- Որպես փորձառու պրոդյուսեր՝ կարո՞ղ եք խորհուրդ տալ, ինչպես գրել լավ director’s statement.

- Առաջին հերթին պետք է ապացուցես, թե ինչու աշխարհը կարիք ունի տեսնելու հատկապես այդ ֆիլմը, երկրորդ՝ ինչու ես դու ուզում նկարահանել այդ ֆիլմը, ո՞րն է քո մոտիվացիան: Բացի այդ, շատ կարևոր է հստակ ներկայացնել ապագա ֆիլմի վիզուալ գաղափարը:

- Փառատոներից հետո ի՞նչ է տեղի ուենում Ձեր ֆիլմերի հետ, կարճամետրաժ ֆիլմերի համար կա՞ դիստրիբյուցիոն համակարգ:

- Բուլղարական դիստրիբյուցիոն համակարգը շատ անհաջող է: Կոնֆլիկտ կա հոլիվուդյան և տեղական արտադրության միջև, ամեն օր պետք է պայքարել «հակառակորդի» դեմ: Հանդիսատեսը նախընտրում է դիտել հոլիվուդյան կինոն, այդ կինոլեզուն հասանելի և ընկալելի է նրանց համար:

- Ինչպե՞ս եք համատեղում ռեժիսորի, պրոդյուսերի և մոնտաժողի մասնագիտությունները:

- Պրոդյուսեր եմ, քանի որ այլ ելք չկա: Տարիներ առաջ փորձեցի աշխատել այլ արտադրողների հետ, բայց հասկացա, որ լավագույն տարբերակը սեփական արտադրող ընկերություն ստեղծելն է և գործն ինքնուրույն վարելը:

- Որպես մոնտաժող աշխատելիս ինչ-որ մեթոդ ունե՞ք:

- Առաջին հերթին պետք է օգնել ռեժիսորին, ոչ թե քո ֆիլմը մոնտաժել, այլ միասին գտնել ռեժիսորի պատկերացրած ֆիլմը: Պետք է մի կողմ դնել սեփական զգացմունքները: Շատ կարևոր է քո ներսում ունենալ այս բաժանումը: Պատահում է, որ որոշ ռեժիսորներ տեխնիկապես այնքան էլ լավ չեն պատկերացնում մոնտաժային ընթացքը, բայց հստակ պատկերացում ունեն դրամատիկ կառուցվածքի մասին: Սովորաբար ես չեմ կարդում սցենարը: Ռեժիսորի հետ նայում եմ նկարահանված ամբողջ նյութը, ընթացքում նշում ենք հաջողված դուբլերը, հետո նոր անցնում բուն մոնտաժին: Միշտ փորձում եմ հիշել իմ առաջին տպավորությունները: Ամենակարևորն առաջին տպավորությունն է:

- Դառնալով Զուբրովկային՝ կցանկանայի՝ մի փոքր պատմեք Ձեր «Կարմիր լույս» ֆիլմի մասին:

- Երկար դադարից հետո նկարահանեցի «Կարմիր լույսը»: Պահ կար, երբ ֆիլմ նկարելը թողեցի և սկսեցի զբաղվել մոնտաժով՝ դառնալով բավականին պահանջված մոնտաժող Բուլղարիայում: Աշխատել եմ մի քանի լիամետրաժների վրա, ինչպես նաև տասնյակ գովազդային հոլովակներ եմ մոնտաժել: Երեք տարի առաջ Լեհաստանում գտա «Կարմիր լույսի» գաղափարը: Շատ կարևոր էր վերագտնել իմ սեփական ոճը: Ֆիլմում կան սխալներ, բայց այդ սխալները հաճախ ավելի շատ են օգնում, քան հաջողված մասերը: Ֆիլմը, սկսած այս տարվա մարտ ամսից, ճամփորդում է փառատոնից փառատոն, և մինչև հիմա էլ ստանում եմ մասնակցության հրավերներ: Այս ֆիլմով շահել եմ տասը մրցանակ, սակայն դարձյալ Կաննի, Բեռլինի և նմանօրինակ փառատոներում մասնակցություն չեմ ունեցել, պետք է հաջողակ լինես այնտեղ հայտնվելու համար:

- Ձեզ՝ որպես ռեժիսորի ի՞նչ են տալիս կարճամետրաժ ֆիլմերի փառատոներն ու մրցանակները:

- Ինքնավստահություն:

Հարցազրույցը՝ Դիանա Կարդումյանի

Դիտվել է 34 անգամ