ACTION! ֆիլմլաբ. արդյունքը՝ մոտ ապագայում

15039482_218990905195908_364913749674260362_oԿինոյին լավ սցենար է պետք, լավ ռեժիսուրա, լավ պրոդյուսեր, պորֆեսիոնալիզմի վրա հիմնված արդյունավետ, նպատակային, արդարացված աշխատանք, ընդ որում՝ թիմային։ Ժամանակակից կինոն պահանջում է կրթական նոր որակներ ու հմտություններ, արտադրական յուրաքանչյուր քայլը ճիշտ հաշվարկելու և գնահատելու չափանիշներ: Նախքան նկարահանումներն սկսելը պետք է նախապատրաստական փուլեր անցնել, տեսական գիտելիքи, հմտության պաշար ունենալ, կինորտադրության նոր մոտեցում, ֆինանսավորման այլ մեխանիզմներ: Այլ կերպ ասած՝ եվրոպական ավանդույթներ ու փորձ են առաջարկում կինոռեժիսոր ամուսիններ Հովհաննես Գալստյանն ու Մարինա Զաքարյանը։ Նրանք CineCity նախագծի շրջանակում բացել են ACTION! կինոդպրոցը, որն իր գործառույթներով ACTION! ֆիլմլաբ է։ kinoashkharh.am-ը հետաքրքրվեց՝ ինչ նպատակ ու գործունեություն է ունենալու այս նախագիծը։ Հանդիպումը նախաձեռնողների հետ տեղի ունեցավ հենց ACTION! ֆիլմլաբում, որտեղ դեկտեմբերի 1-ից դասապրոցեսն սկսվել է։

maxresdefault- Պարոն Գալստյան, ի՞նչ պատճառով, ո՞ր անհրաժեշտությոնից ելնելով բացեցիք այս դպրոցը և նախաձեռնեցիք CineCity նախագիծը։

- Մեզ շատ են պետք պրոֆեսիոնալ սցենարիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ։ Հայաստանյան կինոարտադրության գործող մոդելը փոխելու անհրաժեշտություն կա թե՛ ֆինանսավորման, թե՛ հայտերի ընդունման և ընտրության տեսանկյունից։ Մեր կինորատադրությունը պետք է վերջապես շարժվի տեղից։ Կինոն շատ բարդ արվեստ է, և կինո նկարելու համար հարկավոր է փուլ առ փուլ առաջ գնալ։ Մինչդեռ մեզանում սցենարը գրվում է, հանձնվում ռեժիսորին, փողերը տրվում են ոչ թե պրոդյուսերին, այլ ռեժիսորին, նա էլ իր համար առանձին աշխատում է՝ առանց սցենարիստի հետ համագործակցելու։ Ամեն ինչ տարերային բնույթ է կրում: Հետևանքն այն է, որ 25 տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը չեն կարողացել դուրս գալ մեծ կինոշուկա։ Ֆիլմ նկարահանողը պետք է լիովին պատկերացնի այն փուլերը, որոնք պետք է անցնի, մինչ նկարահանումը երկար պատրսատվի, նախագիծը մշակի, զարգացնի։ Եվրոպական ֆիլմերն այդպես են ստեղծվում՝ նախապատրաստական երկար ճանապարհ, նկարահանման կարճ ընթացք։ Կինոյի և հեռուստատեսային ոլորտներում պետք են տեսական և գործնական գիտելիքներով զինված մասնագետներ, հարկավոր է բացահայտել նոր սցենարիստների ու կինոռեժիսորների, օգնել նրանց՝ անելու առաջին ինքնուրույն քայլերը։ Հարկավոր է կինոինդուստրիայի, ֆիլմերի տարածման ճիշտ ռազմավարություն մշակել։

- Ինչպե՞ս եք ընտրել ձեր ուսանողներին, ի՞նչ սկզբունքով։

- ACTION! ֆիլմլաբի գովազդ չենք արել. բավարարվել ենք միայն CineCity նախագծի ֆեյսբուքյան էջի տարածմամբ, և անմիջապես արձագանքողներ եղան։ 27 հայտատուներից ընտրել ենք 12-ին՝ 6 ռեժիսորի, 3 սցենարիստի և 3 պրոդյուսերի։ Սցենարիստներից մեկը Բեռլինից է։ Նրա հետ դասը վարում ենք skype-ով։ Եթե դիմորդների ներկայացրած նախագծերը բավարար հիմք չունենային, նրանք մեր ուսանողը չէին դառնա։ Մեր նպատակը դիմորդների մեծ թիվը չէ, այլ վստահելի պոտենցիալով, ունակություններով, մեծ ձգտումներով ուսանողներ ունենալը։ Մեր 12 ուսանողները հենց այդպիսին են։ Նրանք ներկայացրել են հետաքրքիր, կենսունակ նախագծեր, որոնք դասընթացների ժամանակ մշակում ենք, զարգացնում, ուժեղացնում։

- Ի՞նչպես եք անցկացնում դասապրոցեսը, հատկապես ինչի՞ վրա եք կենտրոնացնում ուսանողների ուշադրությունը, մասնագիտական որակներն ինչպե՞ս եք զարգացնում։ Մի խոսքով՝ ինչի՞ համար են այս դպրոց գալիս դիմորդները։

- ACTION! ֆիլմլաբի ուսանողներից 6-ը մասնագիտական կրթություն են ստացել: Բոլորն էլ մեր դպրոցում նոր գիտելիքներ են ստանալու. ինչ է սցենարը, ռեժիսուրան, պրոդյուսինգը: Եկել են մասնագիտական նոր որակներ, հմտություններ ձեռք բերելու, որոնք շատ շուտով կիրառելի կլինեն գործնականում։ Շաբաթվա առաջին երեք օրերին նրանք ակադեմիական գիտելիք են ստանում կինոարտադրության բոլոր փուլերի մասին: Մասնագիտանում են ինչպես ստեղծագործական, այնպես էլ տեխնիկական առումով. հեղինակային իրավունք, պայմանագրեր, արտադրության պլան, ժամանակացույց, արտադրական գործընթաց, ֆիլմի վաճառք, համատեղ արտադրություն և այլն: Դասավանդում ենք ես և կինս՝ կինոռեժիսոր Մարինա Զաքարյանը։ Բայց շուտով կունենանք նաև այլ հրավիրված մասանգետներ։ Մեր ուսանողներն ուսումնասիրում են դրամատուրգիա հասկացությունը՝ սկսած Արիստոտելից։ Սովորեցնում ենք՝ ինչպես մտահղացումը դարձնել ապրանք, ինչպես պատրաստել կինոնախագծի փաթեթը՝ ներառելով սցենարը, ռեժիսորական մոտեցումը, ֆինանսական աղբյուրները, կինոարտադրության կազմակերպումն ու կառավորումը։ Մի խոսքով՝ ինչպես ներկայացնել կինոհայտ միջազգային չափանիշներով և միջազգային հարթակներում։ Դասերի ընթացքում մենք բացում, բացահատում, շերտատում ենք սցենարները, ուժեղացնում այդ կինոնախագծերի բոլոր օղակները։ Սցենարը պետք է ներկայացվի լիարժեք, հաստատուն, համոզիչ։ Այս ամենին զուգահեռ՝ մեր ուսանողները լավ ֆիլմեր են դիտում, որպեսզի բացատրվածի, ներկայացվածի օրինակները զուգահեռաբար տեսնեն նաև համաշխարհային էկրանի հեղինակավոր ֆիլմերում։

- Ի՞նչ հնարավորություններ են տրվում ուսանողներին։ Դասը՝ դաս, բայց կինոն տեսական հարթակից պետք է տեղափոխվի գործնական դաշտ, որպեսզի գիտելիքները կիրառվեն ու արդյունքը տեսանելի լինի։

- Մենք պայմանավորվածություն ունենք «Հայկ» կինոստուդիայի և Հանրային հեռուստատեսության հետ, որոնք պետք է ֆիլմեր պատվիրեն մեր ուսանողներին։ Մեզ աջակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: 10 ամիս է տևում դասապրոցեսը, որից հետո մեր ուսանողները երկու ամիս անցնում են արտադրական գործընթաց։ Այսինքն՝ գալիս է ժամանակը, որ նրանք իրենց զարգացրած կարճամետրաժ կինոնախագծերը նկարահանեն։ Նրանց տրվելու են տեխնիկական, ֆինանսական բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր դպրոցում կա կանաչ ստուդիա, որտեղ կարող են ինկրուստացիաներ նկարել, նկարահանումների համար եկող տարի վերևի հարկում տաղավար ենք պատրաստելու, ունենք նաև մոնտաժի, ձայնագրման սրահներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ֆիլմ նկարահանելու համար սցենարը զրոյից սկսելուց մինչև ֆիլմի վերջնավարտը։ Եթե ամեն ինչ բարեհոջող լինի, մեր ուսանողները կդառնան նաև իմ ասիստենտները։ Եվ այդ դեպքում ես տարեկան մեկ ֆիլմ կնկարեմ ու կլինեմ շատ երջանիկ ռեժիսոր և պրոդյուսեր։

- CineCity նախագիծն ու ACTION! ֆիլմլաբը ստեղծելով՝ Դուք կինոինդուստրիայի նոր քայլ, մոդել եք առաջարկում։ Ինչպիսի՞ փոփոխություններ կուզեիք տեսնել մեր կինոոլորտում։

- Ես շատ թշնամիներ եմ ձեռք բերել՝ նշելով մեր կինոասպարեզի թերություններն ու արատավոր կողմերը։ Ընդհանրապես համաշխարհային կինոյում հետևյալ սկզբունքն է գործում. ռեժիսորի առաջին ֆիլմի ֆինանսավորումը հեշտությամբ է տրվում։ Բայց երկրորդից սկսած՝ դժվարանում է։ Ինչո՞ւ, որովհետև երկրորդ ֆիլմի դեպքում հարց է առաջանում՝ կինովարձույթում ֆիլմն ի՞նչ հաջողություն է ունեցել, ինքա՞ն է վաճառվել կամ փառատոնային ի՞նչ հաջողություն է ունեցել։ Պատասխանը տխրեցնո՞ղ է, ուրեմն այդ ռեժիսորի՝ երկրորդ ֆիլմը նկարելու շանսերը քչանում են, նրան գումար չեն տա։ Կամ էլ նրա ֆիլմում առնվազն պետք է գերաստղ նկարահանվի, որ ֆինանսավորողը վստահ լինի՝ ֆիլմի վրա ծախսած գումարը հետ կգա։ Մեզ մոտ այս մոդելի ճիշտ հակառակ տարբերակն է գործում. ռեժիսորի առաջին ֆիլմին դժվարությամբ են փող տալիս, բայց հետո հեշտանում է. անուն հանած, հայտնի ռեժիսորները պետական ֆինանսավորում հեշտությամբ են ձեռք բերում: Սա սխալ մեխանիզմ է։ Չէ՞ որ այդ հայտնի ռեժիսորներն իրենց հեղինակության շնորհիվ կարող են մասնավոր հովանավորների ֆինանսավորում ստանալ։ Ճիշտ կլինի, որ անկախ կինոարտադրողները շատանան: Պետք է ճանապարհ բացել երիտասարդ ռեժիսորների առաջ, նոր անուններ, նոր կինոնախագծեր մեջտեղ բերել։ Կարծում եմ՝ դեբյուտային ֆիլմերի բյուջեն պետք է մի քանի անգամ մեծանա և խստանան պետական գումարներով ֆիլմ նկարահանելու չափանիշները: Չկա՞ արժանի կինոնախագիծ այս տարվա համար, թող գումարները չծախսվեն, հաջորդ տարվա բյուջեն էլ կավելանա ու լավ կինոնախագիծ ներկայացնելու դեպքում լուրջ բյուջեով լուրջ ֆիլմ կնկարահանվի: Թող պայման դրվի ռեժիսորի առաջ՝ նախորդ ֆիլմդ ի՞նչ որակ, ի՞նչ հաջողություն է ունեցել. անբավարա՞ր է արդյունքը, ուրեմն մյուս ֆիլմի համար գումար չես ստանա։ Պետք է շատ անաչառ գնահատվեն կինոնախագծերը, և գնահատողն էլ լինի ոչ թե գեղխորհուրդը, այլ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ ներկայացուցիչ կինոթատրոնից, մյուսը՝ ֆինանսիստ, երրորդը՝ իրավաբան և այլն:

- Այսինքն՝ առաջարկում եք ֆիլմի սաղմնային վիճակից մինչև ավարտը գնահատման բոլորովին այլ ձևաչափեր ու չափանիշներ:

- Այո, ես պնդում եմ, որ դեբյուտներն առանձնացվեն մյուս ֆիլմերից ու երիտասարդներին ինքնադրսևորման համար լայն հնարավորություն տրվի: Իսկ առհասարակ ֆիլմերի նախագծերը ներկայացվեն փիչինգների միջոցով՝ բաց, թափանցիկ ու հասանելի բոլորին, այդ թվում՝ լրագրողներին: Այնքան պետք է խստացվի պետբյուջեով նկարահանվող ֆիլմերի ընտրության կարգը, որ եթե այս կամ այն ֆիլմն արժանանա պետության ֆինանսավորմանը, ապա դա համարվի երևույթ, անվերապահորեն բարձրարժեք ֆիլմի նախագիծ:

- Ձեր պատկերացումներում ու կինոյի զարգացման տեսլականում Դուք ակնհայտորեն մեծ տեղ եք տալիս երիտասարդներին: Իսկապես մեծ հույսե՞ր եք կապում նրանց հետ:

- Իհարկե, ես սպասում եմ մասնագիտական լուրջ կրթություն ստացած, միջազգային չափանիշներով կինոյի դաշտում լուրջ քայլերի պատրաստ սերնդին: Մենք կբերենք այդ սերնդին. շատերը լավ կինո կնկարեն, փոփոխություններ կանեն ոլորտում: Մեր կինոդպրոցը ներդրումներ է արել կրթության ոլորտում, որն օգտկար կլինի ու նոր որակ կբերի կինոինդուստրիային: Մեր գլխավոր նպատակը պետք է լինի եվրոպական շուկա դուրս գալը, եվրոպական կինոգործընթացներին հավասար քայլելը, Եվրոպայի հետ մրցակցությանը պատրաստ լինելը:

ACTION! ֆիլմլաբում ուսումնական ամբողջ գործընթացը նկարահանվում է: Ֆիլմ է պատրաստվելու՝ ինչպես է տեղի ունենում ուսանողների մասնագիտական առաջընթացը, զարգացումը: Նախագիծը ստեղծվել է Հովհաննես Գալստյանի անձնական ներդրումների հաշվին, թեև համախոհներ, աջակցողներ էլ կան: Մտադրություն կա հանրապետության տարբեր մարզերից և Արցախից ևս ուսանողներ ունենալ, որոնց հետ դասընթացը կանցկացվի skype-ով:

Նաիրա Փայտյան

 

 

Դիտվել է 110 անգամ