Պատերազմը  հաղթած  բանակի մայրը

%d0%bd%d0%be%d0%b2%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b62016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերը ստիպեցին վերստին զգալու պատերազմի նենգությունն ու վայրագությունը: Խախտվեց հայ-ադրբեջանական փխրուն հրադադարը։ Սահմանին կանգնած տղաների անձնազոհությամբ ու խիզախությամբ դարձյալ պարտադրեցինք թշնամուն կանգ առնել: 

«Բնակի մայրը» վավերագրական ֆիլմը նվիրված է քառօրյա մարտերում ընկած հերոսների անմար հիշատակին։ Ֆիլմում նկարահանվել է հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը: Կինոնկարի հեղինակը Սոնա Տոնականյանն է: Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է, որ սիրում է թե՛ վավերագրությունը, թե՛ Արցախը։ Իսկ  հարցին, թե արդյո՞ք սերը բավական է մոտենալ մի թեմայի, որից նույնիսկ շատ պրոֆեսիոնալներ են խուսափում, Սոնան անվարան պատասխանում է,-«համարձակությունն էլ եմ սիրում»։

Ո՞վ է բանակի մայրը:  Նրա հայացքը որոնող է տնից դուրս գալիս, Ստեփանակերտում, Մարտակերտում քայլելիս: Անցնում է որդու ճանապարհով հույս փայփայելով, որ կգտնի նրան: Այս կնոջն հետաքրքիր է  յուրքանչյուր մանրուք, թե ո՞ր խանութից է առևտուր արել որդին, հյուրանոցի ո՞ր մահճակալին է քնել, զորամասի ո՞ր սեղանին է նստել, ինչպիսի՞ հրամանատար է եղել, և ամենակարևորը՝ ո՞ր խրամատում է ընկել հերոս զավակը:  Ֆիլմի յուրաքանչյուր դրվագ հուզիչ է. մտնելով այն խանութը, որտեղից որդին միշտ առևտուր է արել, որդու զինակից ընկերոջ փոքր տղայի համար զենք է գնում, ապա սովորեցնում՝ կրակել: Նա հայ կնոջ այն տեսակն է, որը չի ողբում: Այս կինը բանակի մայրն է, ում որդին հաղթել է թշնամուն։  Հաղթող այս տեսակը լացող ու խղճալի կերպար չէ, նա շարունակում է մորը բնորոշ հոգատարություն ցուցաբերել զինվորների նկատմամբ: Վերջին տեսարանում, խրամատից դուրս գալով, մի քանի քայլ է անում և դեպի վերև ժպտում, որը մեկնաբանելը անհնարին է:

Արդարացված համարձակություն

Ֆիլմի սկզբից հեղինակը բացահայտում է ամբողջ բովանդակությունը մի նախադասությամբ՝ տնից խրամատ, ահա ճանապարհը, որ կանցնենք: Առաջին հայացքից չգիտես սա երիտասարդ ռեժիսորի ոչ պրոֆեսիոնալիզմն է, թե ներքին վստահությունը, որ բացահայտելով ֆիլմի ընդհանուր գիծը հանդիսականի մեջ չի սպանի հետաքրքրասիրությունը։ Կարելի է ասել նաև, որ այդ մի նախադասությունը սպանում է անսպասելիի ակնկալիքները: Սակայն հաջորդ կադրից անմիջապես կարծես հանդիսականը մոռանում է բացահայտված սյուժեի մասին:  Ֆիլմում մի մոր կերպար է, որ մի որդին տվել է հայրենիքին, իսկ մյուս որդու հետ անցնում է հայրենի ճանապարհով՝ դեպի խրամատ: Մոր կողքին որդու ներկայությունը ֆիլմն էլ ավելի շահեկան է դարձնում, մանավանդ հեղինակին հաջողվել է որսալ նուրբ դրվագներ մայր-որդի հարաբերություններում: Ճանապարհին մեքենայից հնչում է «Հայոց մայրեր» երգը, մայրը արցունքը զսպած անորոշ հայացքով նայում է և ահա որդու մի հայացքի մեջ տեսանելի է դառնում սփոփոփող  մեծ ուժ դեպի մայրը:  Հայաստան- Արցախ պետական սահմանին թաքնված նկարահանումը, վստահաբար կարող ենք ասել, որ միայն մուգ կադր չէր ֆիլմում, այլ որոշակի հասցեագրված ուղերձ, ինչն ակնկալում էր նաև հավելում, որը ցավոք բացակայում է ֆիլմում: Գովելի են  ֆիլմում հանդիպող,  վավերագրողին բնորոշ,  իրարամերժ և միաժամանակ իրար լրացնող զուգահեռների առկայությունը. Ստեփանակերտի թեթև առօրյան պատկերող տեսարաններին զուգահեռ զոհված հերոսների հարազատներն են, եղբոր մահվան դեպքը պատմող տեսարանին հաջորդում է, թե ինչպես է նա արծիվ որսում, մի տեսարանում Աստծուց խռոված, իսկ խրամատում՝ «Է~ Աստված» արտաբերող մայրը: Այս և նման վայրիվերումները նրբորեն դառնում են  խորքային բովանդակություն կամ հագեցած վավերագրական դրամատուրգիա:

Ֆիլմում գեղեցիկ է արված բնություն-մարդ-պատերազմ հարաբերությունները՝  նռները մոր գրկում, այնուհետև խրամատի ճանապարհին հնարավոր բերքի, չորացած հողի ու պատերազմի հետևանքով չբնակեցված տարածքների մասին ակնարկները: 20 րոպեում էկրանից փոխանցվող հզոր էներգիան ամբողջապես փաստում է ֆիլմի ստացվածությունը, սակայն չենք կարող չասել բովանդակային որոշ շտկումների անհրաժեշտությունը, որոնք առակա են կինոնկարում։

Հստակեցնենք՝ հպանցիկ է անցնում ֆիլմում մոր ու որդու հարաբերությունները, որոշ տեսարաններ պահանջում են շարունակություն, սակայն այդպես էլ չեն լրացվում, գունային, հնչունային և մոնտաժային վերամշակումները ևս ցանկալի են: Այնուամենայնիվ  արդյուքնում կա մի ֆիլմ, որը  պատերազմի նենգությունը խտացրել է մի կնոջ ցավի ու ներքին ողբերգության մեջ։

Լիանա Պողոսյան

Դիտվել է 449 անգամ