«Նուռ» կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b43Նոյեմբերի 16-20-ը Տորոնտոյի հայ համայնքում կինոտոն էր: Ամենամայա «Նուռ» (Pomegranate )կինոփառատոնը արդեն 11-րդ անգամ հանդիսատեսին հնարավորություն  ընձեռեց դիտելու ֆիլմեր՝ Հայաստանից և Սփյուռքի տարբեր գաղթօջախներից:  Ցուցադրվեց տարբեր ժանրերի 38 ֆիլմ: Փառատոնը 2005 թվականին  հիմնադրել են մի խումբ հայեր՝ տեղի Համազգային «Գլաձոր» միության աջակցությամբ:

Փառատոնն անցավ լիքը դահլիճներում և ուղեկցվեց նկատելի ջերմ տրամադրությամբ:  Հաճելի էր նկատել, որ այս մեծ քաղաքում ապրող բազմազբաղ հայերը  մեծ հետաքրքրասիրությամբ ներկա էին գտնվում ֆիլմերի ցուցադրությանը: Տոմսարկղերի մոտ գոյանում էին հերթեր, և այցելուների մեջ որքան երիտասարդներ կային, նույնքան ավագ սերնդի մարդիկ:  Ֆիլմեր դիտելու էր գալիս նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:

Ինչ խոսք, փառատոնը ժամանցի և միմյանց հանդիպելու  հրաշալի առիթ էր տեղի հայերի համար, սակայն, քանի որ ներկայացվող ֆիլմերի արծարծած թեմաները հիմնականում առնչվում էին Հայաստանին , փառատոնը հնարավորություն էր ֆիլմերի բարձրացրած մտահոգիչ թեմաների շուրջ քննարկումներ ծավալելու:Ֆիլմերի միջև ընդմիջումների ժամանակ միջանցքներում բուռն քննարկումներ էին ընթանում:

Իսկ ֆիլմերը ամենատարբեր թեմաների շուրջ էին, և, բնականաբար,  Հայոց ցեղասպանության թեմային  առնչվողները քիչ չէին: Այս իմաստով մի շարք իսկապես հետաքրքիր ֆիլմեր ցուցադրվեցին; Օրինակ,  համշենցի ռեժիսոր Օսչան Ալպերի  «Քամու հիշողությունները» (The Memories of the wind) լիամետրաժ ֆիլմը, որ Ֆրանսիայի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ  է: Պատմական դրամա, որ մարդկային մեկ ճակատագրի՝ գլխավոր հերոս Արամի միջոցով ի ցույց է դնում ոչ միայն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը, այլև իր զգայացունց պատմությամբ  հավաստում, որ հիշողությունն ապրում է ենթագիտակցության մեջ և եթե այն կա, այլևս քեզ հետ է ընդմիշտ: Ֆիլմը մի շարք մրցանակներ է ստացել տարբեր փառատոններում, սակայն «Նուռ»-ից այն մրցանակ չտարավ:

Հայոց Ցեղասպանության մասին էր   Թուրքիայից ռեժիսորներ Էլա Ալյամակի ու Արեն Փեդերցիի «Կորուսյալ թռչուններ» (Lost Birds )ֆիլմը: Ռեժիսորների խոսքով, սա Թուրքիայում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է: Ռեժիսորների հետ հարցազրույցը «Կինոաշխարհում» կներկեյացնենք շուտով, մինչ այդ տեղեկացնենք, որ Կորուսյալ Թռչունները «Նուռ»-ում արժանացավ միանգամից երկու մրցանակների՝ Լավագույն լիամետրաժ  երկրորդ մրցանակ և Հանդիսատեսի կողմից տրվող լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակ: Ֆիլմի մասին ամենակարևոր փաստը թերևս այն է, որ այն երկու հայ երեխաների պատմություն է և նկարահանված է նրանց դիտակետից: Ռեժիսորները իրենց ֆիլմը հեիքաթ- ֆիլմ են սիրում անվանել, քանի որ սցենարական այնպիսի լուծումներ են գտնել, որ առանց   հայոց Ցեղասպանության սարսափազդու տեսարաններ ֆիլմում ներկայացնելով, կարողացել են փոխանցել մեր ժողովրդի ողբերգական պատմությունը՝  կյանքը հեքիաթ պատկերացնող  քույր ու եղբոր հուզիչ, գեղեցիկ, լույսով ու տխրությամբ լեցուն այս պատմությամբ:

Մյուս կարևոր ֆիլմը,  ԱՄՆ-ում բնակվող Բարեդ Մարոնյանի  «1915 թվականի կանայք» (The Women of 1915) վավերագրական ֆիլմն է : Այն  բազմաթիվ կանանց վերաբերյալ խորքային ուսումնասիրություն է ՝ հայ և այլազգի, որոնք Ցեղասպանության տարիներին անհավանական խիզախումի օրինակներ էին և ում շնորհիվ հարյուր-հազարավոր մարդիկ, հիմնականում երեխաներ,  կարողացան փրկվել և ապրել: Ֆիլմը ամենատարբեր անձնական արխիվներից կարողացել է գտնել կանանց մասին ցնցող, ուշագրավ  պատմություններ : «1915 թվականի կանայք» ֆիլմը  բացառիկ ջերմ ընդունելության արժանացավ՝ ստանալով «Ոսկե նուռ» հատուկ մրցանակը, ինչպես նաև արժանացավ փառատոնի Լավագույն վավերագրական  և Հանդիսատեսի կողմից ընտրված Լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակներին: «1915-ի կանայք» վավերագրությունը, ըստ էության, շարունակությունն է ռեժիսորի նախորդ՝ «Ցեղասպանության որբերը» վավերագրության: Բարեդ Մարոնյանի հետ  հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Փառատոնի լավագույն վավերագրություն երկրորդ մրցանակին արժանացավ  հայաստանցի ռեժիսոր Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը, որ պատմություն-վավերագրություն  է այն մասին, թե ինչպե՞ս և  ինչո՞ւ են մի խումբ տարեցներ  սիրում պարել:

Հետաքրքիր  էր լիբանանահայ ռեժիսոր Նիկոլ Բեզջյանի նոր «Լույսի տաճար» ֆիլմը։: Այն վավերագրական պատում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը մեր լավագույն կրթական հաստատություններից էր և որը մի քանի տարի է, ինչ այլևս չի գործում: Ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը Սփյուռքում: Իսկ դրանք, ցավոք, հետզհետե պակասում են:

Փաատոնի Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվեց երիտասարդ ռեժիսոր Աննա Արևշատյանի   «Բարի լույս» Ֆիլմը , որը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային  13-րդ կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում արժանացել էր «Ոսկե ծիրանի»: Ֆիլմը սեփական պատմության հետ առերեսվելու մասին է, նաև՝ Արցախյան պատերազմի և 90 ականների մեր հիշողության:

Փառատոնն առանձնացավ նաև իր կարճամետրաժ ֆիլմերի հետաքրքիր ցանկով: Ուշագրավ ֆիլմեր էին Տաթևիկ Գալստյանի «Հակոբը պատրաստ է»  ,  Ռուսաստանից Աննա Գորոյանի «Բժիշկը»,  Գարեգին Պապոյանի՝  «Սխտորաշեն», Սոնա և Մարինե Քոչարյանների՝ «Ջիլիզից Ջիլիզ» , Հայկ Մաթևոսյանի «Սիրիա, իմ սեր» և այլ ռեժիսորների  ֆիլմեր: Փառատոնի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Աննա Գորոյանի «Բժիշկը» , Լավագույն կարճամետրաժ երկրորդ մրցանակին արժանացավ «Ջիլիզից Ջիլիզը»: Իսկ կարճամետրաժ ֆիլմին տրվող «Չեքիջյան «մրցանակը ստացավ ԱՄՆ-ից Հայկ Մաթևոսյանը իր՝ «Սիրիա, իմ սեր» ֆիլմի համար:

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի իրարամերժ կարծիքների արժանացած  «Երկրաշարժ» ֆիլմը ստացավ Լավագույն լիամետրաժ ֆիլմ երրորդ մրցանակ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին և իրենց հետաքրքիր կինոձեռագրով աչքի ընկան նաև Ատոմ Էգոյանի «Հիշիր» (REMEMBER ), Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործության հիման վրա նկարահանված Մեգ Րայանի «Իթաքա» (Ithaca), Սերժ Ավետիքյանի՝  «Հայաստանում մոլորվածը» (Lostin Armenia ) ֆիլմերը:

 

Մերի Մուսինյան

Տորոնտո

 

 

 

 

Դիտվել է 131 անգամ