Գագիկ Սիմոնյան. «Կրակոցներն այնքան սարսափելի չէին, որքան ադրբեջանցիների աչքերը, որ տեսա Շուշիում»

unnamed-11988-ին ազատագրական պայքարի առաջին քայլերն անող Արցախում առաջինը ոտք դնողներից է եղել Հայաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Գագիկ Սիմոնյանը: Քիչ է ասել, թե §1988, 3-ը փետրվարի¦ տարեթիվը ճակատագրական է եղել նրա համար։
Գագիկ Սիմոնյանին ճանաչում են «Կյաժ Գագո» մականունով: Նրան իր շեկությունը հաճախ է օգնել. ադրբեջանցիները ռուսի տեղ էին դնում։ Այսօր էլ Արցախում նրա անունը հաճախ է շրջանառվում, արցախցիները երախտագիտությամբ են հիշում նրան։ 2008 թվականից նա աշխատում է Մոսկվայում: Տարածությունն ու ժամանակն անջրպետի դեր չեն կատարել: Արցախյան շրջանն անցյալ չէ, Գագիկ Սիմոնյանի հետ է՝ նրա ենթագիտակցության շերտերում պահ մտած: Այս հարցազրույցն այդ թաքստոցից մի կերպ է հանել նրա արցախյան անցյալի դրվագները: Դրանք նա անթեղել է ու վերհիշել, վերապրել չի ուզում: Սա ցավ տեսած, ընկեր կորցրած մարդկանց հետպատերազմյան համախտանիշն է։

- Տարիքային տարբերությունը կարծես դեր չի խաղում, ու դժվարանում եմ Ձեզ դիմել §պարոն Սիմոնյանով¦: Երևի նրանից է, որ Ձեզ ճանաչողների համար Դուք նույն երիտասարդ, խենթ Կյաժ Գագոն եք: Նրանց պատմածներից այդ մտերմությունն ինձ էլ է փոխանցվել. ուստի Ձեզ կդիմեմ առանց «պարոնի»:

- Շատ ավելի լավ, պարոն Սիմոնյա՞նը որն է: Ես Գագոն եմ ու վերջ: Բայց նախապես զգուշացնեմ, որ իմ մասին շատ բան չեմ կարող պատմել, ամեն ինչ չէ, որ հիշում եմ: Ուրիշներին հարցրեք, նրանք ավելի լավ են հիշում ու երբեք չեն մոռանում: Համ էլ ես գործ անող եմ, խոսող չեմ:

- Ղարաբաղյան շարժման ակունքներում եք եղել՝ որպես ականատես ու վավերագրող. Ձեր փոխարեն մեկ ուրիշը հիմա սեփական մեդիա ընկերությունը կունենար, նկարն ու կենսագրական ճոխ պատմությունն էլ գրքերի, թերթ-ամսագրերի առաջին էջերից չէր իջեցնի: Իսկ Ձեր մասին ոչ համացանցում կա մի տող, ոչ էլ ֆիլմերում կամ մամուլում: Ամենաթարմ ու միակ հոդվածը 2006 թվականի է:

- Ես ինքս չեմ սիրում իմ մասին խոսել։ Սիրում եմ ամեն ինչ զրոյից սկսել՝ նոր հիմքերով, նոր գաղափարներով, հետաքրքիր մտահղացումներով: Մի հեռուստատեսություն տվեք, ամեն ինչ սարքեմ, տամ ձեռքներդ: Իմ փորձն ու գիտելիքը միշտ կարող եմ ներդնել նոր կադրեր պատրաստելու համար։ Թե չէ… անցյալ է էլի, անցած-գնացած ցավոտ բաներ, որոնք չեմ ուզում հիշել. դրանք ինձ ցավ են պատճառում։

- Այդ անցյալում Դուք Ացախի հեռուստատեսություն եք ստեղծել զրոյից, արցախյան տարեգրություն: Պատմեք, թող չիմացողներն իմանան: Չէ՞ որ անգամ մերօրյա պատմությունը պատմություն չի դառնա, եթե չլինեն այն վավերագրողները:

- 1988-ի փետրվարի 3-ին ես ոտք դրեցի Ստեփանակերտ: Չորսով էինք, չորսս էլ հեռուստատեսությունից՝ ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը, լրագրող Բակուր Կարապետյանը, օպերատոր Գագիկ Մկրտչյանն ու ես: Շահեն Մեղրյանը մեզ կանչեց Շահումյան, որպեսզի տեղի միջադեպերը նկարահանեմ։ Թուրքերը քարկոծել էին հայերին ու նրանց մեքենաները, ճանապարհներին ծեծված ու հիվանդանոցներում վիրավոր հայերից հարցազրույց վերցրինք։ Հենց այդ ժամանակ առաջին անգամ տեսա Շահեն Մեղրյանին ու ծանոթացա նրա հետ։ Անվտանգության նպատակով մերոնք պաշտպանական կետեր էին ստեղծել ու ստուգում էին ավտոմեքենաները։ Հետո մտանք Մարտակերտ. միտինգներն արդեն սկսվել էին, այնտեղից գնացինք Ստեփանակերտ, որտեղ որոշում էր կայացվում առանձնանալ Ադրբեջանից: ԿԳԲ-ն ու ադրբեջանցիները հետևում էին ամեն ինչին, դրա համար էլ տեսախցիկը դրել էի պայուսակի մեջ ու թաքուն էի նկարում։ Ամեն ինչ նոր էր մեզ համար՝ թեժ կետ, ազգամիջյան լարվածություն։ Ես ոչ միայն օպերատոր էի, այլև գիշերները մոնտաժ էի անում թե՛ Հայաստանի , թե՛ արտասահման ուղարկելու, թե՛ Ռուսաստանի համար։

- Լինո՞ւմ էր այնպես, որ ստիպված ինքներդ որոշում կայացնեիք, ելքեր փնտրեիք։ Չէ՞որ այդ ժամանակ արցախյան կյանքը տարերային, անկանխատեսելի ընթացք ուներ։

- Եթե կռվող տղերքին հարցնում էին՝ ինչի կարիք ունես, պատասխանում էին՝ զենքի, իսկ երբ այդ հարցն ինձ էին տալիս, պատասխանում էի՝ տեսախցիկի ու տեսաերիզի։ Ինչ-որ տեղերից հայթայթում էի դրանք, տալիս տեղացիներին ու Բերդաձոր, Շահումյան ուղարկում, որ տեղում ամեն ինչ նկարվի։ Անհրաժեշտությունից ելնելով՝ սեփական նախաձեռնությամբ թղթակցական կետեր էի բացել Արցախում։ Գիտակցում էի, որ այդ նկարահանումները պետք են ոչ միայն ցուցադրելու, այլև պատմության, սերունդների համար։ Հիմա որտե՞ղ են այդ տեսագրությունները՝ միգուցե ինչ-որ անգլիական, ամերիկյան արխիվներում։ Հաճախ են աչքովս ընկնում այդ կադրերը, որոնք կամայականորեն օգտագործվում են, ուրիշներին վերագրվում։ Հեղինակային իրավունքի գողություն է դա։

- Մեզանում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Բայց այդ տարիներին հավանաբար չէիք էլ մտածում դրա մասին։ Ձեր գլխավոր առաքելությունն Արցախում հեռուստատեսություն հիմնելն էր։

- Սովետական Միության հեռուստառադիոպետկոմի հրահանգով Ստեփանակերտում պետք է ստեղծվեր հեռուստատեսություն, ու մենք չորսով՝ որպես Հայաստանի հեռուստատեսության աշխատակիցներ, գործուղվել էինք Արցախ հենց այդ նպատակով: Հայաստանի հեռուստառադիոպետկոմի ղեկավարությունը՝ ի դեմս Ստեփան Պողոսյանի և Գրիգորի Խաչատուրովի, օգնեց, որ նորսատեղծ հեռուստատեսությունն ունենա ժամանակակից տեխնիկա։ Այդպես սկսեցինք առաջին քայլերը Արցախում: Արցախցիների ներքին դժգոհությունները, Ադրբեջանի կազմից դուրս գալու բողոքի հանրահավաքները նոր-նոր էին խմորվում. ես նկարահանել եմ այդ պայքարի առաջին ալիքները, նաև հետագա ընթացքն ու զարգացումները: Նկարահանել եմ նաև լուռ, անկենդան Ստեփանակերտը՝ մինչև Շուշիի ազատագրումը: Փողոցներում ոչ ոք չկար, բոլորն ապաստարաններում էին: Քաղաքը ռմբակոծվում էր: Ես նկարում էի արցախցիների նկուղային կյանքը. և՛ նկարում էի, և՛ սովորեցնում նկարել նրանց, ովքեր մեզնից հետո մեր գործը պիտի շարունակեին Արցախի հեռուստատեսությունում:

- Այն, որ Ստեփանակերտում առանձին հեռուստատեսություն էր գործում, ինչպե՞ս էին արձագանքում Ադրբեջանում:

- Շուշին դեռ ադրբեջանցիների ձեռքին էր: Նրանք էլ իրենց հեռուստատեսությունը հիմնեցին Շուշիում՝ ի հակակշիռ Ստեփանակերտի հեռուստատեսության: Մեկը մյուսի հաղորդումներին, տեղեկատվությանը հետևում էին ու միմյանց դեմ հակաքարոզչություն անում, հեռուստատեսային բանավեճեր կազմակերպում: Ղարաբաղի հարցը հասունանում էր: Քաղաքական հակամարտությունը տեղափոխվում էր ազգամիջյան հարթություն. պատերազմ էր հասունանում:

- Փաստորեն նաև տեղեկատվական պատերազմ էր սկսվել: Երկու պատերազմներն էլ նկարահանում էիք՝ որպես պատմական իրադարձություն: Երևանյան խաղաղ պայմաններից հետո կրակոցներ ու արկերի պայթյուններ: Սարսափելի չէ՞ր:

- Կրակոցներն այնքան սարսափելի չէին. վարժվել-սովորել էինք: Այդ ժամանակ ոչ թե թշնամուդ ես տեսնում, այլ նրա գործողություների հետևանքները։ Դա շատ ավելի հեշտ է: Առավել սարսափելի էին ադրբեջանցիների աչքերը, որ տեսա Շուշիում: Մոտիկից թշնամուն տեսնելը սոսկալի է։

- Ե՞րբ տեսաք, երբ Շուշին դեռ ադրբեջանցիների ձեռքի՞ն էր:

- Այո՛: Միութնական հեռուստառադիոպետկոմիտեից Լյուդմիլա Ասոսկովան եկել էր Ղարաբաղ՝ տեսնելու, թե ինչպես են աշխատում տեղի հայկական ու ադրբեջանական հեռուստատեսությունները: Մեքենայով գնացինք Շուշի: Միայն թե տեսնեիք՝ ինչ հայացքով էին մեզ նայում ադրբեջանցիները: Մտածում էինք՝ միայն թե ողջ-ողջ սրանց ձեռքը չընկնենք։ Շատ ագրեսիվ էին: Միջադեպ սարքեցին: Եթե այդ ռուս կինը չլիներ, չգիտեմ՝ ինչ կլիներ մեզ հետ։ Ասոսկովան ասաց՝ եթե մեզ բաց չթողնեք, միութենական սկանդալ կլինի: Ադրբեջանցիները, ատամները կրճտացնելով, թողեցին, որ դուս գանք Շուշիից:

- Ենթադրելի է, որ վտանգն այդքան մոտիկից զգալով՝ այլևս Շուշի չգնացիք:

- Գնացել եմ, մինչև Շուշիի ազատագրումն այնտեղ եղել եմ չորս անգամ: Մի անգամ «Հայլուր» և ռուսական «Վեստի» լրատվական ծրագրերը §Խաղաղության ակցիա¦ էին նախաձեռնել: Ադրբեջանի և Ռուսաստանի լրագրողները եկել էին Հայաստան, և Հայաստանի ու Ռուսաստանի լրագրողները գնացել էին Բաքու։ Ես աշխատում էի ադրբեջանցի լրագրող Վայիդ Նախիշի հետ: Նա պահանջեց, որ ԿԳԲ-ի աշխատակիցներն իր կողքին լինեն, իբր պաշտպանեն իրեն։ Նրա հետ Շուշի գնացի նկարահանման: Մեզ դիմավորեցին ռուս զինվորականները, բայց հնարավոր ընդհարումներից, լարվածությունից ու գժտությունից խուսափելու համար թույլ չտվեցին նկարահանումներ անել Շուշիում: Այդ նույն Վայիդի հետ աշխատեցի նաև Ստեփանակերտում: Ինչպես կարգն է, նկարեցի. ամեն ինչ հարթ ու նորմալ էր ընթանում: Ոչ ոք չարգելեց ադրբեջանցի լրագրողին աշխատել Ստեփանակերտում, բայց նա սկսեց սադրել ու կռիվ հրահրել: Մենք հասկացանք, որ նա Ստեփանակերտ է եկել ոչ թե նկարահանումների, այլ սկանդալի նպատակով, որպեսզի իր երկիր վերադառնա հերոսացած: Ադրբեջանցին գոռգոռոցը գցել էր, թե հայերն իրեն խփեցին և այլն: Բայց նման բան չէր եղել իհարկե:

- Կենտրոնական հեռուստատեսությունից հաճախ էին գալիս Արցախ, որտեղ և Դուք էիք աշխատում: Ենթադրելի է, որ պարբերաբար համագործակցել եք տարբեր լրագրողների, այդ թվում՝ ռուս լրագրողների հետ:

- Մեր նպատակներից մեկը ռուսների սխալ, միակողմանի, իրենց ու ադրբեջանցիների շահերից բխող մեկնաբանություններին դիմագրավելն ու իսկությունը, մեր պայքարի ճշմարտացի հիմքերը ներկայացնելն էր։ Մենք միշտ ուղեկցում էինք դրսից եկած լրագրողներին Արցախում, նկարահանում թե՛ նրանց ուզած կադրերը, թե՛ նրանց աշխատանքը տեղում: Հաջորդ անգամ դարձյալ Շուշիում էի ռուս լրագրող Միխայիլ Բեկետովի հետ։ Այս անգամ մեզ հետ նաև արցախցի Սերգո Համբարձումյանն էր։
Սերգոյին օպերատորի մասնագիտությունն էի սովորեցնում, որպեսզի ինձնից հետո շարունակեր աշխատել Արցախի հեռուստատեսությունում: Տեսախցիկը ձեռքիս էր. նկարում էի, իսկ Սերգոն, այսպես ասած, թիկունքս էր պահում: Ադրբեջանցիները կատաղած մեզ էին նայում: Նրանք հիսթերիկ գոռգոռում էին, փորձում ապացուցել, թե իբր Շուշիում հայերն իրենց քարերով խփում են, տներն այրում։ Զգում ու հասկանում էինք, որ լարվածությունը գնալով մեծանում է ու կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Սերգոն ականջիս շշնջաց՝ վերջ, գնում ենք, արա՛գ: Մենք նստեցինք մեքենան ու շտապ հեռացանք, քանի դեռ ադրբեջանցիները որևէ արարքի չէին դիմել: Հետո տեսանք, որ Սերգոյի մեջքը սրիկաները սիգարետով այրել էին: Տղան այնքան լարված էր եղել, որ չէր զգացել, տեղից չէր շարժվել: Սերգո… Նա օպերատորի մասնագիտություն էր սովորում, բայց զինվորագրվեց պատերազմին ու դարձավ հրամանատար: Սերգոն իմ ընկերն էր, հրաշալի տղա…

- Սերգոյի մասին անցյալ ժամանակով եք խոսում ու ափսոսանքով:

- Որովհետև Սերգոն չկա, նրան սպանեցին Խոջալուում թուրքերի կողմից կռվող վարձկանները: Սերգոյի երազանքն էր Շուշին ազատագրված տեսնել, ու ես խոստացա, որ երբ նկարահանեմ ազատագրվող Շուշին, դա կլինի և՛ Սերգոյի, և՛ իմ կողմից։

- Եվ կատարեցի՞ք Ձեր խոստումը։

- Արցախում մնացի մինչև 1990 թվականը. պայմանագրիս ժամկետը լրացավ, ես վերադարձա Երևան: Շուշիի ազատագրման պլանը մշակվում էր: Ես սեփական նախաձեռնությամբ նորից գնացի Ստեփանակերտ: Այդ ժամանակ Հայաստանի հանրային հեռուստատեսության §Արցախ¦ ստուդիայի գեղարվեստական ղեկավարն էի: Սկզբում գնացի Ժիրայր Սեֆիլյանի ջոկատ, բայց նրանք շարժվեցին Լաչինի կողմը՝ Բերդաձորն ազատագրելու: Ես միացա ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ Ֆելիքս Գզողյանին: Խնդրեցի, ու նա իր §Վիլիսով¦ ինձ տարավ հրամանատարական կետ, հետո ասաց. §Հենց հարմար պահ լինի, կմտնենք Շուշի¦: Ամբողջ գիշեր նկարեցի ռմբակոծություններն ու կապավորների աշխատանքը: Առավոտյան առաջին զինվորների հետ իմ տեսախցիկով մոտեցա Շուշիի մատույցներին: Իմ նկարած խրոնիկայի որոշ մասն այնքան է տեղին և անտեղի ցուցադրվել, որ, իմ կարծիքով, հեղինակազրկվել է դրա պատմական արժեքը։

- Համաձայն չեմ ։ Շատ ոգեշնչող, հուզիչ կադրեր են։ Օրը հազար անգամ կնայեմ ու չեմ հոգնի։ Հիմա էլ աչքիս առաջ են՝ բեռնատարը գնում է, բուժքույրը տղերքի հետևից ջուր է լցնում: Մեքենան բարձրանում է, ադրբեջանցիների դիակներն ընկած են: Ամարասցի Արթուրը ծնկաչոք լաց է լինում ուրախությունից, ու Ղազանչեցոց եկեղեցում տղերքը հավաքվել են. եկեղեցում առաջին անգամ հայկական աղոթք է հնչում: Դուք, բնականաբար, նկարել եք նաև հույժ գաղտնի կադրեր, որոնք հանրայնացվելուց առաջ պետք է մաղվեին, համապատասխանեցվեին անհրաժեշտ քաղաքական դիրքորոշումներին: Այդպե՞ս է։

- Իմ փորձառությունն ինձ բավական էր, որպեսզի սահմանեի՝ ինչն է կարելի ցույց տալ և ինչը՝ ոչ։ Դա այն ներքին չափանիշն ու սանդղակն է, որ միշտ ունեցել եմ։ Շուշիի ազատագրումից հետո՝ մայիսի 11-ին, վերադարձա Երևան: Բնականաբար, այդ պատմական կադրերը եթեր տալու մեծ ցանկություն ունեի: Հեռուստապետկոմի նախագահն ասաց. «Մինչև Վազգեն Սարգսյանի թույլտվությունը չլինի, ձեզ եթեր չեմ տա»։ Ի վերջո, քաղաքական լուրջ իրադարձություն էր տեղի ունեցել՝ Շուշին էր ազատագրվել: «Արցախ» լրատվական ստուդիայի «Հատե տի» ծրագրի հեռարձակումից 5 րոպե առաջ թույլտվությունն ստացանք: Հեռարձակվեց մոտ 15 րոպե տեսանյութ՝ առանց մեկնաբանության:

- Իսկ ինչո՞ւ ընդամենը 15 րոպե: Ի՞նչ եղավ մնացած տեսանյութը: Եվ առհասարակ, այդքան տարի նկարել եք Արցախում: Որտե՞ղ է այդ հսկայական նյութը:

- Դա ամենացավոտ հարցն է: Մի մասը թռցրին, շատ տեսաերիզներ այդ ընթացքում կորան: Ինչ ասես, որ չեղավ: Շատ տեսանյութեր էլ շուտով կփչանան, կոչնչանան։ Մի հարցրեք, խնդրում եմ: Շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև իմաստ չկա:

- Այնուամենայնիվ դրանք պատմական խրոնիկա են, Արցախյան ազատամարտի կենսագրությունը՝ կադր առ կադր, փաստ, ապացույց, պատմություն, կռված, արժանավոր տղաներ, նաև անարժաններ: Պատերազմ՝ իր ամբողջ նկարագրով: Ես համացանցում փնտրեցի Ձեր ֆիլմերը: Դրանցում արցախյան կադրերը քիչ էին: Ինչո՞ւ:

- Իմ նկարած արխիվը՝ այն, ինչ մնացել ու պահպանվել է, այնպիսի տեղ է, որի գտնվելու վայրը չեմ ասի: Իմ ֆիլմերը, կադրերը չեք տեսել, որովհետև չեք փնտրել։ Կան ֆիլմեր, որոնցում իմ կադրերն օգտագործված են: Չգիտեմ, ես հետևողական չեմ, չեմ ներկայացնում, մատուցում իմ արածը: Կան մարդիկ, որոնք լավ գիտեն ինձ, էլի եմ ասում՝ ավելի լավ է՝ նրանցից հարցնեք:

Մարդկային այսօրինակ պատմությունները մեկնաբանել կամ հետևություններ անել ամեն մեկն էլ կարող է, բայց պետք է նկատի ունենալ՝ պատերազմից հետո պատերազմում եղածը չի կարելի բացարձականացնել: Պատերազմում խորհրդավոր անկյունները շատ են:

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի

 

Դիտվել է 994 անգամ