Հովսեփ Սերարդարյան․ «Կուզեի, որ իր ամբողջական ֆիլմացանկով «Նուռը»  շրջեր Կանադայի մյուս հայաշատ քաղաքներում նույնպես»  

%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b43Տորոնտոյում, նոյեմբերի 16- ին կմեկնարկի «Նուռ» ամենամյա միջազգային կինոփառատոնը: Միջազգային այս գեղեցիկ կինոտոնը  անցկացվելու է   11-րդ անգամ և տևելու է   5 օր։ Փառատոնի ժյուրիի կազմում են Սիլվա Բասմաջյանը, Հակոբ Գուդսուզյանը, Նորայր Գասպարը, Լարա Արաբյանը: Փառատոնի մրցանակաբաշխությունը կկայանա նույեմբերի 20-ին Համազգային միության դահլիճում:

«Նուռը» հիմնադրվել է 2005 թվականին՝ Կանադայում ապրող մի խումբ հայերի կողմից, որոնք  մասնագիտությամբ  կինոաշխարհի հետ որևէ կապ չունեն, սակայն  սիրում են կինոն և տարիներ առաջ ընկերական ջանքերով փոքրիկ կինոակումբ էին ստեղծել Տորոնտոյում:  Նկատելով, որ հայկական ֆիլմեր դիտելու ցանկութունը մեծ է Տորոնտոյում բնակվող հայերի մոտ, նրանք որոշում են խիզախել և ընկերական փոքրիկ կինոակումբը վերածել փառատոնի:

-Այո, դա շատ խիզախ որոշում էր, բայց մենք երևի հավատում էինք դրա իրականացմանը,- ինձ հետ զրույցում ասացէ փառատոնի հիմնադիրներից, մասնագիտությամբ ծրագրավորող Հովսեփ Սերարդարյանը, ով, ի դեպ տարիներ առաջ Սիրայից տեղափոխվել է Հայաստան, ուսումն այնտեղ առել, այնուհետև բնակության տեղափոխվել Կանադա:

«Նուռ»կինոփառատոնը անցել է 11 տարիների հետաքրքիր ճանապարհ: Ամենից հատկանշականը նրա կայացման պատմության մեջ թերևս այն է, որ «Նուռն»ամբողջապես կամավորական շարժում է: «Մենք այստեղ չենք աշխատում, իրականում բոլորս տարբեր մասնագիտություններ ունենք, աշխատում ենք տարբեր ոլորտներում, «Նուռը»մեր անձնական հետաքրքրությունն ու սերն է կինոյի հանդեպ, որը մենք վերածեցինք իրադարձության հայկական կինոյի աշխարհում»,- ասում է Հովսեփը:

%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4Տարիների ընթացքում «Նուռն»ավելի ընդգրկուն է դարձել: Փառատոնի կազմակերպիչները հիմա արդեն վստահությամբ ու ուրախությամբ նշում են, որ փառատոնն անցել է հստակ զարգացման ճանապարհ: Ժամանակին, երբ դեռևս  մեծ լսարան և ճանաչում չուներ, թերևս պարտադրված էր ցանկացած հայկական ֆիլմ ցուցադրելու: Իսկ այսօր փառատոնին մասնակից ֆիլմերը համահայկական կինոհարթակի լավագույն նմուշներից են:

Ի դեպ, փառատոնի նպատակը ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ կինոգործիչներին և նրանց ֆիլմերը ներկայացնելն է: Փառատոնը նաև հարթակ է , այսպես ասենք, հայկական թեմաներին առնչվող ֆիլմեր ցուցադրելու համար: Նաև՝ հայերի մասնակցությամբ կամ  հայերի հետ որևէ կերպ աղերս ունեցող ֆիլմերի ցուցադրության համար: «Սա սկզբունք է, սակայն կարևորը ֆիլմի որակն է, մեզ համար կարևորը հանդիսատեսին լավ կինո ցուցադրելն է, -ասում է Հովսեփը,-հավելելով, որ բազմաթիվ ֆիլմեր մերժում են ստանում հենց այդ նկատառումից ելնելով»:

«Նուռը»որոշակիորեն նաև հայապահպանման ծրագիր է: Գուցե ի սկզբանե ոչ այդ նպատակով ստեղծված, սակայն ակնհայտորեն այդ նպատակին ծառայող: Սփյուռքի բոլոր գաղթօջախների համար այսօր ամենաէական խնդիրը  հայոց լեզուն պահպանելն է:   Եվ փառատոնն այդ անում է կինոլեզվի օգնությամբ: Ցուցադրվող ֆիլմերը հիմնականում հայերենով են՝ անգլերեն լուսագրերով: Օրինակ՝ այս տարվա փառատոնի բացման՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որի օրիգինալ լեզուն ռուսերենն է, Տորոնտոյում ցուցադրվելու է հայերենով է: Իսկ այն դեպքերում, երբ ֆիլմը ի սկզբանե անգլերեն է՝ հայերեն լուսագրեր է ունենում:  Օրինակ  Ատոմ Էգոյանի REMEMBER ֆիլմը, որը նույնպես այս տարվա ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում է:

Ի դեպ, Ատոմ Էգոյանի մասին: Փառատոնի անձնակազմը համարում է նրան իր թիկունքը: Նրա անունն արդեն մեծ ճանապարհ է մեզ համար,-ասում է Հովսեփը: Հնարավոր ամենով նա միշտ աջակցել և օգնել է մեզ՝ նպաստելով, որ «Նուռը»դառնա կայացած  կինոփառատոն: Ատոմ Էգոյանը իր կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ այս տարի փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում է և անձամբ ներկա է լինելու իր ֆիլմի ցուցադրութանը, որը կկայանա ամսի 18-ին Տորոնտոյի անվանի REGENT թատրոնում:

%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b44Փառատոնի կազակերպիչները մի այլ թիկունք էլ ունեն: Նրանց մեծապես օգնում է  Համազգային միության Տորոնտոյի Գլաձոր կենտրոնը: Փառատոնի բազմաթիվ ֆիլմեր ցուցադրվում են հենց միության կինոդահլիճում, ինպես նաև այս հսկայածավալ աշխատանքը իրականանում է միության կողմից անվճար տրամադրված սենյակում: Փառատոնը նաև նոր անունների հարթակ է, ինչպես նաև Կանադայում ստեղծագործող կինոգործիչների ստեղծագործական ձեռագիրը ներկայացնող ձևաչափ:

«Նուռն»այս տարի կանցկացվի  Տորոնտոյի երեք կինոդահլիճներում: Կցուցադրվի անվանի և սկսնակ ռեժիսորների 35 ֆիլմ:  Այդ ֆիլմերի ցանկում են Էլա Այմաքի և Արեն Փերդեցիի մի շարք մրցանակների արժանացած  LOST BIRDS ( «Կորսված թռչուններ») ֆիլմը, որ նկարահանվել է Թուրքիայում և հայոց ցեղասպանության թեման ներկայացնում է երկու երեխաների աչքերով,  ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի LOST IN ARMENIA ( «Մոլորված Հայաստանում») ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկը Արսինե Խանջյանն է: Վերջիններս ներկա կլինեն ֆիլմի ցուցադրությանը: Կցուցադրվեն նաև մանկության հիշողությունների հիման վրա նկարահանված համշենցի ռեժիսոր Օսչան Ալփերի MEMORIES OF THE WIND ( «Քամու հիշողությունը »)ֆիլմը, ամերիկացի անվանի դերասան ու ռեժիսոր Մեգ Ռայանի ITHACA ֆիլմը, որը նկարահանված է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»ստեղծագործության հիման վրա, Աննա Արևշատյանի GOOD MORNING ( «Բարի լույս») ֆիլմը, որը  «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արժանացավ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրիլավագույն ֆիլմ մրցանակին, անվանի դերասաններ Վահե Բերբերյանի և Վահիկ Փիրհամզեի 3 WEEKS IN ARMENIA («Երեք շաբաթ Հայաստանում») ֆիլմը, որը Հայատանի ծանոթ ու անծանոթ ճանապարհներով հետարքիքր կինոճամփորդություն  է: Ֆիլմի հեղինակները նույնպես ներկա կլինեն ցուցադրությանը:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են  անվանի հետաքննող լրագրող Սթիվ Քուրքչյանը, ում հետաքննության պատմության հիման վրա նկարահանվել է օսկարակիր  SPOTLIGHT ֆիլմը:  «Նուռը»ներկայացնելու է նաև Միացյալ Նահանգներից հետաքննող ռեժիսոր Բարեդ Մարոնյանի նոր վավերագրությունը ՝ Women of 1915 («1915-ի կանայք»), որը օրերս Միացյալ Նահանգներում արժանացավ «Արմին Վեգներ»մարդասիրական մրցանակին: Փառատոնի հյուրերից է նաև լիբանանահայ Նիգոլ Բեզջյանը, որն այս անգամ կներկայացնի իր նոր ֆիլմը հայկական անվանի Մելքոնյան վարժարանի մասին: Պիտի նկատել, որ ցուցադրվող ֆիլմերի ցանկում են Կանադայում բնակվող հայ ռեժիսորների ֆիլմեր՝ հիմնականում կարճամետրաժ:  Փոքր թիվ չեն կազմում Հայաստանում վերջին շրջանում նկարահանված լավ ֆիլմերը, այդ թվում Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեքը» և Մարինե և Սոնա Քոչարյանների՝  «Ջիլիզից Ջիլիզը»(փառատոնի ֆիլմացանկը առավել մանրամասն այս հղումով՝ http://pomegranatefilmfestival.com/schedule/

Հովսեփ Սերարդարյանը  հպարտությամբ ասում է, որ «Նուռը» այստեղ ապրող հայերի համար տարվա ամենասպասված մշակութային իրադարձությունն է: «Հրաշալի առիթ է միմյանց հանդիպելու, մեզ հուզող թեմաները կինոյի միջոցով միասին ապրելու ու քննարկելու, հայերեն խոսելու, հայերեն զգալու»,-ասում է նա՝ հավեվելով, որ վերջին տարիներին նկատելի է նաև կանադացի հանդիսատեսի հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: «Մեր բոլոր ֆիլմերն անցնում են լիքը դահլիճներում»,-ասում է նա: Իսկ իմ այն հարցին, թե զարգացման ինչպիսի հեռանկար կուզեր, որ ունենար «Նուռը», պատասխանում է՝ մենք կուզեինք սա շրջիկ փառատոն դարձնել, քանի որ մեծ երկիր է Կանադան, և մարդիկ դժվար են  մի քաղաքից մյուսը այցելում: Երբեմն որոշ ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպում ենք, ինչպես օրինակ արեցինք Մոնրեալում, սակայն կուզեի, որ իր ամբողջական ֆիլմացանկով «Նուռը»  շրջեր Կանադայի մյուս հայաշատ քաղաքներում նույնպես: «Կանենք, մի օր անպայման դա էլ կանենք», – հանգիստ ու վստահ ասում է  Հովսեփ Սերարդարյանը:

Հ․Գ․Հատուկ «Կինոաշխարհի» համար նյութը պատրաստել է Տորոնտոյի մեր թղթակից Մերի Մուսինյանը։

 

 

Դիտվել է 116 անգամ