Հայ երաժիշտների մասին «Աքսորյալ երգերը»՝ Farel կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր

unnamed-12Հոկտեմբերի 21-ից 23-ը Շվեյցարիայի Նևշատել քաղաքում տեղի ունեցավ 26-րդ Farel կինոփառատոնը, որը նվիրված է կրոնական թեմատիկայով գեղարվեստական և վավերագրական ֆիլմերին: Այն համախմբել էր հիմնականում ֆրանկոֆոն աշխարհի ռեժիսորների, պրոդյուսերների և, իհարկե, արվեստասեր հանրությանը: Այս տարվա միջազգային ժյուրիի անդամներն էին կինոքննադատ Նիկոլ Վերկոյը (Ֆրանսիա), հոգեբան Դենիզ Սպորին (Շվեյցարիա), «Revista del cinematografo» կինոամսագրի գլխավոր խմբագիր Ջիանլուկա Առնոնեն (Իտալիա), ռեժիսոր Նասեր Բախտին (Շվեյցարիա) և գրող Դոմինիկ դե Ռիվազը (Շվեյցարիա):

«Աքսորյալ երգեր» բելգիական լիամետրաժ վավերագրական ֆիլմն այս տարի արժանացավ գլխավոր մրցանակին: Ֆիլմի ռեժիսորներն են Նատալի Ռոզետտին և Տուրի Ֆինոկիարոն, որոնք 7 տարի հետևել են հայ երաժիշտներ Արամ և Վերջինե Քերովբյաններին նրանց ճանապարհորդությունների, վարպետաց դասերի և թատերական աշխատանքների ժամանակ: Յոթ տարվա ընթացքում ռեժիսորներն անգին նյութ են հավաքել իրենց վավերագրական ֆիլմի համար: Նկարահանող խումբը հետևել է երաժիշտներին ընդհուպ մինչև Անատոլիա: Պատմական երգեցողության ավանդույթը փոխանցելու համար Արամն ու Վերջինեն Վրոցլավի Գրոտովսկի ինստիտուտի մի խումբ դերասանների հետ ուղևորվել են Անատոլիա՝ մի վայր, որտեղ ժամանակին այս արվեստը ծաղկում էր:

Farel կոմիտեի նախագահ Սիրիլ Դեպրազն իր շնորհավորական խոսքում նշել է.

«Հայազգի երաժիշտ զույգին նվիրված այս ֆիլմը ցույց է տալիս, որ գեղագիտական փորձի շնորհիվ հնարավոր է վերականգնվել, վերապրել և հիշել պատմական ողբերգությունը»:

%d5%a1%d6%84%d5%bd%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d6%80_1

Արամ և Վերժինե Քերովբյանները

Արամ և Վերջինե Քերովբյանները երկար տարիներ է, ինչ բնակվում են Փարիզում: Արամը ծնվել է Պոլսում (Ստամբուլ):

- 25 տարեկան երիտասարդ էի, երբ եկա Փարիզ: Եկա, որովհետև այն ժամանակվա Թուրքիան այդպիսին էր, ամեն ինչ անում էին, որ մենք գնանք: Հիմա էլ է այդպես, բայց այսօր արդեն թուրքերն են ուզում փախչել տիրող իրավիճակից,- պատմում է պարոն Արամը մեր զրույցի ժամանակ:- Պոլսում ուսանել էի ճարտարագիտություն, բայց Փարիզում այդ ուղղությամբ ուսումս շարունակելու հարմար առիթ չեղավ: Միաժամանակ զբաղվում էի նաև երաժշտությամբ, սովորել էի քանոն նվագել: Այստեղ ծանոթացա Վերժինեի հետ, որ Ամերիկայից Ֆրանսիա էր եկել ինձնից երեք տարի շուտ, երաժշտություն ուսանելու նպատակով: Վերժինեն մայրական կողմից քեսաբցի է, հոր կողմից` ամերիկացի: 1981 թվականին ամուսնացանք և արդեն տասնյակ տարիներ է, ինչ միասին ենք աշխատում: Ունենք երեք զավակ: Նրանք էլ են ժամանակ առ ժամանակ մեզ հետ աշխատում, չնայած ամեն մեկն իր գործն ունի:
Գալով Փարիզ՝ Վերժինեն իր պարսկահայ ընկերոջ` Ռուբեն Հարությունյանի հետ ժողովրդական երաժշտության խումբ էր հիմնել: Ծանոթությունից անմիջապես հետո ես նույնպես միացա նրանց: Մի քանի տարի անց խումբը ստացավ «Կոչնակ» անունը: Փարիզում սկսեցի ուսանել եկեղեցական երաժշտություն Արամանյակ Արապյանի մոտ, որը 80 տարեկան վարպետ էր և ուրիշ աշակերտ չուներ: 1990-ին, երբ այս երաժշտապետը մահացավ, եկեղեցում ես նրա գործը ստանձնեցի: Այդպես մասնագիտությունս ստացավ եկեղեցական երաժշտության ուղղվածություն:
Երկար ժամանակ երաժշտության տեսության շուրջ աշխատելու արդյունքում 50 տարեկանում շարականների թեմայով դոկտորական պաշտպանեցի: Գրում և հրատարակում եմ գրքեր, հոդվածներ: Նաև թատրոնի աշխատանքներ եմ անում` վերջին 6 տարիներին համագործակցելով հիմնականում Լեհաստանի հետ: Նաև վարպետաց դասեր ենք տալիս, որոնց մասնակիցների մեծ մասը հայ չեն: Գալիս են հիմնականում օտարազգիներ: Նրանց հետ աշխատելը շատ հաճելի է: Մի խոսքով, ինչպես ասում են ձեր կողմերում, ապրում ենք, էլի (ծիծաղում է):

Այսպես Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երաժշտապետ Արամ Քերովբյանը իր տիկնոջ հետ ծավալել է հայոց ավանդական եկեղեցական երգեցողության վերականգնման և զարգացման մեծածավալ գործունեություն։ Նրանց նախաձեռնությամբ 1990-ական թվականներից Փարիզում ստեղծվել է «Ակն» երգչախումբը, ապա հիմնադրվել է Եկեղեցական երաժշտության ուսուցման կենտրոնը: Երգչախումբը պարբերաբար տարբեր թեմաներով սկավառակներ է ձայնագրում (Խաչի, Սուրբ ծննդյան և Աստվածածնի, Հարության երգերի ևն): Վերջերս Փարիզում լույս տեսավ նաև «Րուրի» հայկական օրորոցայինների գիրք-սկավառակը, որն իր տեսակի մեջ միակն է` լիովին նվիրված հայալեզու օրորոցայիններին:

unnamed-13
«Աքսորյալ երգեր» ֆիլմը շարունակելու է իր ճանապարհորդությունը` առաջիկա ամիսներին ցուցադրվելով Փարիզում, Մարսելում, Հռոմում, Բեյրութում և մի շարք այլ քաղաքներում:

Արամ Քերովբյանի հետ զրուցել և նյութը պատրաստել է արվեստաբան Լիլիթ Սոխակյանը

Զրույցն ընթացել է արևմտահայերեն

 

Դիտվել է 77 անգամ