Անկախության սերնդի կինո. ունե՞նք, թե չունենք

unnamed-7Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում ամեն տարի՝ աշնանը, ձեռնարկվում են հանդիպում-քննարկումներ: Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կլոր սեղանի շուրջն են հավաքվում ոլորտի մասնագետները և առաջադրված թեմայի վերաբերյալ կարծիքներ ու տեսակետներ հայտնում: Երեկ՝ նոյեմբերի 3-ին, քննարկումն ընթացավ «Անկախության սերունդ. անկախության կինո» խորագրով:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նախորդ և այսօրվա սերունդների կինոմտածողությունն ու կինոլեզուն համադրում է որպես կինոոլորտը դեռ խորհրդային տարիներից ղեկավարող պաշտոնյա:

Ֆիլմ նկարելիս ֆինանսական աջակցության ակնկալիքով շարունակում ենք պետության դուռը թակել. սովետական իներցիային ոչ միայն հրաժեշտ չենք տվել, այլև շարունակում ենք արդեն 30 տարի: Սակայն եթե այն ժամանակ պետական հովանավորությամբ ստեղծվում էին արժեքավոր ֆիլմեր, որոնք այսօր էլ պահանջարկ ու սեր են վայելում, ապա անկախության շրջանում նկարահանված ֆիլմերը համառորեն չեն վայելում ժողովրդական պահանջն ու սերը: Ռեժիսորները չեն ստեղծում այն կինոմիջավայրն ու մթնոլորտը, որը հատուկ է ճանաչված ու սիրված արվեստագետներին: Գևորգ Գևորգյանը, սակայն, հույսը չի կտրել. «Միգուցե նոր սերնդի մեջ դեռ լինեն Փելեշյաններ ու Փարաջանովներ»:

Կինոգետ Սիրանուշ Գալստյանը, վերլուծելով անկախության տարիներին նկարահանված 100-ից ավելի ֆիլմերի ընդհանուր որակական մակարդակը, հարցադրումներով ամփոփեց ելույթը.

«Հին ֆիլմերում մենք այսօր էլ մեզ ենք տեսնում ու ճանաչում: Իսկ կարո՞ք ենք ասել, որ անկախության ժամանակաշրջանում նկարահանված ֆիլմերը 10 տարի հետո դիտելով՝ այնտեղ մենք մեզ կճանաչենք ու կտեսնենք: Արդյոք դրանք կդիմանա՞ն ժամանակի քննությանը»:

Երիտասարդ կինոգետ, կինոյի և թատրոնի ինստիտուտի ասպիրանտ Սերգեյ Կիրակոսյանն ատենախոսություն գրելու համար ուսումնասիրել է անկախության շրջանի հայկական վավերագրական կինոն: Նրա դիտարկմամբ՝ կինոն միշտ երիտասարդանում է երիտասարդ սերնդի հետ: Ասպիրանտն անդրադարձավ մի շարք ռեժիսորների, որոնք մեր կինոյում հետաքրքիր ու յուրօրինակ խոսքով են հանդես եկել, դեռևս 1980-ականներին նախանշել խորհրդային գաղափարախոսությունից, կարծրատիպերից ու սահմանափակումներից ձերբազատվելու ուղիներն ու իրենց ֆիլմերով ազատ մտածելակերպի դրսևորման առաջին քայլերն արել: Սերգեյ Կիրակոսյանն ամփոփեց այս ժանրի ընդհանրական պատկերը.

«Վավերագրական կինոն հեռուստատեսայնացվում է: Ինֆորմացիան առաջին պլանում է, իսկ պատկերային մտածողությունը՝ հետին»:

Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանին մտահոգում է կինոմթնոլորտի բացակայությունը: Մինչև 1980-ականները նա անխտիր բոլոր ֆիլմերը դիտելիս է եղել, իսկ վերջին տասնամյակներում համընդհանուր անտեղյակության մթնոլորտում կորցրել է կինոիրադարձությունների հետքերը:

«Անգամ ընկերն ընկերոջ ֆիլմը չի նայում: Ո՞ւմ համար է տարեկան 100 ֆիլմ նկարահանվում, ովքե՞ր են դրանք դիտում: Ասում են՝ փառատոնային կամ հեղինակային ֆիլմ եմ ստեղծել: Ո՞ր փառատոնին է ֆիլմդ մասնակցել, ի՞նչ է շահել, քանի՞ հոգի կար դահլիճում: Կամ ի՞նչ է նշանակում հեղինակային կինո: Այսինքն՝ մարդը սցենարը գրել է, ինքն էլ օպերատորն ու ռեժիսորը եղել, երաժշտությունը հարմարեցրել իր նկարածին, ուրեմն եղավ հեղինակային ֆի՞լմ: Ֆելինին յոթ կոմպոզիտորի հետ է աշխատել, Տոնինո Գուերան մի քանի սցենարիստ ուներ, նշանակում է՝ նրանք հեղինակային կինո չեն ստեղծել, դո՞ւ ես ստեղծել: Չկա, գոյություն չունի կինոյի մթնոլորտ, չկա կինոգիտական ու կինոքննադատական միջավայր: Ո՞վ և ինչո՞ւ գրի այս կամ այն ֆիլմի մասին. կարդացող, միևնույն է, չկա: Ռեժիսորն անգամ տեղյակ էլ չէ, որ իր ֆիլմի մասին ինչ-որ մեկը հոդված է գրել: Ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում: Ցավն այն է, որ ֆիլմը չի գտնում իր ժամանակը, և ժամանակը չի գտնում իր ֆիլմը: Եթե ֆիլմը դիտող չունի, հետաքրքրվող չունի, հանդիսատես չունի, ուրեմն դա ֆիլմ չէ: Ֆիլմը պիտի իր ժամանակն ունենա: Չնայած հիմա ամեն ինչ այնպես է խառնվել իրար, որ չես հասկանում՝ իսկ ե՞րբ է ֆիլմի ժամանակը: 1992-93 թվականներին մեկը հայտարարեց, թե Համո Բեկնազարյանի ժամանակն անցել է, «Հայֆիլմն» այլևս չպետք է կոչվի նրա անունով: Ամեն ինչ ծայրահեղացնում ենք: Այսօր՝ պոստմոդեռնիզմի ժամանականերում, չունենք կինոյի իսկական ժամանակը, որովհետև մեր ռեժիսորների շուրջը չկա միջավայր, մթնոլորտ, շրջապատ»,- խոսքն ավարտեց Սուրեն Հասմիկյանը:

Ի՞նչ հարցադրումներ ունի այսօրվա կինոն, և արդյոք այն պե°տք է գաղափարախոսություն ունենա, ֆիլմերի ֆինանսավորման աղբյուրը պետք է պետությո՞ւնը լինի: Այս հարցերի վերաբերյալ կինգետներն ու կինոքննադատներն իրենց սուբյեկտիվ կարծիքն ունեն: Ու հակասությունները հաճախ հանգեցնում են բանավեճի:
Ասում են՝ բանավեճից ծնվում է ճշմարտությունը, բայց երբ բանավեճը թեժանում է, ճշմարտությունը գոլորշիանում է:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 123 անգամ