Եվրիմաժին անդամագրված՝ լավ սցենարի սպասումով

 29-thumb-copyՀայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ աշխատանքային այցով Հայաստանում են Եվրոպայի Խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն:  

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 60-ից ավելի հայտ է ստացել, որոնցից ընտրվել է 32-ը: Կինոնախագծերի հեղինակները ցանկանում են դիմել Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Հիմնադրամի ներկայացուցիչների հայաստանյան այցի շրջանակում նախատեսված հանդիպումները նախագծերի փաթեթները ճիշտ ու նպատակային կազմելու, մասնագիտական խորհուրդներ ստանալու հնարավորություն  տվեցին նրանց: Այս առումով հայտատուների հետ աշխատում են նաև Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչները՝ կինոքննադատ ,  «Ոսկե ծիրան» ՄԿՖ-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ու «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Վրեժ Քասունին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի Եվրիմաժի հարցերով պատասխանատու Մարիա Միրզոյանը:

Եվրիմաժի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն եվրոպական այս կառույցի մեծագույն նվաճումը համարեց համատեղ ֆիլմարտադրությունների խթանումը: Համարտադրության հնարավորությունները տարեցտարի ավելանում են. եթե ըստ նախորդ կոնվենցիայի՝ համագործակցող երկուսից ավելի պրոդյուսերներից  յուրաքանչյուրը պարտավոր էր 10 տոկոս ներդրում կատարել, ապա նոր կոնվենցիայի համաձայն՝ տոկոսի չափը նվազել և դարձել է 5: Եվրիմաժի կանոնների նմանօրինակ բարելավումը նպատակ ունի ֆիլմարտադրության գործընթացում ներգրավել ավելի մեծ թվով համագործակցող երկրների,  անգամ նրանց, որոնք Եվրիմաժի անդամ  չեն: Ի դեպ, օրինակ՝ Կանադան, թեև Եվրոպայի Խորհրդի անդամ չէ, բայց հաջորդ տարի կանդամագրվի Եվրիմաժին:

Փորձագետ Իրիս Կադուն ներկայացրեց Եվրիմաժի հիմնական ծրագրերին զուգահեռ իրականացվող մյուս նախագծերը, որոնք ևս միտված են համատեղ ֆիլմարտադրության ընդլայնմանը: Կան կինոնախագծեր, որոնք չեն համապատասխանում Եվրիմաժի սահմանած չափանիշներին, սակայն դրնաց ևս էկրան բարձրանալու հնարավորություն է տրվում: Դրանք մեծ մասամբ կիսատ մնացած նախագծերն են, և որպեսզի դրամաշնորհ ստանան, պետք է ներկայացված լինեն Նորվեգական, Սալոնիկի, Հարավային Ֆրանսիայի կամ Կառլովի Վարի փառատոներից մեկում:  Հաջորդ պայմաններն են՝ ֆիլմի համարտադրող երկրները պետք է լինեն երկուսից ավելի և նրանցից գոնե մեկը պետք է լինի Եվրիմաժի անդամ երկիր:

Նախկինում վավերագրական ֆիլմերի պրոդյուսերները կարող էին դիմել 17 տոկոս ֆինանսավորման ակնկալիքով, իսկ հիմա՝ 25 տոկոս: Այս փոփոխությունները 2017 թվականին ուժի մեջ կմտնեն: Թե վավերագրական ֆիլմերի հայտերի փաթեթներն ինչպիսին պետք է լինեն, ինչ փաստաթղթերով համալրված, Եվրիմաժը կտեղեկացնի իր պաշտոնական կայք-էջում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նկատեց.

«Եվրիմաժում մեր անդամակցությունը պետք է նշանավորվի արժեքավոր կինոնախագծերով, այլապես բոլոր ջանքերն իզուր կլինեն: Քննարկումներ, խորհրդատվություն, հանդիպումներ. այս ամենի նպատակը մեկն է՝ Հայաստանի մասնակցությունը կինոգործընթացներին: Մեծ ջանքերի գնով է մեզ հաջողվել Եվրիմաժի անդամ դառնալ. հույս ունեմ, որ այդ ջանքերը հաջողությամբ  կպսակվեն, ու մեր սցենարիստները, պրոդյուսերները համատեղ ֆիլմարտադրության նոր նախագծեր կսկսեն, որոնք կարժանանան Եվրիմաժի հավանությանը»:

Եվրիմաժի ներկայացուցիչների՝ Տալինում կայացած հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ  «Մոսկվա» կինոթատրոնը Եվրիմաժի կողմից ֆինանսական աջակցություն է ստացել այն նախագծի համար, ըստ որի՝ կինոթատրոնը հանձն է առել ցուցադրել  Եվրիմաժի անդամ երկրների արտադրած ֆիլմերը: Փաստորեն, Հայաստանն արդեն մտավ եվրոպական կինոգործընթացի մեջ: Հաջորդ՝ ավելի բաղձալի քայլին ենք սպասում՝ ուժեղ, արժեքավոր կինոնախագիծ, որը կներկայացվի Եվրիմաժին: Սուսաննա Հարությունյանը նկատեց.

«Վերջին ամսիներին խորհրդատվության նպատակով հաճախ են մեզ դիմում: Մեր պրոդյուսերները  չեն տիրապետում այն տեղեկություններին, որոնք հրապարակել ենք: Դրանք այն չափանիշներն են, որոնց պետք է խստորեն հետևել ու նախագծերի փաթեթները պատրաստել ըստ այդ չափանիշների: Մենք ընդգծել ենք, որ առաջին չափանիշը հետևյալն է. կինոնախագիծը պետք է ունենա երկու և ավելի համարտադրող: Հայրենի պրոդյուսերները, կինոնախագծերի հեղինակները համարտադրող ասելով՝ հասկանում են  անհատ հովանավոր կամ բանկ: Այնինչ համարտադրողը պետք է լինեի այս կամ այն երկիրը ներկայացնող փորձառու ընկերություն: Պետք է համարտադրողները միասին կազմեն ֆիլմի բյուջեն՝ նշելով, թե ով՝ ինչ տոկոսային հարաբերությամբ է ներկայանալու: Այս բոլորը պետք է նախագծի փաթեթում ներառված լինի. սա նախապայմաններից մեկն է: 40-ից ավելի նախագիծ է ներկայացվել, բայց դրանցից քչերն են այս պայմաններին համապատասխան փաթեթներով հանդես եկել: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել բոլորին, որպեսզի լիարժեք փաթեթներ պատրաստվեն»:

Ուրախալի է, որ Սփյուռքից էլ են հայտեր ստացվել: Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչները հորդորում են՝ օգտագործել մեր ներքին ռեսուրսները, նախաձեռնող լինել, նոր գործընկերներ ձեռք բերել՝ համատեղ ֆիլմարտադրություն սկսելու և Եվրիմաժի ֆինանսական օժանդակությունը ստանալու համար: Մեզանում դեռևս գործում է հետևյալ հոգեբանությունը՝ ունեմ կինոգաղափար, փող տվեք՝ իրականացնեմ:

Հ․Գ․Եվրիմաժում այս կանոնը չի գործում: Եվրիմաժի օրենքներն այլ են՝ 1. ուժեղ սցենար, 2. համագործակցություն առնվազն երկու երկրների հետ, որոնք պատրսատ են ֆիլմի ընդհանուր բյուջեի՝ իերնց չափաբաժինն ապահովել: Իսկ որպեսզի ուրիշ երկրները շահագրգռված լինեն գումար ներդնել տվյալ ֆիլմի համարտադրողը լինելու համար, կինոնախագիծը պետք է հետաքրքիր լինի. սա պարզ տրամաբանություն է: Ահա այստեղ է, որ մեր ռեժիսորներն ու սցենարիստները կանգ են առնում: Կանգ են առնում հենց առաջին փուլում: Հաջող գործընթաց  սկսելու նախապայմանը  մեկն է՝ լավ սցենար: Ցավալի է, բայց փաստ. հայկական կինոն չի մտնում կամ դժվարությամբ է մտնում միջազգային շուկա, որովհետև սցենարները հավատ չեն ներշնչում օտարազգի ներդրողներին ու պրոդյուսերներին: Նրանք վստահ չեն, որ փող ներդնելու դեպքում այդ ֆիլմերը հաջողություն կունենան փառատոներում կամ կինովարձույթում:  Նախքան Եվրիմաժի դռանը հասնելը, պետք է լավ սցենարներ գրվեն: Սա պիտի ականջներիս օղ անենք:

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 89 անգամ