Ներսես Հովհաննիսյան. «Վերջ, ես ամեն ինչ ասացի»

untitled-3-46Հոկտեմբերի 12-ին կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ներսես Հովհաննիսյանի 78-րդ տարեդարձն էր: Ծննդյան օրվանից ընդամենը 11 օր անց նա կնքեց մահկանացուն:

Հայ հասարակությունը, անգամ՝ կինոյի մարդիկ նրա կյանքի մայրամուտի ականտեսը չեղան, հնարավորություն չունեցան վայելելու նրա ծերությունը, որովհետև ապրում էր Մոսկվայում և հայրնիքում հազվադեպ էր լինում: Երեկ հայտնի դարձավ, որ հայրենիքում չի հանգրվանի նաև նրա աճյունը, հուղարկավորվելու է Մոսկվայում:  Այնպես որ հայ հանդիսատեսը նրան հրաժեշտ տալու հնարավորություն էլ չի ունենա:

Ներսես Հովհաննիսյանին հարցազրույցների, հանդիպումների, նրան մոտիկից ճանաչելու, հանրային մարդ դարձնելու առիթ ու հնարավորություն շատ չենք ունեցել: Բայց նրան ճանաչում ենք նրա ֆիլմերից ու դերերից, հիշում ու պատկերացնում ենք նրա դերերով՝ հախուռն, անմիջական, առանց պայմանականությունների:

1968-ին նկարահանված «Հանդիպում ցուցահանդեսում» ֆիլմում երիտասարդ ռեժիսորն առաջ է քաշել մեր ամենացավոտ ազգային թեման՝ Հայոց ցեղասպանության հարցը: Ֆիլմը պատմում է, թե ինչպես մի ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում են նախորդ դարասկզբին որբանոցներում հանգրվանած հայ գաղթականների դիմանկարներ: Ցավն ու ողբը դեմքներին դրոշմած հայ որբուկների շարքերում այցելուները սրտի թրթիռով որոնում են ջարդի ու գաղթի ճամփեքին կորցրած իրենց հարազատներին: Նմանությունը երբեմն հույս է ներշնչում, որ իրենց քույր-եղբայրները տասնամյակներ անց միգուցե դեռ ողջ են: Ֆիլմում Մեծ եղեռնի թեման բարձրացվել է անուղղակիորեն՝ դրանով հանդերձ դառնալով մեխ ու առանցքային ասելիք:

Ներսես Հովհաննիսյանը 1979-ին նկարահանել է այս ֆիլմից շատ տարբեր «Ձախորդ Փանոսը» կարճամետրաժը Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա, որը ժողովուրդը շատ սիրեց և այսօր էլ դիտում է որպես հայ դասականի դասական էկրանավորում:

Ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մուտքը հայ կինո համընկել է այն ժամանակաշրջանի հետ, որը տվել է տաղանդավոր և ուրույն ձեռագիր ունեցող բազմաթիվ ռեժիսորներ ու դերասաններ (որպես դերասան մուտք է գործել դեռ դպրոցական տարիներին): Նման աստղաբույլի կողքին աշխատելը և՛ հեշտ էր, և՛ դժվար: Հեշտ էր, որովհետև մթնոլորտը, պայմանները, միջավայրը ստեղծագործելու տրամադրություն էին առաջացնում: Դժվար էր, որովհետև կայացած, գիտակ, տաղանդավոր պետք էր լինել անվանի ռեժիսորների հետ ոտք մեկնելու և սեփական կինոն ստեղծելու համար:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը նվիրական հուշեր ունի Ներսես Հովհաննիսյանից:

«Ներսիկը երբեք չի ցանկացել առաջինը լինել. այդպիսի հավակնություններ չուներ, չէր մրցում որևէ մեկի հետ ու չէր համեմատվում: Նա ուզում էր ստեղծել ի՛ր կինոն, ինքն իրենով լինել ու դրսևորվել, ինչպիսին կար: Այդպես էլ արեց: Շատ նվիրվող էր, ընկերասեր. նրա այդ հատկանիշն արտահայտվում էր և՛ շրջապատում, և՛ կինոյում: Բավական էր մի զանգ՝ դու պիտի նկարվես իմ ֆիլմում: Ու դերասանները չէին էլ հարցնում՝ ինչ ֆիլմ է, ինչի մասին է, անմիջապես համաձայնում էին: Շատ սիրված, հարգված ու գնահատված մարդ էր բոլորի կողմից: Այդ անմիջականությունը զգացվում է նաև նրա կինոյում ու խաղացած դերերում: Անգամ բացասական դերեր խաղալիս մեծ եռանդ ու նվիրում էր ներդնում: Ու լավ էին ստացվում այդ կերպարները: Հիշենք Հովսեփին «Մենավոր ընկուզենի» ֆիլմում: Ներսիկը կոլորիտ էր, բնավորություն, խառնվածք, տեսակ, որ շատ է պակասում այսօր մեզանում»,- խոր ցավով նշեց Սուրեն Հասմիկյանը:

Նա պատմեց, որ երբ Ներսես Հովհաննիսյանը նկարահանում էր «Երջանկության մեխանիկա» ֆիլմը, ինքն այդ ժամանակ «Հայֆիլմի» գլխավոր խմբագիրն էր: Ռեժիսորը երկար ժամանակ տատանվել է՝ ինչպես վերնագրել ֆիլմը: Սուրեն Հասմիկյանը միջամտել է. «Հերոսդ մեխանիկ է, չէ՞: Դե ուրեմն ֆիլմիդ անունը դիր «Երջանկության մեխանիկա»: Նա հպարտությամբ է նշում, որ փաստորեն ֆիլմի վերնագրի համահեղինակն է:

Ներսես Հովհաննիսյանը հեռուստատեսության պատվերով 1975-ին նկարահանել է «Հարսնացու հյուսիսից» գեղարվեստական ֆիլմը: Սկզբում այն ընդունել են որպես կոմերցիոն-հեռուստատեսային աշխատանք. այդ կարծիքների հետ կինոռեժիսորը երբեք ու երբեք համաձայն չի եղել: Նա լավ է իմացել, որ ժամանակի ընթացքում իր ֆիլմն ավելի ու ավելի է արժևորվելու: Ու կարճ ժամանակ անց «Հարսնացու հյուսիսիցը» դարձել է ոչ միայն հանրության, այլև կինոյի մասնագիտական շրջանակների համար սիրելի ֆիլմ: Սուր դիտողականության, մարդկային հարաբերույթյուններում պարզությունն ու անմիջականությունը գնահատելու շնորհիվ Ներսես Հովհաննիսյանին հաջողվել է ստանալ այնպիսի կերպարներ, որոնք իրենց խոսք ու կեցվածքով, մտածողությամբ ու վարքագծով ժողովրդական են ու ժողովրդինը: Այդ հերոսներն ազգային դիմագիծ ու նկարագիր ունեն, միաժամանակ հասկանալի են օտարին: Ֆիլմերում արծարծած թեմաներն ու ստեղծած կերպարները բարդ հոգեբանական իրավիճակներում ու դրամատիկական գործողություններում չեն հայտնվում: Շատ պարզ ու ոչ փիլիսոփայական, հաճախ զավեշտալի պատմությունները հանգում են ամենափիլիսոփայական ու խոր եզրակացությունների. երջանկության ամենաբարդ թվացող մեխանիկան ամենապարզ սերն է:

Անխախտ, սերնդեսերունդ շարունակվող ավանդույթների հիմքում ամուր ընտանիքն ու մարդկային ջերմ հարաբերություններն են, մարդու ամենաբարձր արժանիքին հավատարիմ մնալն ու ինքն իրենից չհեռանալն է: Ներսես Հովհաննիսյանն այս բարձր արժեքները ներկայացնում ու գնահատում է պարզ թվացող պատմությունների միջոցով, որոնց առանցքում մարդն է: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նրա կերպարներում չեն առանձնանում դրականն ու բացասականը, լավն ու վատը. նա ոչինչ չի բևեռացնում: Յուրաքանչյուր արարք ու քայլ ունի իր պատճառն ու հիմնավորումը, չկա բացարձակ ճիշտ ու չկա բացարձակ սխալ:

Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերում շատ դերասաններ հավերժացել են իրենց կերտած կերպարներով: Կյանքային, պարզ, առանց այլևայլությունների, բառի հետ խաղ անող, խոսքը գրպանում պահած այդ հերոսների արտահայտությունները թևավոր խոսք են դարձել ու արդեն մի քանի տասնամյակ շրջանառվում են ժողովրդի մեջ: Մի շարք դերասաններ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերում առանձնանում են նոր գույներով ու կերպարային ուրույն շեշտադրումներով: Դա կինոռեժիսորի ձեռագիրն է: Պայմանականորեն ասած՝ դրական լինի կերպարը, թե բացասական, միևնույն է, նա մոտ է կանգնած յուրաքանչյուրիս, նրանից մի մասնիկ էլ մեզնից ու մեր մեջ կա: Ներսես Հովհաննիսյանին հաջողվել է իր ֆիլմերում բռնել այն թելը, որը հորիզոնական կապով տանում է դեպի ազգայինն ու ժողովրդականը՝ հասնելով համամարդկայինի:

Ներսես Հովհաննիսյանը 1986 թվականին է նկարահանել իր վերջին գեղարվեստական ֆիլմը՝ «Օտար խաղերը»: Դրանից հետո նկարահանվել է մեկ-երկու ֆիլմերում, ու վերջ: Հայ կինոյի տարեգրության մեջ նրա անունն այնքան էլ հաճախ չի հնչել: Սակայն մեր էկրաններին միշտ մնալու են այն ֆիլմերը, որոնք հիշեցնելու և պատմելու են կինոռեժիսոր ու դերասան Ներսես Հովհաննիսյանի մասին:

Նաիրա Փայտյան

 Հ.Գ. ներկայացնում ենք Էդուարդ Համբարձումյանի 2011 թ. նկարահանած «Ներսես Հովհաննիսյան. խճանկարային դիմանկար» վավերագրական ֆիլմը, որ ավարտվում է ռեժիսորի խոսքով. «Վերջ, ես ամեն ինչ ասացի»:

Դիտվել է 101 անգամ