Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին այցը Երևան

eurimageՀայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի  հրավերով  նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն  Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ  (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն  և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն:

Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Աշխատանքային հանդիպման  առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը  կինոարտադրողներին կներկայացնեն  Եվրիմաժի և այլ  կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների  և հայտեր ներկայացնելու կարգի մասին:  Ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների  աջակցության ծրագրերին։

Նոյեմբերի 2-ին արդեն  տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ ( պրոդյսերների, ռեժիսորների և  կինոլորորտի այլ  մասնագետների հետ): Բացի այդ, մասնակիցները  Եվրիմաժի ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի հնարավորություն կունենան:

Հյուրերի մասնակցությամբ պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00ից – 12:00-ը,  «Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում:

Այցն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

 

«Կինոաշխարհ»

Դիտվել է 127 անգամ