«Անցում» ֆիլմն՝ անցումային ժամանակաշրջանի հերոսներով

foto6Սովետական Հայաստանում ծնված, մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն այնտեղ անցկացրած սերունդն ապրեց անցումային ժամանակաշրջան ու ակամայից իր ուսերին կրեց հին հասարակարգի փլուզման ու նոր հասարակարգի դիրքավորման դժվարություններն ու զրկանքները։ Դրանց ավելացրած՝ երկրաշարժը, շրջափակումը, արցախյան ազատագրական պայքարը, մութն ու ցուրտը։ Իսկ հոգեբանական ու բարոյական խարխափումները խոր հետք թողեցին այդ սերնդի վրա։ Սերունդն այդ այսօր համարվում է միջին։ Ավելի ավագները սովետի լավ կողմերը որոշ չափով վայելել են՝ անվճար բուժսպասարկում ու կրթություն, արժանապատիվ աշխատավարձ ու կյանքի պայմաններ։ Ավելի երիտասարդները միանգամից դարձան անկախության սերունդ, ու նրանք նոր կյանքը սովետի հետ համեմատելու ոչ հիշողություն ունեին, ոչ էլ անցյալ։ Օտարազգիներն են ուսումնասիրություն կատարել ու պարզել, որ հենց մեր միջին սրունդն է, որ ավելի վատ է ապրել, քան իր ծնողներն ու երեխաները։ Առհասարակ յուրաքանչյուր սերունդ իր կյանքի որակով գերազանցում է նախորդին, իսկ մեր միջին սերունդը միակն է, որ խախտել է այդ օրինաչափությունը։

    Ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Խաչիկյանը միջին սերնդի ներկայացուցիչ լինելով՝ մանկապատանեկան ու երիտասարդական հարուստ հուշեր ունի սովետական տարիներից, որոնց շատ շուտով հաջորդեց անկախության ժամանակաշրջանը։ Նա ու իր սերնդակիցներն իրենց մաշկի վրա են զգացել սովետական մտածելակերպի սահմանափակումները, անազատությունը, ներքին պայքարն ու ընդվզումները։ Գաղտնիք չէ, որ բարոյահոգեբանական այդ ճնշումները շատերին են ստիպել հեռանալ հայրենիքից ու գնալ երազանքների հետևից՝ դրանք փնտրելով այլ երկրներում ու այլ միջավայրում։foto2

Իր պատանեկան ու երիտասարդական հուշերը, պատմությունները, դեմքերն ու դեպքերն Արտավազդ Խաչիկյանը վերածել է սցենարի, ու քանի որ ապրում է ԱՄՆ-ում ու առնչություն ունի ամերիկյան կինոոլորտի հետ, իր սցենարը կատարելագործելու համար դիմել է նաև մասնագետների խորհուրդներին։ Նրա՝ հայաստանյան այցելության ժամանակ   «Կինոաշխարհը»  հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ունեցել սովետահայ իրականության հիման վրա գրված սցենարը ֆիլմ դարձնելու գաղափարը։

-Երբվանի՞ց սկսեցիք ֆիլմի նկարահանումները և ինչ հաջորդականությամբ։

-2013 թվականից տրվեց մեկնարկը. Նկարահանումները երկար են տևել, որովհետև մի մասը կատարվել է Հայաստանում, մյուս մասը՝ ԱՄՆ-ում։ Այսինքն՝ այդպես է պահանջում սցենարը, քանի որ իմ հերոսներն ապրում են Սովետական Հայաստանում, այնուհետև, չհանդուրժելով այդ իրականության պարտադրանքները, սահմանափակումները, մեկնում են Ամերիկա։ Սա պատմություն է իմ ընկերների մասին, որոնց հետ ես սովորել եմ, մտերմություն արել։ Ֆիլմի հերոսների նախատիպերն իմ ընկերներն են։ Սա մի ընտանիքի պատմություն է, որն ունի երկու կյանք՝ հայաստանյան ու ամերիկյան։

-Ի՞նչն եք կարևորել ու փորձել շեշտել. չէ՞որ նման պատմությունները շատ են, երբ մարդիկ չեն գտնում իրենց տեղն ու հավատացած են, թե  երազանքները հնարավոր է իրականացնել այլ երկրում։

-Երկատված ընտանիքի պատմությունը ներկայացնելով՝ ես փորձել եմ ստեղծել սովետական այն սերնդի հավաքական կերպարը, որը տեսել է 1980-ականների սառը պատերազմի ավարտը։ Իրական դեպքերի վրա հիմնված այս պատմության հերոսները հայտնվում են սովետական անցյալի ու ամերիկյան անծանոթ ներկայի միջակայքում՝ երկաթե վարագույրից այն կողմ։ Մայրն ուզում է որդու համար ավելի լավ ապագա կերտել. վստահ է, որ Ամերիկայում են իր երազանքներն իրականանալու։ Ասում են, չէ՞. լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք։ Մայրն ու որդին գնում են ԱՄՆ, ընտանիքը մասնատվում է, հետո մյուս անդամները ևս  միանում են նրանց։ Բայց, ի վերջո, նրանք բախվում են ցավալի իրականությանը. Սովետական Միությունում ազատ ապրելուն խանգարում էին հոգեբանական ճնշումները, անազատությունը, իսկ Ամերիկայում՝ տնտեսական ու այլ դժվարությոններ, որոնց մասին իմ հերսներն անգամ պատկերացում չունեին։ Նրանք անցումային ժամանակաշրջանի սերունդ են. հենց այդպես էլ անվանել եմ ֆիլմը՝ «Անցում»։

foto1-Հայաստանում այնքան էլ դժվար չէ համապատասխան միջավայր, կերպարներ, մթնոլորտ ստեղծել նկարահանումների համար, իսկ Ամերիկայո՞ւմ, չէ՞որ խոսքը վերաբերում է հայ կերպարներին։

-Իսկապես, Հայաստանում նկարահանումները շատ լավ ու  հեշտ են կազմակերպվել։  Մեզ օգնել է ֆիլմի գծային պրոդյուսեր Գոհար Իգիթյանը, որը մեծ փորձ ունի այս ասպարեզում։ Տեխնիկական աջակցությամբ ու մասնագիտական օժանդակությամբ մեր կողքին է եղել  Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Հայաստանյան նկարահանումները կատարվել են Երևանում, Նորատուսում, Օհանավանքում, Սաղմոսավանքում, Փարպիում։ Երբեմն բողոքներ եմ լսում, թե Հայաստանում նկարահանումներ անցկացնելը դժվար է, մասնագետների ու տեխնիկայի առումով կաղում ենք։ Ես հակառակը կասեմ. ամեն ինչ հրաշալի է անցել այստեղ, ավելի լավ, քան Ամերիկայում։ Հերոսների հայաստանյան կյանքը ներկայացնում են տեղացի դերասանները, որոնց հետո փոխարինում են ամերիկացիները, երբ նկարագրվում է ամերիկյան իրականությունը։ Երիտասարդ դերասան Մեսրոպ Ծաղիկյանն է մարմնավրել գլխավոր հերոսին, իսկ նրա մորը՝ Լիլի Վարդանյանը։ Արդեն Ամերիկա տեղափոխված ու այնտեղ հաստատված երիտասարդին մարմնավորել է Ռուդոլֆ Մարտինը, իսկ մորը՝ Մարինա Սիրտիսը։  Մենք փորձել ենք գտնել այնպիսի դերասանների, որոնք մեծ տարիքում նման լինեն հայաստանյան կերպարներին։

foto5-Փաստորեն «Անցում» ֆիլմում խաղում են օտարազգի ճանաչված դերասաններ՝ նշանակալի կինոկենսագրությամբ։

-Այո, կարող եմ անուններ նշել՝ Ալեքս Վիդով, որը հայտնի է «Նախագահի ինքնաթիռը», «Լրտեսուհին» ֆիլմերից։ Քեթրին Քաթիին գիտենք «Աստղային պատերազմներից», Իլյա Վոլոխը, Իսիդորա Գորեշտերը։ Շատ գոհ եմ նաև հայ դերասաններից, որոնք, կարծում եմ, լավ են մարմանվորել իրենց դերերը՝ Ելենա Բորիսենկոն, Կարեն Քոչարյանը, Վիգեն Ստեփանյանը, Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմի օպերատորներն են Թամամ Համզան և Մկրտիչ (Արգո)Բարոյանը։ «Անցումը» հայ-ամերիկյան ֆիլմ է, բայց ստեղծագործական խումբը բազմազգ է՝ հայ, ֆրանսիացի, վրացի, կանադացի, լեհ, ռուս։

-Ինչո՞ւ են նկարահանումները երկար տևել։ Սովորաբար այնքան արագ են ռեժիսորները ֆիլմ նկարում. մեկ-երկու… և հրավիրում են պրեմիերայի։

-Բանն այն է, որ մենք կինոստուդիա կամ որևէ կինոընկերություն չենք ներկայացնում. հետևաբար, տեխնիկական, ֆինանսական հարցերը մասնավոր միջոցներով են լուծվել՝ իմ գրպանից կամ առանձին հովանավորների։ Շատ դժվար է աշխատել, երբ թիկունքիդ չունես որևէ կազմակերպություն։ Նկարահանումների տևական ընթացքն էլ իր դրական կողմերն ունի. հնարավորություն ես ունենում միառժամանակ անց վերանայել արածդ ու թերությունները շտկել։ Իսկ սուղ ժամանակում ու արագ ռիթմի մեջ դա ավելի դժվար է։

-Հիմա ո՞ր փուլում է «Անցում» ֆիլմը։

-Նկարահանումները, մոնտաժային աշխատանքներն ավարտվել են։ Պետք է երաժշտությունը գրվի, գունադրումն ու ձայնադրումը կատարվի։ Հուսամ՝ արագ կավարտենք։ Մեկուկես ժամանոց խաղարկային ֆիլմ է ստացվելու, որի թրեյլերը պատրաստ է։ Ցուցադրությունը թեևս իրականացվի ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում,  Ռուսաստանում, Հայաստանում։

«Անցում» ֆիլմում կտեսնենք երևանյան դպրոցներից մեկը՝ սովետական միջավայրով, մթնոլորտով, կարգախոսներով ու «ֆորմա-ֆարտուկ» հագած, պիոներական վզկապ կապած աշակերտներով։ Գլխավոր հերոսին պատանեկան տարիքում մարմնավորած Մեսրոպ Ծաղիկյանն այն հարցին, թե ինչպես է մտել պիոների դերի մեջ, պատասխանեց. «Ճիշտ է, ես ծնվել եմ 1980-ականներից հետո՝ ոչ սովետական ժամանակներում, բայց հասկացել եմ հերոսի հոգեբանությունը։ Ես էլ, ինչպես նա, իմ էությամբ ընդվզող եմ ու այս իրականության հետ չեմ հաշտվում. այդ պատճառով էլ ըմբռնել եմ իմ դերն ու հերոսին»։

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

 

Դիտվել է 793 անգամ

Calendar

September 2016
M T W T F S S
« Aug   Oct »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930