«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա»

unnamed-5Եվ կրկին Արտավազդ Փելեշյանի անունը սավառնում է փարիզյան արվեստասեր անկյուններում: Այս անգամ պատճառը հայ ռեժիսորին նվիրված հոդվածների ժողովածուի ստեղծումն է: «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» վերնագիրը կրող գիրքը լույս է տեսնելու հոկտեմբերին Yellow Now հրատարակչությունում: Վերջինս հատկապես հայտնի է կինոարվեստին վերաբերող գրքերի հրատարակչությամբ: Այս աշնանը Yellow Now-ն խոստանում է հիանալի գրքեր Միքելանջելո Անտոնիոնիի, Լեո Կարակսի և Արտավազդ Փելեշյանի մասին:

Հոդվածների ժողովածուն առաջին ֆրանսերեն գիրքն է վարպետի մասին: Այն ստեղծվել է երկու երիտասարդ կանանց նախաձեռնությամբ. Մարգարիտ Վապերոն կինոյի պատմության և էսթետիկայի դոկտոր է, դասավանդում է Սորբոնի համալսարանում, Կլեռ Դենիելը ռեժիսոր է և կինոքննադատ: Երկուսին միավորում է Փելեշյանի արվեստի սերը:

Ամիսներ առաջ նրանք կապվել են մի շարք ռեժիսորների, կինոքննադատների և համալսարանականների հետ` առաջարկելով նրանց հոդվածներ գրել վարպետի մասին: Գիրքը կազմողները կարևորել են նաև արխիվային հոդվածների ներառումը, որոնք ներկայացնում են Ֆրանսիայում Փելեշյանի բացահայտման և նրա կինոյի գնահատման պատմությունը:

Այսպիսով, ժողովածուն ընդգրկում է հետևյալ հեղինակների հոդվածները. Սերժ Դանեյ, Ժան-Միշել Ֆրոդոն, Դոմինիկ Պայնի, Սերժ Ավետիքյան, Ժան Բռեշան, Վենսան Դովիլ, Կլեռ Դենիել, Մարտին Գուտ, Միրիամ Սեմերջյան, Ֆրեդերիկ Սաբուրո, Ֆիլիպ Ղոժե, Մարի Մարտեն, Ժակ Քերմաբոն, Մարկ Նիշալյան, Ֆրանսուա Նինե, Դարիո Մարկիորի, Ֆաբրիս Ռեվո, Աքսել-Ղոշ Դիորե, Պրոսպեղ Հիյեղե և Մարգարիտ Վապերո: Չեն մոռացել նշել նաև Գոդար-Փելեշյան կինոքննարկում-զրույցը` տպագրված 1992 թ. Le Monde թերթում: Ժողովածուի վերջում ներկայացված է Արտավազդ Փելեշյանի հետ հարցազրույցը՝ տպագրված 1993 թ. Confrontations շարքում, որը ռեժիսորը տվել էր Ֆրանսիայի կինոդպրոցի մի խումբ ուսանողների:

Ժողովածուն տարբեր կինոլեզուների ներդաշնակ խառնուրդ է: Հակիրճ մասնագիտական տեքստերին զուգահեռ կան պոետիկ և նուրբ շարադրանքներ, ինչպես, օրինակ՝ Պրոսպեղ Հիյեղեի «Վերջ» և «Կյանք» ֆիլմերին նվիրված հոդվածը.
«…Այդքան պատկերներից, այդքան շարժումներից հետո Վերջում չի մնա ոչինչ: Միայն լույս:
Եվ հետո, միայն դրանից հետո, կլինի Կյանք:
Եվ երեխայի հայացք…»:

«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը հասանելի է լինելու փարիզյան բոլոր գրախանութներում, նաև՝ առցանց:

Լիլիթ ՍՈԽԱԿՅԱՆ
Փարիզ

Դիտվել է 135 անգամ